Գլխավոր տեղեկություն
Номер
N 1131-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 20.10.2018
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2018
Дата вступления в силу
21.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1131-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, համաձայն որի՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

Նշված իրավակարգավորման առնչությամբ նախևառաջ հարկ ենք համարում անդրադառնալ առաջադեմ երկրների միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես, ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն, նշված երկրներում մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան: Նշված երկրների շարքին կարելի է դասել Բուլղարիան (քրեական օրեսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս), Մակեդոնիան (քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս), Մոլդովան (քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մաս), Սերբիան (քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս), Ռումինիան (քրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս), Էստոնիան (քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մաս), Շվեյցարիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Հունգարիան (քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Վրաստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս), Ղազախստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս):

 Հաջորդ՝ սակավաթիվ խումբ երկրներն են Գերմանիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Նիդերլանդները (քրեական օրենսգրքի 27, 27-ա հոդվածներ) և Ռուսաստանի Դաշնությունը: Ընդ որում, այս երկրները մեջբերված են նաև նախագծին կից հիմնավորման մեջ՝ իբրև առաջարկվող կարգավորման հիմնավորում: Գերմանիայում և Նիդերլանդներում առկա է այն առանձնահատկությունը, որ չնայած կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, այնուամենայնիվ, ի տարբերություն առաջին խումբ երկրների և Հայաստանի Հանրապետության, նշված երկրներում կախված գործի հանգամանքներից կալանքի մեկ օրը կարող է հաշվակցվել ազատազրկման մեկից ավելի օրվա հետ, ընդ որում՝ առանց սահմանելու վերին շեմ: Բացի դրանից, հաշվակցման մանրամասները թողնված են դատարանի հայեցողությանը:

Վերադառնալով նախագծով առաջարկվող իրավակարգավորումներին և, դրանք դիտարկելով նշված երկրներում առկա իրավակարգավորումների համատեքստում, անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ դիտարկումները՝

1. Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օր, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավորություն վերականգնել խախտված իրավունքները և վնասի հատուցում ստանալ: Բացի դրանից, հարց է առաջանում՝ արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում (տեղեկանքը կցվում է):

Էական տարբերություններից է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք, սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակում է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Հետևաբար, նշված վերլուծությունների արդյունքում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում:

2. Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում անխուսափելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահմանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները: Ասվածը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում: Սա իր հերթին կարող է նախագծի հիմնավորմամբ առաջ քաշված նպատակին հակասող ազդեցություն ունենալ, այն առումով, որ խափանման միջոցի ընտրության հարցում, ինչպես նշվեց, կալանավորումը գրավիչ երանգներ է ստանում և, հետևաբար, հղի է քրեակատարողական հիմնարկները կրկին ծանրաբեռնելու վտանգով:

3. Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:

Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան