Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.07.11/53(1411) Հոդ.810
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.01.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
12.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0205/06/17

ԵԿԴ/0205/06/17

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ պաշտպան

Վ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

մեղարյալ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻ

դատախազ

Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2018 թվականի հունվարի 12-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 60112017 քրեական գործը:

Նախաքննական մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արթուր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի սեպտեմբերի 7-ին որոշում է կայացվել Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

1.1. 2017 թվականի սեպտեմբերի 20-ից քրեական գործով հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Ա.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով, իսկ մեղադրյալի և պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին` մերժվել:

2. Մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպան Հ.Արսենյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը բեկանել է և մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` 1.000.000 ՀՀ դրամի չափով:

3. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել մեղադրյալ Ա.Հակոբյանը և պաշտպան Վ.Թադևոսյանը` խնդրելով մերժել ներկայացված վճռաբեկ բողոքը` փաստարկելով, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «Նա, 2017թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 12:30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի 07 XX 078 հ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Աճառյան փողոցով դեպի Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ: Մոտենալով Աճառյան փողոցի թիվ 42 հասցեին թույլ է տվել ՀՀ Կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների» 67 կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` իր ընթացքի ուղղությամբ նկատելով խոչընդոտը ժամանակին չի դիմել արգելակման արագությունն իջեցնելու ընդհուպ մինչև ավտոմեքենան կանգնեցնելը, այլ դիմել է կտրուկ մանևրման և մուտք գործել հանդիպակաց գոտի, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու հնարավորությունից և ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է Կարեն Սուրենի Մկրտչյանի վարած «Օպել» մակնիշի 32 OL 127 հ/հ ավտոմեքենայի ձախ կողային մասին, որի հետևանքով անչափահաս Լարիսա Կարենի Մկրտչյանին անզգուշությամբ պատճառել մահ» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 127-128):

4.1. Ա.Հակոբյանի` որպես կասկածյալ, 2017 թվականի սեպտեմբերի 5-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(…) Մեքենայում ես տեսել եմ 4 անձի, որոնցից մեկն անչափահաս աղջիկ: Ղեկին եղել է տղամարդ, իսկ ուղևորները կանայք էին: (…) Ընթացքում տեսա, որ երեխան մահացել է, իսկ մյուս անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Ես անմիջապես զանգահարեցի իմ բջջային հեռախոսից ՃՈ 177 թեժ հեռախոսահամարին և հայտնեցի կատարվածի մասին: Դեպքից որոշ ժամանակ հետո ես նկատեցի, որ լցակայանում դրված են տեսանկահարանող սարքեր և խնդրեցի նրանց, որ տեսնեմ, թե արդյոք ֆիքսվել է վթարի պահը: Երբ տեսա, որ լիցքավորման կետում առկա է վթարի պահը, ես այդ ամենին զուգահեռ իմ բջջային հեռախոսով նկարեցի տեսաձայնագրությունը, որը ձայնագրեցի լազեռային սկավառակի վրա և ահա ներկայացնում եմ Ձեզ (…)» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 63-65):

5. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն` «(…) Դատարանը, գնահատելով (…) ներկայացված փաստարկները, տեղեկությունները, փաստում է, որ (…) դատաբժշկական դատաավտոտեխնիկական, տեսաձայնագրային փորձաքննությունների եզրակացությունները ստանալու, ինչպես նաև այլ անձանց հարցաքննելու ճանապարհով ապացույցների հավաքման, ձեռք բերմանն ուղղված դատավարական, քննչական գործողությունների կատարումը տվյալ դեպքում Դատարանի համար բավարար և անհրաժեշտ հիմք է հանդիսանում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու համար, հաշվի առնելով, որ նման պայմաններում բարձր են հավանական ռիսկերն առ այն, որ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով խոչընդոտելու մինչդատական վարույթում գործի քննությանը:

Դատարանի վերոգրյալ հետևությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ մեղադրյալին վերագրվում է այնպիսի հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով (…):

Միաժամանակ, Դատարանը, քննարկելով մեղադրյալի և պաշտպանի միջնորդությունները կալանավորման այլընտրանքային խափանման միջոց հանդիսացող գրավով ազատելու մասին, գտնում է, որ այն քրեական գործի տվյալ փուլում անթույլատրելի է (…), քանի որ մեծ է հավանականությունը, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, հնարավոր է ձեռնարկի այնպիսի քայլեր, որով կխոչընդոտի մեղադրանքի կողմի գործողությունները, այդ թվում` կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու մինչդատական վարույթում գործի քննությանը, իսկ նման ենթադրություններ կատարելու համար Դատարանը հիմնվում է ներկայացված փաստերի, տեղեկությունների, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմքերի առկայության վերաբերյալ վերևում ներկայացված հանգամանքների վրա (…)» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 101-108):

6. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշման համաձայն` «(…) Դատարանի այն պատճառաբանությունը, որ այլընտրանքային երաշխիքը տվյալ դեպքում չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Արթուր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմքերի չեզոքացման համար, հիմնազուրկ է:

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ Արթուր Հակոբյանի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվում, նրան մեղավոր չի համարում տեղի ունեցած վթարի հարցում, նրա նկատմամբ որևէ պահանջ չունի և խնդրել է նրան ազատել կալանքից:

(…)

Որպես անձը բնութագրող տվյալներ, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում այն, որ Արթուր Հակոբյանն ունի մշտական բնակության վայր, նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, Հայ-Ռուսական համալսարանի ՀՌՀ-ի իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի տնօրենի կողմից տրված բնութագրի համաձայն` ուսման ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ուսանող, դրական անձնային որակներ կրող և բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող անձ, Երևանի «Գալիք» համալսարանի ռեկտորատի կողմից պարգևատրվել է շնորհակալագրերով` ՀՀ և ԼՂՀ սահմաններն արիաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար:

Բացի դրական բնութագրից, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև մեղադրյալի վարքագիծը դեպքից հետո, մասնավորապես` մնացել է դեպքի վայրում, ճանապարհային ոստիկանությանը հայտնել պատահարի մասին, օժանդակել է նախաքննական մարմնին` ներկայացնելով լազերային սկավառակի վրա ՃՏՊ-ին նախորդած և ՃՏՊ-ի պահն արձանագրած տեսանյութը:

Վերը թվարկված հանգամանքներն իրենց համակցության մեջ, քննարկվող պարագայում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ էականորեն նվազեցնում են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում նրա կողմից գործի քննությանն ու քրեական դատավարության խնդիրների իրագործմանը խոչընդոտելու և թաքնվելու հավանականությունը (...)» (տե'ս նյութեր. հատոր 2, թերթեր 51-60):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոքի հեղինակը, վկայակոչելով կալանքը գրավով փոխարինելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն մերժել է այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը` հաշվի առնելով, որ բարձր է եղել կալանավորման հիմքերի դրսևորման հավանականությունը:

Անդրադառնալով կալանավորումը գրավով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը` բողոք բերած անձը հայտնել է, որ դատարանն անտեսել է մեղադրյալ Ա.Հակոբյանի` ազատության մեջ մնալու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որն Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել: Բողոք բերած անձի պնդմամբ` այդ համատեքստում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ տուժողների, մեղադրյալի ցուցմունքներում առկա են հակասություններ, որոնք պարզելու ընթացքում մեղադրյալի կողմից տուժողների վրա անօրինական ազդեցություն գործադրելու և այդ կերպ իրեն ձեռնտու ցուցմունքներ տալուն նրանց հակելու հավանականությունը չի բացառվում, իսկ գրավը` որպես խափանման միջոց, որևէ կերպ չի կարող կանխել Ա.Հակոբյանի անօրինական ազդեցությունը դատավարությանը մասնակցող անձանց վրա այն դեպքում, երբ մեղադրյալն ունի տուժող կողմի վրա ազդելու իրական հնարավորություն, որի մասին են վկայում մահացած Լարիսա Մկրտչյանի իրավահաջորդի կողմից վարույթն իրականացնող մարմնին և դատարանին հասցեագրված դիմումներն առ այն, որ իրենք արդեն իսկ գնահատել և հիմնավորված են համարել Ա.Հակոբյանի մեղքի բացակայությունն առաջացած վթարի հարցում:

Միևնույն ժամանակ բողոք բերած անձը, ընդգծելով Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը, հայտնել է, որ հետագայում ստացված դատաավտոտեխնիկական եզրակացությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալը մինչ վթարն ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարահատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության համար սահմանված թույլատրելի 70 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների» 65-րդ և 67-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք մեղադրյալ Ա.Հակոբյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`

«1. Գրավը (…) կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: (…)

2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

(…)»:

11. Կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով առ այն, որ «[Ա]նձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (…):

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:

Ուստի (…) գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե'ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-րդ և 36-րդ կետերը):

Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Վճռաբեկ դատարանը Դ.Վարդանյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ «[Մ]եղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:

(…)

[Գ]րավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով» (տե'ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 16-րդ կետը):

11.1. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Ավետիսյանի և Դ.Վարդանյանի վերաբերյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ա.Ղուկասյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով` կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ: Այլ խոսքով` քննարկվող նորմով նախատեսված է կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքների բաց թվարկում, իսկ մեկնաբանման ejusdem generis հանրաճանաչ կանոնի համաձայն` բաց թվարկման չորոշակիացված տարրի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է ելնել որոշակիացված տարրերի բովանդակությունից. անորոշ տարրը պետք է կրի այն ընդհանուր հատկանիշները, որոնք բնորոշ են որոշակիացված տարրերին: Վերոգրյալի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների բնույթի և բովանդակության հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելիս դատարանը կարող է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, որոնք.

ա) վերաբերում են քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելուն և բարձրացնում ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը,

բ) չեն հանգեցնում անձի այլ հիմնական իրավունքների խախտման (վերջինիս հրամայականը բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներից (…))» (տե'ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը):

12. Ա.Ղուկասյանի որոշմամբ ձևավորած նախադեպային իրավունքի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ինչպես կալանքից գրավով ազատելն անթույլատրելի, այնպես էլ թույլատրելի ճանաչելիս դատարանը կարող է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, որոնք վերաբերում են քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելուն: Միևնույն ժամանակ, ի տարբերություն գրավի կիրառումը մերժելուն` կալանքը գրավով փոխարինելու պատճառաբանության հիմքում ընկած հանգամանքները պետք է դիտարկվեն որպես մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու պայմաններում պատշաճ վարքագծի դրսևորման երաշխիք:

13. Սույն գործի նյութերից երևում է, որ Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով այն ենթադրյալ հանցանքի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի 07 XX 078 հ/հ ավտոմեքենան Աճառյան փողոցի թիվ 42 հասցեով վարելիս թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների» 67-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է` իր ընթացքի ուղղությամբ նկատելով խոչընդոտը` ժամանակին չի դիմել արգելակման` արագությունն իջեցնելու, ընդհուպ մինչև ավտոմեքենան կանգնեցնելը, այլ դիմել է կտրուկ մանևրման և մուտք գործել հանդիպակաց գոտի, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն` ինքն իրեն զրկելով վթարը կանխելու հնարավորությունից, և ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է Կ.Մկրտչյանի վարած «Օպել» մակնիշի 32 OL 127 հ/հ ավտոմեքենայի ձախ կողային մասին, որի հետևանքով անչափահաս Լ.Մկրտչյանին անզգուշությամբ պատճառել է մահ (տե'ս սույն որոշման 4-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը, արձանագրել է, որ կատարվելիք գործողությունների, մասնավորապես` դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, տեսաձայնագրային փորձաքննությունների եզրակացությունները ստանալու, այլ անձանց հարցաքննելու, ապացույցների ձեռքբերմանն ուղղված քննչական գործողություններ կատարելու հանգամանքները բավարար են մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար` հաշվի առնելով, որ բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ կեղծել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ կամ այլ ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Այդ պատճառաբանության հիման վրա Առաջին ատյանի դատարանը մերժել է նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ մեղադրյալի և նրա պաշտպանի միջնորդությունները (տե'ս սույն որոշման 5-րդ կետը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը` 1.000.000 ՀՀ դրամի չափով` հիմքում դնելով ինչպես տուժողի իրավահաջորդի դիրքորոշումն այն մասին. որ Ա.Հակոբյանին մեղավոր չի ճանաչում տեղի ունեցած վթարի հարցում, նրա նկատմամբ որևէ պահանջ չունի և խնդրում է նրան ազատել կալանքից, այնպես էլ Ա.Հակոբյանի մշտական բնակության վայր ունենալու, նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չլինելու, որպես բարեխիղճ ուսանող, դրական անձնային որակներ կրող և բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող, ՀՀ և ԼՂՀ սահմաններն արիաբար և անձնվիրաբար պաշտպանող անձ բնութագրվելու հանգամանքները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև, որ Ա.Հակոբյանը վթարից հետո մնացել է դեպքի վայրում, ճանապարհային ոստիկանությանը հայտնել պատահարի մասին. օժանդակել է նախաքննական մարմնին` ներկայացնելով լազերային սկավառակի վրա ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդած և դրա պահն արձանագրած տեսանյութը (տե'ս սույն որոշման 6-րդ կետը):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս իր որոշման հիմքում ոչ իրավաչափորեն դրել է`

ա) տեղի ունեցած վթարում Ա.Հակոբյանին մեղավոր չճանաչելու, նրա նկատմամբ որևէ պահանջ չունենալու և նրան կալանքից ազատելու խնդրանք պարունակող տուժողի իրավահաջորդի դիրքորոշումն այն դեպքում, երբ այդ հանգամանքները կալանավորումը գրավով փոխարինելու հարցը լուծելիս չեն կարող դիտարկվել որպես մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու պայմաններում պատշաճ վարքագծի դրսևորման երաշխիք,

բ) վթարից հետո Ա.Հակոբյանի կողմից դեպքի վայրը չլքելու հանգամանքն այն դեպքում, երբ դա բխել է քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու նրա պարտականությունից, հակառակ պարագայում նրան կարող էր մեղսագրվել նաև ճանապարհատրասպորտային վայրը թողնելու համար նախատեսված հանցանքի կատարումը: Այսինքն` քրեական օրենքով արգելված հնարավոր այլ արարքի չկատարումը չի կարող նվազեցնել մեղադրյալի` ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը,

գ) պատահարի մասին ճանապարհային ոստիկանությանը հայտնելու հանգամանքն այն դեպքում, երբ ինքնին դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամին, հասարակական վայրում, բանուկ ճանապարհին, այլ անձանց ներկայությամբ, ինչը բավարար է արձանագրելու համար, որ պատահարի մասին ճանապարհային ոստիկանությանը սեփական նախաձեռնությամբ չհայտնելու պարագայում այն միանշանակ հայտնի էր դառնալու համապատասխան մարմիններին: Ուստի մեղադրյալի կողմից սեփական նախաձեռնությամբ պատահարի մասին ոստիկանության աշխատակիցներին տեղյակ պահելու հանգամանքը չի կարող կանխորոշող նշանակություն ունենալ նրա հետագա վարքագծի իրավաչափությունը գնահատելու հարցում,

դ) վթարն արձանագրած տեսանյութը մեղադրյալի կողմից նախաքննական մարմնին ներկայացնելու հանգամանքն այն դեպքում, երբ այդ տեսանյութը ձայնագրառվել է դեպքի վայրին մոտ գտնվող բենզալցակայանի տեխնիկական սարքերի միջոցով և ընդամենը մեղադրյալի միջոցով հասու դարձել համապատասխան մարմիններին: Մասնավորապես` վթարից հետո դեպքի վայրում նկատելով բենզալցակայանի տեսանկարահանող սարքերի առկայությունը` մեղադրյալը խնդրել է դրանցով ձայնագրառված վթարի պահը վերարտադրել, որին զուգահեռ ձայնագրառել է այն իր բջջային հեռախոսով և դեպքից հետո ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին (տե'ս սույն որոշման 4.1-րդ կետը): Այսինքն` նման պայմաններում, երբ համապատասխան տեսանյութը ձայնագրառող տեխնիկական սարքերը տեղադրված են եղել հասարակության անդամների համար տեսանելի վայրում, այդ տեսանյութի առկայության փաստը չէր կարող գտնվել մեղադրյալի բացառիկ իմացության ոլորտում և նվազագույն ջանքերի գործադրմամբ ողջամտորեն ձեռք էր բերվելու վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի մասին է վկայում նաև այն, որ նախաքննական մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 30-ի արձանագրությամբ զննության է ենթարկվել վերոնշյալ տեխնիկական սարքերով ձայնագրառված տեսանյութը, որն առգրավվել է «Յուգ-Գազ Գրուպ» ՍՊ ընկերությունից (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 76-79): Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից նշված հանգամանքը ևս չի կարող կանխորոշող նշանակություն ունենալ մեղադրյալի հետագա վարքագծի իրավաչափությունը գնահատելու հարցում:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից գրավի թույլատրելիության հիմքում դրված` Ա.Հակոբյանի մշտական բնակության վայր ունենալու և դրական բնութագրվելու հանգամանքներին, ապա Վճռաբեկ դատարանը, դրանք գնահատելով Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքի բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի համատեքստում (մասնավորապես` հաշվի առնելով, որ Ա.Հակոբյանին մեղսագրվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողությունների կատարում, որի հետևանքով անչափահաս Լ.Մկրտչյանին անզգուշությամբ պատճառվել է մահ), փաստում է, որ վերջիններս չեն կարող բավարար լինել արձանագրելու, որ գրավի կիրառումը տվյալ դեպքում կարող է գործուն երաշխիք լինել մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմքերի չեզոքացման համար (կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատման ենթարկելու անհրաժեշտության մասին տե'ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշման 14-րդ կետը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Հակոբյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ գնահատման ենթարկելով քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը, այդ թվում` հաշվի առնելով Ա.Հակոբյանին մեղսագրվող արարքը, հանգել է իրավաչափ հետևության, որ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց չի կարող երաշխավորել մեղադրյալ Ա.Հակոբյանի վարքագծի պատշաճությունը նրա` ազատության մեջ գտնվելու դեպքում: Ընդ որում, թեև Առաջին ատյանի դատարանը Ա.Հակոբյանին վերագրվող արարքի բնույթը գնահատելիս հղում է կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածին, որը մեղսագրված չի եղել նրան, սակայն վերջինիս նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու հարցում վերջնական որոշում կայացնելիս հանգել է ճիշտ եզրահանգման: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ մեղադրյալ Արթուր Արտուշի Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման երկու ամիս ժամկետին հաշվակցել 2017 թվականի նոյեմբերի 7-ից մինչև գրավի կիրառմամբ ազատ արձակվելը մեղադրյալ Արթուր Արտուշի Հակոբյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան