«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 274-Ն
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, «Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ», «Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ», «Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր» կոչումների շնորհման նպատակով բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը։
2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով)։
3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական և (կամ) բնաիրային) չափը և կամավորների կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար։
4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն անհատ բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափը և (կամ) կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության կամ կատարած աշխատանքների հանրագումարի ձևով։
5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը հանձնաժողով են ներկայացնում անհատ բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և (կամ) բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներին կամավորների մասնակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի՝
ա) անհատ բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, դրամական աջակցության չափը և (կամ) բնաիրային աջակցության դրամական արժեքն ու բարեգործական ծրագրի անվանումը.
բ) կամավորի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան (անհատական ծածկագիրը), բարեգործական ծրագրի անվանումը, կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը, ժամկետը և վայրը։
Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունն ստորագրվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կնիքով։
(5-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)
6. Արտակարգ իրավիճակներում կամավորների կատարած աշխատանքի մեկ ժամը հաշվարկվում է եռակի։
7. Հանձնաժողովն ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում։
8. Հանձնաժողովը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը։
9. Հանձնաժողովը «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին միջնորդություն ներկայացնելու համար։
(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |