Գլխավոր տեղեկություն
Номер
N 906-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2018-01.03.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.08.24/64(1422) Հոդ.906
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.08.2018
Дата вступления в силу
25.08.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 906-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ ու 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին բաժնի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզավորումը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):».

3) կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:».

4) կարգի 6-րդ կետի «թ» ենթակետում «կողմից լիազորված անձի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

5) կարգի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով.

6) կարգի 7-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

7) կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով.

«ը) զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:».

8) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով՝

ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել.

2) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պահանջներին.

3) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության (տարածքի) պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.

4) մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝

ա. տեխնիկական և իրավաբանական կրթություն ունեցող աշխատողներ ունենալը,

բ. զենքի արտադրության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը՝ ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:».

9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմնին կարող են հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:».

10) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:».

11) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Մարտական զենքի արտադրության դեպքում, նախքան լիցենզիան տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգիռ այլ պետական մարմիններ՝ լիցենզավորման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով:».

12) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, ապահովելով նաև սույն կարգի 9.1-ին կետի պահանջները, տրամադրում է լիցենզիան կամ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, մերժում է լիցենզիայի տրամադրումը:».

13) կարգի 17-րդ կետում «իրականացնում են համապատասխան պետական մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է համապատասխան լիցենզավորող մարմինը» բառերով.

14) որոշման N 2 հավելվածից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «ՀԿԿ N 0000 որոշում» բառերը, իսկ հավելվածը «Գործողության ժամկետը» տողից հետո լրացնել «Լիցենզիան տրամադրած մարմնի անվանումը _________» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. օգոստոսի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան