ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2018 թվականի N 1068-Լ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-363-31.08.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-363-31.08.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
Օրենքի նախագծով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ հարկադիր կատարողը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:
Ընդունելի համարելով նախագծով նախատեսված ընդհանուր կարգավորումները՝ միաժամանակ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ.
1. Նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները:
2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.2-րդ մասով առաջարկվող պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից արգելանք դնելու ժամկետների վերաբերյալ կարգավորումները կիրառելի են նաև օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված՝ պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու դեպքի համար: Խնդրի ամբողջական լուծման նպատակով առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաև օրենքի 47-րդ հոդվածում:
3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.3-րդ մասով սահմանված է, որ հարկադիր կատարողն է որոշում, թե որ հաշիվն է անհրաժեշտ պահել արգելանքի տակ, որը՝ ոչ: Կարծում ենք հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ: Այս դեպքում նախագծում կարգավորման կարիք ունի նաև հաճախորդի միջոցների նկատմամբ բանկի կողմից արգելադրում իրականացնելու հաջորդականությունը:
4. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.4-րդ մասով նախատեսված արգելանքը մասնակի հանելու դեպքը կարգավորել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված արգելանքից հանելու հիմքերի մեջ:
5. Քննարկման կարիք ունի նաև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ ամբողջ ծավալով օրենքի կիրառումը պահանջում է տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է համագործակցել օրենքի նախագծի հեղինակների հետ՝ ներկայացված դիտողություններին համապատասխան համապարփակ լուծումներով օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|