Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.19
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.08.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
30.08.2017
Дата вступления в силу
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՏԴ/0012/11/15

ՏԴ/0012/11/15

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

ա. պողոսՅԱՆԻ

   

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

 

2017 թվականի օգոստոսի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2015 թվականի մարտի 23-ին Սասուն Սամվելի Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 38102215 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ Հերմինե Գալստյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, կարճվել է։

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ս.Ավետիսյանի բողոքը Տավուշի մարզի դատախազի` 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ մերժվել է։

2. 2015 թվականի դեկտեմբերի 25-ին դիմող Ս.Ավետիսյանը բողոք է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ թույլ տրված իր իրավունքների խախտումները։

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ դիմող Ս.Ավետիսյանի բողոքը մերժվել է` բողոքարկման արտադատարանական ընթացակարգը չպահպանելու պատճառաբանությամբ։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության։

4. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ Ս.Ավետիսյանի բողոքը ճանաչվել է հիմնավոր և որոշվել է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել թիվ 38102215 քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ բողոքաբեր Ս.Ավետիսյանի իրավունքների խախտումը։

4.1. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հունվարի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

5. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Թիվ 38102215 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ դիմող Ս.Ավետիսյանի բողոքը Տավուշի մարզի դատախազի որոշմամբ մերժվել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Սասուն Ավետիսյանը ճանաչվել է որպես տուժող և ցուցմունք է տվել այն մասին, որ ավտոմեքենա վաճառելու առիթով ծանոթացել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակչուհի Հերմինե Գալստյանի հետ։ Ծանոթանալուց հետո վերջինս իրեն ներկայացրել է փաստաթղթեր և հայտնել, որ հանգուցյալ ամուսնու կողմից նշված բանկում ժառանգություն ունի թողնված` մոտ 6.800.000 ֆունտ ստեռլինգ գումարի չափով։ 2012թ. Հերմինե Գալստյանը Երևան քաղաքի Մասիվ թաղամասում հողամաս գնելու նպատակով իրենից 3000 ԱՄՆ դոլար է խնդրել և 2012թ. հոկտեմբերի 5-ին ինքը «ԱԿԲԱ» բանկի Իջևանի մասնաճյուղից Հերմինե Գալստյանի անվամբ 2300 եվրո է փոխանցել, որը վերջինս ստացել է «ԱԿԲԱ» բանկի Երևանի գլխամասից։ Դրանից հետո, նույն ամսին Դուբայ մեկնելու համար 3000 ԱՄՆ դոլար է փոխանցել «ԱԿԲԱ» բանկում Հերմինե Գալստյանի անվամբ բացված հաշվեհամարին։ Բացի այդ, 2013թ. մայիս ամսին Հերմինե Գալստյանն անձնական հարցեր կարգավորելու համար իրենից 500.000 ՀՀ դրամ է խնդրել։ Սասուն Ավետիսյանն իր ցուցմունքներում նաև նշել է, որ Հերմինե Գալստյանի հետ հանդիպումների և խոսակցությունների ընթացքում քննարկվել է նաև համատեղ բիզնես հիմնադրելու կամ իր գումարներն արդեն իսկ գոյություն ունեցող բիզնեսներում ներդնելու հարցերը։

Հերմինե Գալստյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2008թ. էլեկտրոնային կայքով հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ինքը Անգլիայում շուրջ 9.000.000 ԱՄՆ դոլար ժառանգություն ունի և այն ստանալու համար պետք է որոշակի գումարներ վճարի։ Իրավաբանական օգնություն ստանալու համար ինքն անծանոթ անձանց մոտ 40.000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 2012թ. մեքենա գնելու առիթով ծանոթացել է Սասուն Ավետիսյանի հետ, ով բանկային համակարգում է աշխատել և ժամանակի ընթացքում մտերիմ, ընկերական փոխհարաբերություններ են ստեղծվել։ Ինքը Սասունին պատմել է Անգլիայում իր ժառանգություն ունենալու մասին ստացած տեղեկությունների մասին, վերջինս այդ հարցում օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Բիզնես ստեղծելու համար ինքը Սասունից մի քանի անգամ պարտքով գումար է խնդրել և վերջինս տարբեր ժամանակահատվածներում իրեն տվել է 5900 ԱՄՆ դոլար և 2300 եվրո։ Ֆինանսական խնդիրների պատճառով ինքը չի կարողացել ժամանակին վերադարձնել Սասունի պարտքը, իսկ մեկ տարի անց` 2013թ., երբ Սասունը պահանջել է պարտքը, ինքը Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Ֆաստ Կրեդիտ» գրավատանը իրեն պատկանող ոսկեղենը գրավադրել է, որի դիմաց 1.700.000 ՀՀ դրամ է վերցրել և դրանից, որպես պարտքի մարում, 1.500.000 ՀՀ դրամը տվել է Սասուն Ավետիսյանին։ Ինքը Սասունին խաբելու նպատակ չի ունեցել, վերջինս գումարը պարտքով է իրեն տվել։

(…)

(…) Սասուն Ավետիսյանի և Հերմինե Գալստյանի միջև երկար ժամանակ եղել են ընկերական հարաբերություններ, մտերմություն ընտանիքներով, շնորհավորել միմյանց ծննդյան օրերը կամ տոները։ Գումարները Հ.Գալստյանին փոխանցելու համար Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև հստակ պայմանավորվածություն չի եղել դրանց վերադարձման ժամկետների վերաբերյալ, ինչը վկայում է նրանց հարաբերությունների աստիճանի և առկա վստահության մասին։ Ինչ վերաբերվում է Հ.Գալստյանի կողմից Ս.Ավետիսյանին ներկայացված կեղծ փաստաթղթերին, համաձայն որոնց Հ.Գալստյանը հանդիսանում է մոտ 6.800.000 ֆունտ ստեռլինգ գումարի ժառանգորդ, և դրանց միջոցով Ս.Ավետիսյանի մոտ վստահություն ստեղծելուն, ապա վերջինս դրանք իրեն ներկայացնելու և ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ դրանք կեղծ են, և այդ մասին ասել է Հ.Գալստյանին։ Միևնույն ժամանակ դրանից հետո շարունակել է վերջինիս պարտքով գումարներ տալ, ինչը վկայում է այն մասին, որ նշված փաստաթղթերը Հ.Գալստյանի կողմից ներկայացնելու փաստը չէր կարող Ս.Ավետիսյանի կողմից ընկալվել որպես Հ.Գալստյանի անձի նկատմամբ վստահության առաջացման հիմք։ Հ.Գալստյանն իրականում պարբերաբար մեկնել է ՀՀ-ից, այդ թվում` ԱՄՆ, աշխատել է «Հրաշք» հյուրանոցում, ինչի մասին տեղյակ է եղել նաև Ս.Ավետիսյանը, քանի որ պարբերաբար այնտեղ հանդիպել են (…)»։

(…) [Ք]րեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Հերմինե Գալստյանի կողմից Սասուն Ավետիսյանի վստահությունը չարաշահելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի` 5900 ԱՄՆ դոլար և 2300 եվրո գումար հափշտակելու, այսինքն` խարդախություն կատարելու փաստը, իսկ Սասուն Ավետիսյանի և Հերմինե Գալստյանի միջև գումարի հետ վերադարձման հետ կապված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ (…)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 9-11)։

7. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ Ս.Ավետիսյանի բողոքը ճանաչել է հիմնավոր և որոշել է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել թիվ 38102215 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ բողոքաբեր Ս.Ավետիսյանի իրավունքների խախտումը` արձանագրելով հետևյալը. «(…) [Դ]ատարանը ուսումնասիրելով թիվ 38102215 քրեական գործի նյութերը, փաստում է, որ քրեական գործով նախաքննությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ։ Մասնավորապես, նշված հոդվածը սահմանում է գործի արդարացի քննության սկզբունքը (…).

(…)

[Ն]ախաքննության մարմինը չի պարզել, թե իրականում Հերմինե Գալստյանը Սասուն Ավետիսյանի կողմից իրեն տրված գումարները ներդրե՞լ է որևէ գործարար գործունեության մեջ, թե ոչ, եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ, ինչպես նաև ի՞նչ նպատակով է օգտագործել նշված գումարները, այն դեպքում, երբ Հերմինե Գալստյանը հավաստիացրել է, որ Սասուն Ավետիսյանից վերցրած գումարները ներդնելու է այդպիսի գործունեության մեջ։ Նշված հանգամանքի բացահայտումը կարևոր նշանակություն կունենար Հերմինե Գալստյանի դիտավորության բացահայտման ուղղությամբ։

Նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու համար, թե կա՞ն արդյոք վկաներ, որոնց կողմից հայտնած տեղեկությունները կապացուցեն կամ կհերքեն գործի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք, մասնավորապես՝ Հերմինե Գալստյանի վարքագծի վերաբերյալ՝ բացահայտելու նրա դիտավորությունը։

Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Սարգսյանի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին 31.10.2015թ. որոշում կայացնելիս մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները, որով խախտվել են տուժող Սասուն Ավետիսյանի իրավունքները. մասնավորապես՝ նման որոշման կայացման արդյունքում չեն իրագործվել տուժող Սասուն Սամվելի Ավետիսյանին պատճառված վնասի վերականգնումը, վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտումը և դրա ճիշտ քրեաիրավական որակումը (…)» (տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 91-94)։

8. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել է` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնավոր են, բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից (տե՛ս նյութեր, հատոր 5, թերթ 56-68)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով` Հ.Գալստյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալների համակցություն ձեռք չի բերել, ավելին` հիմնավորվել է, որ Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև տևական ժամանակ առկա են եղել ընկերական հարաբերություններ, մտերմություն ընտանիքներով։ Հ.Գալստյանին գումար փոխանցելու ժամանակ Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև դրանց վերադարձման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չի եղել, ինչը, ըստ բողոքաբերի, վկայում է նրանց միջև առկա փոխադարձ վստահության մասին։ Ինչ վերաբերում է Հ.Գալստյանի կողմից Ս.Ավետիսյանին ներկայացված կեղծ փաստաթղթերին, որոնց համաձայն` Հ.Գալստյանը հանդիսանում է մոտ 6.800.000 ֆունտ ստեռլինգի ժառանգորդ, և դրանց միջոցով Ս.Ավետիսյանի մոտ վստահություն ստեղծելուն, ապա վերջինս ուսումնասիրել ու դրանց կեղծ լինելու մասին տեղեկացրել է Հ.Գալստյանին, ուստի դա չէր կարող նրա վստահությունը չարաշահելու միջոց լինել, քանի որ դրանից հետո նույնպես շարունակել է վերջինիս պարտքով գումարներ տալ։

9.1. Բողոքաբերն ընդգծել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն ու Վերաքննիչ դատարանը Ս.Ավետիսյանի իրավունքների և ազատությունների խախտումը պայմանավորել են քրեական գործի նախաքննության ընթացքում որոշակի հանգամանքներ պարզված չլինելու հետ, ինչը հակասում է Վճռաբեկ դատարանի` Լ.Զարյանի վերաբերյալ գործով արտահայտված դիրքորոշումներին։ Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները սխալ են գնահատվել, ինչի արդյունքում կայացվել են չպատճառաբանված դատական ակտեր։

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները և կայացնել նոր դատական ակտ, այն է` մերժել Ս.Ավետիսյանի բողոքը` թիվ 38102215 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը համարելով օրինական։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դիմողի բողոքը հիմնավոր համարելու և նրա իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությ[ունն է] կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը»։

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում բազմիցս անդրադարձել է խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների մեկնաբանությանը, ինչպես նաև խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից սահմանազատելու հիմնահարցին։

Մասնավորապես, Լիա Ավետիսյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [Օ]բյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն։

(…) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա։

(…) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները։

Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է։

(…) խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը.

բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը։

(…) Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Այլ կերպ` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ։

(…) Այս առումով անթույլատրելի է գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ բնականոն գույքային շրջանառությունը խաթարող գործարքներ կնքելու պրակտիկան։ Այդ փաստերը կարող են խեղաթյուրել քաղաքացիաիրավական հարաբերությունները, սպառնալ իրավական անվտանգությանը, պայմաններ ստեղծել, որ անձինք խուսափեն հարկային պարտավորությունների կատարումից, ինչպես նաև այլ եղանակներով վնասել իրավաչափ հանրային շահերը։

Նման դեպքերում պետությունը պարտավոր չէ գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ գործարքներ կնքած քաղաքացիների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով՝ իրականացնել նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն։

Այդ մասնավոր շահերի պաշտպանությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» (տե՛ս Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-31-րդ կետերը)։

12.1. Վարդան Մաթևոսյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Խ]արդախությունը և քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտումն օբյեկտիվ կողմի հատկանիշներով հաճախ համընկնում են։ Հետևաբար, այստեղ պետք է նկատի ունենալ, որ խարդախությունը` որպես հանցագործություն, քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից տարբերվում է սուբյեկտիվ կողմով։ Մասնավորապես՝ խարդախությունը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ինչը ենթադրում է, որ հանցավորը գիտակցում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև նախատեսում և ցանկանում է դա։

Միևնույն ժամանակ խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքին կամ գույքային իրավունքին տիրանալը հանցավորը նպատակ է ունենում հափշտակել այն, չվերադարձնել գույքը, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները։ Մինչդեռ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքում անձը նման նպատակ չի ունենում։

(…) Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն։

(…) վերը նշված փաստական հանգամանքների հետ մեկտեղ յուրաքանչյուր դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը։

Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվում վերոգրյալը, ապա անձի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար նրան պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» (տե՛ս Վարդան Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-րդ և 27-րդ կետերը)։

12.2. Զարգացնելով Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի վերաբերյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Ռուդիկ Բալասանյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(…) [Ք]րեական գործերի քննության շրջանակներում դատարանն իրավասու չէ քրեական դատավարության կարգով քննություն իրականացնել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ և հաստատել այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր։ Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Հակառակ դեպքում քրեական վարույթ իրականացնող դատարանը դուրս կգա իր իրավասության սահմաններից, արդյունքում կխաթարվի քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը (տե՛ս Ռուդիկ Բալասանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշման 17-րդ կետը)։

13. Հիմք ընդունելով մեջբերված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խարդախությունը հափշտակության ինքնուրույն ձևերից մեկն է, որը բնութագրվում է օբյեկտիվ կողմի իրականացման առանձնահատուկ եղանակներով, այն է՝ խաբեության միջոցով կամ վստահությունը չարաշահելով։ Հետևաբար յուրաքանչյուր գործով խարդախության օբյեկտիվ կողմի առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է գործի փաստական տվյալների ամբողջությամբ հիմնավորել՝ ինչումն է դրսևորվել հանցավորի կողմից գործադրված խաբեությունը կամ վստահությունը չարաշահելը, որի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնել է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց, կամ չի խոչընդոտել վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն։

Ինչ վերաբերում է խարդախության սուբյեկտիվ կողմին, ապա յուրաքանչյուր դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ հանցավորը մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալն ի սկզբանե նպատակ է ունեցել հափշտակելու այն կամ ի սկզբանե նպատակադրված է եղել չկատարելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունը։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ թիվ 38102215 քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ Հ.Գալստյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանութամբ, կարճվել է (տե՛ս սույն որոշման 1-ին կետը)։

Նախաքննության մարմինն արձանագրել է, որ Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև երկար ժամանակ ընկերական հարաբերություններ են եղել, գումարները վերջինիս փոխանցելու պահին նրանց միջև հստակ պայմանավորվածություն չի եղել դրանց վերադարձման ժամկետների վերաբերյալ, ինչը վկայում է Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև առկա վստահության մասին։ Ինչ վերաբերում է Հ.Գալստյանի կողմից Ս.Ավետիսյանին ներկայացված կեղծ փաստաթղթերին, որոնց համաձայն` Հ.Գալստյանը հանդիսանում է մոտ 6.800.000 ֆունտ ստեռլինգ գումարի ժառանգորդ, ապա Ս.Ավետիսյանը դրանք ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ այդ փաստաթղթերը կեղծ են, ինչի մասին հայտնել է Հ.Գալստյանին։ Միևնույն ժամանակ նա շարունակել է վերջինիս պարտքով գումար տալ, ուստի նշված փաստաթղթերը չէին կարող Ս.Ավետիսյանի կողմից ընկալվել որպես Հ.Գալստյանի անձի նկատմամբ վստահության առաջացման հիմք։ Արդյունքում նախաքննական մարմինն արձանագրել է, որ Հ.Գալստյանի կողմից Ս.Ավետիսյանի վստահությունը չարաշահելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստը չի հաստատվել, իսկ Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև գումարի վերադարձման հետ կապված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ Ս.Ավետիսյանի բողոքը ճանաչել է հիմնավոր` վարույթն իրականացնող մարմնին պարտավորցնելով վերացնել թիվ 38102215 քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ բողոքաբեր Ս.Ավետիսյանի իրավունքների խախտումը` արձանագրելով, որ նախաքննության մարմինը չի պարզել՝ իրականում Հ.Գալստյանը Ս.Ավետիսյանի կողմից իրեն տված գումարները ներդրել է արդյոք որևէ գործարար գործունեության մեջ, թե ոչ, եթե ոչ, ապա՝ ինչ նպատակով է օգտագործել այդ գումարները։ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է նաև, որ նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու՝ կան արդյոք վկաներ, որոնց կողմից հայտնած տեղեկությունները կապացուցեն կամ կհերքեն գործի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք, մասնավորապես՝ կբացահայտեն Հ.Գալստյանի դիտավորությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնավոր են, քանի որ բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։

15. Գործում առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հ.Գալստյանի խնդրանքով Ս.Ավետիսյանը նրան է տրամադրել 2300 եվրո` Երևան քաղաքի Մասիվ թաղամասում հողամաս գնելու նպատակով, այնուհետև Դուբայ մեկնելու համար փոխանցել է 3000 ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականի մայիսին Հ.Գալստյանն անձնական հարցեր կարգավորելու համար Ս.Ավետիսյանից խնդրել է 500.000 ՀՀ դրամ։ Ս.Ավետիսյանն իր ցուցմունքներում նշել է, որ Հ.Գալստյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկել են նաև համատեղ բիզնես հիմնադրելու կամ իր գումարներն արդեն իսկ գոյություն ունեցող բիզնեսներում ներդնելու հարցերը (տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 24-26)։

Հ.Գալստյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Ս.Ավետիսյանից մի քանի անգամ պարտքով գումար է խնդրել, և վերջինս տարբեր ժամանակահատվածներում իրեն է տվել 5900 ԱՄՆ դոլար և 2300 եվրո։ Ֆինանսական խնդիրների պատճառով ինքը չի կարողացել ժամանակին վերադարձնել Ս.Ավետիսյանի պարտքը, սակայն նրան խաբելու նպատակ չի ունեցել (տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 27-32)։

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ փաստական տվյալներից չի հետևում՝ Հ.Գալստյանի կոնկրետ որ գործողություններն են Ս.Ավետիսյանին գցել մոլորության մեջ, ինչի արդյունքում վերջինս կամավոր կերպով իրեն պատկանող գույքը հանձնել է Հ.Գալստյանին։ Ընդհակառակը, գործի փաստերից բխում է, որ նրանց միջև եղել են ընկերական հարաբերություններ, իսկ գումարները Հ.Գալստյանին փոխանցելիս դրանց վերադարձման ժամկետների վերաբերյալ Հ.Գալստյանի և Ս.Ավետիսյանի միջև անգամ հստակ պայմանավորվածություն չի եղել։ Ինչ վերաբերում է Հ.Գալստյանի կողմից Ս.Ավետիսյանին ներկայացված կեղծ փաստաթղթերին, ապա ըստ գործի նյութերի` Ս.Ավետիսյանը ուսումնասիրել և դրանց կեղծ լինելու մասին տեղեկացրել է Հ.Գալստյանին, որպիսի հանգամանքը ողջամտորեն չէր կարող ազդեցություն ունենալ Ս.Ավետիսյանի գիտակցության ու կամքի վրա և նրան մոլորության մեջ գցել, հատկապես հաշվի առնելով այն, որ դրանից հետո նա շարունակել է գումար տալ Հ.Գալստյանին։

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Գալստյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը, այն է՝ վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալը։ Հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայությունն արդեն իսկ հիմք է եզրահանգելու, որ Հ.Գալստյանի արարքում հանցագործության հատկանիշները բացակայում են։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հ.Գալստյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությանը, ընդգծում է, որ գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ Հ.Գալստյանը նախքան գույքը վերցնելն ի սկզբանե այն հափշտակելու, իր ստանձնած պարտավորությունը չկատարելու նպատակ է հետապնդել։ Ավելին՝ վերջինիս տված ցուցմունքներից երևում է, որ նա ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել ժամանակին վերադարձնել Ս.Ավետիսյանի պարտքը և նրան խաբելու նպատակ չի հետապնդել։ Հետևաբար Հ.Գալստյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը նույնպես բացակայում է։

17. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ նախաքննության մարմինը չի պարզել՝ իրականում Հ.Գալստյանը Ս.Ավետիսյանի կողմից իրեն տված գումարները ներդրել է արդյոք որևէ գործարար գործունեության մեջ, թե ոչ, ինչպես նաև միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու՝ կան արդյոք վկաներ, որոնց կողմից հայտնած տեղեկությունները կապացուցեն կամ կհերքեն գործի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք, ինչի արդյունքում չի իրագործվել տուժող Ս.Ավետիսյանին պատճառված վնասի վերականգնումը, վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտումը և դրա ճիշտ քրեաիրավական որակումը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նախաքննության մարմինը կատարել է անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված տվյալները վկայում են Հ.Գալստյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների բացակայության մասին, ինչից հետո միայն որոշում է կայացվել Հ.Գալստյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

18. Հաշվի առնելով սույն որոշման 12-17-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի բողոքը հիմնավոր համարելու և նրա իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Ավետիսյանի և Հ.Գալստյանի միջև առկա է քաղաքացիաիրավական բնույթի վեճ, որը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական իրավունքի նորմերին համապատասխան։

19. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միաժամանակ հաշվի առնելով սույն որոշման 17-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ելնելով արդարադատության արդյունավետության շահից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ս.Ավետիսյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 18-ի որոշումը բեկանել և դիմող Սասուն Ավետիսյանի բողոքը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Ա. Պողոսյան
    Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ս. Օհանյան