«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հոկտեմբերի 2014 թ. |
թիվ 263-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 102 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 102 հաշվետվության ձևը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հաստատել «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 102 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ն. Երիցյան |
2014 թ. հոկտեմբերի 10 |
Հավելված 1 |
ՁԵՎ
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 102 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
(հավելվածը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն)
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԹԻՎ 102 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Վարկային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 102 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:
2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում:
5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվում, եթե կատարվել են հետևյալ գործարքները՝
1) ֆինանսական երկրորդային շուկայում երկու մասնագիտացված անձանց միջև կնքվող գործարքներ, որոնք կնքվում են իրենց հաշվին և իրենց անունից,
2) գործարքներ, որոնց վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիստր տրամադրվել է տեղեկատվություն,
3) Հաշվետվություն տրամադրող անձի կողմից սեփական կարիքների համար կատարվող գործարքներ՝ Հաշվետվություն տրամադրող անձի ընթացիկ գործունեության ապահովման նպատակով՝ բացառությամբ հաճախորդներից ֆինանսական ակտիվների գնումների,
4) հաճախորդի հետ կնքված և նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքներում փոփոխությունները, որոնք չեն առաջացնում գործարքի գումարի կամ արժույթի փոփոխություն:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
6. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով կամ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով, կամ թղթային տարբերակով:
7. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:
8. Հաշվետվությունը «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով ներկայացնելիս, հաշվետվությանն ուղեկցող նամակի «Վերնագիրը» պետք է պարունակի «Հաշվետվություն ֆինանսական դիտարկումների կենտրոնին» արտահայտությունը:
9. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:
10. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:
11. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով՝ առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
12. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով՝ «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրմամբ՝ հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,
2) փոստի միջոցով:
13. Կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ Կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):
14. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
15. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 18:00-ին:
16. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կամ գործարար հարաբերությունում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում՝ նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:
17. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել՝
1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
18. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն (անվանում)» 4.1.1, 4.2.1, «Անուն» 4.3.2, 4.4.2, «Ազգանուն» 4.1.2, 4.2.2, 4.3.3 և 4.4.3, «Հայրանուն» 4.1.3, 4.2.3, 4.3.4 և 4.4.4 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:
19. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով՝ յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 3.4.22, 3.5.3, 3.6, 3.8, 5.1.3, 5.2.1 և 5.3.1 կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:
20. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:
21. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է՝ օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
22. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձն ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:
23. Յուրաքանչյուր գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
24. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):
25. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):
26. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):
27. «Ուղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
28. Կարգի 10-րդ և 13-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «Ուղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:
29. Ուղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ
30. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե՝
1) անկանխիկ եղանակով իրականացվող գործարքի գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը,
2) կանխիկի հետ կապված գործարքի գումարը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:
31. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
32. «Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը» 3.1 կետում լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևս չի հաստատվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում են գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:
33. «Կանխիկի հետ կապված գործարք» 3.2 կետը նշվում է, եթե կատարվել է կանխիկի հետ կապված գործարք: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն կանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 5 միլիոն ՀՀ դրամը, նշվում է «Կանխիկի հետ կապված գործարք» 3.2 կետը, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.8 կետում նշվում է գործարքի գումարի՝ նաև անկանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:
34. «Անկանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.3 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է անկանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքը կատարվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն անկանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 20 միլիոն ՀՀ դրամը, նշվում է «Անկանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.3 կետը, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.8 կետում նշվում է գործարքի գումարի՝ նաև կանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:
35. Այն դեպքում, երբ գործարքը կատարվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, և կանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, իսկ անկանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, միաժամանակ նշվում են «Կանխիկի հետ կապված գործարք» 3.2 և «Անկանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.3 կետերը, ինչպես նաև լրացվում են դրանց ներքո նախատեսված ենթակետերը:
36. «Արժույթը (առքի արժույթ)» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը:
37. «Գումարը տվյալ արժույթով» 3.2.1.1 և 3.3.1.1 դաշտերում լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը: Եթե «Արժույթը (առքի արժույթ)» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում նշվում է ՀՀ դրամ, ապա նույն գումարը լրացվում է և՛ «Գումարը տվյալ արժույթով» 3.2.1.1 և 3.3.1.1, և՛ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.1.2 և 3.3.1.2 դաշտերում:
38. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.1.2 և 3.3.1.2 դաշտերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
39. «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» 3.4 կետի ներքո նախատեսված 3.4.18-3.4.21 ենթակետերը նշելու, ինչպես նաև «Այլ» 3.1.22 ենթակետում 3.1.18-3.4.21 ենթակետերով նախատեսված գործարքների նման այլ գործարք կամ գործարար հարաբերություն լրացնելու դեպքում գործարքի գումարի վերաբերյալ տվյալները լրացվում են հետևյալ սկզբունքով՝
1) «Արժույթը (առքի արժույթ)» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում նշվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գնված արժույթը:
2) «Գումարը տվյալ արժույթով» 3.2.1.1 և 3.3.1.1 դաշտերում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գնված արժույթի գումարը:
3) «Արժույթը (վաճառքի արժույթ)» 3.2.2 և 3.3.2 ենթակետերում նշվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից վաճառված արժույթը:
4) «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2.1 և 3.3.2.1 դաշտերում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից վաճառված արժույթի գումարը:
5) «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.1.2, 3.3.1.2, 3.2.2.2 և 3.3.2.2 դաշտերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
40. Այն դեպքում, երբ կատարվել է մեկ արտարժույթի փոխարկում մեկ այլ արտարժույթի, «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.1.2, 3.3.1.2, 3.2.2.2 և 3.3.2.2 դաշտերում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գնված արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը: Այն դեպքում, երբ կատարվել է արտարժույթի և դրամի փոխարկում, «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.1.2, 3.3.1.2, 3.2.2.2 և 3.3.2.2 դաշտերում լրացվում է արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
41. «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» 3.4 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից որևէ մեկը: «Այլ» 3.4.22 ենթակետը նշելու դեպքում այդ կետի ներքո նախատեսված դաշտում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության անվանումը:
42. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը» 3.5 կետում նշվում է 3.5.1-3.5.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.5.1 և 3.5.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 3.5.3 ենթակետը: 3.5.1-3.5.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության այլ չափանիշ կամ տիպաբանություն:
43. «Կասկածների նկարագրությունը» 3.6 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև Հաշվետվություն տրամադրող անձի՝ հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:
44. «Կապված հաշվետվության անվանումը» 3.7 կետը լրացվում է, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ Հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է Հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.7 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «Ուղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 3.7 ենթակետը պատճենահանվում և լրացվում է համապատասխան քանակով:
45. «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.8 կետում նշվում են Կարգի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող՝ Հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
ԳԼՈՒԽ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ
46. «Հաճախորդ» 4.1 կետում նշվում է հաճախորդի տեսակը՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, պետական մարմին կամ համայնք:
47. «Անուն (անվանում)» 4.1.1 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը:
48. «Ազգանուն» 4.1.2 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 4.1.1 և 4.1.2 ենթակետերը լրացվում են Հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:
49. «Հայրանուն» 4.1.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:
50. «Ծննդյան ամսաթիվ» 4.1.4 ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:
51. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 4.1.5 ենթակետի ներքո նախատեսված 4.1.5.1-4.1.5.4 դաշտերում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում է, իսկ իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը): 4.1.5.1-4.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:
52. «Հաշվառման վայր» 4.1.6 ենթակետի ներքո նախատեսված 4.1.6.1-4.1.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:
53. «Քաղաքացիություն» 4.1.7 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:
54. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթը:
55. «Փաստաթղթի սերիա և համար» 4.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվ» 4.1.8.2 դաշտերում համապատասխանաբար լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:
56. «Ում կողմից է տրամադրվել» 4.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:
57. «Փաստաթղթի վավերականության ժամկետ» 4.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը։
58. «Կազմակերպական-իրավական ձև» 4.1.9 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ՝ ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:
59. «Անհատականացման (հաշվառման) համար» 4.1.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:
60. «ՀՎՀՀ» 4.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը:
61. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 4.1.12 ենթակետում լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:
62. «Բանկային հաշվի համարը» 4.1.13 ենթակետում լրացվում է հաճախորդի բանկային հաշվի համարը:
63. Հաշվետվության ձևի 4.2.1-4.2.12 ենթակետերը լրացվում են Կարգի 47-61-րդ կետերով սահմանված կարգով:
64. «Լիազորված անձ» 4.3 կետը լրացվում է, եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կատարվում է լիազորված անձի միջոցով:
65. «Լիազորող անձ» 4.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:
66. Հաշվետվության ձևի 4.3.2-4.3.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 47-57-րդ կետերով սահմանված կարգով:
67. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե՝ ոչ:
68. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու (օրինակ՝ այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):
69. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:
70. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 4.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:
71. Հաշվետվության ձևի 4.4.2-4.4.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում՝ Կարգի 47-57-րդ կետերով սահմանված կարգով:
72. Հաշվետվության ձևի 4-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:
ԳԼՈՒԽ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ
73. «Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցում» 5.1 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցվել է:
74. «Կասեցման ամսաթիվը» 5.1.1 ենթակետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման օրը, ամիսը, տարին:
75. «Կասեցման ժամկետը» 5.1.2 ենթակետում լրացվում է կասեցման ժամկետը:
76. «Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պատճառը» 5.1.3 ենթակետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պատճառը:
77. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում» 5.2 կետը նշվում է, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է:
78. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման պատճառները» 5.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու համար:
79. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում» 5.3 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցվել է:
80. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները» 5.3.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցնելու համար:
81. «Գույքի սառեցում» 5.4 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:
82. «Սառեցման ամսաթիվ» 5.4.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:
83. «Սառեցման ժամկետը» 5.4.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:
84. «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի անվանումը» 5.4.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազոր մարմնի կողմից հրապարակված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի անվանումը:
(84-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն)
ԳԼՈՒԽ 9. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ
85. «Անուն» 6.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:
86. «Ազգանուն» 6.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:
87. «Լրացման ամսաթիվը» 6.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:
(հավելվածը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2018, թիվ 135-Ն | 01.09.2018, թիվ 263-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|