Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1427
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.10.10/74(1432) Հոդ.1019
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.10.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
02.10.2018
Дата вступления в силу
02.10.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 հոկտեմբերի 2018 թ.

 

ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող կողմի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ռ. Ռևազյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23, 40 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի «Գործի վարույթը կարճելը» վերտառությամբ 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` (....) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից....»:

Գործի քննության առիթը Հ. Մաշուրյանի՝ 2018 թվականի ապրիլի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը բարձրացված հարցադրումների շրջանակում նշում է, որ «ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավազորության ներքո գտնվող անձանց, ի թիվս այլոց՝ երաշխավորում է դատական պաշտպանության, իրավահավասարության, խտրականությունից զերծ լինելու իրավունքները»:

Դիմողը նաև գտնում է, որ 2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունեցել միջամտություն իր իրավունքներին, իրեն մեղսագրվել է արարք, որն արգելված է օրենքով և մերժելի է թե՛ իր, թե՛ հանրության կողմից, և այդ արարքն իրեն վերագրելն արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը: Ավելին՝ ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի՝ տուգանք նշանակելու որոշմամբ հաստատվել է նրա մեղքը, թեև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 2015 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ բեկանել է այն, բայց չի փարատվել նրա՝ զանցանք կատարած լինելու փաստը, և նրա համար նյութական և բարոյական բացասական հետևանքներ են առաջացել: Ըստ նրա՝ «Արդարացման վճիռն այն առաջին պայմանն ու արդյունավետ միջոցն է Դիմողի՝ իր և հանրության աչքում վերականգնվելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու համար»:

Դիմողի կարծիքով՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը համապատասխանում են «քրեական մեղադրանք» հասկացությանը, որի պայմաններում պետք է երաշխավորել և ապահովել «օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի [...] դատաքննության իրավունք»:

Դիմողը գտնում է, որ, վիճարկվող դրույթների առկայությամբ պայմանավորված, վարչական իրավունքում սահմանված չեն «արդարացված», «արդար» կամ «անմեղ» բառերի հասկացությունները, և հայցից հրաժարվելու հիմքով գործի կարճման դեպքում որևէ կերպ չի նշմարվում մեղադրյալի՝ արդար կամ անմեղ լինելու հանգամանքը, և շատ դեպքերում այն կարող է ընկալվել որպես «հայցվորի բարի կամքի» դրսևորում: Եվ այս հանգամանքը, ըստ դիմողի՝ «կողմնակի և օբյեկտիվ դիտորդի մոտ համոզմունք է առաջացնում, որ դրանցում կասկածի տակ է դրվում պատասխանողի անմեղությունը»:

Դիմողը նաև գտնում է, որ օրենսդիրը, վարչական իրավունքում սահմանելով մեղադրանքից (հայցից) հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճում, չի նախատեսել դատական ակտով արդարացման պարտականություն, որի պատճառով անձը չի կարող իրեն հռչակել «արդար» կամ «անմեղ», ինչը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 23, 28, 61, 63, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների հետ:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողն արձանագրում է, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը պետք է դիտարկել Օրենսգրքի 96, 97, 108, 110, 125 և 131-րդ հոդվածների համակարգային փոխկապակցության մեջ: Դրանց համադրության և վերլուծության արդյունքում պատասխանողը փաստում է, որ օրենսդիրն Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանել է դատարանի կողմից գործի քննության ցանկացած փուլում գործի վարույթի կարճման սպառիչ հիմքերը, ինչն ինքնին, սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթում դիմողի մատնանշած օրենսդրական բացին, ապա պատասխանողն անհրաժեշտ է համարում փաստել, որ պայմանավորված դատական ակտի բողոքարկման իրավունքի իրականացման ապահովմամբ, առկա են գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման հնարավորությունը կանոնակարգող որոշակի իրավական մեխանիզմներ և երաշխիքներ, չնայած օրենսդրի կողմից դատարանի որոշման բողոքարկումն անմիջականորեն ամրագրված չէ:

Ըստ պատասխանողի՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանի պետաիշխանական կամքն իր արտաքին ձևակերպումն է ստացել որոշման տեսքով, բայց այն իր դատավարական նշանակությամբ համարժեք չէ միջանկյալ դատական ակտերին և չի կարող դասվել վերջիններիս շարքին: Հետևաբար, որպես վերջնական ակտ, այն կարող է բողոքարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտերի համար նախատեսված կարգով:

Պատասխանողը նշում է, որ դատարանի մատչելիության երաշխավորումն անձի իրավունքները և ազատությունները դատական կարգով պաշտպանելու առաջնահերթ իրավական նախապայմաններից է: Եվ այստեղ կարևոր է, թե «....որքանով է հասանելի արդարադատությունը, որքանով են արդյունավետ անձի խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի իրացման պայմանները և գործիքակազմը»: Հակառակ դիմողի փաստարկների, պատասխանողը նշում է, որ. «....սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակներում, անձը՝ արդար դատաքննության իրացման երաշխավորման տեսանկյունից ունի դատական ակտը բողոքարկելու հստակ գործնական հնարավորություն,....»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Քննության առարկա գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմողն Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանադրականության հարցը բարձրացնում է միայն այն մասով, որ վարչական դատավարությունում հայցից հրաժարվելու հիմքով գործի կարճման դեպքում նախատեսված չէ դատական ակտով արդարացման հնարավորություն, որի պատճառով անձը չի կարող իրեն արդարացնել կամ ապացուցել իր անմեղությունը: Իսկ վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության վերաբերյալ այլ հարցեր դիմողը չի բարձրացնում:

Հետևաբար, հաշվի առնելով հիշյալ հանգամանքը, Սահմանադրական դատարանն Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը քննության է առնում բացառապես վարչական իրավախախտում կատարելու համար անձին պատասխանատվության ենթարկելու նպատակով ներկայացված հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճման դեպքում դատական ակտով արդարացման հնարավորության օրենսդրական կարգավորման բացակայության սահմանադրականության գնահատման տեսանկյունից: Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

ա) արդյո՞ք վիճարկվող դրույթն Օրենսգրքի այլ նորմերի հետ համակարգային ամբողջականության շրջանակներում ենթադրում է գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշման մեջ պատասխանողին վերագրվող արարքի հաստատում կամ դրա հիմնավորող ապացույցների գնահատում,

բ) արդյո՞ք վիճարկվող հիմքով վարչական գործի կարճումը համարժեք է պատասխանողի կողմից իրավախախտում չկատարելու փաստի հաստատմանը,

գ) արդյո՞ք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը վարչական դատավարության շրջանակներում հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճման պարագայում նախատեսում է բավարար երաշխիքներ պատասխանողի՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Վարչական գործի վարույթը կարճելուն վերաբերող Օրենսգրքի դրույթների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է այդ վարույթը կարճելու հիմքերը, կարգը և հետևանքները, որոնք բխում են Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանի համար բավարար է հաստատված համարել գործի վարույթը կարճելու համար օրենքով նախատեսված որևէ հիմքի առկայությունը: Այսինքն, գործի վարույթը կարճելու ընթացակարգի շրջանակներում դատարանը քննության առարկա չի դարձնում հայցը, չի ստուգում դրանում նշված փաստերը, չի գնահատում ապացույցները և չի անդրադառնում իրավական հիմնավորումներին, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում կողմերի միջև վեճի առարկա հարցերը չեն քննարկվում:

Վիճարկվող դրույթի առումով այս հետևությունը հաստատվում է նաև Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ «Եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին»: Այսինքն՝ դատարանը միայն քննում է հայցից հրաժարվելու մասին հայցվորի դիմումը և մեկ անգամ ևս համոզվում նրա մտադրության հավաստիության մեջ:

Ավելին՝ վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենսգրքի 108-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ Օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Սա նաև նշանակում է, որ, ի թիվս վերոնշյալ հարցերի, դատարանը քննության չի առնում նույնիսկ հայցվորի՝ հայցից հրաժարվելու պատճառները կամ շարժառիթները:

Հետևաբար, վիճարկվող դրույթի հիման վրա գործի վարույթը կարճելիս դատարանը վեճի էությանը վերաբերող որևէ հարց չի քննում և չի լուծում, իսկ կայացվող որոշմամբ տվյալ դատական վարույթն ըստ էության ավարտվում է:

4.2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթը դիտարկել նաև այն տեսանկյունից, թե հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճումն ինչ ազդեցություն է ունենում պատասխանողի իրավունքների և իրավաչափ շահերի վրա:

Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով հայցվորը, դիմելով դատարան, պաշտոնապես ներկայացնում է պատասխանողի կողմից այս կամ այն վարչական իրավախախտումն առերևույթ կատարելու վերաբերյալ իր վարկածը կամ հիմնավոր ենթադրությունը և, բնականաբար, դրանից բխող պահանջը: Հետագայում նույն հայցվորը, պարտավոր չլինելով ներկայացնել որևէ հիմնավորում, կարող է հրաժարվել հայցից, այսինքն` չհաստատել իր նախկին պնդումները և այլևս չհավակնել դատարանից ստանալու իր կողմից ակնկալվող արդյունքը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանում գործ հարուցելու միակ հիմքը հայցն է (Օրենսգրքի հոդվ. 65): Միաժամանակ դա միակ դատավարական փաստաթուղթն է, որով պաշտոնապես ձևակերպվում են հայցի պահանջը հիմնավորող փաստերն ու փաստարկները, մասնավորապես՝ արդյոք տվյալ անձը մեղավոր է իրավախախտում կատարելու համար, և արդյոք նա ենթակա է դատական կարգով վարչական պատասխանատվության: Ուստի հայցից հրաժարվելը հանգեցնում է ոչ միայն սոսկ դատավարական հետևանքների, այլև անխուսափելիորեն հանգեցնում է դրա նյութական հիմքերի վերացմանը:

Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով հայցից հրաժարվելը պետք է մեկնաբանվի և ընկալվի բացառապես այն իմաստով, որ հայցվորը (պետությունը՝ ի դեմս վարչական մարմնի) այդ գործողությամբ, ըստ էության, ընդունում է ենթադրյալ վարչական իրավախախտման փաստի բացակայությունը կամ պատասխանողի՝ դրան առնչակից չլինելը, ներառյալ՝ իրավախախտում կատարելու համար նրա մեղավորության բացակայությունը: Այսինքն՝ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճման պարագայում պատասխանողը ոչ միայն չի ենթարկվում պատասխանատվության, այլև փաստացի արձանագրվում է նրա անմեղությունը, և նա ըստ էության «արդարացվում է»՝ անկախ տարբեր դատավարություններին հատուկ եզրութաբանությունից:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման տրամաբանությունից հետևում է, որ դատական ծախսերի հատուցման պարտականությունը գործի վարույթի կարճման դեպքում դրվում է հայցվորի վրա, եթե նա հրաժարվել է հայցից:

Հետևաբար, վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարվելու հիմքով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին որոշումն ինքնին առաջացնում է նույն հետևանքները, ինչ հայցը մերժելու վերաբերյալ վճռի դեպքում:

4.3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև վարչական դատավարության շրջանակներում հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճման պարագայում պատասխանողի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության բավարար երաշխիքների առկայության հարցին: Դա նախևառաջ կարևորվում է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում:

Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի փետրվարի 10-ի ՍԴՈ-1190 որոշմամբ արձանագրել է՝ «....գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով....»:

Զարգացնելով իր իրավական դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ տեղ կգտնեն պատասխանողի անմեղությունը կասկածի տակ դնող կամ նրա իրավաչափ շահերն այլ կերպ խախտող դրույթներ, պատասխանողն արդյունավետ հնարավորություն ունի դատական կարգով ներկայացվող բողոքի միջոցով հայցել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

2 հոկտեմբերի 2018 թվականի

ՍԴՈ-1427