Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.03.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2014
Дата вступления в силу
12.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3114/02/11

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3114/02/11

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մարտի 12-ին,

քննարկելով Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռոբերտ Խաչատրյանի ընդդեմ Տիգրան Քարամյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` ընդհանուր օգտագործման իրավունքով պատկանող հողամասը բաժանելու և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ բաժնային սեփականություն ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Քարամյանի ընդդեմ Ռոբերտ Խաչատրյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Խաչատրյանը պահանջել է Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղի թիվ 7 և 9 (նախկինում` Վոդոպյանով թիվ 28) հասցեներում գտնվող 520քմ մակերեսով տնամերձ հողամասը, որը համատեղ օգտագործման իրավունքով օգտագործվում է Ռոբերտ Խաչատրյանի և Տիգրան Քարամյանի կողմից, բաժանել Ռոբերտ Խաչատրյանի և Տիգրան Քարամյանի միջև` 116քմ մակերեսով հողամասը, որը գտնվում է շենքի տակ, ճանաչել որպես ընդհանուր բաժնային սեփականություն` 2/5 և 3/5 հարաբերակցությամբ, իսկ ընդհանուր օգտագործման շենքին հարող 404քմ մակերեսով և 161,6քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ ճանաչել Ռոբերտ Խաչատրյանի սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տիգրան Քարամյանը պահանջել է Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղի թիվ 7 (նախկինում` Վոդոպյանով թիվ 28) հասցեում գտնվող հողամասից առանձնացնել իրեն պատկանող բաժինը` հիմք ընդունելով 21.01.1959 թվականի շենքի համատեղ օգտագործման պայմանագիրը, սեփականության իրավունքի վկայագիրը և առկա օրինական և անօրինական շինությունները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 25.10.2013 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործով` ըստ հայցի Ռոբերտ Խաչատրյանի ընդդեմ Տիգրան Քարամյանի, Աննա Քարամյանի, Աիդա Ադամյանի` սեփականատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու, այն է` ինքնակամ կառույցները քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վերջնական դատական ակտ կայացնելը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2013 թվականի որոշմամբ Տիգրան Քարամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացվել է Դատարանի` 25.10.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Քարամյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 53-րդ, 105-րդ և 144-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործն ուղղակիորեն կապված է թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործի հետ:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործով Ռոբերտ Խաչատրյանի կողմից պահանջ է ներկայացվել Երևանի Դեմիրճյան փակուղի թիվ 7 և 9 հասցեներում առկա Տիգրան Քարամյանի կողմից օգտագործվող ինքնակամ կառույցները քանդելու վերաբերյալ, իսկ այդ ինքնակամ կառույցները քանդելու դեպքում հողամասի չափերն էականորեն կտարբերվեն, որի արդյունքում բաժանման տարբերակը ևս կփոխվի:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/0169/02/09 որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.12.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.10.2013 թվականի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշմանը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ռոբերտ Խաչատրյանի կողմից Դատարան է ներկայացվել ապացույց քաղաքացիական դատավարության կարգով քննվող այլ գործի առկայության վերաբերյալ, սակայն վերջինիս կողմից չի ապացուցվել սույն գործի քննության անհնարինության հանգամանքը: Ավելին, Ռոբերտ Խաչատրյանը վճռաբեկ բողոքով չի նշել դատարանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումը, որը կարող է համապատասխանել ՀՀ քաղաքացիական դատավարության 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններումª Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վկայակոչված հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին և արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, օրինակ, թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նշել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, օրինակ, թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2013թ. որոշումը):

Սույն գործով Ռոբերտ Խաչատրյանը պահանջել է Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղի թիվ 7 և 9 (նախկինում` Վոդոպյանով թիվ 28) հասցեներում գտնվող 520քմ մակերեսով տնամերձ հողամասը, որը համատեղ օգտագործման իրավունքով օգտագործվում է իր և պատասխանող Տիգրան Քարամյանի կողմից, բաժանել 116քմ մակերեսով հողամասը, որը գտնվում է շենքի տակ, ճանաչել որպես ընդհանուր բաժնային սեփականություն` 2/5 և 3/5 հարաբերակցությամբ, իսկ ընդհանուր օգտագործման շենքին հարող 404քմ մակերեսով և 161,6քմ մակերեսով հողամասերի նկատմամբ ճանաչել Ռոբերտ Խաչատրյանի սեփականության իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Խաչատրյանի ընդդեմ Տիգրան Քարամյանի, Աննա Քարամյանի, Աիդա Ադամյանի` սեփականատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու, այն է` Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղի թիվ 7 և 9 (նախկինում` Վոդոպյանով թիվ 28) հասցեներում գտնվող ինքնակամ կառույցները քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Տվյալ դեպքում Դատարանը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/3114/02/11 քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը, քանի որ վիճելի հասցեի հողամասի վրա առկա ինքնակամ կառույցները քանդելու դեպքում հողամասի չափերն էականորեն կտարբերվեն, հետևաբար և բաժանման տարբերակն էականորեն կփոփոխվի, բացի այդ թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործի քննության արդյունքում վերջնական դատական ակտով կարող են պարզվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող են էական լինել սույն գործի քննության համար:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Դատարանի կողմից չի հիմնավորվել, թե թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործի առկայությունն ինչով է անհնարին դարձնում տվյալ քաղաքացիական գործի քննությունը, առավել ևս, որ սույն գործի քննությունը շարունակվում է դեռևս 16.12.2011 թվականից, ուստի նման պայմաններում բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունն անհիմն է հետևյալ հիմնավորմամբ. սույն գործով հայցի առարկան Երևանի Դեմիրճյան 1-ին փակուղի թիվ 7 և 9 հասցեներում գտնվող հողամասը բաժանելու և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ բաժնային սեփականություն ճանաչելու պահանջն է, իսկ թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործով հայցի առարկան` վերոնշյալ հասցեներում գտնվող հողատարածքի վրա գտնվող ինքնակամ կառույցները քանդելուն պարտավորեցնելու պահանջը: Այսինքն` երկու գործով էլ վեճն ըստ էության ծավալվում է նույն հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ, հետևաբար գործերից մեկի լուծումը կարող է առաջացնել որոշակի հետևանքներ մյուս գործի համար: Տվյալ պարագայում նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճելի հասցեի հողամասի վրա ինքնակամ կառույցների առկայությունը որոշակիորեն կանխորոշում է տվյալ հողամասի բաժանման տարբերակը, ըստ այդմ նաև` ընդհանուր սեփականության մասնակիցների փաստացի առանձնացվող բաժնեմասի չափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունն անհնարին է մինչև թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործի քննության ավարտը: Մասնավորապես` թիվ ԵԿԴ/2085/02/13 քաղաքացիական գործի լուծումը կարող է հանգեցնել հողամասի բաժանման տարբերակի և ընդհանուր սեփականության մասնակիցների փաստացի առանձնացվող բաժնեմասերի փոփոխության, որպիսի փաստերը սույն գործի շրջանակներում հաստատվել չեն կարող: Հետևաբար Դատարանի որոշումը` սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, հիմնավոր է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2013 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Գործի վարույթը կասեցնելու մասին» 25.10.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան