Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.05.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.05.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
19.05.2010
Дата вступления в силу
19.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1695/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1695/02/09
2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

 Կ. Չիլինգարյան
   Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2010 թվականի մայիսի 19-ին,

 

քննարկելով Լորետտա Դանելյան Սիրաքիի ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանմասիհիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Լորետտա Դանելյան Սիրաքիի ընդդեմ Ջոսեֆ Մեհրաբու` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

 

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.11.2009 թվականի վճռով Լորետտա Դանելյան Սիրաքիի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.02.2010 թվականի որոշմամբ Լորետտա Դանելյան Սիրաքիի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լորետտա Դանելյան Սիրաքիի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի, 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի, 4-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լորետտա Դանելյան Սիրաքիի վերաքննիչ բողոքում նշված է Դատարանի կողմից թույլ տված խախտումների և դրանց հիմնավորումների մասին, այսինքն՝ վերաքննիչ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ պահանջներին և առանց որևէ պատճառաբանության որոշմամբ նշել է, թե բողոք բերած անձը Դատարանի կողմից թույլ տրված որևէ խախտման մասին վերաքննիչ բողոքում չի նշել:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ անտեսել է, որ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը Լորետտա Դանելյան Սիրաքին պատճառաբանել է այն հանգամանքով, որ տվյալ պահին հնարավորություն չունի վճարելու պետական տուրքը, քանի որ այն բավականին մեծ գումար է կազմում, բացի այդ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, իսկ այդ հանրապետությունը, գտնվելով միջազգային սահմանափակումների տակ, հնարավորություն չունի բանկային փոխանցում կատարել, Հայաստանի Հանրապետության բանկում ունեցած հաշվին բավարար չափով գումար առկա չէ և ներկայացրել է գրավոր ապացույց:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդություն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման թե փաստական, թե իրավական հիմնավորումները: Դատարանի որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև անհրաժեշտ է պատճառաբանել, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը բերվել է մի շարք թերություններով` այն է` վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ կետի պահանջներին, սակայն չի պատճառաբանել, թե ինչու վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջներին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա Լորետտա Դանելյան Սիրաքիի վերաքննիչ բողոքում նշված են նյութական և դատավարական իրավունքի խախտումների մասին, որոնք, ըստ նրա, թույլ է տվել Դատարանը: Մասնավորապես, նշված է, որ Դատարանի վճռի հիմքում ընկած հետևությունն անհիմն է և չպատճառաբանված, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածների խախտում է, ինչպես նաև հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին: Բացի այդ, ըստ վերաքննիչ բողոք բերած անձի, Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Լորետտա Դանելյան Սիրաքիի վերաքննիչ բողոքում պահպանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է uահմանվել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են uահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք բերած անձի պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելիս, անդրադառնալով Լորետտա Դանելյան Սիրաքիի վկայակոչած այն փաստարկներին, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, այդ Հանրապետությունը գտնվում է միջազգային սահմանափակումների տակ, որի հետևանքով բանկային փոխանցումներ կատարել չի կարող, միաժամանակ պետական տուրքի գումարը մեծ է, իսկ բանկային հաշվում առկա չէ այդքան գումար, որի մասին է վկայում «Մելաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության 04.02.2010 թվականի հաշվի քաղվածքը, ինչպես նաև այն փաստարկին, որ Լորետտա Դանելյան Սիրաքիի ֆինանսական միջոցներն անբավարար են, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում պատասխանողին վճարել է մոտ 32.000.000 ՀՀ դրամ, գտել է, որ այդ փաստարկները և այդպիսիք հավաստող փաստաթղթերը որևէ կերպ չեն վկայում Լորետտա Դանելյան Սիրաքիի նյութական վիճակը ծանր լինելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Լորետտա Դանելյան Սիրաքիի միջնորդությունը մերժելիս Վերաքննիչ դատարանը օբյեկտիվ չի գնահատել միջնորդության փաստարկները, գործում առկա «Մելաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության 04.02.2010 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Լորետտա Դանելյան Սիրաքիի հաշվարկային հաշվի մնացորդը կազմում է զրո դրամ, այսինքն՝ անտեսել է նրա գույքային դրությունը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետով սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնություն չի սահմանել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով նախատեսված անձի արդար դատական քննության իրավունքի ապահովման սկզբունքից, իսկ արդար դատաքննության բաղկացուցիչ տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերաքննիչ դատարաններում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, կետ 33):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ վերաքննիչ դատարաններում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված նույն երաշխիքներից օգտվելու ժամանակ այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն և որոնք բացարձակապես կապված չեն վերաքննիչ բողոքի կամ վերջինիս հաջողության հեռանկարների հետ, պետք է արդարադատության շահերից ելնելով մանրակրկիտ քննության առնվեն (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում խախտվում է անձի՝ դատական ակտն օրենքով նախատեսված կարգով վերանայելու պահանջի իրավունքը, հետևյալ պատճառաբանությամբ.

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան