Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 211-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.01.08/1(637) Հոդ.5
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.12.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2018
Дата вступления в силу
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 211-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրողներին որակավորված համարելու չափանիշները համապատասխանեցնել Եվրոպական Միության հրահանգներով և կանոնակարգերով սահմանված չափանիշներին, ինչպես նաև որակավորված ներդրողների գրանցման ընթացակարգը դարձնել առավել արագ և արդյունավետ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» Կանոնակարգ 4/06-ը հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշմամբ հաստատված «Ներդրողներին որակավորված համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» Կանոնակարգ 4/06-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումը տարածվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը որակավորված ներդրողների տեղեկատվական բազայում գրանցված որակավորված ներդրողների վրա՝ 2019 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 10-ի
թիվ 211-Ն որոշմամբ

 

«Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի մարտի 11-ի
թիվ 69-Ն որոշման

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/06

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» պարբերությամբ սահմանված անձանց որակավորված ներդրողներ համարելու չափանիշները, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» և «ե» պարբերությամբ սահմանված որակավորված ներդրողների գրանցման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Օրենք»` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2. «Տեղեկատվական բազա»` Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների վերաբերյալ տեղեկությունները ներառող ցուցակ,

3) «Կանոնակարգ 4/07»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07,

4) «Որակավորված ներդրող»` Օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» և «ե» պարբերություններով սահմանված և սույն կանոնակարգի 6-րդ գլխով նշված չափանիշներին բավարարող այն անձինք, որոնք սույն կանոնակարգով սահմանված կարգով Տեղեկատվական բազայում գրանցվել են որպես որակավորված ներդրող:

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Oրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Անձը համարվում է Oրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» և «ե» պարբերություններով սահմանված որակավորված անձ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում սույն կանոնակարգի համաձայն գրանցվելուց հետո:

5. Անձինք որպես որակավորված ներդրող Տեղեկատվական բազայում գրանցվելու համար պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին:

 

ԳԼՈՒԽ 4. ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Անձը որակավորված ներդրող համարվելու համար գրանցվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով կամ Կանոնակարգ 4/07-ով սահմանված կարգով ներկայացնելով դիմում՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի:

7. Անձը Տեղեկատվական բազայում գրանցումից դուրս գալու համար կարող է դիմել Կենտրոնական բանկ` սույն կանոնակարգով կամ Կանոնակարգ 4/07-ով սահմանված կարգով ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի:

8. Ֆիզիկական անձի դեպքում թղթային դիմումը պետք է ստորագրվի տվյալ անձի կամ նրա լիազոր անձի կողմից:

9. Իրավաբանական անձի դեպքում թղթային դիմումը պետք է ստորագրվի գործադիր տնօրենի կամ լիազորված այլ անձի կողմից:

10. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, եթե սույն կանոնակարգով փաստաթղթերի ներկայացման այլ կարգ սահմանված չէ:

 

ԳԼՈՒԽ 5. ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերում սահմանված դիմումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է անձին Տեղեկատվական բազայում կամ մերժում է անձի գրանցումը կամ հանում է անձին գրանցումից Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի կողմից ստորագրված գրությամբ:

12. Կենտրոնական բանկը չի գրանցում անձին որպես որակավորված ներդրող, եթե սույն կանոնակարգի հավելված 1-ով սահմանված դիմումը թերի է լրացված:

13. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված ժամկետում դիմող անձի` որպես որակավորված ներդրող գրանցման կամ գրանցման մերժման վերաբերյալ համապատասխան գրությունը չստորագրելու դեպքում անձը համարվում է գրանցված որպես որակավորված ներդրող:

14. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված ժամկետում դիմող անձին Տեղեկատվական բազայում գրանցումից հանելու վերաբերյալ համապատասխան գրությունը չստորագրելու դեպքում անձը համարվում է Տեղեկատվական բազայում գրանցումից հանված:

15. Կենտրոնական բանկը ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից Կանոնակարգ 4/07-ի 14.11-րդ կամ 14.13-րդ կետերի համաձայն Տեղեկատվական բազայում գրանցումից հանելու մասին համապատասխան դիմում կամ պրոֆեսիոնալ հաճախորդի պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցման (ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի լուծման) վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում հանում է տվյալ անձին Տեղեկատվական բազայում գրանցումից համապատասխան դիմումը կամ տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Որակավորված ներդրող գրանցվելու, գրանցման մերժման կամ գրանցումից հանելու վերաբերյալ Կենտրոնական բանկը տեղեկացնում է տվյալ անձին վերջինիս կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեի միջոցով համապատասխան դիմումի ներկայացմանը կամ սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված տեղեկացման ստացմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Որպես որակավորված ներդրող գրանցումը ուժի մեջ է մինչև համապատասխան դիմումի ներկայացմանը հաջորդող տարվա հունիսի 30-ը, եթե որակավորված ներդրողը չի դիմել ավելի վաղ ժամկետում իրեն գրանցումից հանելու համար: Այս դրույթը չի տարածվում այն որակավորված ներդրողների վրա, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ են գրանցվել որպես որակավորված ներդրող: Այս դեպքում որպես որակավորված ներդրող գրանցումն ուժի մեջ է, քանի դեռ տվյալ ներդրողը հանդիսանում է տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի պրոֆեսիոնալ հաճախորդ կամ մինչև ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ Կենտրոնական բանկ ներկայացված դիմումի հիման վրա Տեղեկատվական բազայում գրանցումից հանելը:

 

ԳԼՈՒԽ 6. ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

18. Որակավորված ներդրող կարող են համարվել այն անձինք, որոնք ներկայացրել են սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված դիմումը և միաժամանակ բավարարում են ստորև ներկայացված պայմաններին.

1) Կանոնակարգ 4/07-ի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված իրավաբանական անձինք և ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից որպես պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգված 14.1-րդ կետում սահմանված անձինք, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձին Կանոնակարգ 4/07-ի 14.10-րդ կետի համաձայն տվել են իրենց համաձայնությունը որակավորված ներդրող համարվելու վերաբերյալ,

2) այն անձինք, որոնք չեն հանդիսանում որևէ ներդրումային ծառայություններ մատուցող անձի պրոֆեսիոնալ հաճախորդ, սակայն բավարարում են Կանոնակարգ 4/07-ի 14-րդ կետի 4-րդ ենթակետով, 14.1-րդ կետով (ընդ որում՝ 14.1-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված գիտելիքն անհրաժեշտ է գնահատել արժեթղթերում ներդրումների հետ կապված) կամ Օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված չափանիշներին:

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձինք ինքնուրույն են գնահատում սույն գլխով սահմանված չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև ինքնուրույն են որոշում կայացնում Տեղեկատվական բազայում որպես որակավորված ներդրող գրանցվելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 7. ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

20. Կենտրոնական բանկը վարում է գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազան: Հարցման դեպքում Տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել թողարկողներին:

21. Տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց համար պահվելու է հետևյալ տեղեկատվությունը. անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը (հաշվառման վայրը և փաստացի բնակության վայրը), հեռախոսը, hանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ անձին նույնականացնող այլ փաստաթղթի համարը), էլեկտրոնային հասցեն:

22. Տեղեկատվական բազայում իրավաբանական անձանց համար պահվելու է հետևյալ տեղեկատվությունը. ընկերության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հեռախոսը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային հասցեն:

23. Տեղեկատվական բազայում գրանցված որակավորված անձի վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` խնդրելով կատարել համապատասխան փոփոխություններ: Այս դրույթը չի տարածվում այն որակավորված ներդրողների վրա, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ են գրանցվել որպես որակավորված ներդրող (այս դեպքում փոփոխությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից):

24. Որակավորված անձը պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնց արդյունքում տվյալ անձն այլևս չի բավարարում որակավորված ներդրողների՝ սույն կանոնակարգով սահմանված չափանիշներին: Այս դրույթը չի տարածվում այն որակավորված ներդրողների վրա, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ են գրանցվել որպես որակավորված ներդրող (այս դեպքում փոփոխությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից):

25. Կենտրոնական բանկը գրանցված որակավորված ներդրողների վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունները ներառում է Տեղեկատվական բազայում համապատասխան տեղեկացումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

26. Կենտրոնական բանկը պատասխանատու է միայն Տեղեկատվական բազայում որակավորված ներդրողներին պատշաճ գրանցելու համար: Կենտրոնական բանկը պատասխանատու չէ որակավորված ներդրողների՝ սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին համապատասխանության արժանահավատության ստուգման համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի
թիվ 69-Ն որոշման Հավելվածի

 

ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

ՄԱՍ Ա*

Կենտրոնական բանկի նախագահին
Հարգելի --------------------

I. Կանոնակարգ 4/07-ի 14-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում

———————————————————————————— -ը հավաստիացնում է, որ

(Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

բավարարում է որակավորված ներդրող համարվելու համար ստորև նշված չափանիշներից առնվազն երկուսին, մասնավորապես՝

□ Դիմումի ներկայացմանը նախորդող տարվա վերջի դրությամբ դիմումատուի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամը.

□ Դիմումի ներկայացմանը նախորդող տարվա գործունեությունից ստացված դիմումատուի իրացման շրջանառությունը (համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի) գերազանցում է 1 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը,

□ Դիմումի ներկայացման պահին նախորդող ամսվա/վերջին ամսվան նախորդող ամսվա վերջի դրությամբ (նշվում է համապատասխան ամսվա անունը) դիմումատուի ընդհանուր կապիտալը կազմում է 50 մլն Հայաստանի Հանրապետության դրամ

II. Կանոնակարգ 4/07-ի 14.1-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում

———————————————————————————— -ը հավաստիացնում է, որ

(Անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

բավարարում է որակավորված ներդրող համարվելու համար ստորև նշված չափանիշներից առնվազն երկուսին, մասնավորապես՝

□ դիմումատուն դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի շուկայում իրականացրել է 10 և ավելի գործարք միջին եռամսյակային կտրվածքով, ընդ որում` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն 500000 Հայաստանի Հանրապետության դրամ,

□ դիմումատուի արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,

□ դիմումատուն ֆինանսական շուկայում ունի առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որը պահանջում է արժեթղթերում ներդրումների հետ կապված գիտելիքներ:

 

III. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «ե» պարբերությամբ սահմանված չափանիշի բավարարման դեպքում

———————————————————————————— -ը հավաստիացնում է, որ

(Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

բավարարում է,

□ որակավորված ներդրող համարվելու համար «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետ «ե» պարբերությամբ սահմանված չափանիշին:

Հավաստիացնում եմ (ենք), որ տեղյակ եմ (ենք) որպես որակավորված ներդրող գրանցվելու հետևանքներին՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Մասնավորապես, տեղյակ եմ (ենք), որ Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում գրանցվելու դեպքում կարող եմ (ենք) զրկվել ներդրողների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջներից, այդ թվում՝ ինձ (մեզ) արժեթղթերի առաջարկ կատարելու դեպքում բացակայում է ազդագիր հրապարակելու թողարկողի պարտավորությունը, հետևաբար, ազդագրից բխող իրավունքները չեն տարածվում իմ (մեր) վրա:

 

Խնդրում եմ (ենք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ինձ (մեզ) որպես որակավորված ներդրող:

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անուն , ազգանուն, հայրանուն ----------------------

Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ ------------------------------------------------------------------------- -ի

(որպես որակավորված անձ գրանցման ենթակա անձի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)) անունից

Կենտրոնական բանկ ներկայացնել սույն դիմումը՝ նրան` որպես որակավորված ներդրող գրանցելու նպատակով (սույն տողը լրացվում է լիազոր անձի առկայության դեպքում):

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրությունն անհրաժեշտ չէ):

---------------------------------------------------

Ամսաթիվ ----------------------------

* չափանիշին բավարարելու դեպքում համապատասխան ազատ վանդակում կատարվում է «V» նշումը

ՄԱՍ Բ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկը տեղադրելու է ՄԱՍ Բ-ում բերված տեղեկատվությունը Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում, որը կարող է տրամադրվել թողարկողներին:

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում գրանցվելու դեպքում դուք կարող եք զրկվել ներդրողների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջներից, այդ թվում՝ Ձեզ արժեթղթերի առաջարկ կատարելու դեպքում թողարկողը պարտավոր չէ ազդագիր հրապարակել, հետևաբար, ազդագրից բխող իրավունքները չեն տարածվում Ձեզ վրա:

Սույն փաստաթղթում նշված հասցեով Ձեզ կուղարկվի գրություն, որով կնշվի որ Դուք ընդգրկված եք Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում:

Որպես որակավորված ներդրող գրանցումն ուժի մեջ է մինչև դիմումը ներկայացմանը հաջորդող հունիսի 30-ը, եթե դուք չեք դիմել ավելի վաղ ժամկետում գրանցումից հանելու համար: Այս դրույթը չի տարածվում այն որակավորված ներդրողների վրա, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ են գրանցվել որպես որակավորված ներդրող: Այս դեպքում Ձեր՝ որպես որակավորված ներդրող գրանցումն ուժի մեջ է, քանի դեռ դուք հանդիսանում եք տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի պրոֆեսիոնալ հաճախորդ կամ մինչև ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ Կենտրոնական բանկ ներկայացված դիմումի հիման վրա Տեղեկատվական բազայում գրանցումից հանելը:

Դուք պարտավոր եք Կենտրոնական բանկին տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնց արդյունքում դուք այլևս չեք բավարարում որակավորված ներդրողների օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Այս դրույթը չի տարածվում այն որակավորված ներդրողների վրա, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ են գրանցվել որպես որակավորված ներդրող (այս դեպքում փոփոխությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից):

Տեղեկատվական բազայում Ձեր վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում դուք կարող եք դիմել Կենտրոնական բանկ` խնդրելով կատարել համապատասխան փոփոխություններ: Այս դրույթը չի տարածվում այն որակավորված ներդրողների վրա, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջնորդությամբ են գրանցվել որպես որակավորված ներդրող (այս դեպքում փոփոխությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից):

 

Անունը, ազգանունը, հայրանունը/անվանումը,

կազմակերպական-իրավական ձևը

 

Դիմումատուի բնակության վայրը (հաշվառման

և փաստացի բնակության վայրը)/գտնվելու վայրը

 

Հեռախոսը (կարող է գրվել ցանկացած փոստային հասցե,

որի միջոցով կարելի է անձի հետ կապ հաստատել)

 

Հանրային ծառայության համարանիշը (բացակայության

դեպքում՝ անձին նույնականացնող այլ փաստաթղթի

համարը)/Հարկ վճարողի հաշվառման համարը

Էլեկտրոնային հասցեն

 

Ամսաթիվ

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի
թիվ 69-Ն որոշման Հավելվածի

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Կենտրոնական բանկի նախագահին

Հարգելի --------------------

Խնդրում եմ/ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել

------------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայից:

 

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անուն, ազգանուն, հայրանուն -----------------------

Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ ------------------------------------------------------------------------ -ի

(որակավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը))

 

անունից Կենտրոնական բանկ ներկայացնել սույն դիմումը՝ նրան` որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում գրանցումից հանելու նպատակով (սույն տողը լրացվում է լիազոր անձի առկայության դեպքում)

 

Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրությունն անհրաժեշտ չէ:) --------------------------------------

Ամսաթիվ ----------------------------

»: