Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1435
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.12.05/90(1448) Հոդ.1215
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.11.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
19.11.2018
Дата вступления в силу
19.11.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

   

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2018 թ.

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

       

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված՝ «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 9-ին:

Համաձայնագիրն ունի կից չորս Ժամանակացույց` Ժամանակացույց 1. «Ծրագրի նկարագրություն», Ժամանակացույց 2. «Մարման ժամանակացույց», Ժամանակացույց 3. «Վարկային միջոցների առհանումը», Ժամանակացույց 4. «Ծրագրի իրականացում և այլ հարցեր»:

2. Ասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ՝ Վարկառու) Համաձայնագրով սահմանված կարգով տրամադրում է հիսուն միլիոն (50,000,000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)՝ Համաձայնագրով նախատեսված ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման համար:

Ծրագրի գլխավոր նպատակն է Վարկառուի ֆինանսական շուկաների հնարավորության ավելացումը:

Ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից: Համաձայնագիրը վերաբերում է երկրորդ ենթածրագրին:

Ծրագիրը, մասնավորապես, ներառում է՝

ա) Վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի և քաղաքականության հզորացումը,

բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավումը,

գ) ֆինանսական գործիքների բազայի և ներդրողների շրջանակի ընդլայնումը և կորպորատիվ թափանցիկության մակարդակի բարձրացումը:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարի ժամկետ, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետներում Վարկի արտոնյալ ժամանակահատված:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

1) Բանկին վճարել տոկոսներ մայր գումարի առհանված և դեռևս չվճարված վարկի նկատմամբ՝ յուրաքանչյուր տոկոսի հաշվեգրման ժամանակահատվածի համար, հետևյալ գումարին հավասար չափով՝ LIBՕR և 0.60 %, ինչպես սահմանված է Վարկավորման կանոնների 3.02-րդ բաժնով, հանած 0.10 %, ինչպես նախատեսված է Վարկավորման կանոնների 3.03-րդ բաժնով,

2) տարեկան կտրվածքով վճարել Վարկի ամբողջ գումարի նկատմամբ 0.15 %-ի չափով պարտավորավճար,

3) Վարկը մարել Համաձայնագրով նախատեսված մարման ժամանակացույցին համապատասխան, կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին,

4) Բանկին տրամադրել կամ ապահովել, որ տրամադրվեն բոլոր այն հաշվետվությունները և տեղեկատվությունները, որոնք Ծրագրի իրականացման համար Բանկի կողմից ողջամտորեն կպահանջվեն,

5) Վարկի մայր գումարի մարումը և Վարկի մայր գումարի տոկոսները վճարել Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի դրույթներին համապատասխան,

6) վարկային հաշվից առհանում կատարել Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո,

7) ապահովել, որ վարկային միջոցները Համաձայնագրի դրույթներին համապատասխան օգտագործվեն Ծրագրի իրականացման համար կատարված ծախսերը ֆինանսավորելու համար,

8) վարկային միջոցների որևէ առհանում չկատարել Համաձայնագրի 3-րդ ժամանակացույցում նշված չթույլատրվող ծախսերի համար:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է բյուջետային վարկ և դրա հետ կապված Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

      

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

       

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված՝ «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

          

Նախագահող`

Հ. Թովմասյան

          

19 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1435

     

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան