ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 863-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցմատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» N 673-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի վերնագիրը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով.
2) կարգի 1-ին կետում «հաշվառման գրանցամատյանի» բառերը փոխարինել «հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան)» բառերով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով.
«2.1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում գրանցվելու նպատակով լիազոր մարմինը դիմում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:
2.2. Լիազոր մարմինը կարգի 2.1-ին կետով նախատեսված դիմումի մեջ նշում է այն անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը և զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից տրամադրված ծանուցման ենթակա գործունեության գրանցումը գրանցամատյանում: Լիազոր մարմնին գրանցամատյան մուտք գործելու հնարավորություն տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:
2.3. Սույն կարգի 2.2-րդ կետով նշված անձը մուտք է գործում գրանցամատյան անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ:».
4) կարգի 2-րդ կետում «հաշվառման գրանցամատյանները» բառերը փոխարինել «հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններ (այսուհետ՝ գրանցամատյան)» բառերով.
5) կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիազոր մարմինը վարում է գրանցամատյանն էլեկտրոնային եղանակով:».
6) կարգի 5-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. օգոստոսի 8 Երևան
վարչապետՆ. Փաշինյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|