Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1157
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.03.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
20.03.2018
Дата вступления в силу
20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

    

ՎԲ-17/08

      

      ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

               

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

ե. դԱՆԻԵԼյանի

 

Լ. Թադևոսյանի

 

ա. պողոսՅԱՆԻ

 

Ս. Օհանյանի

 
 

քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

       

2018 թվականի մարտի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 23-ի որոշման դեմ դիմող Սիլվարդ Ալավերանի Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի դատախազության քննիչ Ս.Մխիթարյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2006 թվականի մարտի 6-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 55200706 քրեական գործը:

Նախաքննական մարմնի` 2006 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Անահիտ Այվազյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Քննիչի` 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է ենթադրյալ հանցանք կատարած Սեյրան Այվազյանի մահվան հիմքով:

Նույն որոշման 2-րդ կետով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի չորս աշխատակիցների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Անահիտ Այվազյանի բողոքների վերաբերյալ Լոռու մարզի դատախազության` 2006 թվականի նոյեմբերի 16-ի, նոյեմբերի 20-ի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության` 2007 թվականի հունվարի 19-ի գրություններով հայտնվել է, որ որոշումը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, և այն վերացնելու հիմքեր չկան:

2. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է:

3. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը` թողել անփոփոխ:

4. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2008 թվականի մայիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժել է, Վերաքննիչ դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

5. Սիլվարդ Այվազյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017 թվականի հունիսի 1-ին Այվազյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 56717/08) գործով վճիռ է կայացրել, որով ճանաչել է Սեյրան Այվազյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված` կյանքի իրավունքի խախտման փաստը:

6. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2017 թվականի հունիսի 1-ի Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Սիլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշման վերանայման վարույթ, և դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

     

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Առաջին ատյանի դատարանը, նշելով, որ դիմողի ներկայացուցչի կողմից բողոքը բերվել է քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետի բացթողումով, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(...) Սեյրան Այվազյանը վնասազերծվել է ոստիկանությանը տրված լիազորությունների սահմաններում: Վնասազերծող խումբը կրակել է միայն այն ժամանակ, երբ նա դանակով հարվածել է ոստիկանության աշխատակից Հայկազ Գևորգյանին և վերջինիս ընկնելուց հետո, նրա նկատմամբ շարունակվող հարձակման պայմաններում, ոստիկանները կրակել են նրա ուղղությամբ, որը բխել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի պահանջներից: Դատարանը գտնում է, որ ոստիկանության աշխատակիցները գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում, որի դեպքում կիրառման է ենթակա «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի կյանքից զրկելը չի համարվում նույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը միանգամայն անհրաժեշտ է` ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար: (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 99-107):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է. «(...) [Բ]ողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ուստիև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց բավարարման» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 136-145):

9. Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2008 թվականի մայիսի 23-ի որոշմամբ արձանագրել է, որ դիմողի ներկայացուցչի կողմից բողոք բերելու քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետը չի պահպանվել, սակայն անհրաժեշտ է համարել արտահայտել իրավական դիրքորոշումներ` ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթից, ինչպես նաև նկատի ունենալով, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները գործը քննության են առել ըստ էության և իրենց որոշումներում շարադրել են ըստ էության հիմնավորումներ:

Անդրադառնալով Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ քննություն իրականացնելու հարցին` Վճռաբեկ դատարանը նշել է. «(...) [Ո]րոշակի հանգամանքներ վկայում են այն մասին, որ Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի կապակցությամբ, (...), որոշակի քննություն իրականացվել է»:

Գնահատելով Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ իրականացված քննության պատշաճությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) [Գ]ործով հարցաքննվել են դեպքին ականատես ոչ բոլոր ոստիկանները: Մասնավորապես, ոստիկանների կողմից Ս.Այվազյանի ուղղությամբ կրակելու պահին դեպքի վայրում գտնված վեց ոստիկաններից երկուսը՝ Գ.Մելքոնյանը և Ռ.Մոսինյանը, չեն հարցաքննվել: Դա նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու Ս.Այվազյանին կյանքից զրկելու հետ կապված ապացույցները:

Ինչ վերաբերում է մյուս չորս ոստիկաններին, ապա Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նրանց հարցաքննության ժամկետները: Այսպես՝ վկա Հ.Գրիգորյանը հարցաքննվել է դեպքից 8 օր հետո, վկա Ն.Նանինյանը՝ 9 օր հետո, իսկ վկա Ա.Աբգարյանը՝ 10 օր հետո:

Այդ ընթացքում ոչինչ չի ձեռնարկվել նրանց միմյանցից մեկուսի պահելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած չկա որևէ ապացույց այն մասին, որ ոստիկանները գաղտնի համաձայնության են եկել միմյանց հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն:

Քննության պատշաճությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ բավարար չափով չի պարզվել Ս.Այվազյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեխանիզմը. մասնավորապես, համապատասխան գնահատականի չի արժանացել Ս.Այվազյանի վրա արձակված կրակոցների ուղղությունը: Այսպես, քննությամբ ողջամիտ բացատրություն չի տրվել այն փաստին, որ Ս.Այվազյանի ուղղությամբ վեց կրակոց արձակվել է հետևից:

(...) [Վերը] շարադրվածն ինքնին բավարար է այն հետևության համար, որ Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի կապակցությամբ քննությունը պատշաճ չի եղել» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 190-199):

      

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստել է, որ Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 1-ի վճիռը հանդիսանում է նոր հանգամանք Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը վերանայելու համար:

Շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Ս.Այվազյանի` կյանքի իրավունքի ընթացակարգային խախտում` Ս.Այվազյանի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չիրականացնելու, կյանքի իրավունքի էական խախտում` գործողությունների պլանավորման և վերահսկման առումով:

Մեջբերելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման մասին Եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոք բերած անձը եզրահանգել է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշման վերանայման և Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման արդյունքում հնարավոր կլինի վերացնել Ս.Այվազյանի վերաբերյալ գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքների խախտումները:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը, բավարարել բողոքը և վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 2-րդ կետը, որով ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել էր:

     

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում արձանագրելու փաստն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…):

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(…)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16 որոշումները):

14. Այսպես` Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ թեև քննիչի` 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, սակայն հաշվի առնելով, որ ներպետական դատարանները բոլոր երեք ատյանների մակարդակով քննել են նշված բողոքի էությունը, ուստի ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառված չեն կարող համարվել, և գանգատը պետք է հայտարարել ընդունելի:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատու Սիլվարդ Այվազյանի եղբոր` Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների քննության մասով տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումներ:

15. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) [Ա]մբողջությամբ վերցրած 2-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքերին, այլ նաև այն իրավիճակներին, երբ թույլատրվում է «ուժ գործադրել», ինչը կարող է հանգեցնել կյանքից զրկելուն՝ որպես չնախատեսված հետևանք։ Ցանկացած ուժի գործադրում չպետք է ենթադրի ավելին, քան «բացարձակ անհրաժեշտություն» և պետք է լինի խիստ համաչափ՝ «ա»-ից «գ» ենթակետերով սահմանված մեկ կամ ավելի նպատակների իրականացմանը (…):

Ի կատարումն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակներից մեկի՝ պետության համապատասխան մարմինների կողմից ուժի գործադրումը կարող է արդարացվել սույն դրույթի համաձայն, եթե այն հիմնված է այնպիսի բարեխիղճ համոզմունքի վրա, որը ողջամիտ հիմքերով տվյալ պահին համարվում է օրինական, սակայն հետագայում պարզվում է, որ սխալ է եղել։ Այլ որոշում կայացնելը կենթադրեր ոչ իրատեսական բեռ դնել պետության և դրա իրավապահ մարմինների անձնակազմի վրա՝ իրենց պարտականությունների կատարման հարցում, հավանաբար՝ ի վնաս իրենց և մյուսների կյանքի (…):

Եթե դիտավորությամբ գործադրվել է մահաբեր ուժ, ապա պետք է հաշվի առնել ոչ միայն պետության այն մարմինների գործողությունները, որոնք իրականում կիրառել են այդ ուժը, այլ նաև դրանց ուղեկցող բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք քննության առարկա գործողությունների պլանավորումը և վերահսկողությունն են (…): Այսպիսով, երբ որոշվում է գործադրված ուժի՝ 2-րդ հոդվածին համապատասխանության հարցը, կարող է գործին վերաբերելի լինել այն հանգամանքը, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունները պլանավորվել և վերահսկվել են այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի մահաբեր ուժի հավանական գործադրումը կամ կյանքի պատահական կորստի հնարավորությունը (…):

Դատարանը, այնուհետև, վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պարունակում է դրա նյութաիրավական ասպեկտի մասով ենթադրյալ խախտումների արդյունավետ քննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորություն (…)» (տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 73-76-րդ կետերը):

15.1. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) և՛ Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցից անմիջապես հետո հարուցված քրեական գործը, և՛ դրանից հետո անցկացված քննությունը, առնվազն պաշտոնապես, ավելի շատ ուղղված են եղել նախքան մահը նրա կողմից կատարված ենթադրյալ իրավախախտումների, մասնավորապես՝ երկու քաղաքացիների և ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման, քան նրա մահվան դեպքի քննությանը։ Նրա գործողությունները որակվել են որպես սպանության փորձ, և Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց վրա հիմնված են եղել գործերը, այդպիսի արարքների համար պատիժ նախատեսող հոդվածներն են։ Դատարանը նշում է, որ դրանից կարող է հարց առաջանալ, թե արդյոք այդպիսի շինությունում իրականացված քննությունը per se (որպես այդպիսին) կարող է համարվել այնպիսի քննություն, որի նպատակը եղել է Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների ճշգրիտ ու լիարժեք քննությունը և այդ նպատակով ապացույցներ հավաքելը։

Այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ այդ քննության շրջանակներում ձեռնարկված մի շարք քննչական միջոցառումներով ուսումնասիրվել են Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցի հանգամանքները. վերջապես, որոշում է կայացվել մերժել ներգրավված ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործի հարուցումը։ Դատարանն ընդունում է, որ տեղի է ունեցել պաշտոնական քննություն (…)։ Մնում է դիտարկել այն հարցը, թե արդյոք այդպիսի քննությունն արդյունավետ է եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով։ Այս համատեքստում Դատարանը համաձայնում է Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ այն մասով, որ առկա են եղել մի շարք լուրջ թերություններ՝ հանգեցնելով այն եզրակացությանը, որ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննությունը պատշաճ չի իրականացվել (…):

Նախևառաջ` քննություն իրականացնող մարմնի կողմից ոչ մի ջանք չի գործադրվել՝ պատահարում ներգրավված ոստիկանության ծառայողների հավանական հանցավոր համաձայնությունը կանխելու համար։ Մասնավորապես, ներգրավված ոստիկանության յոթ ծառայողներից ոչ մեկը պատահարից հետո առանձին չի պահվել, և միայն նրանցից երկուսը՝ Ա.Ս.-ն և Հ.Գև.-ն են հարցաքննվել միևնույն կամ հաջորդ օրը։ Մյուս երեքը՝ Հ.Գրի.-ն, Ն.Ն.-ն և Ա.Ա.-ը, հարցաքննվել են զգալի ուշացումներով, որոնք կազմել են համապատասխանաբար՝ ութ, ինը և տասը օր (…)։ Թեև առկա չեն ապացույցներ՝ ենթադրելու համար, որ այդ ծառայողները գործել են միմյանց կամ Թումանյանի ոստիկանության ուժերի՝ իրենց գործընկերների հետ համաձայնեցված գործողություններով, այնուամենայնիվ, զուտ այն հանգամանքը, որ նման համաձայնեցված գործողությունների վտանգը նվազեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, վկայում է քննության պատշաճ ընթացքի մեջ առկա թերությունների մասին (…):

Երկրորդ` պատահարում ներգրավված ոստիկանության ծառայողներից երկուսը՝ Գ.Մ.-ն և Ռ.Մ.-ն, ընդհանրապես չեն հարցաքննվել (…)։ Այս հարցին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ.Մ.-ն եղել է ոստիկանության այն չորս ծառայողներից մեկը, որը կրակ է արձակել Սեյրան Այվազյանի վրա։

Երրորդ` հաշվի առնելով այդ հարցաքննությունների կատարման եղանակը, Դատարանը նկատում է, որ ոստիկանության ծառայողներից պարզապես պահանջվել է հաշվետվություն ներկայացնել պատահարի մասին, և նրանց շատ քիչ թվով հարցեր են ուղղել՝ չնայած նրանց ցուցմունքներում առկա են եղել բազմաթիվ ակնհայտ հակասություններ և անհամապատասխանություններ (…)։ Նույնիսկ այն մի քանի հարցերը, որոնք տրվել են նրանց, կա՛մ բավականաչափ հավատաքննչական բնույթի և մանրամասն չեն եղել, կա՛մ դրանցով հնարավոր չի եղել պարզել մահացու կրակոցի հանգամանքները (…)։ Մի շարք՝ գործին չափազանց վերաբերելի փաստեր անտեսվել են, և քննիչն առանց պատշաճ պարզաբանման զուտ ընդունել է այն ոստիկանության ծառայողների հաշվետվությունները, որոնք չէին կարող հանդես գալ որպես անաչառ վկաներ։ Որևէ փորձ չի կատարվել՝ պարզելու, inter alia, այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչու են տասը գնդակից վեցն արձակվել Սեյրան Այվազյանի մեջքի ուղղությամբ, եթե ոստիկանության բոլոր ծառայողները ենթադրաբար նշան են բռնել նրա ոտքերին. պարզվել է, որ նրանցից առնվազն մեկը կրակ է արձակել ավելի բարձր՝ կրծքավանդակի հատվածի ուղղությամբ (…)։ Ուստի պարզվում է, որ տվյալ հարցաքննությունները զուտ ձևական բնույթ են կրել, և Դատարանը չի կարող դրանք համարել որպես կատարված մահացու կրակոցի հանգամանքները պարզելու լուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության փորձ։

Չորրորդ` որևէ ցուցմունք չի վերցվել ոստիկանության ուժերին չպատկանող անձանցից, որոնք ձերբակալման գործընթացի ժամանակ ակնհայտորեն գտնվել են տան շրջակայքում, ինչպես օրինակ՝ գյուղապետը, հրշեջ ծառայության աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։ Ճշմարիտ է, որ Վճռաբեկ դատարանը հայտնել է, որ ոստիկանության ծառայողներից բացի, կրակոցի ականատեսներ չեն եղել, սակայն պարզ չէ, թե ինչ ապացույցների վրա է հիմնված եղել այդ հայտարարությունը։ Անհերքելի է այն փաստը, որ պատահարը տեղի է ունեցել դրսում՝ նախամուտքում, և տեսանելի է եղել նույնիսկ այն ոստիկանության ծառայողների համար, որոնք ներգրավված չեն եղել ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցներին (…)։ Վերը նշված անձանցից ոչ մեկին, այնուամենայնիվ, հարցաքննության չեն կանչել՝ պարզելու, թե արդյոք նրանք ականատես են եղել և ինչ չափով են ականատես եղել պատահարին։ Քննիչը նույնպես չի փորձել հաստատել այն գյուղացիների ինքնությունը, որոնք, մի քանի ոստիկանության ծառայողների ցուցմունքների համաձայն (…), չնայած գտնվելով որոշակի հեռավորության վրա, հավաքված են եղել դեպքի վայրում և հավանաբար հնարավորություն են ունեցել լույս սփռել գործի հանգամանքների վրա։

Ինչ վերաբերում է այլ քննչական միջոցառումներին, ապա Դատարանը նշում է, որ համապատասխան մարմինները հրազենագիտական փորձաքննության կամ այլ միջոցով ստույգ չեն պարզել կրակոցի ժամանակ հրազեն գործադրած ծառայողների հստակ գտնվելու դիրքերը։ Հետևաբար առկա է եղել պարզ հակասություն կրակոցի ժամանակ ոստիկանության ծառայող Ա.Ս.-ի՝ ոստիկանության ծառայող Հ.Գրի.-ի կողքին գտնվելու վերաբերյալ վերջինիս ցուցմունքի և պատահարի տեղանքի քարտեզի միջև, որի համաձայն` Հ.Գրի.-ն գտնվել է նախամուտքում, իսկ ոստիկանության ծառայող Ս.Մ.-ն՝ նրա կողքին (…)։ Գնդակների հստակ հետագիծը որոշելու որևէ փորձ չի կատարվել, ինչպես նաև չի իրականացվել կատարված դեպքի վերարտադրություն։ Հրազենագիտական փորձաքննությամբ նույնպես չի պարզաբանվել կարևոր տեղեկատվություն այն մասին, թե ում կողմից է արձակվել մահացու կրակոցը։ Ավելին` ոստիկանության ծառայողների միջև առերեսումներ չեն իրականացվել։ Առանց այդպիսի քննչական միջոցառումներ ձեռնարկելու, ձերբակալումն իրականացնող ոստիկանության ծառայողների հաշվետվությունները՝ դեպքերի մասին, անհնարին է եղել ստուգել։ Հարկ է նաև նշել, որ որևէ գնահատում չի իրականացվել այն մասով, թե արդյոք ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքին սպառնացող ենթադրյալ վտանգին՝ ոստիկանության ծառայողի արձագանքը համաչափ է եղել. գնահատում չիրականացնելը հատկապես զարմանալի է՝ հաշվի առնելով արձակված կրակոցների (տասնհինգ, որից տասը դիպել են թիրախին) թիվը և այն փաստը, որ Սեյրան Այվազյանը զինված է եղել ոչ թե հրազենով, այլ միայն դանակով» (տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 77-84-րդ կետերը):

15.2. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ համապատասխան մարմինները չեն իրականացրել գործի հանգամանքները պարզելու, ինչպես նաև քննության արդյունավետ արդյունքի հասնելու համար կենսական նշանակություն ունեցող ապացույցների՝ ժամանակին, պատշաճ և օբյեկտիվ հավաքում ու գնահատում։ Ուստի, ըստ դատարանի` նրանք չեն կատարել պատշաճ և արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը, որպիսի պարագայում տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 85-86-րդ կետերը):

16. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտով անդրադառնալով ոստիկանության ծառայողների գործողություններին` Եվրոպական դատարանը նշել է. «(…) Սույն գործով, հարկ է ի սկզբանե նշել, որ ներպետական դատարանները, որոնք քննել են ոստիկանության ծառայողներին չհետապնդելու մասին որոշման դեմ բերված բողոքը, ոչ թե իրականացրել են փաստերի անկախ հաստատում, այլ փոխարենը հիմնվել են քննությամբ պարզված` մահացու կրակոցի հանգամանքների վրա: Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է վերը նշված իր այն եզրահանգմամբ, որ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված քննությունը, այդ թվում` տվյալ փաստերի հաստատման եղանակը, պատշաճ և արդյունավետ չի եղել: Քննությամբ պարզված մահացու կրակոցի հանգամանքները, հետևաբար, չեն կարող համարվել բավականաչափ վստահելի և օբյեկտիվ:

(…) Մյուս կողմից, Դատարանի մոտ ակնհայտորեն առկա չեն բավականաչափ նյութեր` եզրակացնելու համար, որ իրականում Սեյրան Այվազյանին դիմումատուի պնդմամբ կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները: Այստեղից հետևում է, որ Դատարանը քննության ձախողումների պատճառով այն դիրքում չէ, որպեսզի հավաստի գնահատական տա այն հարցին, թե արդյոք ոստիկանության ծառայողների գործողությունները համապատասխանել են 2-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին (…):

Դատարանը, հետևաբար, չի կարող չեզրակացնել, որ այդ մասով չի եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` նյութաիրավական տեսանկյունից (…)» (տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 90-92-րդ կետերը):

16.1. Միևնույն ժամանակ, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտով գնահատելով ոստիկանության ծառայողների գործողությունների պլանավորման և վերահսկման փուլը` Եվրոպական դատարանը նշել է. «Դատարանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն համատեքստին, որում պատահարը տեղի է ունեցել, ինչպես նաև այն հանգամանքին, թե ինչպես է զարգացել իրավիճակը։ Դատարանի միակ խնդիրը պետք է լինի գնահատել, թե արդյոք ստեղծված հանգամանքներում, Սեյրան Այվազյանի տանն իրականացված գործողությունների պլանավորումը և վերահսկումը վկայում են այն մասին, որ համապատասխան մարմինները պատշաճ ջանքեր են գործադրել՝ ապահովելու համար, որ նրա կյանքին սպառնացող ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի, և որ նրանք անզգույշ չեն գտնվել իրենց գործողությունների ընտրության հարցում (…)։

Դատարանն ի սկզբանե նկատում է, որ քննարկվող գործողությունների պլանավորման և վերահսկման հանգամանքների մասով կողմերի միջև առկա չի եղել վեճ։ Այն նշում է, որ ոստիկանության գործողությունները նախաձեռնվել են ի պատասխան՝ հոգեկան հիվանդությամբ տառապող Սեյրան Այվազյանի կողմից այդ օրն ավելի վաղ ցուցաբերված բռնի վարքագծի, ինչի հետևանքով վիրավորվել է երեք անձ, այդ թվում՝ երկու քաղաքացի և մեկ ոստիկան։ Ուստի ոստիկանության ծառայողները հայտնվել են այնպիսի տագնապային իրավիճակում, որի պայմաններում ստիպված են եղել վնասազերծել ու ձերբակալել հոգեկան հիվանդությամբ և բռնության հակված անձին, որի գործողությունները եղել են անկանխատեսելի:

Դատարանն, այնուամենայնիվ նշում է, որ այն ժամանակ, երբ ոստիկանական խումբը ժամանել է դեպքի վայր, Սեյրան Այվազյանն արդեն իսկ գտնվել է իր տանը, և ոստիկանության ծառայողների կողմից տարածքը շրջափակելուց հետո նա չէր կարող անմիջական և լուրջ վտանգ ներկայացնել որևէ այլ երրորդ անձի համար։ Չնայած պատուհաններից սպառնալիքներ հնչեցնելուն և սպառնալից ժեստեր կատարելուն, նա, այնուամենայնիվ, փախուստի դիմելու կամ հարձակում իրականացնելու փորձ չի կատարել։ Իրավիճակն այդպես շարունակվել է մի քանի ժամ։ Այսպիսով, կարելի է ասել, որ ոստիկանության ծառայողները ձերբակալման գործընթացը պլանավորելու համար իրենց տրամադրության տակ որոշակի ժամանակ են ունեցել՝ հակառակ պատահական գործողության հետ առնչվելու այնպիսի դեպքի, որը կարող էր հանգեցնել անկանխատեսելի զարգացումների, և որին ոստիկանությունը ստիպված կլիներ արձագանքել առանց նախապես պատրաստվելու (…)։

Պարզվում է, որ ձերբակալման գործընթացը վերահսկվել է Թումանյանի ոստիկանության բաժնի պետի կողմից։ Այնուհետև պարզ է դառնում, որ ոստիկանության ծառայողները սկզբում փորձել են համոզել Սեյրան Այվազյանին հանձնվել։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեթոդներ են կիրառվել, սակայն չի հասկացվում նաև, որ այս գործընթացում ներգրավված է եղել որևէ բժիշկ կամ նման այլ մասնագետ։ Այն պնդումը, որ այդպիսի մասնագետ ներգրավելն այլ արդյունքի կհանգեցներ, միանշանակ չէ, բայց քանի որ Սեյրան Այվազյանի բռնի վարքագիծը պայմանավորված է եղել նրա առողջական վիճակով, ոստիկանության ծառայողներն, առնվազն, պետք է փորձեին այդ տարբերակը։

Դատարանը այնուհետև նշում է, որ առկա չի եղել իրավիճակը կարգավորելու համար մոբիլիզացված հատուկ պատրաստված կամ հատուկ նշանակության խումբ. գործընթացն ավելի շատ վստահվել է մոտակա ոստիկանության բաժնի ծառայողներին և նրանց պետին (…)։ Չնայած «Ոստիկանության մասին» օրենքով ոստիկանության ծառայողներից պահանջվում է «հատուկ պատրաստություն» անցնել, այնուամենայնիվ, Կառավարությունը պատրաստվածության (առկայության դեպքում) մասին որևէ մանրամասներ չի ներկայացրել՝ այն է, որ տվյալ ոստիկանության ծառայողներն անցել են պատրաստություն, և արդյոք այդպիսի պատրաստությունը ներառել է համանման իրավիճակներ տիրապետելու համար նախատեսված տեխնիկա։ Պարզվել է, որ ոստիկանության ծառայողները նույնպես ապահովված չեն եղել որևէ հատուկ պաշտպանիչ համազգեստով կամ պաշտպանիչ սարքերով։ Ուստի նրանք ստիպված են եղել գործել իրենց տրամադրության տակ առկա միջոցներով՝ դրանով իսկ հնարավոր հարձակման դեպքում էապես ավելացնելով մահացու զենք գործադրելու վտանգը։ Դատելով իրադարձությունների հետագա զարգացման եղանակից՝ չի երևում, որ ոստիկանության ծառայողները ստեղծված հանգամանքներում ձերբակալում իրականացնելու հստակ պլան են ունեցել» (տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 93-97-րդ կետերը):

16.2. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ համապատասխան մարմինները չեն կատարել կյանքի կորստի ռիսկը նվազագույնի հասցնելու իրենց պարտավորությունը։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ չի կարելի ասել, որ գործողությունների պլանավորման և վերահսկման եղանակի կիրառմամբ բավարար չափով հաշվի է առնվել կյանքի իրավունքի գերակայությունը։ Հետևաբար գործողությունների պլանավորման և վերահսկման մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում (տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 98-99-րդ կետերը):

17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում արձանագրելու փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է:

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյոք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

19. Այսպես, Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Վ]ճիռը, որով [Եվրոպական դատարանը] խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար [Եվրոպական դատարանի] արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են [Եվրոպական դատարանի] վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող» (տե՛ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250):

Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է. «Կոնվենցիայի խախտում արձանագրած [Եվրոպական դատարանի] վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)» (տե՛ս Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի՝ 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125):

19.1. Հաշվի առնելով Եվրոպական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ժ.Սեֆիլյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(…) Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում (…)» (տե՛ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը):

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա՝ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»-ն ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա (տե՛ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը): Ընդ որում, այդ առումով հատկանշական է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» հանձնարարականը, որտեղ նշվում է, որ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է` նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ, և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

21. Հաշվի առնելով Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 15-16.2-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման 19-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

22. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 23-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի սեպտեմբերի 12-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

      

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Անահիտ Ալավերանի Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը վերանայել:

2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

      

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան