Գլխավոր տեղեկություն
Номер
N 646-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.10.2018-12.03.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.07.01/51(1231) Հոդ.628
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2016
Дата вступления в силу
02.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016 թվականի N 646-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով ու 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:

3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մերի Էդուարդի Ղևոնդյանին (նույնականացման քարտ՝ 000349944, տրված՝ 14.11.2013 թ., 004-ի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ հիմնադրամի միջոցների հաշվին, և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման.

3) ներկայացնել առաջարկություններ հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

7. Կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 103,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում՝ 2016 թվականի առաջին կիսամյակում՝ 58,500.0 հազ. դրամ:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 104-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

2) սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև 2016 թվականի ծրագրերի իրականացման համար կնքված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի զարգացման հիմնադրամին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 166-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված «Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում» ենթածրագրի չիրականացված հովանոցային բրենդի ստեղծման միջոցառման համար նախատեսված 45,000.0 հազ. դրամի չափով միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ՝ համապատասխան փոփոխություններ կատարելով կնքված պայմանագրում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 28

 Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 646-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:

4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) օտարերկրյա պետություններում:

5. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

6. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՀԽԳՀ.

3) անգլերեն լրիվ` Vine and Wine Foundation of Armenia.

4) անգլերեն կրճատ` VWFA.

5) ռուսերեն լրիվ` Фонд виноделия и виноградарства Армении.

6) ռուսերեն կրճատ` ФВВА:

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ ՀՀ, 0051, քաղ. Երևան, Մամիկոնյանց 39 ա:ուղղ

8. Հիմնադրամի շահառուներն են խաղողագործության, գինեգործության և դրանց առնչվող ոլորտներում ներգրավված Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և քաղաքացիները:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

12. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հիմնադրամի նպատակներն են՝

1) խաղողագործության զարգացումը՝ որպես գինու արտադրության որակի գրավական.

2) գինու արտադրության որակի բարելավումը.

3) երկրի գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացումը.

4) հայկական գինու մշակույթի զարգացումը.

5) «Հայկական գինիներ» ապրանքանիշի ձևավորումը և առաջմղումը.

6) գինու արտահանման խթանումը.

7) Հայաստանում գինու սպառման մշակույթի ձևավորման խթանումը:

14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) գինու արտադրության համար ներուժ ունեցող՝ տեղական և միջազգային ճանաչում ունեցող խաղողի սորտերի ընտրության և բազմացման գործընթացներին աջակցելը.

2) այգետարածքների մշակման, խաղողահումքի որակի բարելավման և խնամքի, ընդլայնմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

3) գինու արտադրության հումք հանդիսացող խաղողի վնասատուների և հիվանդությունների դեմ կանխարգելիչ և պայքարի ուղղությամբ տարվող միջոցառումների իրականացմանը մասնակցելը.

4) խաղողագործության և գինեգործության օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը և դրանց մասնակցելը` ապահովելով օրենսդրական դաշտի ամբողջականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

5) արտադրող-խաղողագործ քաղաքակիրթ հարաբերությունների ձևավորմանն աջակցելը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղացիական փոքր տնտեսությունների և մթերող կազմակերպությունների միջև երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններին.

6) խաղողագործության և գինեգործության զարգացման ծրագրեր մշակելն ու դրանք իրականացնելը.

7) գինեգործական կազմակերպություններին աջակցելը՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը համաշխարհային շուկաներում` տեղական ընկերություններին հաղորդակից դարձնելով միջազգային լավագույն փորձին և գիտելիքին.

8) հիմնական շուկաների գործարար շրջանակների և վերլուծություններ իրականացնող կազմակերպությունների հետ կապեր հաստատելը.

9) հայկական ընկերությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների հմտությունների զարգացմանն աջակցելը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը նպաստելը.

10) խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսվարողների տեխնիկական և տեխնոլոգիական զարգացմանն աջակցելը.

11) խաղողագործներին աջակցելը` խորհրդատվության տրամադրման հարցում.

12) գործարար միջավայրի բարելավմանն աջակցելը.

13) խաղողագործության-գինեգործության ոլորտի համապատասխան ազգային և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերություն հաստատելը, համատեղ ծրագրեր իրականացնելը.

14) Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությանը (ՕIV) աջակցելը՝ Հայաստանի անդամակցությունից բխող գործառույթների պատշաճ իրականացման գործում.

15) «Հայկական գինիներ» ապրանքանիշի և դրա չափանիշների համակարգը մշակելը, շնորհելը և վերահսկելը, միջազգային շուկաներում ապրանքանիշի ճանաչմանը և առաջմղմանն աջակցելը: Ապրանքանիշի շնորհման գործառույթները պետք է սահմանվեն և իրականացվեն միջազգային ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, նորմերին և կանոններին համապատասխան.

16) Հայաստանում գինու սպառման մշակույթի զարգացումը խթանելը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ, և հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկ ձևավորելը.

17) ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, փառատոներին, համտեսներին, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումներին խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսվարողների մասնակցությանն աջակցելը (կազմակերպելը).

18) գինեգործության մարքեթինգային և գովազդային գործունեություն իրականացնելը.

19) պետական աջակցություն ցուցաբերող այլ կառույցների հետ համագործակցելը՝ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ոլորտներում գործող տնտեսվարողների ընտրության հարցի քննարկումների և ընդգրկման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ուղղություններով.

20) գինու զբոսաշրջության զարգացմանն աջակցելը.

21) մշտական գործող համտեսային հանձնաժողով ստեղծելը և դրան աջակցելը.

22) հայկական գինիների մասին հանրայնացնելը և իրազեկելը.

23) համապատասխան ոլորտային խորհուրդների քարտուղարության վարումը.

24) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակներից բխող այլ գործունեություն:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

17. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձերի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և այլ զանգվածային լրատվության միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

21. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

22. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) դասընթացների կազմակերպում.

2) տարածքների, սարքավորումների և տեխնիկայի վարձակալությամբ տրամադրում.

3) հետազոտական ծառայությունների մատուցում.

4) գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում.

5) հրատարակչական գործունեություն:

23. Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկրի հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

24. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի գործադիր տնօրենը:

26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որոնցից 7-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, իսկ 6-ը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ՝ ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, որոնք նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:

(26-րդ կետը փոփ. 27.09.18 N 1057-Ն)

27. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում.

5) համակարգելու հիմնադրամի նպատակներին վերաբերող հիմնադրամի գործունեության տարբեր ոլորտների կամ ուղղությունների աշխատանքը:

28. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

29. Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահ է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

30. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին հիմնադրամի գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

31. Խորհրդի իրավասություններն են`

1) հիմնադրամի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

4) «Հայկական գինիներ» ապրանքանիշ տալու չափանիշների սահմանումը, ապրանքանիշի շնորհման, հետկանչման և օգտագործման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը և նրան պաշտոնից ազատելը.

9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

10) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը և հաստատումը.

11) հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

12) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

13) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 20,000,000 դրամը.

14) հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը.

15) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

16) օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

32. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

33. Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

34. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

35. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր՝ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) որոշում է խորհրդի անդամների աշխատանքի համակարգման ոլորտները կամ ուղղությունները.

5) հիմնադրամի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում հիմնադրամի գործադիր տնօրենի հետ.

6) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

36. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

37. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռուստահամաժողովի, էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ, ինչպես նաև՝ հարցման կարգով: Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ, այդ թվում՝ տվյալ ծրագրային ոլորտի աշխատանքները համակարգող նախարարները կամ նախարարության ներկայացուցիչները` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման՝ խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամների կողմից:

38. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

39. Հիմնադրամի գործադիր տնօրենը ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

40. Հիմնադրամի գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, տարեկան մեկ անգամ խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ:

41. Հիմնադրամի գործադիր տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից` բաց, հրապարակային և հավասար մրցույթով: Մրցույթի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են խորհրդի կողմից:

42. Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

43. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, ծրագրերի իրականացման խմբերի գործունեության կարգերը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) կնքում է պայմանագիր ընտրված աուդիտորական կազմակերպության հետ:

44. Խորհուրդն իրավունք ունի լուծելու գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

46. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության ընթացքում բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

47. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

48. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարվում են, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը և (կամ) նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում են խորհրդի որոշմամբ:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

50. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:

51. Հիմնադրամը, միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

52. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս՝ դրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

53. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

54. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում՝ վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

55. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

56. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և փոփոխել այդ նպատակները.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս՝ հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

57. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

58. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

59. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Հիմնադրամի անունից դատարանում հանդես են գալիս լուծարման հանձնաժողովի ներկայացուցիչները:

60. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

61. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հttp://www.azdarar.am) զետեղում է հայտարարություն հիմնադրամը լուծարելու և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

62. Լուծարման հանձնաժողովը վերագնահատում է գույքը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման համար, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է հիմնադրամի լուծարման մասին:

63. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

64. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը պարունակում է տեղեկություններ լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

65. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի խորհուրդը:

66. Լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումից հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով վաճառում է հիմնադրամի գույքը:

67. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

68. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

69. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում խորհրդին՝ հաստատման: Լուծարման հանձնաժողովը խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարան՝ հաստատման:

70. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռը՝ օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

71. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ լուծարման պետական գրանցման պահից:

72. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 58-րդ, 65-րդ և 69-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացվելու պահից) չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

(հավելվածը փոփ. 27.09.18 N 1057-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 646-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.16 N 1396-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 646-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 23-ի N 646-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2021, N 328-Ն 12.03.2021, N 646-Ն
27.02.2020, N 228-Ն 12.03.2020, N 646-Ն
27.09.2018, N 1057-Ն 11.10.2018, N 646-Ն
29.12.2016, N 1396-Ն 09.02.2017, N 646-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան