Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.42
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.11.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
15.11.2017
Дата вступления в силу
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՎԴ2/0020/01/16

ԱՎԴ2/0020/01/16

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

Դատավորներ՝

 Մ. Պետրոսյան
   Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ` դատախազ

Հ. Ենոքյանի

     

2017 թվականի նոյեմբերի 15-ին                                                                                        ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Էմմա Գրիգորի Մոսեսի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ պաշտպան Հ.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի փետրվարի 14-ին և 2014 թվականի մարտի 10-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են թիվ 13115714 և թիվ 13127014 քրեական գործերն ու 2014 թվականի ապրիլի 8-ին միացվել մեկ վարույթում:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Է.Մոսեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 14-ի որոշմամբ Է.Մոսեսին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2016 թվականի մարտի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ`Առաջին ատյանի դատարան):

2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Է.Մոսեսին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռով Է.Մոսեսը ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքի կատարման մեջ ճանաչվել է անմեղ և արդարացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ապացույցների անբավարարության հիմքով:

Նույն դատական ակտով Է.Մոսեսը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Մեղադրող Հ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մայիսի 12-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է, և ամբաստանյալ Է.Մոսեսին թողնվել է կրելու դատավճռով նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը` առանց ՀՀ քրեական օրենսգրքի   70-րդ հոդվածի կիրառման: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի`2017 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Հ.Պետրոսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Է.Մոսեսին ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. « (…) [Նա] 2010 թվականի ապրիլի 09-ին Փարիզ-Երևան թիվ 102 չվերթով ժամանելով «Զվարթնոց» օդանավակայան, մաքսանենգությամբ` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով, ձեռքի պայուսակում, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար տեղափոխել է «Կոդեին»տեսակի թմրամիջոց և «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահատեր, որոնցից որոշակի քանակությամբ օգտագործել է, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բնակության վայրում 2014 թվականի փետրվարի 13-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերով` ընդհանուր` 3,75 գրամ քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող 93 հատ, յուրաքանչյուրը 0,7 գրամ քաշով և 32 հատ, յուրաքանչյուրը 3,26 գրամ քաշով գործարանային արտադրության «Դաֆալգան»տեսակի և ընդհանուր 0,75 գրամ քաշով «Տրամադոլ»տեսակի հոգեմետ նյութ պարունակող` 20 հատ, յուրաքանչյուրը 0,45 գրամ քաշով, գործարանային արտադրության դեղահատերը (…)» (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 99-100):

6. Առաջին ատյանի դատարանը Է.Մոսեսին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և, անդրադառնալով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, փաստել է. «(...) Ամբաստանյալ Էմմա Մոսեսն առաջին անգամ կատարել է միջին ծանրության դիտավորյալ հանցանք, 65 տարեկան կին է, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ֆիզիկապես վատառողջ է,

- երկու անգամ տարել է իշեմիկ ինսուլտ, տառապում է հեմիպարեզով և մասնակի սենսոմոտոաֆազիայով, առկա են կայուն մնացորդային երևույթներ իշեմիկ ինսուլտից հետո, երկկողմանի պիրամիդալ անբավարարություն, գլխուղեղի շրջանառության խրոնիկ խանգարում` հաճախակի իշեմիկ գրոհներով, զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի, կրիզային ընթացքով, իշեմիկ դրսևորումներով, կարդիոսկլերոզ, շողացող առիթմիա, ստենոկարդիայի նոպաներով, շաքարային դիաբետ 2-րդ տիպ, հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա 2-րդ աստիճան հիվանդություններով (...)

- երկրորդ խմբի հաշմանդամ է (...)

- նրա խնամքի տակ է գտնվում ֆիզիկապես վատառողջ, կենսաթոշակառու և երկրորդ խմբի հաշմանդամ ամուսինը` 1938 թվականին ծնված Էրիխ Մոսեսը (...):

Որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք [Առաջին ատյանի] դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համարում է ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը և անկեղծորեն զղջալը:

(...)

Պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...)

Քննության առնելով ազատազրկման ձևով նշանակվող պատիժը ամբաստանյալ Էմմա Մոսեսի կողմից կրելու նպատակահարմարության մասին հարցը, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Ամբաստանյալ էմմա Մոսեսի կողմից առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերված «Դաֆալգան» և «Զալդիար» տեսակի գործարանային արտադրության դեղահատերից առաջինն իր մեջ պարունակել է խոշոր չափերի` ընդհանուրը` 3,75 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց, երկրորդը` խոշոր չափերի` ընդհանուրը 0,75 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ, որոնք համեմատելով ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 1 հավելվածում նշված, «կոդեին» տեսակի թմրամիջոցի համար սահմանված խոշոր չափի /0,2-10,0 գրամ/, և «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութի համար սահմանված խոշոր չափի /0.5-5.0 գրամ/ հետ` ակնհայտ է դառնում, որ հայտնաբերվածներից յուրաքանչյուրի քաշը առավել մոտ է թիվ 1 հավելվածով հիշյալ թմրամիջոցի և հոգեմետ նյութի համար սահմանված խոշոր չափի նվազագույնի սահմանին:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Էմմա Մոսեսը տառապել է բազմաթիվ հիվանդություններով, որոնցով էլ պայմանավորված ձեռք են բերվել այդ դեղահատերը` գործածման նպատակով, հետևաբար, վկայակոչված հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության մեջ էականորեն նվազեցնում են արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Հաշվի առնելով ամբաստանյալ Էմմա Մոսեսի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա խնամքին հիվանդ, զառամյալ և կենսաթոշակառու ամուսնու առկայությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, դատարանն օբյեկտիվ տվյալների վերլուծության հիման վրա հանգում է այն հետևության, որ ֆիզիկապես վատառողջ և անժամկետ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, 65-ամյա Է.Մոսեսի ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը ռեալ կրելու, քանի որ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով է հնարավոր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...)» (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 131-132, 134):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով Էմմա Մոսեսի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, վերջինիս անձը բնութագրող տվյաները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև գործի փաստական հանգամանքները, վերաքննիչ բողոքում բերված փաստարկները` իրենց համակցությամբ, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին, այն է` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

Այս հանգամանքները բազմակողմանի գնահատման չեն ենթարկվել [Առաջին ատյանի] [դ]ատարանի կողմից դատավճիռ կայացնելիս, ինչը հիմք է այն բեկանելու և մեղադրողի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու համար (...)» (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 76):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և հանգեցրել են օրենքի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել ամբաստանյալի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները հաստատող ապացույցները բարեխիղճ գնահատելու իր պարտականությունը, անտեսել է նշված ապացույցներին Առաջին ատյանի դատարանի կողմից տրված գնահատականները` կայացնելով անհիմն դատական ակտ: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, Է.Մոսեսի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս, բարեխղճորեն գնահատել է նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև հաշվի է առել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

8.1. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից  ձևավորված կայուն իրավական դիրքորոշումները:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել, 65 տարեկան կին է, բնութագրվում է դրական, ֆիզիկապես վատառողջ է` երկու անգամ տարել է իշեմիկ ինսուլտ, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, երկրորդ խմբի հաշմանդամ է, նրա խնամքի տակ է գտնվում ֆիզիկապես վատառողջ կենսաթոշակառու և երկրորդ խմբի հաշմանդամ ամուսինը, ինչպես նաև բացակայում են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակի` Է.Մոսեսի նկատմամբ նշանակված մեկ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելու մասով, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Է.Մոսեսի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե´ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե´ս Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները):

12. Անդրադառնալով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցավորի անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու կարևորությանը` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն): Մասնավորապես Վճռաբեկ դատարանը փաստել է հանցավորի ընտանեկան դրությունը, վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա նշանակված պատժի ազդեցությունը, նրա խնամքին այլ անձանց առկայությունը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղն ու դիրքը, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագիրը և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները գնահատման ենթարկելու անհրաժեշտությունը (տե´ս Հ.Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Ն.Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Ս.Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Ս.Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Ջ.Շիրվանյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումները):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, Է.Մոսեսի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, որպես նրա անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ  նա առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրական, 65 տարեկան կին է, նախկինում դատված չի եղել, ֆիզիկապես վատառողջ է, երկու անգամ տարել է իշեմիկ ինսուլտ, տառապում է հեմիպարեզով և մասնակի սենսոմոտոաֆազիայով, առկա են կայուն մնացորդային երևույթներ իշեմիկ ինսուլտից հետո, երկկողմանի պիրամիդալ անբավարարություն, գլխուղեղի շրջանառության խրոնիկ խանգարում` հաճախակի իշեմիկ գրոհներով, զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի, կրիզային ընթացքով, իշեմիկ դրսևորումներով, կարդիոսկլերոզ, շողացող առիթմիա, ստենոկարդիայի նոպաներով, շաքարային դիաբետ 2-րդ տիպ, հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա 2-րդ աստիճան հիվանդություններով, ինչով էլ պայմանավորված ձեռք է բերել դեղահատերը` գործածման նպատակով, նրա խնամքին է գտնվում ֆիզիկապես վատառողջ, երկրորդ խմբի հաշմանդամ, 1938 թվականին ծնված կենսաթոշակառու ամուսինը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ ֆիզիկապես վատառողջ և անժամկետ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, 65-ամյա Է.Մոսեսի ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ Է.Մոսեսի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, վերջինիս անձը բնութագրող տվյալների, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների, գործի փաստական հանգամանքների և վերաքննիչ բողոքում բերված փաստարկների հաշվառմամբ հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 11-12-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը« վերացնելով Է.Մոսեսի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատշաճ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես Վերաքննիչ դատարանը թեպետ արձանագրել է, որ ստորադաս դատարանը բազմակողմանի գնահատման չի ենթարկել հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյաները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև գործի փաստական հանգամանքները, այնուամենայնիվ որևէ կերպ չի պատճառաբանել, թե գործի կոնկրետ որ հանգամանքներն Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ վերլուծության չեն ենթարկվել, որոնց հիման վրա կարելի էր եզրահանգել, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել պատժի նպատակներին:

15. Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Է.Մոսեսի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ ստուգման և գնահատման է ենթարկել հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Այսպես` Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալը 65 տարեկան կին է, ֆիզիկապես վատառողջ, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, ինչի պատճառով էլ ձեռք է բերել դեղահատերը, խնամքին է գտնվում վատառողջ, 2-րդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառու ամուսինը, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարված արարքի համար, բնութագրվում է դրական:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և վկայում այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Մոսեսի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Է.Մոսեսի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն`թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էմմա Գրիգորի Մոսեսի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան