ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵՇԴ/0131/01/15 ԵՇԴ/0131/01/15 Դատավորներ՝ Ա. Դանիելյան Մ. Պապոյան
Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան` |
Կ. Քամալյանի | |
դատախազ` |
Ա. Մարգարյանի |
2018 թվականի մարտի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Հասմիկ Հովհաննեսի Գրիգորյանի և Էդուարդ Սերյոժայի Սարիբեկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11134414 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունիսի 3-ի որոշմամբ Հասմիկ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն թվականի հունիսի 9-ի որոշմամբ Էդուարդ Սարիբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:
2015 թվականի սեպտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 11-ի դատավճռով Հ.Գրիգորյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել: Նույն դատավճռով Է.Սարիբեկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
3. Մեղադրող Ա.Մարգարյանի և ամբաստանյալ Է.Սարիբեկյանի պաշտպան Կ.Քամալյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է կայացրել մեղադրողի բողոքը մերժելու, պաշտպանի բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 11-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու մասին: Է.Սարիբեկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:
Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (...) նա, հանդիսանալով ՀՄՄԺ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն և համաձայն իր ու MAN TGA 41.480 F մակնիշի, 035 LP 61 հաշվառման համարանիշի ավտեմքենայի վարորդ Հրաչ Մանուկյանի միջև 2013թ. հոկտեմբերի 1-ին կնքված թիվ 011013/7 աշխատանքային պայմանագրի 1.6 կետի` ունենալով Հ.Մանուկյանի աշխատանքի նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնելու լիազորություն, խախտել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետով և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերով, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության բանվոր Վարդան Աշոտի Հովհաննիսյանի մահը, այն է` Հ.Մանուկյանին չի հրահանգավորել աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների և վտանգավոր գոտում մարդկանց գտնվելու պահին բեռնաթափում չիրականացնելու վերաբերյալ, որի հետևանքով 2014 թվականի մայիսի 6-ին Հրաչ Մանուկյանն իրեն ամրակցված MAN TGA 41.480F մակնիշի 035 LP 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արարատյան 95 հասցեում գործող Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության տարածքում բեռնաթափման վտանգավոր գոտում Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության բանվոր Վարդան Աշոտի Հովհաննիսյանի կանգնած լինելու պայմաններում կատարել է բեռնաթափում, որի հետևանքով MAN TGA 41.480F մակնիշի 035 LP 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնահարթակը պոկվել և ընկել է Վարդան Հովհաննիսյանի վրա, որի արդյունքում անզգուշությամբ առաջացրել է Վ.Հովհաննիսյանի մահը(...)1:
5.1. Է.Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (...) նա, հանդիսանալով Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության տնօրեն և համաձայն իր ու Վարդան Աշոտի Հովհաննիսյանի միջև 2011թ. հունվարի 1-ին կնքված թիվ 22 աշխատանքային պայմանագրի 3.4 կետի` ունենալով պարտականություն ստեղծել Վ.Հովհաննիսյանի աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ, աշխատանքի վայրը կահավորել և սարքավորումներ տեղադրել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համապատասխան, չի կատարել պայմանագրով իր վրա դրված պարտականությունները և խախտել է տեխնիկայի անվտանգության ու աշխատանքի պաշտպանության կանոնները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերով և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերով, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության բանվոր Վարդան Աշոտի Հովհաննիսյանի մահը, այն է` ընկերության տարածքում բարձման-բեռնաթափման աշխատանքների կատարման տեղամասում չի տեղադրել անվտանգության նշաններ և թուլացրել է հսկողությունը աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ, պատշաճ չի կազմակերպել բեռնաթափման աշխատանքները` Վ.Հովհաննիսյանի և ՀՄՄԺ ՍՊԸ-ի վարորդ Հրաչ Մանուկյանի հետ չի անցկացրել պատշաճ հրահանգավորում անվտանգության տեխնիկայի կանոնների ու հրահանգների պահպանման, վտանգավոր գոտում մարդկանց գտնվելու պահին բեռնաթափում չիրականացնելու և բեռի հնարավոր ընկնելու գոտուց անվտանգ վայրում կանգնելու վերաբերյալ, որի հետևանքով 2014 թվականի մայիսի 6-ին` ժամը 12:30-ին, Հրաչ Մանուկյանն իրեն ամրակցված MAN TGA 41.480F մակնիշի 035 LP 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արարատյան 95 հասցեում գործող Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության տարածքում բեռնաթափման վտանգավոր գոտում Ապավեն Տերմինալ փակ բաժնետիրական ընկերության բանվոր Վարդան Աշոտի Հովհաննիսյանի կանգնած լինելու պայմաններում կատարել է բեռնաթափում, որի հետևանքով MAN TGA 41.480F մակնիշի 035 LP 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնահարթակը պոկվել և ընկել է Վարդան Հովհաննիսյանի վրա` անզգուշությամբ առաջացնելով Վ.Հովհաննիսյանի մահը (...) 2:
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն`[Գ]նահատելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված (...) ապացույցները` [Առաջին ատյանի դատարանը] հաստատված է համարում այն փաստը, որ Էդուարդ Սարիբեկյանը, հանդիսանալով Ապավեն Տերմինալ ՓԲ ընկերության տնօրեն, խախտել է Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերով և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերով նախատեսված տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է Ապավեն Տերմինալ ՓԲ ընկերության բանվոր Վարդան Հովհաննիսյանի մահը:
Անդրադառնալով ամբաստանյալ Էդուարդ Սարիբեկյանի արարքում սուբյեկտիվ կողմի բացակայության մասին պաշտպան Կարեն Քամալյանի պնդմանը` [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ այն անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ:
Պաշտպանն իր պնդումը հիմնավորել է այն հանգամանքով, որ առաջադրված մեղադրանքում նշված չէ` հանցանքը կատարվել է հանցավոր ինքնավստահության, թե հանցավոր անփութության եղանակով, ինչի հետևանքով իր պաշտպանյալը զրկվել է պաշտպանությունը պատշաճ իրականացնելու հնարավորությունից:
Բացի այդ, պաշտպանը հայտնեց, որ առաջադրված մեղադրանքում նշված կանոններն ուժը կորցրած են, և իր պաշտպանյալը ստիպված է եղել դրանից պաշտպանվել, ինչը նույնպես զրկել է նրան պաշտպանությունը պատշաճ իրականացնելու հնարավորությունից:
Բացի այդ, գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ իր պաշտպանյալը նախատեսել է նրա գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Բացի այդ, առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ամբաստանյալն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:
(…)
Անդրադառնալով պաշտպանի հաջորդ պնդմանը` [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ ամբաստանյալ Էդուարդ Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետով և 12.0.004.90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ և 7.2.1-րդ կետերով նախատեսված կանոնները խախտելու համար:
2006 թվականին ընդունված Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գործում նախկին ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվում ՀԽՍՀ օրենքները` բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ու դրանում կատարված փոփոխությունների և լրացումների և Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքի:
Տվյալ պարագայում [Առաջին ատյանի դատարանը] հարկ է համարում անդրադառնալ նորմատիվ իրավական ակտի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթի տարբերակմանը:
Նորմատիվ իրավական ակտի հասկացությունը սահմանված է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով, որի համաձայն` նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը: Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ:
Մինչդեռ, նորմատիվ-տեխնիկական փաստաթուղթը սահմանում է գործունեության տարբեր ոլորտներին և դրանց արդյունքներին վերաբերող կանոնները, ընդհանուր սկզբունքները և բնութագրերը: Նորմատիվ-տեխնիկականփաստաթղթեր են հանդիսանում ստանդարտները, կանոնները, կանոնակարգերը և այլն: Ստանդարտը, ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթ է, որը, որպես կանոն, մշակվում է էական նշանակություն ունեցող հարցերի շուրջ շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնությամբ և հաստատվում է իրավասու մարմնի կողմից: Ստանդարտները հիմնվում են գիտության, տեխնիկայի ընդհանրացված արդյունքների ու գործառնական փորձի վրա և ուղղված են մարդկանց կյանքի և առողջության անվտանգության, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը:
Ավելին, Ստանդարտացման, չափագրության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին Համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից) 1-ին հոդվածի համաձայն` Կողմերը, ունենալով ստանդարտացման, չափագիտության և հաստատագրման համակարգերի կազմավորման և իրականացման և այդ բնագավառում աշխատանքների կազմակերպման հարցերում լիարժեք ինքնուրույնություն.
-օգտագործում են ստանդարտացման և չափագիտության գործող համակարգերի հիմնական դրույթները և դրանք դարձնում շուկայական տնտեսության նկատմամբ կիրառելի` ներդաշնակեցնելով միջազգային նորմերի և կանոնների հետ,
-ընդունում են ԳՕՍՏ-ի գործող չափորոշիչները որպես միջպետական,
-պահպանում են ԳՕՍՏ հապավումը կրկին մտցված միջպետական չափորոշիչների համար` նախատեսելով դրանց պահանջների ներդաշնակությունը միջազգային, տարածաշրջանային և առաջնային ազգային չափորոշիչների հետ(...):
Ելնելով վերոգրյալից` [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ ԳՕՍՏ-երը չեն հանդիսանում նորմատիվ իրավական ակտեր, ուստի 2006 թվականի ՀՕ-199-Ն օրենքի ուժով դրանց գործողությունը դադարեցված չի կարող համարվել:
Բացի այդ, քրեական գործում առկա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրենի` 2015թ. ապրիլի 10-ի թիվ ԵԱ-160 գրության համաձայն` ՀՀ-ում Միջպետական ստանդարտի կարգավիճակով գործում են նախկին ԽՍՀՄ պետական ստանդարտներ` ԳՕՍՏ 12.3.009-76 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և ԳՕՍՏ 12.0.004.90 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում. Ընդհանուր դրույթներ, համաձայն ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագրության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին միջկառավարական համաձայնագրի` կնքված 1992թ. մարտի 13-ին:
(…)
Այսպիսով, գնահատելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված (...) ապացույցները, [Առաջին ատյանի դատարանը] հաստատված է համարում ամբաստանյալ Էդուարդ Սարիբեկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու փաստը:
Միևնույն ժամանակ, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվում ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում` հետևյալ պատճառաբանությամբ:
(...) Սույն քրեական գործի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ դիտելու համար հիմք է հանդիսացել նրա` որպես ՀՄՄԺ ՍՊ ընկերության տնօրենի, և MAN TGA 41.480F մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հրաչ Մանուկյանի միջև 2013թ. հոկտեմբերի 1-ին կնքված թիվ 011013/7 աշխատանքային պայմանագիրը: Նշված պայմանագրի 1.6 կետի համաձայն` Աշխատողն անմիջականորեն ենթարկվում է տնօրենին: Ինչպես սույն կետի վերլուծության, այնպես էլ, առհասարակ, ողջ աշխատանքային պայմանագրի ուսումնասիրության արդյունքում, [Առաջին ատյանի դատարանը] հանգում է հետևության, որ նրանում բացակայում է որևէ իրավաբանորեն ձևակերպված պարտականություն, որը կվկայեր այն մասին, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Հասմիկ Գրիգորյանը հանդիսանում է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձ: Բացի այդ, [Առաջին ատյանի դատարանը]փաստում է նաև, որ քրեական գործում բացակայում է որևէ այլ ապացույց, որը կհիմնավորեր ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի պարտականությունը` պահպանելու Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետով և 12.0.004.90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ և 7.2.1-րդ կետերով նախատեսված տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները:
[Առաջին ատյանի դատարանը] հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգքրի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձը: Իսկ նույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ աշխատողների առողջությունը և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: ՀՄՄԺ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն` ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի, և վարորդ Հրաչ Մանուկյանի միջև 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված թիվ 011013/7 աշխատանքային պայմանագրի առկայության պայմաններում, [Առաջին ատյանի դատարանը] փաստում է, որ ՀՄՄԺ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հանդիսացել է Հրաչ Մանուկյանի գործատուն և Աշխատանքային օրենսգրքի 16-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել իրավունքներ և կրել պարտականություններ: Սակայն միայն այն փաստը, որ ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանը հանդիսացել է ՀՄՄԺ սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրենը դեռևս բավարար չէ հաստատված համարելու, որ վերջինս հանդիսացել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձ, քանի որ ՀՄՄԺ ՍՊ ընկերության կանոնադրությամբ սահմանված ընկերության տնօրենի միակ լիազորությունն` ընկերության ընթացիկ գործունեության իրականացումն է:
Ամփոփելով վերոգրյալը` [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ սույն գործի դատաքննության ընթացքում չհիմնավորվեց, որ ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանը պարտականություն է կրել` ապահովելու տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները` 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետով և 12.0.004.90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ և 7.2.1-րդ կետերով նախատեսված պահանջները, հետևաբար` [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ բացակայում է տվյալ հանցակազմի այնպիսի պարտադիր հատկանիշ, ինչպիսինն է հանցակազմի հատուկ սուբյեկտը (...)3:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. (…) [Ք]րեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Էդուարդ Սարիբեկյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք:
(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ (…) մեղադրանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քրեական հետապնդման մարմինը, որպես մեղադրանքի հիմնավորում, վկայակոչել է 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերը և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում դեպքի պահին չեն գործել, քանի որ նշված իրավական ակտերն ընդունվել են նախկին ԽՍՀՄ-ի կողմից` համապատասխանաբար 1977 թվականի հուլիսի 1-ին և 1991 թվականի հուլիսի 1-ին, իսկ 2006 թվականի նոյեմբերի 28-ի` Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 1-2-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գործում նախկին ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվել ՀԽՍՀ օրենքները, բացառությամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և դրանում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքի:
Իսկ ինչ վերաբերում է 1992 թվականի մարտի 13-ի Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին համաձայնագրին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ թեև Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է վերը նշված համաձայնագիրը, այնուամենայնիվ, այդ համաձայնագրում որևէ նշում առկա չէ մասնավորապես Էդուարդ Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված իրավական ակտի` 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերի և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերի, ՀՀ-ի կողմից, որպես իրավական ակտեր, ընդունված լինելու մասին:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է, այն է` հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է բացահայտել, թե տվյալ դեպքում կոնկրետ ինչ հատուկ կանոն է խախտվել, իսկ սույն քրեական գործով Էդուարդ Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված են 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերը և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերը, որոնք վերոգրյալ մեկնաբանությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունում չեն գործում, գտնում է, որ վերոգրյալ հանգամանքն ինքնին բավարար հիմք է հանդիսանում առաջադրված մեղադրանքում Էդուարդ Սարիբեկյանին արդարացնելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Էդուարդ Սարիբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով` մեղադրանքի կողմի ապացույցների համակցությունը բավարար չէ Էդուարդ Սարիբեկյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
(...)
Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Ապավեն Տերմինալ ՓԲ ընկերության բանվոր Վարդան Հովհաննիսյանի աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ ստեղծելու պարտականությունը կրողը եղել է (...) տնօրեն Էդուարդ Սարիբեկյանը, ինչպես նաև Էդուարդ Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերը և 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերը Հայաստանի Հանրապետությունում չեն գործում, գտնում է, որ պետք է ճանաչել և հռչակել Էդուարդ Սարիբեկյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
(...)
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ կատարված վերոգրյալ եզրահանգումները, մասնավորապես` հանցակազմի հատուկ սուբյեկտ չլինելու և 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետը և 12.0.004.90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ և 7.2.1-րդ կետերը ՀՀ-ի կողմից, որպես իրավական ակտ, ընդունված չլինելու մասին, նույնպես գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ դատախազի փաստարկներին, քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի անմեղության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Այսպիսով` ամբաստանյալ Հասմիկ Գրիգորյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքում հաստատված չէ, իսկ դատախազի պատճառաբանությունները հերքվում են Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցներով(...)4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ և 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչպես նաև սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Բացի այդ, բողոքաբերը, վերլուծելով ապացույցների գնահատման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ՇԴ/0126/01/12 և թիվ ԵԿԴ/0168/01/12 գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ և գտել, որ Հ.Գրիգորյանին արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի և Է.Սարիբեկյանին արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, ոչ իրավաչափ և հակասում են նշված իրավական դիրքորոշումներին:
9. Բացի այդ, բողոքի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնել Վերաքննիչ դատարանի այն փաստարկներին, որ տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները` ԳՕՍՏ-երը, Հայաստանի Հանրապետությունում չեն գործում և չեն կարող դրվել ամբաստանյալ Է.Սարիբեկյանի մեղադրանքի հիմքում: Ըստ բողոք բերած անձի` ԳՕՍՏ-երը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր են, որոնք ՀՀ-ում գործում են ԱՊՀ երկրների միջկառավարական համաձայնագրի հիման վրա, և որոնց վրա չեն տարածվում նորմատիվ-իրավական ակտերին վերաբերող Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ և ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ օրենքի դրույթները: Բացի այդ, բողոքաբերը վկայակոչել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի գրությունը, որի համաձայն` խնդրո առարկա ԳՕՍՏ-երը ՀՀ-ում ունեն միջպետական ստանդարտի կարգավիճակ:
9.1. Անդրադառնալով ամբաստանյալ Հ.Գրիգորյանին արդարացնելու հանգամանքին` բողոքի հեղինակը փաստել է, որ նշված անձի` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտ լինելը հիմնավորվում է ինչպես Հ.Գրիգորյանի և վարորդ Հ.Մանուկյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրով, այնպես էլ` թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 1.1-րդև 1.3-րդ կետերով:
10. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու բլանկետային դիսպոզիցիայով նկարագրված նորմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Հասմիկ Գրիգորյանին և Էդուարդ Սարիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով արդարացնելու վերաբերյալ համապատասխանաբար Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների հետևությունները:
13. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել (…):
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` 1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
(...):
Վերոնշյալ իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ.(...) [Ա]նձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով:
(...) [Չ]կա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է5:
Զարգացնելով Վ.Ավետիսյանի գործով արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Դ.Սիմիդյանի գործով նշել է.(...) [Մ]իայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (...): Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է օրենք հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (...): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (...): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (...):
(...) [O]րենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է՝ օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին (...)6:
14. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող օրենքով նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:
Այսինքն` նշված սկզբունքի ներքո իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որդեգրած քրեական քաղաքականության արտացոլումն այնպիսի օրենքում, որում նկարագրված կանոնները և դրանց խախտման դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բովանդակային առումով այնքան որոշակի կլինեն, որ հնարավորություն կտան իրավունքի հիմնական կրողին դրսևորելու սահմանված պահանջներին համապատասխանող վարքագիծ: Վերջինս կարող է ապահովված լինել իրավական որոշակիության երկու բաղադրիչներին, այն է` հասանելիության և կանխատեսելիության չափանիշներին համապատասխանող օրենքի առկայության պարագայում, որոնք ունեն հետևյալ բովանդակային նշանակությունը.
- օրենքի համապատասխանությունը հասանելիության չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք եղել է պատշաճ կերպով հրապարակված, ողջամտորեն հասանելի, թե ոչ: Այսինքն` օրենքը կարող է համապատասխանել հասանելիության չափանիշին, եթե այն, պետական իշխանությունների կողմից լինելով հրապարակված, նվազագույն ջանքերի գործադրմամբ եղել է հասանելի: Որպես այդպիսին,օրենքը կարող է հրապարակվել ինչպես դրա տպագիր տարբերակն անձանց հասանելի դարձնելու, այնպես էլ դրա առցանց տարբերակը համապատասխան պաշտոնական էլեկտրոնային հարթակներում տեղադրելու միջոցով7,
- օրենքի համապատասխանությունը կանխատեսելիության չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք բովանդակային առումով ողջամտորեն ընկալելի է եղել անձանց համար: Այլ կերպ` արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտը, տեղեկանալով օրենքով նախատեսված պահանջների մասին, ծանոթանալով դրանց վերաբերյալ նորմատիվ վարքագծի կանոնների բովանդակությանը, դրանց վերաբերյալ տրված դատական մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում` ստանալով համապատասխան իրավական խորհրդատվություն, կարող էր կանխատեսել, թե որ գործողության/անգործության դրսևորումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի նշանակմանը: Այդ հանգամանքը պարզելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան կանոններն ամրագրող փաստաթղթի բովանդակությունը, ոլորտը, որի կարգավորմանն ուղղված է այդ փաստաթուղթը, ինչպես նաև այն անձանց շրջանակն ու կարգավիճակը, որոնց հասցեագրված է այն8:
15. Նախորդ կետում վկայակոչված չափանիշների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրենքը, լինելով հասանելի և կանխատեսելի, պետք է հնարավորություն ընձեռի այդ օրենքի հասցեատիրոջը գիտակցելու իր իրավունքների և ազատությունների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնելու իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատելու իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշվածը վերաբերում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած նկարագրական դիսպոզիցիայով ամրագրված հանցագործության պարտադիր և լրացուցիչ հատկանիշներին, այնպես էլ բլանկետային դիսպոզիցիայով նկարագրված հանցագործության հատկանիշները բացահայտող այլ իրավական ակտերի նորմերին, որոնց պահանջների խախտումը ևս հանգեցնում է քրեական պատասխանատվության: Միայն այդ դեպքում անձի համար կարող է երաշխավորվել իր իրավունքների և ազատությունների իրացման դիսպոզիտիվության թույլատրելի շրջանակներն ընկալելու հնարավորությունը: Հակառակ պարագայում այն իրավական նորմը, որի ենթադրյալ խախտումը մեղսագրվում է անձին, չի կարող համարվել օրենք, քանի որ այն չի համապատասխանի իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չի լինի բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը9:
16. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն` 1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն` պատժվում է (…):
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է (…):
Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Ա.Մանուկյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.Աշխատողի անվտանգությունը և առողջությունն աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ է, և պետությունը պարտավոր է`
ա) սահմանել աշխատողի անվտանգության և առողջության պահպանման իրավական կանոններ՝ ամրագրելով դրանք օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով,
բ) նախատեսել համապատասխան քաղաքացիական, վարչական, քրեական սանկցիաներ, որոնք կոչված են կանխելու աշխատողի անվտանգության և առողջության պահպանման կանոնների խախտումները:
Շարադրված վերլուծության հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը այն հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են մարդու` անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքի ապահովմանը, իսկ լրացուցիչ օբյեկտ են հանդիսանում մարդու կյանքը և առողջությունը:
(…)
ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն օբյեկտիվ կողմից բնութագրվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ, որը դրսևորվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելով:
Անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առկա է այն դեպքում, երբ՝
1) խախտվել են ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, հիմնարկների և առանձին գործատուների կողմից սահմանված՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնները,
2) առաջացել են հանրորեն վտանգավոր այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են տուժողի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի կամ մասնագիտական հիվանդության պատճառումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մաս) կամ մահվան առաջացումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մաս),
3) առկա է պատճառական կապ արարքի (գործողության կամ անգործության) և վրա հասած հետևանքների միջև (…)10:
17. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից հետևում է, որ այն նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով. քրեական պատասխանատվություն նախատեսելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման համար` այն չի սահմանում այդ կանոնները և, ըստ այդմ, ենթադրում է հղում նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի), որը պետք է ամրագրի դրանք: Դրանից հետևում է, որ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել դրանք սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի օգնությանը, որոնք պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի` սույն որոշման 13-15-րդ կետերում բացահայտված հասանելիության և կանխատեսելիության չափանիշներին:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՄՄԺ ընկերության տնօրեն և, համաձայն իր ու վարորդ Հ.Մանուկյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի, ունենալով Հ.Մանուկյանի աշխատանքի նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնելու լիազորություն, խախտել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող թիվ 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետով և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ,7.2.1-րդ կետերով, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Ապավեն Տերմինալ ընկերության բանվոր Վ.Հովհաննիսյանի մահը11:
Է.Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ապավեն Տերմինալ ընկերության տնօրեն և, համաձայն իր ու Վարդան Հովհաննիսյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի, ունենալով պարտականություն ստեղծելու Վ.Հովհաննիսյանի աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ, աշխատանքի վայրը կահավորելու և սարքավորումներ տեղադրելու անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համապատասխան, չի կատարել պայմանագրով իր վրա դրված պարտականությունները և խախտել է տեխնիկայի անվտանգության ու աշխատանքի պաշտպանության կանոնները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող թիվ 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ կետերով և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերով, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Ապավեն Տերմինալ ընկերության բանվոր Վ.Հովհաննիսյանի մահը12:
Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ԳՕՍՏ ստանդարտների կիրառմանը, գտել է, որ դրանք ոչ թե նորմատիվ իրական ակտեր են, այլ` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, ուստի Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ օրենքի դրույթները դրանց վրա չեն տարածվում: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը վկայակոչել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտ ընկերության տնօրենի համապատասխան գրությունը, որի համաձայն` ԱՊՀ երկրների 1992 թվականի` Ստանդարտացման, չափագրության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին միջկառավարական համաձայնագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործում են նախկին ԽՍՀՄ պետական ստանդարտներ` ԳՕՍՏ թիվ 12.3.009-76-ը և ԳՕՍՏ թիվ 12.0.004.90-ը:
Արդյունքում, գնահատելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները` Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Է.Սարիբեկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու փաստը:
Միևնույն ժամանակ ստորադաս դատարանը գտել է, որ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվում ամբաստանյալ Հ.Գրիգորյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում, քանի որ կնքված աշխատանքային պայմանագրում բացակայում է որևէ իրավաբանորեն ձևակերպված պարտականություն, որը կարող է վկայել այն մասին, որ Հ.Գրիգորյանը տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձ է: Դատարանը փաստել է նաև, որ քրեական գործում բացակայում է որևէ այլ ապացույց, որը կհիմնավորեր ամբաստանյալ Հ.Գրիգորյանի պարտականությունը` պահպանելու Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործող թիվ 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ կետով և թիվ 12.0.004.90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ և 7.2.1-րդ կետերով նախատեսված տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները13:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրանքի հիմքում դրված ԳՕՍՏ-երն ընդունվել են ԽՍՀՄ-ի կողմից և Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ օրենքի ուժով չեն գործում Հայաստանի Հանրապետության տարածքում: Անդրադառնալով ԱՊՀ երկրների 1992 թվականի` Ստանդարտացման, չափագրության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին միջկառավարական համաձայնագրին` Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է վերը նշված համաձայնագիրը, այնուամենայնիվ, դրանում որևէ նշում առկա չէ այն մասին, որ թիվ 12.3.009-76 և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-երը` որպես իրավական ակտեր, ընդունվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ տուժող Վ.Հովհաննիսյանի աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ ստեղծելու պարտականությունը կրողը եղել է ամբաստանյալ Է.Սարիբեկյանը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում նշված ԳՕՍՏ-երը Հայաստանի Հանրապետությունում չեն գործում, գտել է, որ պետք է ճանաչել և հռչակել Է.Սարիբեկյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալ Հ.Գրիգորյանի անմեղության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության14:
19. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալների արարքներում հանցակազմի բացակայության վերաբերյալ եկել են, ըստ էության, ճիշտ եզրահանգման, սակայն պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել, թե այն նորմատիվ պահանջները, որոնց խախտումը մեղսագրվել է Հ.Գրիգորյանին ու Է.Սարիբեկյանին, արդյո՞ք համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքի` հասանելիության և կանխատեսելիության չափանիշներին:
Մասնավորապես, Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել թիվ 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-ի 7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերի, իսկ Է.Սարիբեկյանին` թիվ 12.3.009-76 ԳՕՍՏ-ի 2.5-րդ, 3.9-րդ և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-ի7.1.1-րդ, 7.1.5-րդ, 7.2.1-րդ կետերի պահանջները խախտելու համար: Նշված կանոններից թիվ 12.3.009-76 ԳՕՍՏ-ը հաստատվել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի Ստանդարտների պետական կոմիտեի` 1976 թվականի մարտի 23-ի որոշմամբ, իսկ թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-ը` ԽՍՀՄ Արտադրության որակի և ստանդարտների պետական կոմիտեի` 1990 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ: Ընդ որում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրենի` 2015 թվականի ապրիլի 10-ի` թիվ ԵԱ-160 գրությամբ հաստատվել է, որ Հայաստանի Հանրապետությունում միջպետական ստանդարտի կարգավիճակով գործում են նախկին ԽՍՀՄ պետական ստանդարտները` ԳՕՍՏ 12.3.009-76 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և ԳՕՍՏ 12.0.004-90 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում. Ընդհանուր դրույթներ` համաձայն ԱՊՀ երկրների Ստանդարտացման, չափագրության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին միջկառավարական համաձայնագրի` կնքված 1992թ. մարտի 13-ին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն, որ թիվ 12.3.009-76 և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ կանոններն անձանց համար հասանելի եղանակով պաշտոնական որևէ աղբյուրում հրապարակված չեն, այդ կանոնները կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա ոչ պաշտոնական կայքէջերում, ինչը չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին և առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված աշխատանքի պաշտպանության կանոնների արժանահավատության վերաբերյալ: Ընդ որում, հարկ է նաև ընդգծել, որ այդ կանոններն ի սկզբանե կազմված են եղել օտար լեզվով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որևէ աղբյուրում:
Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրենի` վերը մեջբերված գրությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև դրա համաձայն` թիվ 12.3.009-76 և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ-երը գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն այն չի պարունակում ո´չ այդ կանոնների բովանդակությունը, ո´չ էլ համապատասխան հղում այդ կանոնները գտնելու պատշաճ աղբյուրին:
Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ թիվ 12.3.009-76 և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ կանոնները պետական իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հրապարակված չլինելու պայմաններում ապահովված չի եղել նվազագույն ջանքերի գործադրմամբ դրանք գտնելու և ընթերցելու հնարավորությունը: Ուստի թիվ 12.3.009-76 և թիվ 12.0.004-90 ԳՕՍՏ կանոնները, որոնց խախտումը մեղսագրվում է Հ.Գրիգորյանին ու Է.Սարիբեկյանին, չեն համապատասխանել հասանելիության չափանիշին: Նման պայմաններում դրանք չեն համապատասխանել նաև կանխատեսելիության չափանիշին:
Հետևաբար նշված կանոնները չեն կարող համարվել օրենք, քանի որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին: Այդ պայմաններում Հ.Գրիգորյանին և Է.Սարիբեկյանին ԳՕՍՏ 12.3.009-76 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և ԳՕՍՏ 12.0.004-90 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպում. Ընդհանուր դրույթներ կանոնների խախտման համար դատապարտելը կհանգեցնի չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (Nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի խախտման:
20. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների փաստական կազմում ընդգրկված կանոնները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը սխալ են պատճառաբանել իրենց դատական ակտերը, այնուամենայնիվ, ամբաստանյալներ Հ.Գրիգորյանի և Է.Սարիբեկյանի արարքներում հանցակազմի բացակայության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել` Հ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու և Է.Սարիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Հասմիկ Հովհաննեսի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 11-ի դատավճիռն անփոփոխ թողնելու և Էդուարդ Սերյոժայի Սարիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
____________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 245-260:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 245-260:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 255-262:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր155-185:
5 Տե'ս Վարուժան Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը:
6 Տե'ս Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը:
7Տե'ս mutatis mutandis Kokkinakis v. Greece գործով Եվրոպական դատարանի` 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, 40-րդ կետ; G. v. France գործով Եվրոպական դատարանի` 1995 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 15312/89 գանգատը, 25-րդ կետ; Korbely v. Hungary [GC] գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9174/02, 74-75-րդ կետեր:
8 Տե'ս mutatis mutandis Cantoni v. France գործով Եվրոպական դատարանի` 1996 թվականի նոյեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 17862/91, 29-րդ կետը; Mkrtchyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի հունվարի 11-ի վճիռը, գանգատ թիվ 6562/03, 39-րդ կետը; Kafkaris v. Cyprus [GC] գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի փետրվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 21906/04, 140-րդ կետը; Kononov v. Latvia [GC] գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36376/04, 235-րդ կետը; Del Rio Prada v. Spain [GC] գործով Եվրոպական դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 42750/09, 79-րդ կետը):
9 Տե'ս Վարդան Ղազարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշման 20-րդ կետը, ՀՀ սահմանադրական դատարանի` 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ 630 որոշման 11-րդ կետը, 2015 թվականի հունիսի 9-ի թիվ ՍԴՈ-1213 որոշման 9-րդ կետը:
10 Տե'ս Ատոմ Մանուկյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 13-14-րդ կետերը:
11Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
12 Տե'ս սույն որոշման 5.1-րդ կետը:
13 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
14 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|