ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2018 թվականի N 566-Լ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝
Հաստատել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 25 |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մայիսի 25-ի N 566-Լ որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ
1. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է առաջին փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացումը:
2. Գրասենյակի անվանումն է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակ»:
3. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:
4. Գրասենյակն իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Գրասենյակի նպատակն առաջին փոխվարչապետի գործունեությանն աջակցելն է:
6. Գրասենյակի խնդիրն առաջին փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացման ապահովումն է: Գրասենյակը պատասխանատու է այդ խնդրի իրականացման համար:
7. Գրասենյակի գործառույթներն են՝
1) առաջին փոխվարչապետի համակարգման ոլորտների վերաբերյալ վերլուծական նյութերի, առաջարկությունների նախապատրաստումը և առաջին փոխվարչապետին ներկայացնելը.
2) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ իր կողմից տրվող հանձնարարությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը և առաջին փոխվարչապետին ներկայացնելը.
3) առաջին փոխվարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նպատակով խորհրդակցությունների հրավիրման և անցկացման ապահովումը՝ ներգրավելով պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների.
4) կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների կազմակերպատեխնիկական ապահովումը.
5) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների, միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների մոնիթորինգի իրականացման ապահովումը.
6) մարդասիրական օգնության և բարեգործական կազմակերպությունների հետ կապված հարցերի համակարգման աշխատանքների ապահովումը:
8. Առաջին փոխվարչապետի գրասենյակի կանոնադրությունը հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վարչապետը:
9. Առաջին փոխվարչապետի գրասենյակի կառուցվածքը հաստատում և սահմանված կարգով կառուցվածքային փոփոխություններ է կատարում վարչապետը:
10. Առաջին փոխվարչապետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին, իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
11. Առաջին փոխվարչապետն իր գրասենյակի ղեկավարի, խորհրդականի, օգնականի, ռեֆերենտի, մամուլի քարտուղարի, արարողակարգի պատասխանատուի անմիջական ղեկավարն է:
12. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
13. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի՝ իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:
14. Գրասենյակի ղեկավարը՝
1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.
2) առաջին փոխվարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.
3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր լիազորության սահմաններում վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) առաջին փոխվարչապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
7) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
15. Առաջին փոխվարչապետի խորհրդականը`
1) կազմում է իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում առաջին փոխվարչապետի հավանությանը.
2) իրականացնում է առաջին փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում առաջին փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ.
3) պարբերաբար առաջին փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր.
4) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) վերլուծում է առաջին փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում առաջին փոխվարչապետին.
6) վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներից կարող է ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված անհրաժեշտ նյութեր:
16. Առաջին փոխվարչապետի օգնականը՝
1) առաջին փոխվարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում առաջին փոխվարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում առաջին փոխվարչապետին դրանց լուծման վերաբերյալ.
2) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, առաջին փոխվարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.
3) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով առաջին փոխվարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է առաջին փոխվարչապետի առանձին ելույթներ, նամակներ.
4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` առաջին փոխվարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.
5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.
6) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
7) առաջին փոխվարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
8) առաջին փոխվարչապետին առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
9) վերլուծում է առաջին փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում առաջին փոխվարչապետին.
10) կատարում է առաջին փոխվարչապետի առանձին հանձնարարականներ:
17. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները:
18. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:
19. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը.
2) մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2019, N 663-Լ | 08.06.2019, N 566-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|