Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.07.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.07.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.07.2016
Дата вступления в силу
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3828/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3828/02/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

քննարկելով «ԲԻԷՍԷՄԲԻ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2015 թվականի որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է «ՌԻՆԱՐՏ» ՍՊԸ-ից (այսուհետ` Կազմակերպություն) բռնագանձել 285.500 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 24.08.2015 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.08.2015 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 39-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը¸ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ,  48-րդ, 87-րդ, 90-րդ, 92-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ ««...թեև հայցվոր Ընկերությունը, որպես պատասխանող Կազմակերպության հասցե նշել է Երևանի Նոր Նորք 8-րդ զանգված, 36շ., բն. 12 հասցեն, միաժամանակ հայցադիմումին կից չի ներկայացրել որևէ թույլատրելի ապացույց (Կազմակերպության կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրից կատարված հարցում), որով կհիմնավորվեր, որ նշված հասցեն իրականում պատասխանող Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն է»: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ և 92-րդ հոդվածները հայցադիմումին կից «Կազմակերպության կանոնադրություն» և/կամ «իրավաբանական անձանց պետական ռեգիստրից կատարված հարցում» ներկայացնելու պարտականություն չեն սահմանում: Վկայակոչված իրավակարգավորումները չեն սահմանում նաև պատասխանող Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն հիմնավորելու պարտականություն:

Փաստորեն, Դատարանի կողմից Ընկերության վրա դրված, սակայն օրենքով չսահմանված պարտականությանը Վերաքննիչ դատարանը հավելել է օրենքով չսահմանված` փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը, այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածով հայցվորի վրա պատասխանողի գտնվելու վայրի հասցեն հիմնավորելու և/կամ դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն սահմանված չէ:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը ևս որևէ փաստաթուղթ ներկայացնելու (այդ թվում` հասցեի վերաբերյալ հարցման պատասխան կամ կանոնադրություն) պահանջ չի սահմանում: Հետևաբար հայցադիմումին որևէ փաստաթուղթ (բացի սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթղթի կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության և ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 88-րդ  հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի) կցելը հայցվորի իրավունքն է, այլ ոչ թե` պարտականությունը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, խախտելով դատավարական իրավունքի նորմերը, Ընկերությանը զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2015 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»։

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հայցվորի կողմից հայցադիմումը ներկայացնելիս պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելու օրենսդրորեն սահմանված պահանջը պահպանելու և դրա վերաբերյալ թույլատրելի ապացույց ներկայացնելու հարցի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո±ք քաղաքացիական գործի հարուցման փուլում հայցադիմում ներկայացնելիս հայցվոր կողմի վրա դրված է պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականություն:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթ է պարունակում նաև 06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար­ է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը եզրահանգել է նաև, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չեն և կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովվմամբ (տե՛ս, Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը պարբ. 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, պարբ. 35, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, պարբ. 44): Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս, Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, պարբ. 26):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի                   1-ենթակետի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն`

1. Հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

2. Հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

5) հայցապահանջները հաստատող ապացույցները.

6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

3. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝

1. Հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

11. Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ:

2. Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:

3. Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 87-րդ հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարան հայց ներկայացնելը և քաղաքացիական գործի հարուցումը քաղաքացիական դատավարության առաջին և ինքնուրույն փուլն է, որից հետո միայն սկսվում է գործի շարժը և հնարավոր է դառնում դատավարական հետագա բոլոր գործողությունների կատարումը: Դատարանը քաղաքացիական գործի քննությանը և վեճի լուծմանը ձեռնամուխ է լինում իրենց իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը պաշտպանելու համար դատարան դիմող անձանց դիմումի հիման վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 3-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածներ): Հայցային վարույթի գործերը հարուցվում են դատարան հայցադիմում ներկայացնելու միջոցով, որն իրավունքի պաշտպանության վարույթի հարուցման դատավարական միջոց է, թեև հայց ներկայացնելը գործի հարուցման նախապայման է, այնուհանդերձ ինքնին բավարար չէ քաղաքացիական գործ հարուցելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը համապատասխանի օրենքով սահմանված դատավարական պահանջներին: Դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, եթե հայցադիմում ընդունելիս ստուգում և պարզում է, որ հայցվորը հայց հարուցելու իրավունք ունի, այսինքն՝ երբ առկա են հայց հարուցելու իրավունքի նախադրյալները, և հայցվորը պահպանել է այն հարուցելու (դատարան դիմելու) օրենքով սահմանված կարգը, այլ կերպ ասած պահպանվել են հայցադիմումի գրավոր ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հակառակ դեպքում՝ այդ պահանջների չպահպանումը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար, և հայցվորի մոտ ծագում է անհրաժեշտություն վերացնելու համապատասխան հայցադիմումի թերությունները (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդված):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ առկա են հայցադիմումի ձևին և բովանդակությանը առաջադրվող պահանջների ձևական խախտումներ, ինչպես նաև պրակտիկ խոչընդոտներ, որոնք հնարավոր է շտկել գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ապա դատավորը պետք է ձեռնամուխ լինի հայցադիմումը վարույթ ընդունելու, իսկ դրանում առկա անհստակությունները շտկելու գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ինչը բխում է «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքներից (տե´ս, «Եվրոպա» ՍՊԸ-ն ընդդեմ «Սպիտակ կամար» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/1020/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցադիմումին ներկայացվող՝ օրենքով սահմանված դատավարական պահանջներից է գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն նշելը: Նման պահանջ սահմանելն ինքնանպատակ չէ և նպատակաուղղված է այն հարցի պարզաբանմանը, թե ներկայացված հայցադիմումն ընդդատյա է արդյոք այն դատարանին, որին ներկայացվել է: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն նշելը չի կարող նույնացվել այդ հասցեի վերաբերյալ համապատասխան ապացույց ներկայացնելու պարտականության հետ: Նման մոտեցման դեպքում անձի վրա դրվում է պարտականություն յուրաքանչյուր դեպքում պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելիս հայցադիմումին կից ներկայացնել նաև պատասխանողի կողմից որևէ հասցեում բնակվելու կամ գտնվելու վերաբերյալ հիմնավորող ապացույցներ: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 88-րդ հոդվածների տառացի մեկնաբանությունից նման հետևություն չի կարող բխեցվել: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հայցադիմումում նշվում են գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեները, իսկ նույն օրենսգրքի 88-րդ հոդվածը, նախատեսելով հայցադիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, հայցվորին չի պարտավորեցնում հայցադիմումին կից ներկայացնել նաև պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ ապացույցներ: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից չի բխում ապացույցները բացառապես հայցադիմումին կից ներկայացնելը՝ նկատի ունենալով նաև գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցադիմումի բովանդակությանը և ընդդատության ինստիտուտին առնչվող հոդվածների փոխկապակցված մեկնաբանությունից բխում է, որ օրենսդրորեն հայցվորի վրա դրված չէ պարտականություն հայցադիմում ներկայացնելիս ներկայացնելու նաև թույլատրելի ապացույցներ պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ: Հետևաբար գործող օրենսդրությամբ հայցվորի վրա դրված է միայն հայցադիմումում պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելու պարտականություն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում ընդդատության հարցը պարզելիս գործում է պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ հայցադիմումում նշված հասցեի հավաստիության կանխավարկածը, որը կարող է ստուգվել գործի քննության հետագա փուլերում՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը դատարանին վերապահել է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու լիազորություն:

Սույն գործով Դատարանը, հայցադիմումը վերադարձնելով, պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում որպես պատասխանողի գտնվելու վայրի հասցե` հայցադիմումում նշված է Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի 36-րդ շենքի թիվ 12 բնակարանը, սակայն հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում, որ վերը նշված հասցեն պատասխանողի գտնվելու վայրի հասցեն է»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ «Ընկերությունը, որպես պատասխանող Կազմակերպության գտնվելու վայրի հասցե, հայցադիմումով նշել է Երևանի Նոր Նորք 8-րդ զանգված, 36 շենք, բնակարան թիվ 12 հասցեն: Միաժամանակ հայցադիմումին կից դատարան է ներկայացրել 03.04.2014 թվականի թիվ 227 փոխադարձ հաշվարկների ակտի պատճենը, համաձայն որի` Ընկերությունը, որպես մատակարար, մի կողմից և Կազմակերպությունը, որպես պարտապան, մյուս կողմից կազմել են փոխադարձ հաշվարկների ակտը: Նշված ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ակտը մի կողմից ստորագրվել է Ընկերության ներկայացուցչի կողմից, մյուս կողմից` գնորդ Հայկ Օհանյանի, ում հասցեն ևս նշվել է Երևանի Նոր Նորք 8-րդ զանգված, 36 շենք, բնակարան 12 հասցեն»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «թեև հայցվոր Ընկերությունը,  որպես   պատասխանող  Կազմակերպության  հասցե,  նշել   է  Երևանի    Նոր Նորքի 8-րդ զանգված, 36-րդ շենք, թիվ 12 բնակարանը, սակայն հայցադիմումին կից չի ներկայացրել որևէ թույլատրելի ապացույց (Կազմակերպության կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրից կատարված հարցում), որով կհիմնավորվեր, որ նշված հասցեն իրականում պատասխանող Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն է»:

Վճռաբեկ դատարանը, վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Ընկերությունը, ներկայացնելով 285.500 ՀՀ դրամ և վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջ, հայցադիմումում նշել է պատասխանող Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն, այն է՝ քաղաք Երևան, Նոր Նորք 8-րդ զանգված, 36-րդ շենք, բնակարան թիվ 12, այսինքն՝ հայցվոր կողմը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի իմաստով պահպանել է պատասխանողի գտնվելու վայրը նշելու օրենսդրորեն սահմանված պահանջը: Մինչդեռ Դատարանը, հայցադիմումը վերադարձնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, հայցվոր կողմի վրա դրել են օրենքով չսահմանված պարտականություն` ներկայացնել պատասխանողի գտնվելու վայրի հասցեն հիմնավորող թույլատրելի ապացույցներ, ինչը Վճռաբեկ դատարանը համարում է անհիմն:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայցի հարուցման փուլում հայցվորը կրում է միայն պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն հայցադիմումում նշելու պարտականություն, հետևաբար տվյալ հարցի կապակցությամբ հայցվորի վրա որևէ այլ պարտականություն դնելը չի բխում գործող օրենսդրության պահանջներից և անհարկի խոչընդոտում է վերջինիս դատարան դիմելու իրավունքը:

Ինչ վերաբերում է գործի հարուցման փուլում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության այս փուլում վկայակոչված հոդվածը ենթակա է կիրառման միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համատեքստում: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, որը, սակայն, չի ներառում պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ որևէ փաստաթուղթ հայցադիմումին կցելու պահանջ:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցադիմումը վերադարձնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, թույլ են տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 92-րդ հոդվածների խախտումներ՝ սահմանափակելով Ընկերության՝ դատարան դիմելու և դատարանի մատչելիության իրավունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2015 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2015 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան