Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1150
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.03.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
20.03.2018
Дата вступления в силу
20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0001/01/16

ԵՇԴ/0001/01/16

       Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան
                        Դատավորներ՝  Կ. Մարդանյան
                                                   Ա. Մնացականյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան`

Լ. Բաղդասարյանի

ամբաստանյալ `

Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

2018 թվականի մարտի 20-ին                                                                      ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մարզպետունի Ադիբեկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11804015 քրեական գործը։

2015 թվականի օգոստոսի 12-ին Մարզպետունի Հովհաննիսյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի` 2015 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Մ.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նույն դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 1 ամսով, իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի։

2015 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի դատավճռով Մ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 տարի 4 ամիս 4 օր ժամկետով, որը նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով։ Վճռվել է նաև Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

3. Մեղադրող Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի օգոստոսի 23-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով բեկանելու վերաբերյալ։ Ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը` 3 տարի 4 ամիս 4 օր ժամկետով ազատազրկումը, թողնվել է կրելու։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Բաղդասարյանը։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ նույն թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում տեղակայված զորամասի մարտական դիրքերում մարմնի բազմակի շրջաններն ընդգրկող հրազենային վնասվածքներից մահացել է ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի որդին` պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը։

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ պաշտպան Լ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2015 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 20։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի 38-րդ շենքի բակում, իր և իր ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ ունենալու հանգամանքը պարզելու հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչ Ռաֆայել Ասոևի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև չպարզված ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ռ.Ասոևի որովայնի շրջանին և վերջինիս առողջությանը` ձախ քունքային, ձախ բազկի շրջանների արյունազեղումների, ձախ արմնկահոդի շրջանի քերծվածքի, որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, հաստ աղու էպիպլոիկայի վնասումով, հեմատոմայի առաջացումով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 141-149)։

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Հաշվի առնելով (...) այն հանգամանքները, որ Մ.Հովհաննիսյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ, սրտամկանի սուր ինֆարկտ ՁՓ ստորին պատին, սուր սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ՝ տիպ 2, ինսուլինի պահանջ», երրորդ խմբի հաշմանդամ է, բնութագրվում է դրական, դատական քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, 12.08.2015 թվականից մինչև 8.10.2015 թվականը շուրջ մեկ ամիս քսանվեց օր գտնվել է անազատության մեջ, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ (...) կատարված հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է և հնարավոր է հանգել հետևության, որ Մ.Հովհաննիսյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը կրելու (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 120-127)։

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես՝

ա) վերլուծության չի ենթարկվել այն հանգամանքը, որ Մ.Հովհաննիսյանը չպարզված ծակող կտրող գործիքով մեկ հարված է հասցրել տուժողի մարմնի կենսականորեն կարևոր օրգանների շրջանում՝ վերջինի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, ինչն օբյեկտիվորեն բարձրացնում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը,

բ) չի գնահատել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հատևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողությունով տուժողի առողջությանը պատճառում է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

գ) հաշվի չի առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մահ։

(...) [Ա]մբաստանյալ Մ.Հովհաննիսյանի կողմից մեղքն ընդունելը և դրա համար զղջալը կրել է ձևական բնույթ, քանի որ (...) ողջ նախաքննության և դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղավոր է ճանաչել միայն դատական վիճաբանությունների փուլում։

Նման պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև օրս ամբաստանյալի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել հատուցելու տուժողին պատճառված վնասը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնազուրկ է անբաստանյալի կողմից կատարած հանցանքի համար զղջալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատողությունը։

Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ նաև Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, համաձայն որի՝ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է հաշվի առնել դեպքի ժամանակ տուժողի հակաօրինական վարքագիծը, քանի որ ինչպես քրեական գործի նյութերում, այնպես էլ վիճարկվող դատական ակտում չի արտացոլվել որևէ փաստական տվյալ, որից ելնելով կարելի է գալ եզրահանգման, որ տուժողը դրսևորել է նման վարքագիծ։

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում նաև Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի՝ ամբաստանյալի՝ 2015 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 8-ը անազատության մեջ գտնվելու հանգամանքը, նվազեցնում է նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, քանի որ արարքի հանրային վտանգավորության աստիճանը չի կարող որոշվել այն կատարած անձի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքով։

(...) Առաջին ատյանի դատարանն ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ պատշաճ ուշադրություն չի դարձրել արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմնական վնասվածքի բնույթին ու տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 66-76)։

8. Քրեական գործի նյութերում առկա են վճռաբեկ վարույթի ընթացքում ի հայտ եկած և չհետազոտված փաստական տվյալներ այն մասին, որ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում տեղակայված զորամասի մարտական դիրքերում մարմնի բազմակի շրջաններն ընդգրկող հրազենային վնասվածքներից մահացել է ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի որդին` պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 78-80)։  

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Պաշտպան Լ.Բաղդասարյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն իրավաչափ չեն և կասկածի տակ են դնում նշված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Բողոքաբերի համոզմամբ` Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ,   61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա։

Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ հիմնազուրկ են Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ սույն գործով կիրառելի են Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

9.1. Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Մ.Հովհաննիսյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, մասնավորապես այն, որ դեպքը տեղի է ունեցել տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծի արդյունքում, ինչպես նաև հաշվի չի առել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այն, որ Մ.Հովհաննիսյանը նախկինում դատված չի եղել, 53 տարեկան է, վատառողջ է, տառապում է «ՍԻՀ, սրտամկանի սուր ինֆարկտ ՁՓ ստորին պատին, սուր սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ` 2-րդ տիպ, ինսուլինի պահանջ» հիվանդություններով, երրորդ խմբի հաշմանդամ է, գտնվելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, խնամքին է գտնվում ծեր մայրը։

Բողոքի հեղինակի կարծիքով ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումն Առաջին ատյանի դատարանի կողմից մարդասիրության դրսևորում է և վկայում է առանց պատիժը կրելու Մ.Հովհաննիսյանի ուղղվելու հնարավորության մասին։ Հակառակ դրան` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չի բխում քրեաիրավական հանրաճանաչ սկզբունքներից և ռիսկեր է պարունակում ինչպես տուժողին պատճառված նյութական վնասի վերականգնման, այնպես էլ` ամբաստանյալի խնամքին գտնվող անձի գոյատևման տեսանկյունից։ Ըստ բողոքաբերի` ազատազրկում պատժատեսակի կիրառումը կարող է բացասաբար ազդել ամբաստանյալի ընտանիքի նյութական վիճակի և նրա առողջության վրա, ինչպես նաև` հանգեցնել վերջինիս սոցիալական կապերի խզման ու հասարակությանը վերաինտեգրվելու դժվարության։

9.2. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Լ.Բաղդասարյանը խնդրել է մասնակիորեն` պատժի կրման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին։  

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. վճռաբեկ վարույթում ի հայտ եկած փաստական տվյալների պայմաններում քրեական օրենսդրության մարդասիրության սկզբունքի պահպանման տեսանկյունից արդյո՞ք շարունակվում են հիմնավոր լինել ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

11. ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «1. ՀՀ քրեական օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն։

2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)։

Սույն քրեաիրավական նորմերի բովանդակությանն անդրադառնալիս Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատիժ նշանակելիս։ Այդ սկզբունքներն են՝ օրինականությունը, արդարությունը, պատժի անհատականացումը և մարդասիրությունը։ (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը)։

11.1. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին։

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»։

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն անհրաժեշտ է դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու. նման հետևությունները պետք է հիմնված լինեն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)`  հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, արարքում մեկից ավելի ծանրացնող հանգամանքների առկայությունը, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե՛ս թիվ ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15, ԵԱԴԴ/0038/01/15, ԵԿԴ/0130/01/15, ՍԴ/0094/01/15, ՍԴ3/0201/01/15, ԵԱՔԴ/0078/01/09, ԵԿԴ/0115/01/16, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՇԴ/0097/01/13 գործերով որոշումները)։

Դատարանի հետևությունները, ի թիվս այլոց, պետք է հիմնված լինեն օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի կողմից արարքի հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (տե՛ս թիվ ԵԷԴ/0132/01/13, ԵԱՔԴ/0078/01/09, ԵԿԴ/0042/01/11, ՍԴ/0109/01/12, ԱՎԴ/0082/01/12, ԵԱՔԴ/0091/01/14, ՎԲ-50/70 գործերով որոշումները)։

12. Վերահաստատելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարացի պատիժ նշանակելու և  նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ղեկավարվի հետևյալ ընդհանուր սկզբունքներով.

ա) օրինականության,

բ) արդարության,

գ) պատժի անհատականացման,

դ) մարդասիրության։

13. Անդրադառնալով մարդասիրությանը որպես իրավունքի սկզբունքի` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներպետական օրենսդրությունում վերջինիս ամրագրման համար հիմք են հանդիսացել այն միջազգային իրավական ակտերը, որոնցում մարդասիրության սկզբունքն ուղղակի կամ անուղղակի կերպով ամրագրված է. այդպիսիք են Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագիրը (1948), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966), Խոշտանգումենրի և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան (1984), Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (1965), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (1950), Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան (1996)։

Այսպիսով, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, հանդիսանալով որպես իրավական հիմք մարդասիրության սկզբունքի օրենսդրական ձևակերպման համար, ամրագրված են ՀՀ Սահմանադրությունում, որը սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկում մարդուն՝ որպես բարձրագույն արժեք, նրա անօտարելի արժանապատվությունը։

Մարդասիրության սկզբունքի բովանդակությանն անդրադառնալիս Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն ունի երկու կողմ՝ մարդասիրություն հասարակության նկատմամբ և մարդասիրություն հանցանք կատարած անձի նկատմամբ (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը)։

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով Ն.Սարգսյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ մարդասիրությունը՝ որպես քրեական իրավունքի հիմնարար սկզբունք, ունի երկու հիմնական ուղղվածություն.

ա)    մարդասիրություն հասարակության նկատմամբ, որի էությունը տուժողի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունն է,

բ)     մարդասիրություն հանցանք կատարած անձի նկատմամբ, որի էությունը նախևառաջ հանցանք կատարած անձին որպես անհատ դիտելն է՝ հարգել մարդու արժանապատվությունը, այսինքն՝  պատժողական քաղաքականության նվազեցում, ինչպես նաև մարդկային վերաբերմունք նրա անձի նկատմամբ, հարգանք պատվի և արժանապատվության նկատմամբ, ֆիզիկական և բարոյական  տանջանքների բացառում։

Մարդասիրության սկզբունքի վերոհիշյալ տարրերը փոխկապակցված և փոխհամաձայնեցված են, դրանցից մեկի իրացումը պայմանավորված է մյուսով` նկատի ունենալով, որ այս երկու բաղադրիչների միջև հավասարակշռության խախտումը մի կողմից կարող է հանգեցնել խիստ պատժի՝ անտեսելով արդարության և հավասարության պահանջները, մյուս կողմից` օրենսդրական պահանջներին չհամապատասխանող ակնհայտ մեղմ պատժի։

14. Սույն որոշման 13-րդ կետում արված դատողությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական իրավունքը հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատժի արդարացիության չափանիշ է համարում պատժի և քրեաիրավական ներգործության այլ միջոցների համաչափությունն արարքի հանրային վտանգավորության բնույթին և աստիճանին, հանցագործության հանգամանքներին ու հանցավորի անձնավորությանը, իսկ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում՝ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի և այլ հանգամանքների ամբողջական գնահատմամբ դատարանի համոզվածությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժը կրելու։ Միևնույն ժամանակ, պայմանավորված մարդասիրության սկզբունքով, անհրաժեշտության դեպքում նախատեսվում է այդ հիմնադրույթներից էական շեղում քրեական ներգործության տնտեսման ուղղությամբ՝ որպես մարդասիրական վերաբերմունք հանցանք կատարած անձի նկատմամբ։ Քրեական իրավունքը, որոշակիացնելով քրեական ներգործության տնտեսման ձևերը, սպառիչ կերպով չի թվարկում այն հանգամանքները, որոնք հիմք կհանդիսանան դատարանի կողմից  պատժի արդարացիության հիմքում ընկած համաչափության պահանջից շեղում թույլ տալու համար։  Այլ խոսքով` նախատեսված է այդ հանգամանքների բաց թվարկում` պայմանավորված այն բանով, որ մարդասիրության դրսևորման հիմքերը ոչ թե իրավական, այլ բարոյական կատեգորիաներ են։ Հանցանք կատարած անձը չի կատարում իրավական նշանակություն ունեցող որևէ դրական վարքագիծ, սակայն հանցակազմից դուրս օբյեկտիվորեն գոյություն ունեցող նրա սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները կամ դրանց փոփոխությունը հիմք են սոցիալիզացմանը համընթաց ձևավորվող սոցիալ-բարոյական համակարգի իրացմամբ վերջինիս նկատմամբ մարդասիրություն դրսևորելու համար՝ նպատակ հետապնդելով ապահովելու հասարակությունում նրա անհատականությունը և ինքնադրսևորումը։ Սա ամենևին չի նշանակում որևէ հանդուրժողականություն, ներողամտություն, թողտվություն կամ դատարանի հայեցողություն հանցանք կատարած անձի նկատմամբ։ Դատարանի կողմից մարդասիրության դրսևորումը չի ենթադրում նաև պատժի նպատակներից, տուժողի, հասարակության և պետության շահերից նահանջ, այն պատճառաբանությամբ, որ այդ շեղումը համապատասխանում է հասարակության, սահմանադրական և կոնվենցիոն պահանջին և ավելի մեծ նշանակություն ունի քան պատժիչ միջոցների կիրառումը։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Մ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 20։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի 38-րդ շենքի բակում, իր և իր ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ ունենալու հանգամանքը պարզելու հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչ Ռաֆայել Ասոևի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև չպարզված ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ռ.Ասոևի որովայնի շրջանին և վերջինիս առողջությանը` ձախ քունքային, ձախ բազկի շրջանների արյունազեղումների, ձախ արմնկահոդի շրջանի քերծվածքի, որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, հաստ աղու էպիպլոիկայի վնասումով, հեմատոմայի առաջացումով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։

Առաջին ատյանի դատարանը, քննարկելով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը, արձանագրել է, որ ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանը նախկինում արատավորված չի եղել, վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ, սրտամկանի սուր ինֆարկտ ՁՓ ստորին պատին, սուր սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ՝ տիպ 2, ինսուլինի պահանջ», երրորդ խմբի հաշմանդամ է, բնութագրվում է դրական, դատական քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարածի համար, շուրջ 1 ամիս 26 օր գտնվել է անազատության մեջ, եզրակացրել է, որ ամբաստայալ Մ.Հովհաննիսյանի կողմից կատարած արարքի վտանգավորության աստիճանը նվազել է, և վերջինիս ուղղվելը հնարավոր է առանց նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը, եզրահանգել է, որ ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուշադրություն չի դարձրել արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմնական վնասվածքի բնույթին, տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքի ու դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, ինչպես նաև` օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթին։ Վերաքննիչ դատարանը հիմնազուրկ է համարել նաև տուժողի հակաօրինական վարքագիծը որպես մեղմացնող հանգամանք հաշվի առնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատողությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

Վճռաբեկ վարույթի ընթացքում ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Բաղդասարյանը դատարանին տեղեկություն է հայտնել այն մասին, որ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում տեղակայված զորամասի մարտական դիրքերում մարմնի բազմակի շրջաններն ընդգրկող հրազենային վնասվածքներից մահացել է ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի որդին` պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 14-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդասիրության սկզբունքի պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման ենթարկել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում ուղղորդող նշանակություն ունեցող և սույն գործի նյութերում առկա՝ վճռաբեկ վարույթի ընթացքում բողոքաբերի կողմից ներկայացված տեղեկությունը։

Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները պետք է համապատասխանեն դատարանում հետազոտված ապացույցներին, գտնում է, որ բողոքաբերի կողմից հայտնած տեղեկության վերաբերյալ հստակ, որոշակի և համոզիչ դատողություններ անելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ, իսկ վճռաբեկ վարույթում այդպիսիք ձեռք բերելու իրավական անհնարինության պայմաններում հնարավոր չէ ներկայացված տեղեկությունը, մասնավորապես այն, որ մահացած զինծառայողը սույն գործով ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի որդին է, որպես հաստատված հանգամանք ճանաչելը կամ հերքելը, հետևաբար նաև բացակայում է նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ հինավոր հետևության հանգելու հնարավորությունը։

Վերոնշյալ հանգամանքի կարևորման անհրաժեշտությունը` նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս բխում է հասարակության սոցիալ-բարոյական համակարգի շրջանակներում ամբաստանյալի՝ որպես հասարակության անդամի նկատմամբ սպասվելիք վերաբերմունքից և հիմք է դատարանի համար առանց իրական պատիժը կրելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ համոզվածության հիմքում ընկած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատմամբ արված հետևություններից շեղում թույլ տալու համար։

Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդասիրության սկզբունքի պահպանման տեսանկյունից ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից հիմնավոր հետևության հանգելու համար վճռաբեկ վարույթի ընթացքում ի հայտ եկած վերոհիշյալ փաստական տվյալների հետազոտության արդյունքում հաստատված հանգամանքները կարող են ուղղորդող նշանակություն ունենալ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավոր հետևության հանգելը հնարավոր է միայն վճռաբեկ վարույթի ընթացքում ի հայտ եկած փաստական տվյալների հետազոտման արդյունքում հաստատված հանգամանքերը հաշվի առնելով, որպիսի պայմաններում կապահովվի ՀՀ Սահմանադրության 3-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 11-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածների պահանջները։

Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի դատական ակտը և գործն ուղարկելու նույն դատարան` նոր քննության։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ վճռաբեկ վարույթի ընթացքում ի հայտ եկած փաստական հանգամանքները հետազոտելու, հաստատված փաստական հանգամանքները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատման ենթարկելու և դրանց արդյունքներով օրենքով սահմանված կարգով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցում համապատասխան հետևության հանգելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի   16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Մարզպետունի Ադիբեկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Մարզպետունի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան