ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 մայիսի 2018 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հունվարի 30-ին Պրահայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հանրապետության Նախագահի` 2018 թ. մարտի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հունվարի 30-ին Պրահայում, նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջև ռազմավարական և գործառնական տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև կողմերի իրավասու մարմինների միջև անմիջական շփումների միջոցով՝ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ ոստիկանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:
2. Համաձայնագիրը չի ներառում իրավական աջակցություն այն քրեական գործերով, որոնք կարգավորվում են հատուկ համաձայնագրով, որով Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը պարտավորություններ ունեն:
Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող Հավելված, որը վերաբերում է գաղտնիության դասակարգման մակարդակին:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով, ի թիվս այլնի, ստանձնում է, հետևյալ պարտավորությունները.
- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները չեխական կողմի իրավասու մարմիններին տրամադրեն փոխադարձ աջակցություն՝ փոխանակելով Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված անհատական և այլ տվյալներ և փաստաթղթեր (հոդված 3),
- ապահովել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՀՀ իրավասու մարմինները համակարգեն իրենց գործողությունները և աջակցեն չեխական կողմի իրավասու մարմիններին Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված գործողություններում (հոդված 4),
- ապահովել, որպեսզի անհրաժեշտության դեպքում և չեխական կողմին աջակցելու նպատակով կամ առանձնահատուկ հանցագործության հետ կապված գործողությունները համակարգելու համար ՀՀ իրավասու մարմինը չեխական կողմի իրավասու մարմին ուղարկի խորհրդատուներ, կամ չեխական կողմի հետ ստեղծի համատեղ վերլուծական և այլ աշխատանքային խմբեր (հոդված 5, կետ 1),
- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձինք չեխական կողմի տարածքում ակտիվ խորհրդատվություն և աջակցություն տրամադրեն, ինչպես նաև երաշխավորել, որ չեխական կողմի տարածքում խորհրդատվություն և աջակցություն տրամադրելիս նրանք հետևեն չեխական կողմի իրավասու մարմինների ցուցումներին (հոդված 5, կետ 2),
- չեխական կողմի հետ համագործակցել կրթության և վերապատրաստումների բնագավառում, որը կներառի Համաձայնագրի 7-րդ հոդվածում սահմանված գործողությունները (հոդված 7),
- երաշխավորել, որ Համաձայնագրի դրույթների իրականացման համար ՀՀ իրավասու մարմիններն օգտագործեն անգլերեն, եթե հայկական և չեխական կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն (հոդված 8, կետ 6),
- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները չեխական կողմի իրավասու մարմիններին տեղեկացնեն Օդային Մարշալներ նշանակելու վերաբերյալ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում զենք կրել չեխական կողմի տարածքում՝ օդանավի անվտանգությունն ապահովելու նպատակով (հոդված 9, կետ 2),
- եթե չկա որևէ հատուկ միջազգային համաձայնագիր, որով նախատեսվում է գաղտնի տեղեկության փոխանակում, ապա գաղտնի տեղեկատվությունը փոխանցել Համաձայնագրի ներքո՝ ՀՀ օրենսդրության համաձայն, Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով (հոդված 11),
- եթե հայկական և չեխական կողմերի իրավասու մարմինները նախապես այլ կերպ չեն պայմանավորվել, ապա, որպես աջակցություն ցուցաբերող կողմ, հոգալ Համաձայնագրով նախատեսված համագործակցության բոլոր ձևերի իրականացման համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև պահպանել ծախսերի երկկողմ փոխադարձությունը և հավասարակշռությունը (հոդված 13),
- Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օրվա ընթացքում չեխական կողմին տեղեկացնել Համաձայնագիրն իրականացնող ՀՀ իրավասու մարմինների վերաբերյալ, որոնք ուղղակիորեն և օպերատիվ կհամագործակցեն իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում, միաժամանակ տրամադրել իրավասու մարմինների հասցեները, ինչպես նաև այլ կոնտակտային տվյալներ (հոդված 14, կետ 1):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2014 թվականի հունվարի 30-ին Պրահայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
4 մայիսի 2018 թվականի ՍԴՈ-1413 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|