Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1415
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.16/40(1398) Հոդ.656
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
04.05.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
04.05.2018
Дата вступления в силу
04.05.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

4 մայիսի 2018 թ.

  

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

  

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

   

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ին` Վիեննայում:

   

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

ա) աջակցել երկու երկրների արվեստի և մշակույթի ճանաչմանը փոխադարձ այցելությունների և մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով,

բ) նպաստել պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի և տեսալսողական ռեսուրսների փոխանակմանը, երկու երկրների գրադարանների միջև ուղիղ համագործակցությանը,

գ) զարգացնել համագործակցությունը երաժշտության բնագավառում, կատարողական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում,

դ) նպաստել հայկական և մալթայական շահագրգիռ հաստատությունների և կառույցների միջև ուղիղ համագործակցությանը հնագիտության, թանգարանային կառավարման և հուշարձանների կոնսերվացման (ամրակայման), պաշտպանության և պահպանության ոլորտներում,

ե) կինոարվեստի ոլորտում աջակցել արվեստագետների և փորձագետների մասնակցությանը երկու պետություններում կազմակերպվող միջազգային կինոփառատոներին, ֆիլմերի ցուցադրություններին և մշակութային կինոմիջոցառումներին՝ միջոցառումների կազմակերպման կանոնների համաձայն, ինչպես նաև՝ մասնագիտացված հաստատությունների, դպրոցների, ասոցիացիաների և կինոպահոցների միջև ուղիղ համագործակցությանը,

զ) ապահովել մտավոր սեփականության իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը՝ իրենց պետությունների օրենսդրության և միջազգային այն պայմանագրերի դրույթների համաձայն, որոնց կողմ են հանդիսանում երկու պետությունները,

է) աջակցել արվեստի և մշակույթի բնագավառների դասախոսների, մասնագետների, գիտնականների և փորձագետների փոխանակմանը:

  

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են նպաստելու երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդելու համագործակցությունը մշակույթի բնագավառում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

  

1. 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

  

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

   

Նախագահող

Հ. Թովմասյան

    

4 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1415