ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2018 թվականի N 688-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-320-16.05.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-320-16.05.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 19 Երևան |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-320-16.05.2018-ՏՀ-011/0)վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունԸ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված այն փոփոխությունները և լրացումները, որոնք վերաբերում են 2018 թվականի հուլիսի 1-ից և 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ հանրային սննդի հարկման համակարգի փոփոխություններին: Մասնավորապես, առաջարկվում է պահպանել հանրային սննդի՝ արտոնագրային հարկով հարկման ներկայումս գործող համակարգը և հանրային սննդի գործունությունը չտեղափոխել շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Ընդ որում, առաջարկը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործող հարկման համակարգն ապահովում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայր, մինչդեռ շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու արդյունքում էապես ավելանալու է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները:
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հարկումն արտոնագրային հարկով հարկման համակարգից հարկման ընդհանուր (շրջանառության հարկով կամ ԱԱՀ-ով) համակարգ տեղափոխելու մոտեցումը բխել է հարկման այլընտրանքային համակարգերի ընդգրկման շրջանակը հնարավորինս կրճատելու ընդհանուր քաղաքականությունից: Այդ նպատակով, դեռևս 2013 թվականից սահմանվեց, որ 600 քառ. մետր սպասարկման սրահի մակերեսը գերազանցող հանրային սննդի օբյեկտների հարկումն իրականացվում է հարկման ընդհանուր համակարգում, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ամրագրվեց, որ 2018 թվականի հունվարի 1-ից 100 քառ. մետր սպասարկման սրահի մակերեսը գերազանցող հանրային սննդի օբյեկտների գործունեությունը հարկվում է հարկման ընդհանուր համակարգում:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունումից հետո, սակայն, բազմաթիվ հարկ վճարողների կողմից ներկայացված բողոքների հիման վրա 2017 թվականի ընթացքում իրականացվեցին բազմաթիվ քննարկումներ և հաշվարկներ՝ հանրային սննդի ոլորտի հարկման համակարգի հնարավոր վերանայումների տարբերակները բացահայտելու համար:
Ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին հետևյալ խնդիրները՝
1) հանրային սննդի ոլորտը գործում է շահութաբերության բավական բարձր մակարդակով, հետևաբար սպասարկման սրահի մակերեսի մեծության հիման վրա այդ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումն արդարացված հարկման մոտեցում համարվել չի կարող՝ հաշվի առնելով ոչ միայն պետական բյուջեի եկամուտների անհրաժեշտ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը, այլ նաև այն, որ այդ պայմաններում սպասարկման սրահի միևնույն մակերես ունեցող, սակայն իրացման ծավալների տարբեր մակարդակ ունեցող տնտեսվարող սուբյեկտները կրում են միևնույն հարկային բեռը
2) ոլորտի հարկման համակարգի առանձնահատկությունից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտները շահագրգռված չեն եղել հայտարարագրելու իրենց իրական իրացման շրջանառության և ձեռքբերումների ծավալները, քանի որ վերջիններիս հարկային պարտավորությունները ընդհանրապես կապված չեն եղել նշյալ ցուցանիշներից.
3) լինելով մի շարք ապրանքատեսակների վերջնական սպառում կազմակերպող օղակ՝ հանրային սննդի ոլորտում իրացման շրջանառությունների և կատարվող ձեռքբերումների փաստաթղթավորման օրենսդրական պահանջի ըստ էության բացակայությունը հանգեցրել է նրան, որ ոչ միայն հնարավոր չէ ճշգրիտ հաշվառել ոլորտի իրացման շրջանառության ծավալները և կատարվող ձեռքբերումները, այլ նաև այդ ամենի հետևանքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մատակարարների մոտ ստեղծվում են ստվերային շրջանառություններ ձևավորելու ռիսկեր:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ որոշում է կայացվել հանրային սննդի ոլորտի հարկման համակարգն ամբողջությամբ տեղափոխել իրացման շրջանառությունների և կատարվող ձեռքբերումների հիման վրա հարկային պարտավորությունների հաշվարկման հարկման համակարգ: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարված ուսումնասիրությունները և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ կազմակերպված քննարկումները ցույց էին տալիս, որ հանրային սննդի ոլորտի հարկումը հարկման ընդհանուր համակարգ կտրուկ տեղափոխելու և այդ համակարգին հատուկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ամրագրված ընդհանուր կարգավորումները (օրինակ՝ շրջանառության հարկի շեմը գերազանցելու արդյունքում ԱԱՀ վճարող համարվելը) կիրառելու արդյունքում կարող է տեղի ունենալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի կտրուկ աճ՝ որոշում է կայացվել ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ շրջանառության հարկ վճարող համարվել առանց սահմանափակումների: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում բազմաթիվ են գործունեություն իրականացնող այն հարկ վճարողները, որոնք գործունեություն իրականացնելու համար օգտագործում են ներմուծված ապրանքներ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նշյալ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրենց կողմից ներկայացված հայտարարության հիման վրա համարվելու ԱԱՀ վճարողներ` սահմանին վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքից օգտվելու համար:
Ինչ վերաբերում է հանրային սննդի ոլորտի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված արտոնագրային հարկի դրույքաչափերին, ապա այդ կապակցությամբ ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ոլորտի համար նախատեսված շրջանառության հարկի դրույքաչափերը սահմանվել են՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների (մասնավորապես կատարվող ձեռքբերումների փաստաթղթավորման խնդրի) կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ կազմակերպված քննարկումների ընթացքում վերջիններիս կողմից ներկայացված տեղեկությունները: Մասնավորապես, մեր կողմից կատարված հաշվարկները ցույց են տվել, որ կախված ոլորտում իրականացվող գործունեության առանձնահատկություններից՝ արտոնագրային հարկի (վճարի) գծով հարկային բեռը ոլորտի համար կազմում է միջինում 5-10 տոկոս՝ իրացման շրջանառության նկատմամբ:
Հետևաբար, կարծում ենք, որ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ավելացման՝ նախագծի հիմնավորմամբ ներկայացված պնդումները լրացուցիչ քննարկման և հիմնավորման անհրաժեշտություն ունեն:
Բացի դրանից, նշենք նաև, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացված՝ իրացման ծավալների, կատարվող ձեռքբերումների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա կատարված հաշվարկները նույնպես ցույց են տալիս, որ ոլորտում հարկային բեռի ավելացման վերաբերյալ պնդումները հիմնավորման կարիք ունեն: Մասնավորապես, Երևան քաղաքում և մարզկենտրոններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկությունների հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ՝
1) Երևան քաղաքում գործում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող 1582 տնտեսվարող սուբյեկտ, իսկ մարզկենտրոններում՝ 309: Նշյալ տնտեսվարող սուբյեկտների միջին հարկային բեռն արտոնագրային վճարի (հարկի) պայմաններում Երևան քաղաքում կազմում է 29,5 տոկոս, իսկ մարզկենտրոններում՝ շուրջ 39 տոկոս՝ վերջիններիս կողմից հայտարարագրված իրացման շրջանառությունների նկատմամբ: 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերի և տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված ձեռքբերումների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ շրջանառության հարկի միջին բեռը Երևան քաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար կազմելու է միջինում 6 տոկոս, իսկ մարզկենտրոններում՝ 5 տոկոս և դա այն դեպքում, երբ կատարված հաշվարկներին չեն մասնակցել տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատողներին ուղղվող աշխատավարձի գումարները, մինչդեռ դրանք օրենսդրության համաձայն շրջանառության հարկի հաշվարկման համար նույնպես համարվում են ծախսեր:
Ավելին, վերոնշյալ տեղեկությունների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ՝
ա. Երևան քաղաքում գործունեություն իրականացնող վերոնշյալ 1582 տնտեսվարող սուբյեկտներից 684-ի (43.2%) հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում նվազելու է, իսկ 258-ի (16.3%) հարկային բեռն աճելու է: Ընդ որում, հարկային բեռի առավելագույն աճը կազմում է 7.4 տոկոս, այն էլ ընդամենը մեկ հարկ վճարողի մոտ: Մնացած հարկ վճարողների կողմից ներկայացված տեղեկությունների ոչ ամբողջական լինելու պատճառով վերջիններիս վերաբերյալ ուսումնասիրություններ հնարավոր չի եղել իրականացնել,
բ. մարզկենտրոններում գործունեություն իրականացնող վերոնշյալ 309 տնտեսվարող սուբյեկտներից 217-ի (70.2%) հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում նվազելու է, իսկ 43-ի (13.9%) հարկային բեռը աճելու է: Ընդ որում, հարկային բեռի առավելագույն աճը կազմում է 6 տոկոս, այն էլ ընդամենը մեկ հարկ վճարողի մոտ: Մնացած հարկ վճարողների կողմից ներկայացված տեղեկությունների ոչ ամբողջական լինելու պատճառով վերջիններիս վերաբերյալ ուսումնասիրություններ հնարավոր չի եղել իրականացնել:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկա փուլում կառավարությունն իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով, գտնում ենք, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:
Հաշվի առնելով վերը նշյալը՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ներկա փուլում ձեռնպահ մնալ առաջարկվող օրենսդրական փոփոխության կատարումից և խնդրո առարկա հարցի քննարկմանն անդրադառնալ վերոնշյալ վերլուծություններն ավարտվելուց և արդյունքները ամփոփելուց հետո՝ կառավարության կողմից ընդհանուր հարկային համակարգի վերանայմանն ուղղված առաջարկությունների քննարկման համատեքստում:
Միաժամանակ հայտնում ենք, որ հանրային սննդի ոլորտի հարկման համակարգի փոփոխության արդյունքում առաջացել են խմբագրական բնույթի որոշակի օրենսդրական խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով կառավարությունը նախատեսում է մինչև հուլիսի 1-ը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: