Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.43
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.11.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
15.11.2017
Дата вступления в силу
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ1/0006/11/16

ԱՐԴ1/0006/11/16
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչ

Գ. Գրիգորյանի

2017 թվականի նոյեմբերի 15-ին                                                                                 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոք,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Հետաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Սամվել Գրիգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` Ռուբեն Տոնականյանի գործողություններում հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Արմավիրի մարզի դատախազի` 2014 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ հետաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ բերված Ս.Գրիգյանի բողոքը մերժվել է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Ս.Գրիգյանի բողոքը բավարարվել է, իսկ վիճարկվող որոշումը` վերացվել, և Արմավիրի մարզի դատախազի` 2015 թվականի մարտի 20-ի որոշմամբ հարուցվել է թիվ 57200315 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Արսեն Գրիգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 57120715 քրեական գործը և միացվել թիվ 57200315 քրեական գործին:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Գոհար Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 57120715 քրեական գործը և միացվել թիվ 57200315 քրեական գործին:

1.1. 2016 թվականի փետրվարի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Գոհար Խաչատրյանի հաղորդման դրվագով Ռ.Տոնականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, Գոհար Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, Ռ.Տոնականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սկսված քրեական հետապնդումը դադարեցնել, որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել և քրեական գործով վարույթը կարճել` հանցակազմի բացակայության հիմքով, Ռ.Տոնականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության հիմքով:

Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 17-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ բերված բողոքն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է:

Նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշման դեմ 2016 թվականի ապրիլի 14-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմում-բողոքներ են ներկայացրել Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանը, Արսեն Գրիգյանի ներկայացուցիչ Կ.Ղոնյանը և Սամվել Գրիգյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանը:

2. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ բողոքները բավարարվել են, իսկ նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 20-ի և Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 17-ի որոշումները` վերացվել:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, ինչը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը, վերացնելով նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 20-ի և Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 17-ի որոշումները, իր կողմից կայացված դատական ակտի շրջանակներում փաստել է. «(...) Նախաքննության մարմնի կողմից քրեական գործի նախաքննությունն իրականացվել է մի շարք խախտումներով, որոնք հիմք են վիճահարույց որոշումները վերացնելու համար:

Նախաքննության մարմնի կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 25 հոդվածի 2-րդ կետի, 125, 126, 127 հոդվածների և այլ նորմերի պահանջները:

Բողոքաբեր Սամվել Գրիգյանի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի, Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանի և Արսեն Գրիգյանի ներկայացուցիչ Կարեն Ղոնյանի կողմից ներկայացված դիմում-բողոքների քննությամբ ակնհայտ է անձանց` Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Քրեական գործով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն չի կատարվել, այդպիսին կատարվել է խիստ թերի, մակերեսային, և կրում է ձևական բնույթ:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ, անհրաժեշտ է կատարել նախաքննություն, քննչական և դատավարական այլ գործողություններ, և նոր միայն, հանգել հետևությունների: Նման պայմաններում, նախաքննության մարմինն ունի պարտականություն` վերացնելու Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքների և ազատությունների խախտումը, կատարել պատշաճ քննություն` հիմնավորելու, և կամ բացառելու անձի և կամ անձանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը, կամ բացակայությունը (...)» (տես նյութեր, հատոր 3, թերթեր 122-123):

6. Անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է. « (...) [Բ]ազմակողմանի ուսունասիրության ենթարկելով նախաքննության մարմնի և Դատարանի որոշումները, ինչպես նաև գործում առկա մնացած նյութերը, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ նախաքննության մարմինը չի կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, արդյունքում կայացրել է որոշում, որով խախտվում են Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքներն ու ազատությունները, և միայն այդ խախտումները վերացնելուց հետո հնարավոր կլինի հանգել ճիշտ հետևության:

(…) Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, հանգում է այն հետևության, որ Դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս Դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային Դատարանի որոշումը բեկանելու համար (տե´ս նյութեր, հատոր 4, թերթեր 59-60):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` քրեադատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված դատական ակտ` Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորվածությունը փորձելով պատճառաբանել բացառապես ընդհանուր բնույթի ձևակերպումներով այն մասին, որ «նախաքննության մարմինը չի կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն»:

Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը եկել է ակնհայտ անհիմն եզրահանգման այն մասին, որ վերացնելով քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը` Առաջին ատյանի դատարանը կատարել է իրավաչափ գործողություն: Ըստ բողոքաբերի` քննելով քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը և գտնելով, որ կայացվել է անհիմն որոշում` դատարանն իրավասու է կայացնելու ոչ թե այդ որոշումը վերացնելու, այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի պարտականությունը սահմանելու մասին դատական ակտ: Բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումն ուղղակիորեն հակասում է նաև Լաուրա Զարյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0081/11/09 գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշմանը:

7.1. Վերոնշյալի հետ մեկտեղ բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը, Ռ.Տոնականյանի կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու մասին եզրահանգման գալով, խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը և դուրս եկել մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներից և խնդիրներից: Սույն հանգամանքը բողոքաբերի կողմից հիմնավորվել է նրանով, որ Առաջին ատյանի դատարանը իր որոշման շրջանակներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի, Գ.Խաչատրյանի և քրեական գործով անցնող բոլոր վկաների ցուցմունքներով հիմնավորվում է Ռ.Տոնականյանի կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու հանգամանքը: Վերջինս խաբեությամբ տուժողների վստահությունը չարաշահելու եղանակով, նրանց սեփականությունը  հանդիսացող բնակելի տներն անվանափոխել է իր և իր կնոջ անվամբ: Ս.Գրիգյանից և Ա.Գրիգյանից փոխառությամբ տրված գումարի դիմաց տոկոսներ է ստացել, ընդ որում, Ս.Գրիգյանից ստացել է և´ մայր գումարը, և´ տոկոսները, իսկ վերջինիս պատկանող տարածքը` հրաժարվում է անվանափոխել վերջինիս անվամբ»:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 26-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշումներն ու գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված են արդյոք դիմողներ Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանի, Արսեն Գրիգյանի ներկայացուցիչ Կ.Ղոնյանի և Սամվել Գրիգյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի բողոքները բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն ու չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները: Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին (տե´ս Ն.Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը, Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը):

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե´ս, mutatis mutandis, Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի պատճառաբանման պահանջը պետք է դիտարկել հիմնավորվածության համատեքստում` որպես դրա բաղկացուցիչ և կենսական մաս: Այս առումով դատական ակտի պատճառաբանության նշանակությունը նրանում է, որ այն այդ ակտերի հիմնավորվածության երաշխիքը և արտաքին արտահայտման ձևն է: Այլ կերպ` դատական ակտերի պատճառաբանման պահանջը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմնավորվածության հատկության բաղադրատարր է, հետևապես չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված դատական ակտն ինքնին չի կարող համարվել հիմնավորված (տե´ս Մարտուն Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշման 13-րդ կետը):

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` uույն oրենրքով նախատեuված որոշումների և գործողությունների oրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կաuկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մաuնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և oրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել (...) քրեական գործը (...) կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(...)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ պարտականությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:

Հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման, Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված` Ներսես Միսակյանի գործով թիվ ԱՐԴ1/0003/11/08, Լաուրա Զարյանի գործով թիվ ԵԿԴ/0081/11/09 դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա` Վճռաբեկ դատարանը վերը մեջբերված նորմերի առնչությամբ Փնջիկ Թերոյանի և Մարտուն Հակոբյանի գործերով որոշումների շրջանակներում վերահաստատել է իր նախադեպային իրավունքում ձևավորած հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Ք]րեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի խախտված իրավունքների վերականգնման ձևի առումով կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի` անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կարգավորումը» (տե´ս Մարտուն Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշման 20-րդ կետը և Փնջիկ Թերոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշման 15-րդ կետը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողներ Գ.Խաչատրյանի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանի, Ա.Գրիգյանի ներկայացուցիչ Կ.Ղոնյանի և Ս.Գրիգյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի կողմից Առաջին ատյանի դատարան են բողոքարկվել նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 20-ի և Արմավիրի մարզի դատախազի` 2016 թվականի մարտի 17-ի որոշումները: Առաջին ատյանի դատարանը, քննարկելով բողոքը, արդյունքում այն բավարարել է, իսկ վիճարկվող որոշումները` վերացրել: Վերջինս իր դատական ակտը հիմնավորել է նրանով, որ բողոքների քննությամբ ակնհայտ է անձանց` Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Բացի այդ, նշվել է, որ քրեական գործով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն չի կատարվել, այն կատարվել է խիստ թերի, մակերեսային և կրում է ձևական բնույթ  (տե´ս սույն որոշման 1.1.-2-րդ և 5-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով գտել է, որ նախաքննության մարմինը չի կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, իսկ արդյունքում կայացրել է որոշում, որով խախտվում են Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքներն ու ազատությունները, և միայն այդ խախտումները վերացնելուց հետո հնարավոր կլինի հանգել ճիշտ հետևության: Ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային վիճարկվող որոշումը բեկանելու համար (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունները, որ բողոքների քննությամբ ակնհայտ է անձանց` Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքների և ազատությունների խախտումը և այն, որ քրեական գործով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն չի կատարվել, այն կատարվել է խիստ թերի, մակերեսային և կրում է ձևական բնույթ (տե´ս սույն որոշման 5-րդ կետը), իրենց բնույթով ընդհանրական, վերացական են, դրանք չեն կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ պատճառաբանություն:

Նույնը վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, ըստ որի` Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կերպով գտել է, որ նախաքննության մարմինը չի կատարել օբյեկտիվ« լրիվ և բազմակողմանի քննություն, արդյունքում կայացրել է որոշում, որով խախտվում են Ս.Գրիգյանի, Ա.Գրիգյանի և Գ.Խաչատրյանի իրավունքներն ու ազատությունները (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերի ոչ պատշաճ պատճառաբանված լինելը հանգեցրել է այդ որոշումների` քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` հիմնավորվածության հատկության չեզոքացմանը:

14.1. Միևնույն ժամանակ, սույն որոշման 12-րդ կետում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու շրջանակներում ոչ իրավաչափորեն որոշում է կայացրել նախաքննական մարմնի ու նաև դատախազի որոշումները վերացնելու, այլ ոչ թե անձի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելու մասին (տե´ս սույն որոշման 1.1.-2-րդ, 5-րդ կետերը):

15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողներ Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանի, Արսեն Գրիգյանի ներկայացուցիչ Կ.Ղոնյանի և Սամվել Գրիգյանի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի բողոքները բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները օրինական և հիմնավորված չեն:

16. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 7.1-րդ կետում բարձրացրած փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է և չի բխում սույն գործի փաստական տվյալներից: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ.Տոնականյանի կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու վերաբերյալ դատական ակտում տեղ գտած և բողոքաբերի կողմից մատնանշված ձևակերպումները բառացիորեն մեջբերվել են դատարան ներկայացված բողոքից` իբրև բողոք բերած անձի փաստարկներ: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը համապատասխան ձևակերպումները գործածել է ոչ թե իր անունից, այլ պարզապես կայացված դատական ակտում մեջբերում է կատարել դատարան ներկայացված բողոքից (տե´ս նյութեր, հատոր 3, թերթեր 6, 13, 20, 117-123):

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ` դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորապես` խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, ինչպես նաև 358-րդ հոդվածների պահանջները: Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 26-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան