Գլխավոր տեղեկություն
Номер
N 1190-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 31.10.2018
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
26.10.2018
Дата вступления в силу
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 հոկտեմբերի 2018 թվականի N 1190-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-374-27.09.2018-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-374-27.09.2018-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ բացառություն նախատեսող դրույթի բովանդակությունից հնարավոր չէ հասկանալ, թե այն օրենսգրքի 4-րդ հոդվածի կոնկրետ որ կարգավորմանն է վերաբերում:

Հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, որի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս՝ օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ու ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, բազմիցս անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, գտել է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն՝ ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ՝ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1142, ՍԴՈ-1270):

Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում հղում կատարելով նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ–630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:»։

Շարադրվածի համատեքստում գտնում ենք, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին, ուստի, առաջարկում ենք օրենքի նախագծի նշված դրույթները խմբագրել:

Այդուհանդերձ, եթե դիտարկենք, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող բացառությունը վերաբերում է օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգավորմանը, ապա հայտնում ենք հետևյալը. օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական ու արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

Այսինքն` նշված կարգավորումն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն է ընձեռում ունենալու սեփականության իրավունք տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական ու արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա: Մինչդեռ օրենքի նախագծով նախատեսված լրացման արդյունքում նախատեսվում է սահմանամերձ համայնքներում սահմանափակել նշված իրավունքը:

Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածում սահմանադրական մակարդակում ամրագրված սահմանափակումը բխում է այն ընդհանուր գաղափարախոսությունից, որ սակավահող Հայաստանում հողի նկատմամբ սեփականության հարաբերությունների ձևավորման փուլում շարունակում է առաջնային մնալ պետական անվտանգության հիմնախնդիրը, սակայն հատկանշական է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` միայն հողի սեփականության իրավունքի սահմանափակմանը, հետևաբար, եթե օրենսգրքի գործող կարգավորմամբ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց արդեն իսկ տրվել է սեփականության իրավունք՝ տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական ու արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա (անկախ նրանից, թե որ համայնքում են դրանք գտնվում), ապա նշված համատեքստում սահմանամերձ համայնքներում վերջիններիս վրա սեփականության իրավունքի համանման սահմանափակում տարածելը գտնում ենք չհիմնավորված:

Միաժամանակ՝ հարց է առաջանում, թե ինչպես պետք է վարվել այն դեպքերում, երբ օրենսգրքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դրույթների ուժով օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց արդեն իսկ տրվել է սեփականության իրավունք:

2. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել նոր՝ 10-րդ մասով, որի համաձայն հողամասի նկատմամբ իրավունքները հարկադրաբար դադարում են դատական կարգով, եթե հողերի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգության և սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը:

Այս առումով հարկ է հիշեցնել, որ նշված կարգավորման պարագայում օգտագործվող հասկացությունները խնդրահարույց են, քանի որ տվյալ դեպքում պարզ չէ, թե ինչպես, ում կողմից և ինչ մեխանիզմներով է գնահատվելու և դրա հիման վրա որոշվելու` արդյո՞ք, հողի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգությունը կամ սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը, թե՝ ոչ:

Նշված համատեքստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2016 թվականի ՍԴՈ-1322 որոշման մեջ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, որ «…իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «…իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերության բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի և իրավաչափ։»:

Ամփոփելով շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով օրենքի նախագծի ընդունումից: