Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.43
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2017
Дата вступления в силу
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/2680/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/2680/05/15

2017թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

                   Դատավորներ` Ա. Աբովյան 
                                             Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. ՊետրոսՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Թովմասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.01.2017 թվականի որոշմամբ Գագիկ Թովմասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը չի անդրադարձել վարորդական իրավունքի ժամանակավոր վկայականի պատճենը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու վերաբերյալ հայցվորի միջնորդությանը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի այն փաստարկը, որով հայտնվել է, որ վարորդական իրավունքի ժամանակավոր վկայականի բնօրինակում նշված չի եղել վարչական իրավախախտման վերաբերյալ քննվող գործի տեղի և ժամանակի մասին, և հայցվորը «Ծանուցագիր» վերտառությամբ որևէ փաստաթուղթ չի ստացել:

Վերը նշվածի արդյունքում Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կրկնել է Դատարանի հիմնավորումները` չպատճառաբանելով իր եզրահանգումները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշման պատճենի համաձայն` Գագիկ Թովմասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 19).

2) Ծառայության կողմից 10.11.2015 թվականին, ի թիվս այլնի, Դատարան է ներկայացվել Ծառայության 1-ին գումարտակի 8-րդ դասակի տեսուչ Վարդան Միրզոյանի կողմից կազմված 07.04.2015 թվականի արձանագրության պատճենը, որի համաձայն` Գագիկ Թովմասյանը «Մերսեդեսե մակնիշի «29 PP 992» պետհամարանիշի ավտոմեքենայով Զաքյան փողոցում ժամը 21:25-ին հատել է երթևեկելի մասի հակադիր հոսքերը բաժանող հոծ գծանշումը և ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչպես նաև 07.04.2015 թվականի թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճենը, որի վրա կատարված է հետևյալ գրառումը. «Երեքշաբթի կամ ուրբաթ ժ.15, Թաիրով 14» (հատոր 1-ին, գ.թ. 32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պատճենի տեսքով ներկայացված գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման, դրանք հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք վարչական դատարանը կարող է գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը հաստատված համարել գրավոր ապացույցի պատճենի հետազոտման և գնահատման միջոցով այն պարագայում, երբ դատավարարության մասնակիցը վիճարկում է բնօրինակի հետ դրա համապատասխանությունը,

- արդյո՞ք վարչական դատարանը կարող է փաստի հաստատված չլինելու բացասական հետևանքները դնել նշված փաստի ապացուցման բեռը չկրող դատավարության մասնակցի վրա:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, ամրագրել է կողմի պարտականությունը` դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Միևնույն ժամանակ, օրենսդիրն ամրագրել է նաև ապացույցներ ներկայացնելու հատուկ կանոն, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են ապացուցման բեռը բաշխելու կանոնները, ինչպես նաև այն բացասական հետևանքները, որոնք վրա են հասնում ապացուցման պարտականությունը չիրականացնելու դեպքում: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որի չիրականացման պարագայում կարող են վրա հասնել որոշակի անբարենպաստ հետևանքներ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է ապացույցների տեսակները և դրանց ներկայացման կարգը, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են (...) գրավոր ապացույցները (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձևով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, կարող է պատճենի ձևով գրավոր ապացույց ներկայացրած դատավարության մասնակցից պահանջել պատշաճ վավերացված պատճենը ներկայացնել։ Պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը չներկայացվելու դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավոր ապացույցները հանդիսանում են ապացույցների ինքնուրույն տեսակ, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Վկայակոչած նորմերի բովանդակությունից բխում է, որ որպես գրավոր ապացույց կարող է հանդես գալ ցանկացած նյութական կրիչ, որի վրա տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների կիրառմամբ արտացոլված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ: Ընդ որում, գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի այն տեղեկությունը (միտքը), որը տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների միջոցով արտացոլված է որոշակի նյութական կրիչի վրա և ընկալվում է դրա բովանդակության (տեքստի) ընթերցման միջոցով:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորել է փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացնելու կարգը և դրանք դատարան չներկայացնելու դատավարական հետևանքները: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով և այն դատարան չներկայացնելու դատավարական հետևանքները հանգում են հետևյալին. դատարանն իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդությամբ, տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

Այլ կերպ` օրենսդիրը սահմանել է գրավոր ապացույցները դատարան ներկայացնելու հնարավոր երկու տարբերակ` բնօրինակով կամ պատճենի ձևով։ Միաժամանակ օրենսդիրը սահմանել է պատճենի ձևով ներկայացված գրավոր ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու կանոն այն դեպքերում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավիճակներին, երբ գրավոր ապացույցը դատարան է ներկայացվում պատճենի տեսքով, սակայն դատավարարության մասնակիցը վիճարկում է բնօրինակի հետ դրա համապատասխանությունը:

Նկարագրված դեպքերում դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությունից և գտնելով, որ վիճելի փաստը կարող է հաստատվել կամ հերքվել միայն ապացույցի բնօրինակի հետազոտման և գնահատման միջոցով, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել ապացույցի բնօրինակը ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ այդմ, դատարանը օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք արտացոլված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։ Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապացույց պահանջելու մասին դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոգրյալ իրավական նորմերի բովանդակութունից բխում է, որ դատարանն իրավասու է առանձին դատական ակտի տեսքով կայացրած որոշմամբ պահանջել ապացույցի բնօրինակը դատավարության մասնակիցներից կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից) կամ դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանցից, որոնց ազդեցության ոլորտում է գտնվում այն: Ընդ որում, դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում։ Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։

Վերոգրյալ վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ փաստաթղթի բնօրինակը պահանջելու մասին դատարանի կողմից կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման այն անձի կողմից, ում հասցեագրվել է նշված որոշումը: Դատարանի որոշման պահանջներն անհնարինության պատճառով անկատար մնալու պարագայում դատարանը կարող է իրացնել ինչպես նախկինում ընդունած որոշումը վերացնելու, այնպես էլ պատճենի ձևով ներկայացված ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու իր լիազորությունը: Նշված լիազորությունը դատարանը կարող է իրացնել կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու դատարանի լիազորությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրվել է որպես հայեցողական լիազորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել՝ ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե'ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապե ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հայեցողություն» եզրույթը նշանակում է համապատասխան պետական մարմնի օրենքով սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև առհասարակ իր լիազորությունը գործնականում կիրառելու կամ դրանից ձեռնպահ մնալու հնարավորություն: Պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:

Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ «դատական հայեցողությունըե կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված այլընտրանքային իրավական հետևանքներից որևէ մեկը ընտրելու, ինչպես նաև որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: Իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով (տե'ս, Գրետա Ավետիսյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ կառավարության և մյուսների թիվ ՎԴ/5908/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, արձանագրում է, որ որևէ ապացույց հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու դատարանի լիազորությունը թեև օրենսդրորեն սահմանվել է որպես հայեցողական լիազորություն, այնուամենայնիվ, դատարանն այն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը: Մասնավորապես՝ այս կամ այն ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնվեն դրանով հիմնավորվող փաստի` տվյալ գործով որոշիչ նշանակություն ունենալու հանգամանքը և, եթե ապացուցում պահանջող հարցը վեճի լուծման համար ունի որոշիչ նշանակություն և դատավարության մասնակցի պնդմամբ առկա է բնօրինակի հետ անհամապատասխանություն, ապա դատարանը պարտավոր է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ պատճենի ձևով ներկայացված ապացույցը հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե ապացույցի բնօրինակը ձեռք բերելու ուղղությամբ դատարանի կողմից ձեռնարկված միջոցներն արդյունք չեն տվել: Ընդ որում, պատճենի ձևով ներկայացված ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու վերաբերյալ կողմի կողմից միջնորդություն ներկայացված լինելու պարագայում դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պարտավոր է քննարկել այն և կայացնել համապատասխան որոշում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատճենի ձևով ներկայացված ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից չհանելու դեպքում, վիճելի փաստի հաստատված չլինելու բացասական հետևանքները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է դրվել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա: Այսինքն` այն դեպքում, երբ վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը հնարավոր է հաստատել կամ հերքել գրավոր ապացույցի միայն բնօրինակի միջոցով, սակայն այդ ապացույցը ձեռք բերելու դատարանի գործողությունները եղել են ապարդյուն, ապա դատարանը նշված փաստի հաստատված չլինելու բացասական հետևանքները չի կարող դնել դատավարության այն մասնակցի վրա, ով նշված փաստի ապացուցման բեռը կրողը չի հանդիսանում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 22.04.2015 թվականի թիվ ԱԹ 251743 որոշման պատճենի համաձայն` Գագիկ Թովմասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով: Ծառայության կողմից 10.11.2015 թվականին, ի թիվս այլնի, դատարան է ներկայացվել Ծառայության 1-ին գումարտակի 8-րդ դասակի տեսուչ Վարդան Միրզոյանի կողմից կազմված 07.04.2015 թվականի արձանագրության պատճենը, որի համաձայն` Գագիկ Թովմասյանը «Մերսեդեսե մակնիշի «29 PP 992» պետհամարանիշի ավտոմեքենայով Զաքյան փողոցում ժամը 21:25-ին հատել է երթևեկելի մասի հակադիր հոսքերը բաժանող հոծ գծանշումը և ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչպես նաև 07.04.2015 թվականի թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճենը, որի վրա կատարված է հետևյալ գրառումը. «Երեքշաբթի կամ ուրբաթ ժ.15, Թաիրով 14»: Դատարան ներկայացված հայցադիմումով Գագիկ Թովմասյանը հայտնել է, որ Ծառայության կողմից իրեն տրամադրվել է ժամանակավոր վկայական, որի վրա իր նկատմամբ քննվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին որևէ գրառում առկա չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 13-17):

Դատարանը 21.12.2015 թվականի «Անհրաժեշտ ապացույցներ հետազոտման նպատակով պահանջելու մասին» որոշմամբ Ծառայությունից պահանջել է թիվ 251743 ժամանակավոր վկայականի բնօրինակը (հատոր 1-ին, գ.թ. 46-47), որը սակայն Դատարան չի ներկայացվել:

15.02.2016 թվականի դատական նիստում Գագիկ Թովմասյանը միջնորդել է Ծառայության կողմից ներկայացված ապացույցների պատճեները հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից (հատոր 1-ին, գ.թ. 50-52):

Սույն գործով Դատարանը մերժել է Գագիկ Թովմասյանի հայցը՝ պատճառաբանելով, որ Գագիկ Թովմասյանը 07.04.2015 թվականին իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո, ծանոթացել է արձանագրությանը, ստացել իր իրավունքների և պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը, ինչը հաստատվում է արձանագրության և որոշման վրա կատարված ստորագրությամբ, ուստի Դատարանը եզրահանգել է, որ հայցվորը պատշաճ ծանուցված է եղել իր նկատմամբ քննվող գործի տեղի և ժամանակի մասին, որպիսի պայմաններում առկա չէ այդ հիմքով վիճարկվող ակտն անվավեր ճանաչելու որևէ հիմք:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Գագիկ Թովմասյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ Ծառայության 07.04.2015 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ և Ծառայության կողմից 07.04.2015 թվականին Գագիկ Թովմասյանին տրված թիվ 251743 ժամանակավոր վկայականին կից քաղվածքով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վարչական մարմինը գործի քննության ընթացքում Գագիկ Թովմասյանին ընձեռել է քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն, որի մասին վերջինս պատշաճ ծանուցված է եղել։

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով։

Վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում պետական մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է նաև այն հարցը, թե գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ սահմանել է պարտադիր կանոն առ այն, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Նշված կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։

Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է պետական մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը՝ վարչական իրավախախտման գործը քննության նախապատրաստելու ընթացքում լուծելու գործի քննության ժամանակի և տեղի մասին քննությանը մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու հարցը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել պատասխանատվության ենթարկվող անձին լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը։ Հետևաբար ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները (տե՛ս, ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸտնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին Գագիկ Թովմասյանի ծանուցված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը, Դատարանը պարզել է Ծառայության կողմից Դատարան ներկայացված թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճեի հետազոտման և գնահատման միջոցով` անտեսելով այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում հայցվոր կողմը վիճարկել է բնօրինակի հետ դրա համապատասխանությունը և պնդել է, որ բնօրինակի վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին որևէ գրառում առկա չի եղել, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թիվ 251743 ժամանակավոր վկայականի բնօրինակը հետազոտելու անհրաժեշտությունն արձանագրել է նաև Դատարանը` 21.12.2015 թվականին կայացրած որոշմամբ Ծառայությունից պահանջելով նշված գրավոր ապացույցի բնօրինակը ներկայացնել դատարան: Մինչդեռ սույն գործի փաստերից բխում է, որ «Անհրաժեշտ ապացույցներ հետազոտման նպատակով պահանջելու մասին» Դատարանի 21.12.2015 թվականին որոշման պահանջները չեն կատարվել: Այսինքն` վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ հերքելու նպատակով գրավոր ապացույցի բնօրինակը ձեռք բերելու ուղղությամբ Դատարանի գործողությունները եղել են ապարդյուն, հետևաբար նշված փաստի հաստատված չլինելու բացասական հետևանքները կարող էր դրվել Ծառայության վրա, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերջինս է կրում վիճարկման հայցով միջամտող վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը: Այլ կերպ ասած` վարչական իրավախախտման գործը քննող վարչական մարմինը` տվյալ դեպքում Ծառայությունն էր պարտավոր ապացուցելու վարչական իրավախախտման գործի քննության ժամանակի և վայրի մասին վարույթի մասնակցին ծանուցելու փաստը, ինչը, սակայն, չի կատարվել Ծառայության կողմից: Ավելին, նշված փաստը մնացել է չապացուցված անգամ այն պարագայում, երբ Դատարանը 21.12.2015 թվականին կայացրել է «Անհրաժեշտ ապացույցներ հետազոտման նպատակով պահանջելու մասին» որոշումը` պահանջելով Դատարան ներկայացնել թիվ 251743 ժամանակավոր վկայականի բնօրինակը: Մինչդեռ նման պայմաններում բնօրինակի միջոցով հաստատման ենթակա փաստի հաստատված չլինելու բացասական հետևանքները Դատարանը, ըստ էության, դրել է ապացուցման բեռը չկրող հայցվոր կողմի վրա` խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը չի քննարկել և որևէ որոշում չի կայացրել պատճեի ձևով ներկայացված գրավոր ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելու վերաբերյալ կողմի միջնորդության առնչությամբ: Այսպես, 15.02.2016 թվականի դատական նիստի ընթացքում հայցվորը միջնորդել է թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճեն հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից: Դատարանը նշված միջնորդությունը չի քննարկել և որևէ որոշում չի կայացրել` հայտնելով, որ միջնորդությանը կանդրադառնա դատական ակտով, սակայն Դատարանի 09.03.2016 թվականի վճռում անդրադարձ չի կատարվել միջնորդությանը: Նման պայմաններում Դատարանը, առանց քննարկելու միջնորդությունը կամ առանց հետամուտ լինելու «Անհրաժեշտ ապացույցներ հետազոտման նպատակով պահանջելու մասին» 21.12.2015 թվականի որոշման կատարմանը, վիճելի փաստը, այն է` վարչական իրավախախտման գործի քննության ժամանակի և վայրի մասին հայցվորի ծանուցված լինելու հանգամանքը հաստատված է համարել թիվ 251743 ժամանակավոր վկայականի պատճեով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմերի վերը նշված խախտումները վերացնելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի ատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.01.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

   

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

    Ա. Բարսեղյան
   

Մ. ԴՐՄԵՅԱՆ

    Գ. Հակոբյան
    Ռ. ՀակոբՅԱՆ
   

Տ. Պետրոսյան

   

Ե. Սողոմոնյան

   

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան