ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Ս ողոմոնյանի |
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեղամ Սիմոնյանի ընդդեմ Ծառայության` Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գեղամ Սիմոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 12.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2016 թվականի որոշմամբ Գեղամ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.04.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է (դատավոր Ա. Առաքելյանը գրավոր շարադրել է հատուկ կարծիք)։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ Գեղամ Սիմոնյանին մեղսագրվող արարքը որակող պաշտոնատար անձը հանդիսացել է այն վարչական մարմնի աշխատակիցը, ով իրավասու է տեղադրելու ճանապարհային երթևեկության նշանները և հստակ տիրապետել է իրավախախտման վայրում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» նշանի առկայության մասին տեղեկատվությանը: Հետևաբար վարչական վարույթի ընթացքում վերոգրյալ ճանապարհային նշանի առկայության և Գեղամ Սիմոնյանին պատկանող տրանսպորտային միջոցի՝ այդ նշանի ազդման գոտում գտնվելու փաստը Ծառայության համար կասկած չի հարուցել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Ծառայության կողմից ներկայացված տեղեկանքով հաստատվում է, որ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ արձանագրված իրավախախտման կատարման օրվա դրությամբ իրավախախտման կատարման վայրում տեղադրված է եղել թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» նշանը: Հետևաբար Ծառայության համար կասկած չի հարուցել այն փաստը, որ իրավախախտման վայրում՝ թեկուզև տեսանյութի դրվագից դուրս գտնվող հատվածում, այդ նշանը տեղադրված է եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և «կայացնել նոր որոշում` հայցը մերժել»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ Գեղամ Սիմոնյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 17.04.2015 թվականին՝ ժամը 10:57-ին, Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկի հատվածում չի կատարել թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 5).
2) Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ Գեղամ Սիմոնյանին վերագրվող արարքն ամրագրող լուսանկարներում և տեսանյութում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը չի երևում (էլեկտրոնային կրիչ, հատոր 1-ին, գ.թ. 38, 5, 40).
3) Ծառայության կողմից 16.11.2015 թվականին դատարան ներկայացված տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկի հատվածում 17.04.2015 թվականի դրությամբ տեղադրված է եղել «Կանգառն արգելվում է» թիվ 3.27 ճանապարհային նշանը (հատոր 1-ին, գ.թ. 36, 39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջների խախտման փաստի ապացուցման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք անձը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ենթարկվել վարչական պատասխանատվության թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջների խախտման համար, եթե այդ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տեսանյութում կամ լուսանկարում տվյալ ճանապարհային նշանը տեսանելի չէ, և վարչական վարույթն ընթացել է միայն եզրափակիչ փուլով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վկայակոչված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը տրանսպորտային միջոցների վարորդների համար վարչական պատասխանատվություն է նախատեսել հետևյալ արարքների՝ (1) ճանապարհային նշանների պահանջները չկատարելու, կամ (2) ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար: Ընդ որում, նշված զանցանքների համար օրենսդիրը որպես վարչական տույժի միջոց է ընտրել տուգանքը՝ 5.000 ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 3-րդ գլխի համաձայն՝ արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ. դրանցից է թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» նշանը, որը նշանակում է, որ արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:
Նույն գլխի համաձայն՝ թիվ 3.27 նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է:
Բացի այդ, ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատել է ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները:
Այսպես, նշված որոշման թիվ 3 հավելվածի I բաժնի 3-րդ կետի համաձայն՝ ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին:
Նույն որոշման թիվ 3 հավելվածի՝ «Նշանների կիրառման և տեղակայման կանոնները» վերտառությամբ III բաժնի 50.27-րդ կետի համաձայն՝ 3.27 «Կանգառն արգելվում է» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումն արգելելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված արգելող ճանապարհային նշաններից մեկը 3.27 «Կանգառն արգելվում է» նշանն է, որը սահմանում է երթևեկության որոշակի սահմանափակում, այն է՝ արգելում է իր գործողության տիրույթում գտնվող տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը: Ընդ որում, նշված ճանապարհային նշանի գործողությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է: Փաստորեն, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են պատասխանատվության ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նաև թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ նշանի գործողության տարածքում կատարել են իրենց տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների նշված խախտումը հաճախ հայտնաբերվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (...) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե'ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ՝ իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև՝ ընթացիկ փուլի անհրաժեշտությունը (տե'ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այսինքն՝ այն դեպքում, երբ թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը հայտնաբերվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության՝ այդ արարքի կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստի առկայությունը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում կարող է կասկած չհարուցել միայն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պարունակում է միանշանակ տվյալներ այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի գործողության տարածքում կատարել է իր տրանսպորտային միջոցի կանգառ կամ կայանում: Այլ կերպ ասած՝ քննարկվող իրավիճակում վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պետք է բովանդակի այնպիսի տեղեկություններ, որոնք անառարկելիորեն վկայում են այն մասին, որ թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջները ենթադրյալ իրավախախտման կատարման պահին տարածվել են տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի վրա, և վերջինս չի կատարել այդ նշանի պահանջները:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով անձը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ վարչական վարույթում ձեռք բերված միակ թույլատրելի ապացույցը՝ իրավախախտումն ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը, պարունակում է նշված ճանապարհային նշանի պատկերը, հստակ պատկերացում է տալիս այդ նշանի գործողության տարածքի մասին, իսկ տրանսպորտային միջոցի կայանման վայրի և թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» նշանի համադրման միջոցով հնարավոր է անկասկած հետևություն անել տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տվյալ նշանի պահանջները չկատարելու փաստի առկայության մասին:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձի տրանսպորտային միջոցի կայանման վայրում քննարկվող ճանապարհային նշանի առկա լինելու և այդ նշանի գործողությունը տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի վրա տարածվելու փաստական հանգամանքները թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում ևս կարող են հաստատվել բացառապես իրավախախտումն ամրագրած տեսանյութով կամ լուսանկարով: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրավաբանական իրողությունը, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում իրավախախտման հատկանիշների պարզման համար միակ թույլատրելի ապացուցման միջոց է համարել իրավախախտումն ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտ ընդունելու իրավական նախադրյալն այն է, որ այդ վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը տվյալ դեպքում նշանակում է, որ նշված լուսանկարի կամ տեսանյութի միջոցով անառարկելիորեն ապացուցվում են, ի թիվս այլնի, հետևյալ փաստերը.
1) տրանսպորտային միջոցի կայանման վայրում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի առկայությունը,
2) տրանսպորտային միջոցի վարորդի վրա թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի գործողության տարածումը,
3) տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջների չկատարումը:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով որևէ իրավակարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, և օրենսդրական համապատասխան կարգավորման բացակայության պարագայում վարչական մարմինը զրկված է այդ կասկածը փարատելու նպատակով ապացույցներ ձեռք բերելու և դրանք գնահատելու հնարավորությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու դեպքերի վերաբերյալ համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում հարուցված վարչական վարույթների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները (տե'ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների և թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, ապա վարչական մարմինը պարտավոր է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի ընթացիկ փուլի շրջանակներում լրիվ և բազմակողմանիորեն պարզել ենթադրյալ իրավախախտման առկայությունը և միայն այդ դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին ենթարկել վարչական պատասխանատվության թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գեղամ Սիմոնյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշումը: Նշված վարչական ակտով Գեղամ Սիմոնյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 17.04.2015 թվականին՝ ժամը 10։57-ին, Երևանի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկի հատվածում չի կատարել «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը:
Դատարանը մերժել է Գեղամ Սիմոնյանի հայցը՝ պատճառաբանելով, որ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ Գեղամ Սիմոնյանն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ընդ որում, իրավախախտման կատարման վայրում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի առկայությունը Դատարանը հաստատված է համարել թե՛ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տեսանյութի և լուսանկարի, թե՛ Ծառայության կողմից 16.11.2015 թվականին դատարան ներկայացված տեղեկանքի միջոցով:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գեղամ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը Ծառայության մոտ ողջամտորեն պետք է կասկած հարուցեր, քանի որ սույն գործով ներկայացված տեսանյութում որևէ արգելող ճանապարհային նշան չի երևում: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման կասկածի առկայության դեպքում վարչական մարմինը պարտավոր էր օրենքով սահմանված կարգով բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզել Գեղամ Սիմոնյանի կողմից ճանապարհային նշանների պահանջները չկատարելու փաստը: Մինչդեռ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է միայն կասկած հարուցող տեսանյութի հիման վրա և ենթակա է անվավեր ճանաչման:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշման իրավաչափությունն ստուգելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի և իրավախախտման, այսինքն՝ թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու, հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցում է, թե՝ ոչ: Սույն գործի փաստերից հետևում է, որ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ Գեղամ Սիմոնյանին վերագրվող արարքն ամրագրող լուսանկարները կամ տեսանյութը, որն առանձին էլեկտրոնային կրիչով ներկայացվել է Ծառայության կողմից, չեն պարունակում այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ապացուցել Գեղամ Սիմոնյանին պատկանող տրանսպորտային միջոցի կայանման վայրում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի առկայությունը: Այլ կերպ ասած՝ նշված լուսանկարներում և տեսանյութում թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը չի երևում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հաստատվում այն հանգամանքը, որ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշմամբ Գեղամ Սիմոնյանին վերագրվող արարքի կատարման պահին այդ արարքի կատարման վայրում առկա է եղել թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը, որի գործողությունը տարածվել է Գեղամ Սիմոնյանին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդի վրա, քանի որ նշված հանգամանքները կարող են հաստատվել բացառապես իրավախախտումն ամրագրած տեսանյութով կամ լուսանկարով: Ընդ որում, Ծառայության կողմից 16.11.2015 թվականին դատարան ներկայացված տեղեկանքը, որի համաձայն՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկի հատվածում 17.04.2015 թվականի դրությամբ տեղադրված է եղել թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը, տվյալ դեպքում չի կարող ազդել Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշման իրավաչափության գնահատման վրա, քանի որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման վերաբերյալ տվյալ գործով միայն եզրափակիչ փուլով իրականացված վարչական վարույթում իրավախախտման հատկանիշների պարզման համար միակ թույլատրելի ապացուցման միջոցն իրավախախտումն ամրագրած տեսանյութը կամ լուսանկարն է:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված արարքի և Գեղամ Սիմոնյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը Ծառայության մոտ ողջամտորեն պետք է կասկած հարուցեր, իսկ նման կասկածի առկայության պայմաններում վարչական մարմինը պարտավոր էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի ընթացիկ փուլի շրջանակներում լրիվ և բազմակողմանիորեն պարզել Գեղամ Սիմոնյանին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թիվ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու իրավախախտման առկայության կամ բացակայության հարցը: Մինչդեռ Ծառայությունը տեսանյութում ամրագրված արարքի և Գեղամ Սիմոնյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանության հարցի շուրջ կասկածի առկայության պայմաններում առանց վարչական վարույթն ընթացիկ փուլով իրականացնելու որոշում է կայացրել վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչն անթույլատրելի է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշումն ընդունվել է օրենքի, մասնավորապես՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով Ծառայության 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502990402 որոշումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան |
ս. անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Մ. Դրմեյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |