Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.08.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
30.08.2017
Дата вступления в силу
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0180/01/15

ԵԿԴ/0180/01/15

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

Դատավորներ՝

Ռ. Բարսեղյան
Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

ա. պողոսՅԱՆԻ

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`
պաշտպան`

Վ. Զուռնաչյանի

 

2017 թվականի օգոստոսի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ ամբաստանյալ Անդրանիկ Գրիգորյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում 2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11104314 քրեական գործը։

2014 թվականի սեպտեմբերի 11-ին Անդրանիկ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունիսի 30-ի որոշմամբ թիվ 11104314 քրեական գործի նյութերից Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում՝ ստանալով թիվ 69106115 համարը։

2015 թվականի հունիսի 15-ին Անդրանիկ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

2015 թվականի հունիսի 26-ին Անդրանիկ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

2015 թվականի հուլիսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Անդրանիկ Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ։

Նույն դատավճռով Անդրանիկ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ` համապատասխանաբար նշանակված 9 ամսով, 5 տարով, 5 տարով և 1 տարով ազատազրկման ժամկետների մասնակի (6 ամիս, 5 տարի, 1 տարի և 6 ամիս) գումարման արդյունքում պատիժ նշանակելով ազատազրկում` 7 տարի ժամկետով։

Նույն դատավճռով նշանակված պատժին մասնակի գումարվել է թիվ ԵԿԴ/0206/01/10 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 4-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից ազատազրկում 1 տարի ժամկետով` վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում 8 տարի ժամկետով` սկիզբը հաշվելով 2016 թվականի մայիսի 17-ից։

3. Անդրանիկ Գրիգորյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի` վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

4. Վերաքննիչ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Անդրանիկ Գրիգորյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը։

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Անդրանիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցանքի կատարման համար, որ նա, «պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, 2014թ. հունվարի 23-ին համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Հովհաննիսյանի հետ` իր կողմից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված և Արարատի մարզի Այնթափ գյուղում` հանցակիցների մոտ թաքցված խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը համատեղ ապօրինի իրացնելու շուրջ։

Հիշյալ թմրամիջոցը Մարատ Հարությունյանին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովհաննես Կարապետյանի ընկերոջը` Սուրեն Ազիզյանին և նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Բարոյանին ապօրինի իրացնելու վերաբերյալ նույն օրն Աշոտ Հովհաննիսյանը հեռախոսային խոսակցությունների միջոցով առանձին-առանձին պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ։

Պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցների արժեքը` 50.000-ական ՀՀ դրամը ստանալու նպատակով Անդրանիկ Գրիգորյանի առաջարկով Աշոտ Հովհաննիսյանը` Մարատ Հարությունյանին, Սուրեն Ազիզյանին և Արթուր Բարոյանին օժանդակող Հարություն Գարեգինյանին ուղղորդել է Երևանի «Գումի շուկա» կոչվող վայր, որտեղ վերջիններս, հանդիպելով միմյանց, ընդհանուր` 150.000 ՀՀ դրամը Սուրեն Ազիզյանի միջոցով փոխանցել են Անդրանիկ Գրիգորյանի մատնանշած անձին։

Այնուհետև, Անդրանիկ Գրիգորյանի ցուցումով և Աշոտ Հովհաննիսյանի անմիջական ուղղորդմամբ Սուրեն Ազիզյանը և Հարություն Գարեգինյանը վերջինիս վարած ավտոմեքենայով մեկնել են Արարատի մարզի Այնթափ գյուղ, որտեղ Սուրեն Ազիզյանն Աշոտ Հովհաննիսյանի մատնանշած վայրից` Անդրանիկ Գրիգորյանի հանցակիցների կողմից պատրաստված թաքստոցից ստացել է խոշոր չափերով` մոտ 0,021 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող երեք դեղահատ, որից մոտ 0,0078 գրամ թմրամիջոց պարունակող մեկ դեղահատը պահել է իր մոտ, 0,0078 գրամ թմրամիջոց պարունակող դեղահատը հանձնել է Հարություն Գարեգինյանին, իսկ մոտ 0,0054 գրամ թմրամիջոց պարունակող դեղահատը վերջինիս ավտոմեքենայով տեղափոխել են Նորագավիթի կամուրջի մոտ և հանձնել Մարատ Հարությունյանին»։

Բացի այդ, Անդրանիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցանքի կատարման համար, որ նա «2014թ. փետրվարի 12-ին հեռախոսային խոսակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ «Նոս» մականվամբ Անդրանիկ Մելքոնյանի և վերջինիս միջոցով Ռաֆիկ Զաքեյանի հետ` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն իրեն օժանդակելու վերաբերյալ։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Անդրանիկ Գրիգորյանի ցուցումով և Անդրանիկ Մելքոնյանի անմիջական ուղղորդմամբ Ռաֆիկ Զաքեյանը նույն օրը մեկնել է Անդրանիկ Գրիգորյանի մատնանշած վայր` Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող «Պագո» խաղատան մոտ, որտեղ հանդիպել է Անդրանիկ Գրիգորյանի կողմից ուղարկված, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերմանը նրան օժանդակող Ծերուն Ղազարյանին, ումից ստացել է Անդրանիկ Գրիգորյանի համար նախատեսված զգալի չափերով` 0.0119 գրամ «բուպրենորֆին» և 0.789 գրամ «մեթադոն» տեսակների թմրամիջոցները` վերջինիս փոխանցելու համար Շիրակի մարզի Հոռոմ գյուղ տեղափոխելու և քննությամբ չպարզված անձին հանձնելու նպատակով, սակայն ինչպես Անդրանիկ Գրիգորյանը, Ծերուն Ղազարյանը, այնպես էլ Ռաֆիկ Զաքեյանը, Անդրանիկ Մելքոնյանը հանցավոր արարքներն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ թմրամիջոցը ստանալուց հետո Ռաֆիկ Զաքեյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրա ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են հիշյալ թմրամիջոցները»։

Բացի այդ, Անդրանիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցանքի կատարման համար, որ նա «2014թ. փետրվարի 21-ին հեռախոսային խոսակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Շամիրյանի հետ` նրան զգալի չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Անդրանիկ Գրիգորյանի ցուցումով, նրա կողմից թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակող, վերջինիս որդին` Գևորգ Գրիգորյանն Արմեն Շամիրյանի համար նախատեսված զգալի չափերով` 0.008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատը «Դավիդով» տեսակի ծխախոտի տուփով տեղադրել է Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող այգում պատրաստված թաքստոցում, որից հետո Անդրանիկ Գրիգորյանի ուղղորդմամբ Արմեն Շամիրյանի որդին` Ջիվան Շամիրյանը նշված վայրից վերցնելով ապօրինի ձեռք է բերել նշված թմրամիջոցը` միաժամանակ նույն վայրում դնելով թմրամիջոցի արժեքը կազմող 45.000 ՀՀ դրամը։ Նույն օրը թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով Ջիվան Շամիրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է հիշյալ դեղահատը»։

Բացի այդ, Անդրանիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցանքի կատարման համար, որ նա «2014թ. մարտի 05-ին հեռախոսային խոսակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի` քննությամբ դեռևս չպարզված դատապարտյալի հետ` նրան զգալի չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Անդրանիկ Գրիգորյանի ցուցումով, նրա կողմից թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակող Ծերուն Ղազարյանը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի համար նախատեսված զգալի չափերով` 0.016 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող երկու դեղահատերը «Դավիդով» տեսակի ծխախոտի տուփով տեղադրել է Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող ճամփեզրի պատի տակ պատրաստված թաքստոցում, որից հետո Անդրանիկ Գրիգորյանի ուղղորդմամբ դատապարտյալի կողմից թմրամիջոցի ապօրինի ձեռք բերմանն օժանդակող Ջիվան Սարգսյանը, նույն թաքստոցից վերցնելով, ապօրինի ձեռք է բերել նշված թմրամիջոցը։ Նույն օրը թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով Ջիվան Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրա անձնական խուզարկության հայտնաբերվել և առգրավվել են հիշյալ դեղահատերը»։

Բացի այդ, Անդրանիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցանքի կատարման համար, որ նա «քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր` Արարատի մարզի Այնթափ գյուղի 1-ին փողոցի 3-րդ տանն ապօրինի պահել է զգալի չափերով` 0.05 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահատ, որը 2014թ. հունիսի 04-ին հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից` նրա տանը կատարված խուզարկության ժամանակ» (տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 224-230)։

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «[Ի]րավանորմերի և գործի փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում դատարանը գտնում է (…), որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելը, այսինքն` որպես երկրորդ դրվագ ներկայացված արարքն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Ապացուցված է նաև ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից, նրա մեղավորությամբ, նրան վերագրվող, որպես երրորդ և չորրորդ դրվագներ ներկայացված երկու դրվագներից յուրաքանչյուրով, զգալի չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելը, նրա այդ արարքներից յուրաքանչյուրը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Ապացուցված է նաև ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով հոգեմետ նյութ ապօրինի ձեռք բերելը և պահելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

(…)

ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հանցագործության կատարման համար ամբաստանյալ Անդրանիկ Գրիգորյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 96, 100)։

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) [Ա]նդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 1-ին մասով, երկու դրվագներով` 266 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի անմեղության վերաբերյալ պաշտպանի փաստարկներին, քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից և դրանք դնելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ հանգել է ճիշտ և իրավաչափ հետևության` արդյունքում կայացնելով օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ։

Ինչ վերաբերում է պաշտպանի վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ Ա.Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով (հինգերորդ դրվագ) պատասխանատվության ենթարկելու ժամկետը անցել է, քանի որ արարքը կատարվել է 2009 թվականից առաջ, իսկ ամբաստանյալը նույն թվականին դատապարտվել է և մինչև 2014 թվականը (թմրամիջոցները ամբաստանյալի տնից հայտնաբերվելը) գտնվել է անազատության մեջ, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ առանց իրացնելու նպատակի, զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելը դասվում է տևող հանցագործությունների շարքին, և այս դեպքում այն ավարտված է համարվել 2014 թվականի հունիսի 4-ին` թմրամիջոցները խուզարկությամբ ամբաստանյալի տնից հայտնաբերվելու պահից» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթ 51)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որոնց պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

8.1 Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից, դրանցով չի ապացուցվել Անդրանիկ Գրիգորյանի մեղավորությունն իրեն առաջադրված մեղադրանքում, ուստի նրա նկատմամբ պետք է կայացվեր արդարացման դատավճիռ` հանցակազմի բացակայության հիմքով։

8.2 Բացի այդ, բողոքի հեղինակը, վկայակոչելով Է.Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, նշել է, որ ստորադաս դատարանները պատժի սկիզբը պետք է հաշվարկեին ոչ թե սույն գործով դատավճռի կայացման օրվանից, այլ թիվ ԵԿԴ/0206/01/10 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 4-ի դատավճռով նշանակված պատժի կրման օրվանից` 2010 թվականի նոյեմբերի 4-ից։

8.3 Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է նաև, որ Անդրանիկ Գրիգորյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները, լինելով ոչ մեծ ծանրության, ավարտվել են համապատասխանաբար 2014 թվականի փետրվարի 12-ին և հունիսի 4-ին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն Անդրանիկ Գրիգորյանին չի ազատել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը)։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Գրիգորյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են Ռաֆիկ Զաքեյանի, Ջիվան Շամիրյանի, Արթուր Ֆարյանի, Ջիվան Սարգսյանի ցուցմունքներով, վկաներ Սեյրան Ասրյանի, Հոռոմսիմ Գրիգորյանի ցուցմունքներով, նյութագիտական փորձաքննության թիվ 14-0404, դատաքիմիական փորձաքննության թիվ 14-0563, նյութագիտական փորձաքննության թիվ 14-0660, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննության թիվ 180 Ք-14 եզրակացություններով, «Օփել Աստրա» մակնիշի L7396 համարանիշի ավտոմեքենան զննության ենթարկելու մասին 2014 թվականի փետրվարի 12-ի արձանագրությամբ, Ջիվան Շամիրյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին 2014 թվականի փետրվարի 21-ի արձանագրությամբ, Ջիվան Սարգսյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին 2014 թվականի մարտի 5-ի արձանագրությամբ, Անդրանիկ Գրիգորյանի` ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնքի 1-ին փողոցի թիվ 3 տանը խուզարկություն կատարելու մասին 2014 թվականի հունիսի 4-ի արձանագրությամբ, հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակներով, դրանցից արտատպված փաստաթղթերով և դրանց զննություն կատարելու մասին 2016 թվականի հունիսի 16-ի և հունիսի 23-ի արձանագրություններով, որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Անդրանիկ Գրիգորյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակներով և հեռախոսային խոսակցությունների բովանդակության տպագիր ամրագրմամբ ամփոփագրերի, Ջիվան Սարգսյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն կատարելու մասին 2014 թվականի մայիսի 20-ի արձանագրությամբ, իրեղեն ապացույց ճանաչված՝ Անդրանիկ Գրիգորյանի տան խուզարկությամբ հայտնաբերված, զգալի չափերով` 0.05 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահատով, Ջիվան Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված զգալի չափերով` 0.016 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող երկու դեղահատերով։

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է արդյոք դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով« կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը։ (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք։ Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»։

Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին։ Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի։

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը ձևական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված հոդվածի դիսպոզիցիայում նշված գործողությունների կատարման պահից։ Մասնավորապես, այն ավարտված է համարվում առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու« վերամշակելու« ձեռք բերելու« պահելու« փոխադրելու կամ առաքելու պահից։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը։ Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»։

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։ Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով։ Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնելու իր անմեղության ապացուցման։

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը)։

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Անձի համաձայնությունն ստանալու դեպքում դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը։

Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը« ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը)։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել.

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքի համար, որ 2014 թվականի փետրվարի 12-ին հեռախոսային խոսակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ «Նոս» մականվամբ Անդրանիկ Մելքոնյանի և վերջինիս միջոցով Ռաֆիկ Զաքեյանի հետ` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն իրեն օժանդակելու վերաբերյալ, սակայն հանցավոր արարքն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով« քանի որ թմրամիջոցը ստանալուց հետո Ռաֆիկ Զաքեյանը բերման է ենթարկվել ոստիկանություն« որտեղ նրա ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են թմրամիջոցները (տե՛ս սույն որոշման 2-րդ, 5-7-րդ կետերը),

- 2014 թվականի փետրվարի 21-ին և նույն թվականի մարտի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար (տե՛ս սույն որոշման 5-7-րդ կետերը),

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արաքը կատարելու համար, որ քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր` Արարատի մարզի Այնթափ գյուղի 1-ին փողոցի 3-րդ տանն ապօրինի պահել է զգալի չափերով` 0.05 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահատ, որը 2014 թվականի հունիսի 4-ին հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից` նրա տանը կատարված խուզարկության ժամանակ (տե՛ս սույն որոշման 5-7-րդ կետերը)։

ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ Ա.Գրիգորյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2016 թվականի մայիսի 17-ին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը), իսկ դրա վերաքննիչ վերանայման շրջանակներում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 2016 թվականի նոյեմբերի 23-ին, որը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը)։

16. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներն ավարտվել են համապատասխանաբար 2014 թվականի փետրվարի 12-ին և 2014 թվականի հունիսի 4-ին։ Սակայն, եթե ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման 2014 թվականի հունիսի 4-ից, ապա 34-268-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար 2014 թվականի փետրվարի 12-ից հաշվարկվող վաղեմության ժամկետն ընդհատվել է Ա.Գրիգորյանի կողմից 2014 թվականի փետրվարի 21-ին, մարտի 5-ին և հունիսի 4-ին նոր հանցանքների կատարման հիմքով, որպիսի պայմաններում այն ևս ենթակա է հաշվարկման 2014 թվականի հունիսի 4-ից։

Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար վաղեմության ժամկետը 2014 թվականի հունիսի 4-ից հաշվարկելու հանգամանքն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից 2016 թվականի նոյեմբերի 23-ին կայացված որոշմամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապանդումը դադարեցնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Գրիգորյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2016 թվականի հունիսի 4-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար նրան ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պարագայում Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ թույլ տալով ՀՀ քերական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալ։ Վերջինս հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։

18. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 8.2-րդ կետում նշված պնդմանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի` Է.Ներսիսյանի գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` հանցագործությունների համակցության դեպքում պատժի սկիզբը հաշվարկելու կարգին և կիրառելի չեն ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով դատավճիռների համակցության դեպքում պատժի սկիզբը հաշվարկելու կարգի նկատմամբ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Անդրանիկ Գևորգի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արդարացնելու, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) մեղավոր ճանաչելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

2. Հանցանքների և դատավճիռների համակցությամբ Անդրանիկ Գևորգի Գրիգորյանի նկատմամբ սահմանված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկում պատժից հանել վերոնշյալ յուրաքանչյուր հոդվածով նշանակված և գումարված 6 (վեց) ամիս ժամկետը` վերջնական թողնելով կրելու ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով։

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան