ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1468/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1468/02/15 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Դատավորներ՝ |
Գ. Կարախանյան |
Ս. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. Հակոբյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բանկի ընդդեմ Աննա Նիկողոսյանի` գումարի բռնագանձման և տոկոսների հաշվեգրման պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Աննա Նիկողոսյանից բռնագանձել 2.893,53 ԱՄՆ դոլար՝ որպես անհիմն հարստացում, նույն գումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 12.03.2014 թվականից մինչև փաստացի վճարումը կատարելու օրը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ՝ Դատարան) 07.12.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետը, 73-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Բանկի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն՝ հայցագինը կազմված է եղել 2.893,53 ԱՄՆ դոլարից և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկվող տոկոսներից՝ սկսած 12.03.2014 թվականից մինչև փաստացի վճարումը կատարելու օրը, իսկ նկատի ունենալով, որ հայցը մերժելու մասին վճիռը կայացվել է 07.12.2015 թվականին, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները և դրանց համար վճարման ենթակա պետական տուրքի 2% գումարը պետք է հաշվարկվեր մինչև այդ օրը: Ընդ որում, մինչև վճռի կայացման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը կազմում է 171,2 ԱՄՆ դոլար, որի 2%-ի չափով պետական տուրքի գումարն իր հերթին կազմում է 3,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Մինչդեռ Դատարանն արձանագրել է, որ պետական տուրքի գումարը կազմում է 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որի հետ համաձայնել է նաև Վերաքննիչ դատարանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2016 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Բանկից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Բանկի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն՝ հայցագինը կազմել է 2.893,53 ԱՄՆ դոլար և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկվող տոկոսներից` սկսած 12.03.2014 թվականից մինչև փաստացի վճարումը կատարելու օրը (հատոր 1-ին, գ.թ. 3-7):
2) Դատարանը վճռով Բանկից բռնագանձել է 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գումար` բանկային տոկոսների հաշվարկը կատարելով 21.05.2015 թվականից (հայցադիմումը դատարան ներկայացվելու օրվանից) մինչև 07.12.2015 թվականը (վճռի կայացման օրը) ընկած ժամանակահատվածի համար (հատոր 1-ին, գ.թ. 106-111):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի, 73-րդ հոդվածի 1-ին կետի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի համար նախատեսված պետական տուրքի գումարի հաշվարկման հարցին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է հայցադիմումների (...) համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...) համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ գույքային պահանջներով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
Վկայակոչված նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքի գումարը, որը վճարվում է դատարան ներկայացվող հայցադիմումների համար, հանդիսանում է դատական ծախս և, ըստ այդմ, ներառվում է դատարանի կողմից` գործին մասնակցող անձանց միջև բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն բաշխվող դատական ծախսերի կազմի մեջ: Գույքային պահանջներով հայցադիմումների համար պետական տուրքի գումարի չափը սահմանվում է՝ հիմք ընդունելով հայցագինը, որը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից: Ընդ որում, հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Վկայակոչված նորմի վերլուծությունից բխում է, որ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում ծագում է այդ գումարին տոկոսներ վճարելու պարտավորություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, նաև «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է, ինչը հիմք է տալիս փաստելու, որ այն հանդիսանում է օրենքով նախատեսված տուժանք, որը հաշվեգրվում է օրենքի ուժով, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված և վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք տոկոսները նույնպես մտնում են հայցագնի մեջ: Ըստ այդմ, երբ հայցապահանջի մեջ է ներառված նաև վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված դրամական պարտավորությունները խախտելու համար վճարվող տոկոսների բռնագանձման պահանջը, ապա դատարանը վերջնական դատական ակտով պետք է անդրադառնա նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գանձման հարցին` հաշվարկելով և բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն գործին մասնակցող անձանց միջև բաշխելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրքի գումար (դատական ծախս)` առաջնորդվելով դատական ծախսերի բաշխման և պետական տուրքի գումարի հաշվարկման ընդհանուր կանոններով:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը ներկայացված հայցադիմումով դատարանից պահանջել է Աննա Նիկողոսյանից բռնագանձել 2.893,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ներկայացրել է նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Այսինքն` հայցադիմումի համաձայն՝ հայցագինը կազմված է եղել 2.893,53 ԱՄՆ դոլարից և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկվող տոկոսներից:
Դատարանը, մերժելով Բանկի հայցը, միաժամանակ անդրադարձել է դատական ծախսերի բաշխման հարցին. 2.893,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մասով պետական տուրքի հարցը համարել է լուծված՝ հաշվի առնելով, որ այդ մասով պետական տուրքը նախապես վճարվել է, իսկ 2.893,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասով պետական տուրքի հարցին անդրադառնալով` Դատարանը գտել է, որ Բանկից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ այդ եզրահանգման հիմքում դնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է 21.05.2015 թվականին, իսկ նշված օրվանից մինչև վճռի կայացման օրը՝ 07.12.2015 թվականը հաշվարկված գումարից վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 171,2 ԱՄՆ դոլար: Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշված հաշվարկը կատարել է հետևյալ կերպ. 2.893,53*12:100:365*180 (օր)=171,2:
Բանկը նշված վճիռն ամբողջությամբ, այդ թվում՝ դատական ծախսերի մասով, բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և պետական տուրքի մասով ևս վճիռը թողել է օրինական ուժի մեջ` համաձայնելով Դատարանի կողմից կատարված հաշվարկների հետ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների ժամանակաշրջանը հաշվարկելով 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականը՝ Բանկից ՀՀ պետական բյուջե բռնագանձել է ոչ թե նշված ժամանակահատվածի համար 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 2%-ը, այլ հենց 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը: Ավելին, Դատարանը 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածը հաշվելով օրերի քանակով՝ համարել է, որ այն կազմում է 180 օր, մինչդեռ նշված ժամանակաշրջանն օրերի քանակով կազմում է 200 օր, որպիսի պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը կազմում է 190,26 ԱՄՆ դոլար, որի երկու տոկոսը կազմում է 3,8 ԱՄՆ դոլար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպես, Վերաքննիչ դատարանը համաձայնել է Դատարանի կողմից կատարված հաշվարկի հետ՝ 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 2%-ը նույնացնելով 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հետ և նշված տոկոսների գումարը` որպես պետական տուրքի գումար ՀՀ պետական բյուջե բռնագանձելը համարել է հիմնավոր` թույլ տալով դատական սխալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն՝ պետական տուրքի բռնագանձման մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն Դատարանի վճիռը 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների մասով պետական տուրքի գումար բռնագանձելու մասն օրինական ուժի մեջ թողնելու մասով, հաշվի առնելով այն, որ պետական տուրքի բռնագանձման մասով Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն վերը նշված ժամանակահատվածի համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի կողմից Վերաքննիչ դատարանի 07.04.2016 թվականի որոշումը բողոքարկվել է մասնակիորեն` միայն պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված պատճառաբանության հիմքով Բանկը չի կրում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշման՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2015 թվականի վճիռը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գումարի բռնագանձման մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3,8 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի բռնագանձման պահանջի մասով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և չվճարված պետական տուրքի գումար:
2. Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ռ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|