ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0075/04/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0075/04/15 2018թ. |
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Գ. Խանդանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀակոբՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2017 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը,Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2017 թվականին որոշում է կայացրել կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.04.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կառավարչի վարձատրությունը հաշվարկվում է պարտատերերի բավարարված պահանջների չափից ելնելով, և վարձատրության բազան ոչ թե գույքի իրացումից ստացված ամբողջ գումարն է, այլ դրա` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված մասը: Տվյալ դեպքում պարտապանի գույքի իրացումից ստացված գումարը կազմել է 34.580.866 ՀՀ դրամ, իսկ պարտատերերի պահանջների բավարարման ենթակա չափը կազմել է 30.473.047 ՀՀ դրամ, հետևաբար կառավարչի վարձատրության չափը ենթակա է որոշման՝ ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված գումարի չափից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կառավարչի վարձատրության չափի հարցը կարգավորվում է միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ որոշման հանգել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ և 82-րդ հոդվածների դրույթների սխալ մեկնաբանության արդյունքում:
Վերը նշված խախտումները թույլ տալու արդյունքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կառավարիչն ինքն իրեն համարել է պարտատեր և իր պահանջը բավարարելու համար ևս իր կողմից վարձատրվել է որպես պարտատեր այն դեպքում, երբ սնանկության գործով կառավարիչը վարձատրվում է իր կողմից կատարված աշխատանքների կամ մատուցած ծառայությունների դիմաց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Եղյանը նշանակվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ (հատոր 1-ին, գ.թ. 5, 6).
2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության (հատոր 1-ին, գ.թ. 7-9)`
1. Բանկ - 846.963,92 ԱՄՆ դոլար - ապահովված պահանջ
2. «Ամերիաբանկ» ՓԲԸ - 753.851,21 ԱՄՆ դոլար - ապահովված պահանջ
3. Բանկ - 500.000 ՀՀ դրամ - չապահովված «դ» հերթ
4. ՀՀ ՖՆ Կենտրոն ՀՏ - 19.677.898 ՀՀ դրամ - չապահովված «է» հերթ
5. «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ - 659.556 ՀՀ դրամ - չապահովված «է» հերթ
3) Բանկի հանդեպ Ընկերության ունեցած դրամական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքը վաճառվել է 34.580.866 ՀՀ դրամով (հատոր
1-ին, գ.թ. 22-23).
4) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը Դատարան է ներկայացրել իր կողմից հաստատված հետևյալ բովանդակությամբ միջանկյալ բաշխման ծրագիրը (հատոր 1-ին, գ.թ. 12-16)`
Բանկ (ապահովված պահանջ) - 30.473.047 ՀՀ դրամ,
Կառավարչի վարձատրություն – 3.266.469 ՀՀ դրամ,
Վարչական ծախսեր – 441.350 ՀՀ դրամ,
Վարչական աշխատողի աշխատավարձ – 400.000 ՀՀ դրամ, պահումներով` 302.400 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարտապանի գույքի իրացումից ստացված միջոցները բաշխելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրությունը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների ամբողջ գումարը, թե՞ միայն պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված չափը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),
- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարները,
- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը…:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`
ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.
բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.
գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.
դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.
ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.
զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական նորմերը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է կատարել այն գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցների բաշխման մասով, որը գրավ է դրվել սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց` արձանագրելով, որ նման գույքի վաճառքի դեպքում ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը, որից բխում է, որ մնացած գումարն ուղղվում է ապահովված պահանջի բավարարմանը: Ավելին` օրենսդիրն արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ որպես վարչական ծախս ներառել է միայն գրավի առարկա գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված` մնացած վարչական ծախսերի, այդ թվում` գույքի տնօրինման համար անհրաժեշտ ծախսերի (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձի, եկամտային հարկի վճարումների և պարտադիր սոցիալական վճարների, վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերի, պարտադիր սոցիալական վճարների, աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերի ներառումը վարչական ծախսերի մեջ:
Ինչ վերաբերում է կառավարչի վարձատրությանը, ապա այն կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
Օրենսդիրը նաև հստակ կարգավորել է ինչպես կառավարչի վարձատրությունը սահմանող մարմնի, այնպես էլ այդ վարձատրության չափի հարցերը` ամրագրելով, որ վարձատրության չափը սահմանվում է դատարանի որոշմամբ` ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից որոշակի տոկոսադրույքներով: Այսինքն` տվյալ դեպքում կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում միայն պարտատերերի բավարարված պահանջների չափից, և վարձատրության չափը որոշելիս պետք է պարզել, թե որ պարտատերերի պահանջներն են բավարարվել և ինչ չափով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես սնանկության կառավարիչը` իրեն տրվելիք վարձատրության գումարի մասով, այնպես էլ վարչական ծախսերի հասցեատերերը` դրանց դիմաց տրվելիք հատուցման մասով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով պարտատերեր (պահանջատերեր) չեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքը ենթարկելով վերլուծության, այն մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «պահանջատեր» եզրույթն օգտագործելիս օրենսդիրը մի դեպքում ի նկատի է ունեցել սնանկության վերաբերյալ դիմումում նշված պարտատիրոջը, մյուս դեպքում` պարտապանի նկատմամբ գրանցման նպատակով պահանջ ներկայացրած պարտատիրոջը, իսկ մեկ այլ դեպքում` արդեն պարտատերերի ցուցակում ընդգրկված անձին: Բացի այդ, օրենսդիրը տարբեր ձևակերպումներ է օգտագործել նաև սնանկության կառավարչին, վարչական ծախսերի հասցեատերերին և պահանջատերերին սնանկության վարույթում պարտապանի գույքի և այլ ակտիվների հավաքագրման ու իրացման արդյունքում ստացված դրամական միջոցները վճարելիս: Այսպես, վարչական ծախսերի հասցեատերերին տրվելիք գումարի մասով օրենսդիրն օգտագործել է «ծախսերի վճարում», կառավարչին տրվելիք գումարի մասով` «վարձատրության վճարում», իսկ վերը նշված պահանջատերերին տրվելիք գումարների մասով`«պահանջի բավարարում» ձևակերպումները: Ընդ որում, նման տարբերակումը պայմանավորված է նաև նրանով, որ ի տարբերություն սնանկության կառավարչի և վարչական ծախսերի հասցեատերերի, որոնց վճարման ենթակա գումարները կարող են առաջանալ միայն սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո, պահանջատիրոջ պահանջը կարող է վերաբերել ինչպես մինչ այդ դիմումը դատարան ներկայացնելու ժամանակահատվածին, այնպես էլ դրանից հետո: Բացի այդ, պարտատիրոջը բավարարում տալու համար պարտադիր պայման է վերջինիս կողմից նույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում համապատասխան պահանջի ներկայացումը: Մինչդեռ կառավարչի և վարչական ծախսերի հասցեատերերի դեպքում նման պահանջը բացակայում է:
Ավելին` օրենսդիրն անգամ նախատեսել է, որ եթե կառավարիչն իրականացնում է իր լիազորությունները, սակայն պարտապանը գույք չունի, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, կառավարչին փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից: Հետևաբար կառավարիչը վարձատրվում է իր կատարած աշխատանքի համար, որը չի կարող նույնացվել պարտատիրոջ պահանջների հետ, որոնք, որպես կանոն, ծագում են նախքան պարտապանին սնանկ ճանաչելը, անգամ պայմանավորում են պարտապանի սնանկության հատկանիշների առաջացումը:
Նշվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության կառավարչին հասանելիք վարձատրության գումարը և վարչական ծախսերի հասցեատերերին վճարվելիք հատուցումները չեն կարող դիտվել պահանջի բավարարում ու այդ գումարների դիմաց կառավարչին տրվել վարձատրություն:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառավարչի վարձատրության չափը պետք է որոշվի հետևյալ կերպ.
Նկատի ունենալով այն, որ ի սկզբանե կառավարչին հայտնի են միայն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների գումարը և վարչական ծախսերի չափը, իսկ գրավադրված գույքի դեպքում՝ միայն դրա պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի չափը, ապա այդ միջոցներից պետք է հանել համապատասխան վարչական ծախսերը: Դրանից հետո ստացված գումարի մի մասը պետք է ուղղվի պարտատիրոջ պահանջների բավարարմանը և կառավարչի վարձատրությանը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի դեպքում հաշվարկը կորոշվի հետևյալ բանաձևով ՝
ՄՀ = ՎԾ+ՊԳ+ԿՎ
Որտեղ «ՄՀ»-ն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների հանրագումարն է,
«ՎԾ»-ն` համապատասխան վարչական ծախսերը,
«ՊԳ»-ն` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվելիք գումարի չափը,
«ԿՎ»-ն` կառավարչի վարձատրության չափը, որի բանաձևն է`
ԿՎ = ՊԳ x 10%
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, կառավարչի վարձատրությունը պետք է որոշվի պարտատիրոջ պահանջների բավարարման չափից համապատասխան տոկոսադրույքի չափով: Նկատի ունենալով, որ ի սկզբանե այդ գումարն անհայտ է, որոշակի բարդություն կարող են ներկայացնել այն դեպքերը, երբ ստացված միջոցները կազմում են այնպիսի գումար, երբ առերևույթ, առանց հաշվարկի հնարավոր չէ պարզել, թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որ կետն է գործելու:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն արդեն իսկ կատարել է այդ հաշվարկը: Հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածի կարգավորումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ.
1) եթե «ՄՀ-ՎԾ»-ն փոքր է 27.500.000 ՀՀ դրամից (25.000.000+2.500.000), ապա կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի հաշվարկը,
2) եթե «ՄՀ-ՎԾ»-ն մեծ է 27.500.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 54.500.000 ՀՀ դրամից (50.000.000+4.500.000), ապա կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հաշվարկը,
3) եթե «ՄՀ-ՎԾ»-ն մեծ է 54.500.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 81.250.000 ՀՀ դրամից (75.000.000+6.250.000), ապա կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի հաշվարկը,
4) եթե «ՄՀ-ՎԾ»-ն մեծ է 81.250.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 107.750.000 ՀՀ դրամից (100.000.000+7.750.000), ապա կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի հաշվարկը,
5) եթե «ՄՀ-ՎԾ»-ն մեծ է 107.750.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 523.750.000 ՀՀ դրամից (500.000.000+23.750.000), ապա կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի հաշվարկը,
6) եթե «ՄՀ-ՎԾ»-ն մեծ է 523.750.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան, ապա կիրառվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետի հաշվարկը:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «բ-զ» կետերի դեպքում գործում է նույն սկզբունքը, ինչ նույն մասի «ա» կետի դեպքում, պարզապես ստացված միջոցներից հանվում են նաև օրենքով սահմանված վարձատրության հստակ չափերը (այն է՝ «բ» կետի դեպքում՝ 2.500.000 ՀՀ դրամը, «գ» կետի դեպքում՝ 4.500.000 ՀՀ դրամը և այլն):
Օրինակ, եթե «ՄՀ-ՎԾ»-ը հավասար է 28.000.000 ՀՀ դրամի, ապա կառավարչի վարձատրությունը հաշվելու համար նախ 28.000.000 ՀՀ դրամից պետք է հանել 2.500.000 ՀՀ դրամը: Ստացված 25.500.000 ՀՀ դրամը գերազանցում է 25.000.000 ՀՀ դրամը 500.000 ՀՀ դրամով: Հետևաբար կառավարչի վարձատրությունը պետք է հաշվվի հետևյալ կերպ.
Այսինքն՝ 500.000 ՀՀ դրամից պարտատերերին ուղղվող գումարի չափը կկազմի 462.963 ՀՀ դրամ, որից 8%-ը՝ 37.037 ՀՀ դրամը, կուղղվի կառավարչի վարձատրությանը: Հետևաբար՝ 28.000.000 ՀՀ դրամ գումարից պարտատերերին կուղղվի 25.462.963 ՀՀ դրամ (25.000.000+462.963), իսկ կառավարչին՝ 2.537.037 ՀՀ դրամ (2.500.000+37.037):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի հանդեպ Ընկերության ունեցած դրամական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքը վաճառվել է 34.580.866 ՀՀ դրամով: Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը Դատարան է ներկայացրել իր կողմից հաստատված հետևյալ բովանդակությամբ միջանկյալ բաշխման ծրագիրը`
Բանկ (ապահովված պահանջ) - 30.473.047 ՀՀ դրամ,
Կառավարչի վարձատրություն – 3.266.469 ՀՀ դրամ,
Վարչական ծախսեր – 441.350 ՀՀ դրամ,
Վարչական աշխատողի աշխատավարձ – 400.000, պահումներով` 302.400 ՀՀ դրամ:
Դատարանը, քննության առնելով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ Կոմիտեի բերած առարկությունը, 20.04.2017 թվականին որոշում է կայացրել միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին` պատճառաբանելով, որ կառավարչի վարձատրության չափի հաշվարկը կատարվել է «Սնակության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` բավարարվող չափի մեջ ներառելով նաև պարտատերերի պահանջների բավարարման չափի՝ օրենքով սահմանված համապատասխան տոկոսը` նկատի ունենալով նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պահանջը:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սնանկության գործով կառավարիչը` որպես չապահովված պարտատեր, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով ունի իր վարձատրության և իր կողմից կատարված վարչական ծախսերի առաջնահերթ բավարարման իրավունք, իսկ նշված գումարների չափը սահմանված է նույն օրենքի 30-րդ հոդվածով», Դատարանի 20.04.2017 թվականի որոշումը թողել է անփոփոխ:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վաճառված գույքը հանդիսացել է գրավի առարկա: Դրա իրացումից ստացված 34.580.866 ՀՀ դրամը բավարար չէ ապահովված պարտատեր Բանկի պահանջն ամբողջովին բավարարելու համար` հաշվի առնելով հաստատված պահանջների վերջնական ցուցակում նշված Բանկի պահանջի չափը: Նման պայմաններում միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվեր այնպես, որ այդ գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցներից արտահերթ պետք է վճարվեին վարչական ծախսերից միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, այնուհետև կառավարչի վարձատրությունը` դրա մեջ չներառելով գույքի իրացումից ծագած հարկային պարտավորությունների գումարը, և ապա Բանկի ապահովված պահանջը: Տվյալ դեպքում, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով տվյալ գույքի մասով միակ պարտատերը (ապահովված պարտատերը) Բանկն է, ուստի կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն պետք է կախվածության մեջ դրվեր միայն այն հանգամանքից, թե ինչ չափով է բավարարվում Բանկի պահանջը:
Դրա հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվեր այնպես, որ`
1) առաջին հերթին վճարման ենթակա լինեին գրավի առարկա գույքի պահմանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով մնացած վարչական ծախսերը դրանց մեջ ներառելը.
2) երկրորդ հերթին վճարման ենթակա լիներ կառավարչի վարձատրության գումարը` այն հանգամանքի հաշվառմամբ, թե ինչ չափով է բավարարվելու միակ պարտատեր Բանկի ապահովված պահանջը 1-ին կետում նշված գումարը վճարելուց հետո՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հաշվարկը,
3) երրորդ հերթին վճարման ենթակա լիներ Բանկի պահանջը:
Մինչդեռ գրավի առարկա գույքի իրացումից ստացված 34.580.866 ՀՀ դրամից`
1) 441.350 ՀՀ դրամը նշվել է որպես վարչական ծախս վճարման ենթակա գումար, որն իր մեջ, բացի օրենքով նախատեսված վարչական ծախսերից, ներառում է նաև այլ ծախսեր (հիմք` հատոր 1-ին, գ.թ. 15-ում առկա թիվ 2 հավելվածը).
2) 302.400 ՀՀ դրամը՝ որպես վարչական աշխատողի աշխատավարձ վճարման ենթակա գումար (հիմք` հատոր 1-ին, գ.թ. 16-ում առկա թիվ 3 հավելվածը)` առանց նշելու, թե որքանով են այդ վարչական աշխատողի ստանձնած աշխատանքային պարտականություններն առնչվում վճարման ենթակա միակ վարչական ծախս` գույքի պահպանման և փոխանցման հետ, ու ներկայացնելու ապացույցներ այդ պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ.
3) 3.266.469 ՀՀ դրամը որպես կառավարչի վարձատրություն վճարման ենթակա գումար (հիմք` հատոր 1-ին, գ.թ. 14-ում առկա թիվ 1բ հավելվածը)` անտեսելով այն, որ նշված գումարի չափը կազմում է պարտատիրոջ բավարարվելիք պահանջի շուրջ 10,7 տոկոսն այն դեպքում, երբ նման հաշվարկը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվարկին.
4) 30.473.047 ՀՀ դրամը որպես ապահովված պահանջատեր Բանկին վճարման ենթակա գումար (հիմք` հատոր 1-ին, գ.թ. 13-ում առկա թիվ 2 հավելվածը)` վերջինիս պակաս վճարելով նրան հասանելիք գումարից:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ Ընկերության սնակության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2017 թվականի որոշումը և գործը՝ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի սնակության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ռ. ՀակոբՅԱՆ Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան