Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.25
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2017
Дата вступления в силу
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2466/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2466/02/16
2017թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Տ. Նազարյան

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լուսինե Ավագյանի ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Ավագյանը պահանջել է կեղծ (առոչինչ) լինելու հիմքով անվավեր ճանաչել իր և Համլետ Ճարոյանի միջև 15.05.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը` կիրառելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի տան նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Բադիրյան) (այսուհետ՝ Դատարան) 12.10.2016 թվականի վճռով Լուսինե Ավագյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.02.2017 թվականի որոշմամբ Լուսինե Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.10.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. որոշվել է «Հայցը բավարարել՝ Լուսինե Ավագյանի և Համլետ Ճարոյանի միջև կնքված «Անշարժ գույքի վաճառքի» 15.05.2013 թվականի պայմանագրի նկատմամբ կիրառել կեղծ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Համլետ Ճարոյանի սեփականության իրավունքի 16.05.2013 թվականի պետական գրանցումը` վերականգնելով նույն անշարժ գույքի նկատմամբ Լուսինե Ավագյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 35-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել և լուծել է առանց Բանկին դատավարությանը մասնակից դարձնելու, մասնավորապես՝ Բանկը, կնքելով գրավի պայմանագիր և ձեռք բերելով գրավի իրավունք, ունեցել է իրավաչափ ակնկալիք առ այն, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում պարտքի գումարը կարող է ստանալ գրավադրված գույքի իրացումից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման առկայության պայմաններում Լուսինե Ավագյանը կարող է իր գույքի նկատմամբ ցանկացած ժամանակ դադարեցնել Բանկի գրավի իրավունքը, հետևաբար Բանկը կզրկվի գրավադրված գույքից բավարարում ստանալու հնարավորությունից: Այսինքն, քանի որ սույն գործով վիճարկվել է սեփականության ծագման հիմքում ընկած գործարքը, հայցի բավարարման արդյունքում ծագում է նաև գրավի պայմանագիր կնքելու իրավունքի հարցը:

Փաստորեն, գործին մասնակից չդարձվելով՝ Բանկը զրկվել է հայցի առարկայի նկատմամբ իր դիրքորոշումը հայտնելու, հետևաբար և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 15.05.2013 թվականի «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի» համաձայն՝ Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը Լուսինե Ավագյանը վաճառել է Համլետ Ճարոյանին. տվյալ գույքի նկատմամբ գրանցվել է Համլետ Ճարոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 6-7, 30-31):

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.02.2016 թվականին տրված թիվ ԵԿԴ/1081/17/15 կատարողական թերթի համաձայն՝ ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալը, 29.06.2015 թվականին քննելով ըստ հայցի Բանկի ընդդեմ «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի, Ասյա Առաքելյանի, Համլետ և Սուսաննա Ճարոյանների՝ վարկային պայմանագրով սահմանված վարկի գումարը, տոկոսները և տույժերը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջի մասին, վճռել է Բանկի հայցը բավարարել ամբողջությամբ. «1. Պատասխանողներ «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ից և Ասյա Առաքելյանից հօգուտ Բանկի համապարտությամբ բռնագանձման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով հաշվարկված համարժեք ՀՀ դրամով բռնագանձել՝ 1.1. Բանկի և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 30.09.2013 թվականին կնքված թիվ 007-13/ՋՎԵՓ-001 վարկային համաձայնագրի խախտման հետևանքով՝ 8.481,31 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից …, 1.2. Բանկի և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 30.09.2013 թվականին կնքված թիվ 007-13/ՋՎԵՓ-002 վարկային համաձայնագրի խախտման հետևանքով՝ 74.655,72 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից…: 2. Նույն վճռի 1-ին կետով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել նաև Բանկի, Համլետ և Սուսաննա Ճարոյանների և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով» հօգուտ Բանկի գրավադրված՝ Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի բնակելի տան վրա» (հատոր 1-ին, գ.թ. 53-55):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` «Անշարժ գույքի առուվաճառքի» 15.05.2013 թվականի պայմանագրով Լուսինե Ավագյանը Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը վաճառել է Համլետ Ճարոյանին: Վերջինիս սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Հետագայում՝ 15.10.2013 թվականին, Բանկի, Համլետ Ճարոյանի, Սուսաննա Ճարոյանի և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև, ի ապահովումն Բանկի կողմից «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի հետ կնքած վարկային պայմանագրի, կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով գրավադրվել է Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը:

Լուսինե Ավագյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների՝ պահանջելով կեղծ (առոչինչ) լինելու հիմքով անվավեր ճանաչել իր և Համլետ Ճարոյանի միջև 15.05.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը` կիրառելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի տան նկատմամբ:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ կողմերը պայմանագրի կնքմամբ հստակ իրավական հետևանքներ են նկատի ունեցել, և այդ հետևանքներն առաջացել են, որպիսի պայմաններում անհիմն են հայցվորի փաստարկները՝ գործարքի կեղծ լինելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, Լուսինե Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանելով և այն փոփոխելով, պատճառաբանել է, որ պայմանագրի երկու կողմերի հայտնած տեղեկություններով հաստատված փաստերից և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից ակնհայտ է, որ պայմանագիրը կնքվել է դրա կողմերի՝ անշարժ գույքի առուվաճառքի գործարքին համապատասխանող իրավական հետևանքներն առաջացնելուն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հատուցմամբ օտարելուն, այսինքն՝ անշարժ գույքի գինը վաճառողին վճարելուն և այդ գնի դիմաց անշարժ գույքը գնորդին հանձնելուն ուղղված մտադրության իսպառ բացակայության պայմաններում:

Գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկան՝ Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 բնակելի տունը, 15.10.2013 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով» գրավադրված է Բանկում: Այսինքն՝ Բանկը, որպես իր վարկային պայմանագրերի կատարման ապահովում, իրավունք ունի այդ գույքից ստանալու հատուցում: Ավելին, առկա է ՀԲՄ «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով վճռվել է բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել նաև Բանկի, Համլետ և Սուսաննա Ճարոյանների և «ԱՄԻԼԱ-ՆԱՂԱՇ» ՍՊԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրով» հօգուտ Բանկի գրավադրված՝ Երևանի Նոր Նորքի Հովհաննիսյան փողոցի թիվ 1/1 հասցեի բնակելի տան վրա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բավարարվել է Լուսինե Ավագյանի հայցը, շոշափում է նաև Բանկի իրավունքները և օրինական շահերը, հետևաբար կայացված դատական ակտը վերաբերում է վերջինիս իրավունքներին։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև՝ վճռաբեկ ատյանում:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտկանությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն՝ դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնի համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան