Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.07.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
29.07.2015
Дата вступления в силу
29.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0888/02/13
2015 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0888/02/13

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 29-ին,

քննարկելով ըստ հայցի Էդգար Վարդանյանի ընդդեմ Դիաննա Զոհրաբյանի` գումարի բռնագանձման և պարտքի գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվեգրելու և բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դիաննա Զոհրաբյանի ընդդեմ Էդգար Վարդանյանի` փոխառության գործարքը չկնքված համարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Դիաննա Զոհրաբյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդգար Վարդանյանը պահանջել է Դիաննա Զոհրաբյանից բռնագանձել 21.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև մինչև գումարի փաստացի վերադարձման օրը պարտքի գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2013 թվականի որոշմամբ Դիաննա Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Վերադաս դատարանի կողմից բեկանված վերջնական դատական ակտով գործի նոր քննության փուլում հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Դիաննա Զոհրաբյանը պահանջել է փոխառության գործարքը համարել չկնքված:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 26.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2015 թվականի որոշմամբ Գևորգ Մարտիրոսյանի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 26.11.2014 թվականի վճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Բողոքը վերադարձվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված` ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բողոք ներկայացնելու իրավական հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2015 թվականի որոշմամբ Դիաննա Զոհրաբյանի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 26.11.2014 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիաննա Զոհրաբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ, 124-րդ և 207-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 26.11.2014 թվականի վճիռն ուղարկվել է Դիաննա Զոհրաբյանի` Դատարանում հանդես եկած ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանին, որի լիազորությունները, լիազորագրի ժամկետը լրանալու հիմքով, այդ օրվա դրությամբ արդեն իսկ դադարած են եղել: Գևորգ Մարտիրոսյանը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս, չհանդիսանալով Դիաննա Զոհրաբյանի ներկայացուցիչը, վճռի բողոքարկման իրավունք չունի:

Դիաննա Զոհրաբյանը, 27.03.2015 թվականին Գևորգ Մարտիրոսյանից տեղեկանալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2015 թվականի որոշման մասին, 08.04.2015 թվականին անձամբ է ներկայացրել վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարել և այն վերականգնել:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, պետք է Դիաննա Զոհրաբյանի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարեր և բավարարեր վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման վերաբերյալ միջնորդությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի   6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում կրկին անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատավարական օրենսդրության իրավակարգավորումներով սահմանված է վճռի (գործն ըստ էության լուծող դատական ակտի) հրապարակմանը գործին մասնակցող անձանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը վերջինիս ուղարկելու դատարանի պարտականությունը: Ընդ որում, օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում` վերջինիս ներկայացուցչին, ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է անձի` վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը: Անձը կարող է լիարժեք իրականացնել վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ծանոթ է ստորադաս դատարանի կողմից իր իրավունքների (պարտականությունների) կամ օրինական շահերի վերաբերյալ կայացված դատական ակտին և դրա բովանդակությանը (տե´ս, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, իր 13.04.2015 թվականի որոշմամբ մերժելով Դիաննա Զոհրաբյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը և պատճառաբանել է, որ ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ բողոքաբեր կողմի վկայակոչած փաստերը չեն կարող հիմք հանդիսանալ դատարան դիմելու բաց թողնված ժամկետները վերականգնելու համար, քանի որ, անկախ այն հանգամանքից, որ Դիաննա Զոհրաբյանը լիազորել է Գևորգ Մարտիրոսյանին իր շահերը և իրավունքները ներկայացնել դատարանում, վերջինիս դատավարական իրավունքն է եղել հետևել դատավարության ընթացքին, օգտվել օրենքով իրեն վերապահված դատավարական իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև ներկայացնել վերաքննիչ բողոք:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 26.11.2014 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 88), սակայն Դատարանի կողմից վճիռը պատվիրված նամակով Դիաննա Զոհրաբյանին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ: Ավելին, Դատարանի 01.12.2014 թվականի թիվ ԴԴ-17-Ե-47472 գրության համաձայն` Դատարանի կողմից 26.11.2014 թվականի վճիռն ուղարկվել է Դիաննա Զոհրաբյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանին (հատոր 2-րդ, գ.թ. 99), որի լիազորությունները, լիազորագրի ժամկետը լրանալու հիմքով, 21.11.2014 թվականին արդեն իսկ դադարած են եղել (հատոր 2-րդ, գ.թ. 11):

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Դիաննա Զոհրաբյանին հանձնված կամ ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող է որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:

Սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել է Դիաննա Զոհրաբյանին: Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Դիաննա Զոհրաբյանը գործն ըստ էության լուծող դատական ակտը միայն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է դատարան: Հետևաբար, Դատարանի կողմից վճռի օրինակը գործին մասնակցող անձի ներկայացուցչին (առավել ևս` լիազորագրում նախատեսված ժամկետը լրանալու հիմքով արդեն իսկ լիազորությունները դադարած ներկայացուցչին) ուղարկելը որևէ պարագայում չի կարող համարվել գործին մասնակցող անձին` տվյալ դեպքում պատասխանող Դիաննա Զոհրաբյանին, օրենքով սահմանված կարգով և ժամկետում վճռի տրամադրում, որպիսի հանգամանքը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դիաննա Զոհրաբյանը չի օգտվել իր դատավարական իրավունքներից և բարեխղճորեն չի կատարել իր դատավարական պարտականությունները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատավարության կողմի պարտականությունը չի կարող համարվել վճռի օրինակը ստանալուն ուղղված ակտիվ գործողությունների իրականացումը. այն բացառապես դատարանի պարտականությունն է, որն իրականացվում է՝ վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով գործին մասնակցող անձանց ուղարկելով: Հետևաբար, միայն դատարանի կողմից օրենքով նախատեսված գործողությունների իրականացման արդյունքում հնարավոր կլիներ Դիաննա Զոհրաբյանի կողմից իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելը և դատավարական պարտականությունները բարեխիղճ կերպով կատարելը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ առանց հիմնավոր պատճառաբանության, անտեսելով սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով, 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը` վերջինիս զրկելով իր գործի վերաքննության հնարավորությունից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան