Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.11.14/84(1442) Հոդ.1173
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
05.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
05.11.2018
Дата вступления в силу
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2018 թվականի N 271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, 34-րդ հոդվածի 1-ին մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասին և 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը ոչ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածում՝

ա. 8-րդ կետից հետո լրացնել «8.1», «8.2», «8.3» կետերով.

«8.1. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձը (մարմինը), քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը փոփոխելու հիմքի առաջացման պահից մեկամսյա ժամկետում քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը փոփոխելու առաջարկությունը:

8.2. Պաշտոնների անձնագրերը փոփոխելու առաջարկությանը կցվում են փոփոխության հիմնավորումը և հավաստող փաստաթղթերը:

8.3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձը (մարմինը) հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը»,

բ. 10-րդ կետը «դիմում» բառից հետո լրացնել «(Ձև N 6)» բառերով,

գ. 11-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,

դ. 11-րդ կետից հետո լրացնել «11.1» , «11.2» և «11.3» կետերով.

«11.1. Քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում և կադրերի ռեզերվից հանելու մասին գլխավոր քարտուղարի հրամանում, իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի որոշման մեջ, որպես կադրերի ռեզերվից հանելու օր, նշվում է՝

1) անձնական դիմումի հիման վրա կադրերի ռեզերվից հանելու դեպքում՝ դիմումում նշված օրը, որը կարող է լինել նաև դիմումի տրման օրվանից ուշ կամ շուտ: Այն դեպքում, երբ դիմումում կադրերի ռեզերվից հանելու ամսաթիվ նշված չէ, ռեզերվից հանելու օր է համարվում կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանի ընդունման օրը.

2) օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում՝ առավելագույն տարիքը լրանալու օրվան հաջորդող օրը.

3) կադրերի ռեզերվում մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու դեպքում՝ մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու օրը.

4) հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում՝ այդ պաշտոնը զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու օրը.

5) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքում՝ այդ փաստի առթիվ կազմված համապատասխան եզրակացությամբ խախտման փաստի արձանագրման օրվան հաջորդող օրը, ինչպես նաև օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայության ընդունվելու իրավունքի սահմանափակման դեպքերի ի հայտ գալու օրվան հաջորդող օրը.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ այդ օրը.

7) կադրերի ռեզերվում գրանցված անձի մահվան դեպքում՝ նրա մահվան վկայականում նշված մահվան օրը:

11.2. Այն դեպքում, երբ քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվից հանվել է սույն կարգի 11.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, սակայն հետագայում պարզվել է, որ մինչև կադրերի ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելն առկա են եղել սույն կարգի 11.1-ին կետի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված՝ կադրերի ռեզերվից հանելու հիմքեր, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանում կատարվում է համապատասխան փոփոխություն, որի հիման վրա իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու համար տվյալ քաղաքացիական ծառայողին տրամադրված վարձատրության վերահաշվարկ՝ նրանից հետ գանձելով ավել օրերի համար վճարված գումարը:

11.3. Այն դեպքում, երբ սույն կարգի 11.1-ին կետի 2-7-րդ ենթակետերում նշված՝ կադրերի ռեզերվից հանելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այդ հիմքերի ի հայտ գալու ժամկետներից ավելի ուշ, ապա համապատասխան իրավական ակտով տվյալ քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից իրավական հիմքի ծագման պահից՝ միաժամանակ կատարելով վարձատրության վերահաշվարկ։»,

ե. 13-րդ կետի «հաջորդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր հետո» բառերով,

զ. 16-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,

է. 19-րդ կետից հետո լրացնել նոր «19.1» կետով.

«19.1. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներին վարձատրությունը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցվելու օրվանից հաշված երեք ամսվա համար»,

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ բաժնով.

    

«V. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

    

43. Քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը (այսուհետ՝ Գրանցամատյան) բոլոր քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունների ամբողջությունն է:

44. Գրանցամատյանում ընդգրկվում են նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները, որոնց գրանցումն իրականացվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգով սահմանված ժամկետներում:

45. Գործունեությունը դադարեցրած մարմինների Գրանցամատյանը վարում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

46. Գործունեությունը դադարեցնող համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը համապատասխան մարմնի գործունեությունը դադարեցնելու վերջին օրվան նախորդող աշխատանքային օրը քաղաքացիական ծառայության գրասենյակ է փոխանցում համապատասխան մարմնի Գրանցամատյանը՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով։

47. Գրանցամատյանները էլեկտրոնային և թղթային կրիչներով վարում են համապատասխան մարմինները։

48. Գրանցամատյանի տվյալները ենթակա չեն հրապարակման:

49. Գրանցամատյանում գրանցելու հիմքերն են` քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելը կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը:

50. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների հաստիքացուցակների և անձնական գործերի՝ սույն հավելվածի 53-րդ կետում նշված տվյալների հիման վրա:

51. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

1) քաղաքացիական ծառայության պաշտոններ.

2) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ.

3) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ:

52. «Քաղաքացիական ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների անվանումները.

2) համապատասխան մարմինների կողմից հաստատված վերջին հաստիքացուցակը (տարին, ամիսը, ամսաթիվը).

3) համապատասխան մարմինների հաստիքային միավորների ընդհանուր քանակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների քանակը.

4) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը:

53. «Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ» և «քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ» բաժիններում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման անվանումը.

2) քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը.

3) պաշտոնում նշանակման հիմքը և ամսաթիվը.

4) դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման, զրկման տարին, ամիսը, ամսաթիվը (առկայության դեպքում).

5) քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը.

6) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

7) ծննդյան վայրը.

8) սեռը.

9) անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ նույնականացման քարտի համարը.

10) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման ամսաթիվը).

11) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.

12) զինապարտությունը, զինվորական կոչումը (առկայության դեպքում).

13) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը (առկայության դեպքում).

14) գիտական կոչումը (կոչումը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը (առկայության դեպքում).

15) վերապատրաստման վերաբերյալ տվյալները (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագրի անվանումը, վերապատրաստման ժամկետները).

16) խրախուսանքները, այդ թվում՝ պետական պարգևները, այլ պարգևները և պատվավոր կոչումները և կարգապահական տույժերը.

17) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու կամ շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ տեղեկությունները.

18) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` քաղաքացիական ծառայության ստաժը և մասնագիտական աշխատանքային ստաժը.

19) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելը, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը և կադրերի ռեզերվից հանելը, ժամկետային աշխատանքային պայմանագիրը (տարին, ամիսը, ամսաթիվը, հիմքերը և այլն).

20) ընտանեկան դրությունը.

21) բնակության վայրը (փոստային հասցեն).

22) հեռախոսահամարները (բնակարանի, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում).

23) կատարողական ընդհանուր գնահատականը.

24) ծանոթություն։

54. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների կողմից էլեկտրոնային և թղթային կրիչներով ներկայացված հաստիքացուցակների և անձնական գործերի տվյալների հիման վրա։

55. Քաղաքացիական ծառայողների անձնական տվյալների փոփոխության հիմքերի ի հայտ գալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխությունները ներառվում են Գրանցամատյանում:

56. Էլեկտրոնային և թղթյա կրիչներով ներկայացված՝ գրանցամատյանների տեղեկությունների անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում թղթյա կրիչով ներկայացված Գրանցամատյանի տվյալները:

57. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում համապատասխան մարմնի կնիքով:

58. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի գրավոր հարցման հիման վրա համապատասխան մարմինը տրամադրում է տվյալ մարմնի վերաբերյալ Գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ»,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ բաժնով.

  

«VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

      

59. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

60. Համապատասխան մարմինները էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար քաղաքացիական ծառայության գրասենյակ են ներկայացնում փոխվարչապետի կողմից սահմանված պահանջները բավարարող երկու քաղաքացիական ծառայողի թեկնածություն՝ նշելով թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, կրթությունը, զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն):

61. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը հաստատում է թեկնածուների ցանկը և տրամադրում համապատասխան մարմիններին:

62. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից տրամադրված թեկնածուների ցանկից պատահականության սկզբունքով, օրենքով սահմանված կարգով ձևավորում է էթիկայի հանձնաժողով և ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը:

63. Համապատասխան մարմինները էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին ցանկից հանելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում են քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին ցանկից հանելու համար՝ միաժամանակ ներկայացնելով նոր թեկնածուների՝ սույն կարգի 58-րդ կետին համապատասխան:

64. Սույն կարգի 63-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը թեկնածուների ցանկում կատարում է համապատասխան փոփոխություններ և այն տրամադրում համապատասխան մարմիններին:»,

ժ. Ձև N 2-ի 17-րդ կետը «Անձնագիրը» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտը» բառերով,

ժա. Ձև N 3-ի «բ» կետից հանել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի N-1801-Ն» բառերը,

ժբ. լրացնել «Ձև N 6»-ով.

  

«Ձև N 6

 

  

_________________________________________________________________

(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնը,

անունը, ազգանունը)

_________________________________________________

(զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական

ծառայողի անունը, ազգանունը)

       

Դիմում

      

կադրերի ռեզերվում գրանցելու մասին

 

Խնդրում եմ ինձ գրանցել կադրերի ռեզերվում։

Հայտնում եմ, որ տեղեկացված եմ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում սահմանված կարգով ինձ ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելու վերաբերյալ։

        

Դիմող՝ (ստորագրություն, անուն, ազգանուն)

Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «թ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

      

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

         

2018 թ. նոյեմբերի 5

Երևան

        

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան