ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 1000-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-355-16.08.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-355-16.08.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես, առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ինչպես բխում է օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումից, առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից:
Ընդունելի համարելով օրենքի նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝ այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք օրենքի նախագծի վերաբերյալ որոշ նկատառումներ.
Նախ և առաջ, անդրադառնալով օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներին, հարկ ենք համարում նշել, որ քրեական օրենսգրքում ամրագրված պատժի նպատակները փոխկապակցված և փոխհամաձայնեցված են, մեկ նպատակը ենթադրում է մյուսները, իսկ յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին: Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Այնուամենայնիվ քրեական պատիժը հանցավորության դեմ պայքարի գլխավոր միջոցը չէ, այն հանցագործության, հանցավորության և նրա նպատակների հարաբերակցության մեջ ունի երկրորդային դեր: Պատժի նպատակի իրականացման համար առավել արդյունավետ են պատժի անխուսափելիությունը և պետության կողմից այն ժամանակին կիրառելը, քան պատժի խստությունը: Հետևաբար, օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ արտահայտված այն դիրքորոշումը, որ առավել խիստ պատիժը կզսպի տվյալ հանցագործության կատարումը և կնպաստի հանցագործության դինամիկայի աճի նվազեցմանը, հիմնավորված չէ:
Ինչ վերաբերում է օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափի խստացման մասով, հայտնում ենք հետևյալը.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի գործող խմբագրությունը՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, եթե այդ գործողություններն զգալի վնաս են պատճառել` նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատիժների՝ նշված հաջորդականությունը (կալանքից մինչև ազատազրկում) նախատեսված է նաև նշված հոդվածի 1-ին մասին հաջորդող՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում:
Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քրեական պատիժների համակարգում պատժատեսակներն ունեն տրամաբանական դասավորվածություն, համակարգված են նվազ խիստ պատժից դեպի առավել խիստը՝ հաջորդականությամբ: Պատիժների նման աստիճանական դասավորվածությունը կարևոր նշանակություն ունի օրենսդիրի և առավել ևս դատարանի համար, ինչն ակնհայտ է դարձնում, թե օրենսդիրն ինչպես է գնահատում յուրաքանչյուր պատժատեսակի հարաբերական խստությունը և կողմնորոշում դատարանին առավել արդյունավետ պատժատեսակի ընտրության հարցում:
Մասնավորապես՝ կալանքը դատապարտյալի համար բացահայտում է կալանքի էությունը և նախազգուշացնում նրան, որ այս պատժատեսակին կարող է հաջորդել ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում, որը պատիժների համակարգի առավել խիստ պատժատեսակն է և կիրառվում է միայն այն դեպքում, երբ պատժի այլ տեսակները չեն կարող ապահովել դատապարտյալի ուղղումը և պատժի մյուս նպատակների իրականացումը:
Ամփոփելով շարադրվածը՝ գտնում ենք, որ օրենքի նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածությունը, հետևաբար, առաջարկում ենք ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ նշված հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ օրենքի նախագծի հեղինակին առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից, համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ մեկ միասնական օրենքի նախագծով հանդես գալու նպատակով: