Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.13
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.08.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
30.08.2017
Дата вступления в силу
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0024/01/15

ԱՐԱԴ/0024/01/15

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

Դատավորներ՝

Ռ. Բարսեղյան

Ա. Դանիելյան

  

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

     

նախագահությամբ`

Ս. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`

պաշտպան

Ա. Զաքարյանի

  

2017 թվականի օգոստոսի 30-ին

ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Հենրիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 29104114 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Ա.Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։

2015 թվականի հոկտեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 16-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` կատարված հանցագործությանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 16-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը։

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, դիտավորությամբ Արտավազդ Հաբեթի Գոհարյանի առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Անդրանիկ Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտվել է 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկման և 2011 թվականի ապրիլ ամսից մինչև 2015 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։

2014 թվականի մայիս ամսվա ընթացքում Անդրանիկ Մկրտչյանը բնակվել է «Կոշ» ՔԿ հիմնարկի 4-րդ մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված, կացարանի հարմարեցված խաղասենյակում, որտեղ կենցաղային բնույթի աշխատանքներ է կատարել նույն հիմնարկի դատապարտյալ Արտավազդ Գոհարյանը։

Անդրանիկ Մկրտչյանը, համոզված լինելով, որ Արտավազդ Գոհարյանը հիշյալ կացարանից գաղտնի հափշտակել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես «քրեական հեղինակություն», վերջինիս պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին` ժամը 23։00-23։30-ն ընկած ժամանակահատվածում, նույն սենյակում, փայտով դիտավորյալ հարվածներ է հասցրել Արտավազդ Գոհարյանի մարմնի տարբեր մասերին ու գլխի գագաթային շրջանին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` բաց, բութ գանգուղեղային վնասվածք։ Այնուհետև Արտավազդ Գոհարյանը տեղափոխվել է նույն քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ 2014 թվականի մայիսի 20-ին` ժամը 03։40-ին մահացել է (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 171)։

6. Վկա Արայիկ Միրզոյանը նախաքննության ընթացքում` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի հարցաքննության ժամանակ, տվել է ցուցմունք այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 6-ից պատիժ է կրել ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկում, որտեղ ծանոթացել է նույն հիմնարկի դատապարտյալ, «Ափո» մականունով Արտավազդ Գոհարյանի հետ։ Վերջինս քրեակատարողական հիմնարկի տարածքում կատարել է տարբեր կենցաղային, տնտեսական և շինարարական աշխատանքներ, մշակել է տարածքի ծառերն ու ծաղիկները։ Ա.Գոհարյանը նմանատիպ աշխատանքներ է կատարել նաև քրեական հեղինակություն համարվող, «զոն նայող» դատապարտյալ Ա.Մկրտչյանի քնելատեղում, որը գտնվել է հիմնարկի «Սանչաստ» կոչվող հանրակացարանի 1-ին հարկի խաղասենյակում։ 2014 թվականի մայիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, օրը հստակ չի հիշում, Ա.Մկրտչյանի սենյակի մոտով անցնելիս, բաց դռնից տեսել է, որ վերջինս, հայհոյանքներ տալով, ծեծում է Ա.Գոհարյանին` ձեռքերով և փայտի կտորով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև տեսել է, որ Ա.Գոհարյանն արյունոտ դեմքով դուրս է եկել Ա.Մկրտչյանի սենյակից և հեռացել։ Մեկ-երկու օր անց հանդիպել է Ա.Գոհարյանին և հետաքրքրվել տեղի ունեցածի մասին։ Վերջինս պատմել է, որ Ա.Մկրտչյանն իրեն մեղադրում է իր սենյակից ծխախոտ, սուրճ, ժամացույց և կրակայրիչ գողանալու մեջ։ Նա սկզբից հերքել է իր կողմից գողություն կատարելու փաստը, սակայն հետո ընդունել է և խնդրել որևէ մեկին չպատմել այդ մասին։ Հետագայում Ա.Գոհարյանի հետ շփումներից հասկացել է, որ վերջինս ցանկանում է տեղափոխվել և պատժի մնացած մասը կրել այլ քրեակատարողական հիմնարկում։ 2014 թվականի մայիսի 19-ին` ժամը 23։00-ի սահմաններում, «Սանչաստ» կոչվող հանրակացարանի շենքի միջանցքով` Ա.Մկրտչյանի սենյակի մոտով անցնելիս, բաց դռնից տեսել է, որ վերջինս հաստ փայտով հարվածում է Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին և մեղադրում նրան գողություն կատարելու մեջ։ Որոշ ժամանակ անց Ա.Գոհարյանը գլխի գագաթային մասը բռնած, արյունոտ դուրս է եկել Ա.Մկրտչյանի սենյակից։ Այնուհետև դատապարտյալներից լսել է, որ Ա.Գոհարյանը լավ չի զգում, նրան տարել են բուժմաս, և այնտեղ նա մահացել է։ Բուժմասի բուժսպասարկման սենյակի պատուհանից տեսել է, որ Ա.Գոհարյանը պառկած է պատգարակին, իսկ դատապարտյալ Վալերը կապում է նրա գլուխը, հավանաբար, որ գլխի վերքը չերևա։ Այնուհետև եկել են հիմնարկի պետ Ստեփանյանը և նրա տեղակալները։ Տեսել է նաև, թե ինչպես են նրանք խոսել Ա.Մկրտչյանի հետ։ Որոշ ժամանակ անց խոսակցություններ են տարածվել, թե Ա.Գոհարյանի խոցը պայթել է, նա ընկել է գետնին և մահացել է։

Ա.Միրզոյանը հայտնել է նաև, որ Ա.Մկրտչյանը Ա.Գոհարյանին հարվածել է «քառակուսիոտ» փայտով, որը կունենար մոտ մեկ մետր երկարություն, 3 սմ հաստություն։ Ա.Մկրտչյանի գլխի գագաթային հատվածում տեսել է հոսող արյուն, նրա հագին եղել է մուգ գույնի շալվար և սվիտեր, որը արյունոտ էր, իսկ երբ նրան տեսել է բուժմասում մահացած վիճակում, նրա սվիտերը փոխված է եղել։ Հայտնել է նաև, որ դեպքի ժամանակ միջանցքի բաց դռնից տեսել է, թե ինչպես է Ա.Մկրտչյանը փայտով հարվածել Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին և գլխին, 1-2 րոպե այդ ամենը տեսնելուց հետո էլ չի կարողացել նայել, դուրս է եկել շենքի դիմաց ու շուրջ 30 րոպե լսել է հարվածների և Ա.Գոհարյանի գոռոցի ձայները։

Հայտնել է նաև, որ Ա.Մկրտչյանը գրեթե ամեն օր տարբեր պատճառներով ծեծի է ենթարկել դատապարտյալներին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 172-177)։

Վկա Արայիկ Միրզոյանը նախաքննության ընթացքում` 2015 թվականի հունվարի 15-ի հարցաքննության ժամանակ, տվել է լրացուցիչ ցուցմունք այն մասին, որ Ա.Մկրտչյանը ունեցել է երկարավուն փայտ` 4-5 սմ հաստությամբ, անկյունները քառակուսի, որը կոչվում էր «կոլ»։ Այդ փայտով նա ծեծում էր դատապարտյալներին, այդ թվում` Ա.Գոհարյանին, ով գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է։ Իր իմանալով` Ա.Մկրտչյանն Ա.Գոհարյանին 2014 թվականի մայիս ամսվա ընթացքում ծեծել է երկու անգամ։ 2014 թվականի մայիսի սկզբին, կոնկրետ օրը չի հիշում, Ա.Մկրտչյանի սենյակի մոտով անցնելիս կիսաբաց դռնից տեսել է, որ սենյակում են գտնվում դատապարտյալներ Անդրանիկ Մկրտչյանը, Արթուր Թադևոսյանը, «Տիյա» մականունով Հովհաննես Վարդանյանը և Արտավազդ Գոհարյանը։ Լսել է, թե ինչպես է Ա.Մկրտչյանը, հայհոյանքներ տալով, Ա.Գոհարյանին մեղադրել իր սենյակից գողություն կատարելու մեջ, ինչից Ա.Գոհարյանը հրաժարվել է, որից հետո Ա.Մկրտչյանը ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև «կոլ» կոչվող փայտով հարվածել է Ա.Գոհարյանի մարմնի տարբեր հատվածներին։

2014 թվականի մայիսի 19-ի կեսօրին քրեակատարողական հիմնարկի տարածքում զբոսնելիս դատապարտյալների խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանին առողջական խնդիրներ ունենալու պատճառով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց։ Զարմացել է, քանի որ Ա.Գոհարյանը երբևէ չի դժգոհել առողջությունից։ Մի քանի ժամ անց տեղեկացել է, որ վերջինս վերադարձել է քրեակատարողական հիմնարկ, քանի որ հետազոտության արդյունքներով բժիշկները նրա մոտ որևէ խնդիր չեն հայտնաբերել։ Նույն օրը` ժամը 23։00-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում, երբ գտնվել է «Սանչաստ» կոչվող հանրակացարանի մոտակայքում` նստարանին նստած, Ա.Մկրտչյանի սենյակից լսել է գոռգոռոցի և հայհոյանքների ձայներ։ Անմիջապես մտել է շենքի միջանցք և լսել, թե ինչպես է վերջինս մեղադրել Ա.Գոհարյանին գողություն կատարելու մեջ։ Ա.Մկրտչյանի ձեռքում տեսնելով «կոլ» կոչվող փայտը` հասկացել է, որ նա պատրաստվում է հարվածել Ա.Գոհարյանին։ Ներսում գտնվողների կողմից չնկատվելու համար դուրս է եկել շենքից, գնացել է դեպի հակառակ կողմ, այնտեղ գտնվող պատուհանից հետևել է սենյակում տեղի ունեցող իրադարձություններին։ Տեսել և լսել է, թե ինչպես է Ա.Մկրտչյանը, հայհոյանքներ տալով, հարվածում Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին։ Լսել է նաև Ա.Գոհարյանի բղավոցի ձայները. «Վախ մամա ջան, ցավումա, մի խփի»։ Ստույգ չի հիշում, թե Ա.Մկրտչյանը քանի անգամ է հարվածել Ա.Գոհարյանին, ինչով և որ հատվածներին, սակայն նախկին տեսածից ու իմացածից կարող է վստահ հայտնել, որ Ա.Մկրտչյանը հարվածել է ձեռքերով, ոտքերով և «կոլ» կոչվող փայտով։ Դեպքը տևել է մոտ 20-30 րոպե, որին ներկա են գտնվել Ա.Մկրտչյանի մտերիմները` դատապարտյալներ Արթուրը, Հայկը և «Տիյան»։ Այդ ամենը տեսել է պատուհանից` կանգնած լինելով շուրջ 5 մետր հեռավորության վրա գտնվող «բորդյուրի» վրա։ Այնուհետև ինքը վերադարձել է շենքի մուտքի մոտ և տեսել է, որ Ա.Գոհարյանը ձեռքերով գլուխը բռնած դուրս է եկել սենյակից, իսկ «Տիյան» և Հայկը Ա.Գոհարյանին ուղեկցել են կողքի խաղասենյակ։ Մի քանի րոպե անց վերջիններս Ա.Գոհարյանին թևերից բռնած տարել են դեպի բուժկետ։ Ինքը նույնպես գնացել է բուժկետի մոտ և տեսել, որ Ա.Գոհարյանն անշարժ, մեջքի վրա պառկած է բուժկետում գտնվող պատգարակին, իսկ Սերվենտը և Հարութը մաքրում են նրա գլխի արյունը։ Այնուհետև Վալերը և «ՏՏ» մականունով Արմենը բինտով կապել են Ա.Գոհարյանի գլուխը և ոտքերը։

Հայտնել է նաև, որ, իր կարծիքով, Ա.Մկրտչյանը «կոլ» կոչվող փայտով է հարվածել Ա.Գոհարյանի գլխին, ինչի հետևանքով էլ նա մահացել է, իսկ իրեն Ա.Մկրտչյանը երբևէ չի ծեծել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 148-160)։

Վկա Արայիկ Միրզոյանը նախաքննության ընթացքում` 2015 թվականի մարտի 27-ի հարցաքննության ժամանակ, տվել է լրացուցիչ ցուցմունք` հայտնելով, որ պնդում է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներն այն մասին, որ դեպքի պահին գտնվել է «Սանչաստ» կոչվող շենքի միջանցքում, կիսաբաց դռնից տեսել է, թե ինչպես է «զոն նայող» դատապարտյալ Ա.Մկրտչյանն իր սենյակում ձեռքերով և «կոլ» կոչվող փայտով հարվածում Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին և մեկ անգամ էլ գլխի վերևի մասին, որի հետևանքով նրա գլխից արյուն է հոսել։ Դեպքը տևել է մոտ 30 րոպե։ Այնուհետև դատապարտյալներից լսել է, որ Ա.Գոհարյանը լավ չի զգում, նրան տարել են բուժմաս։ Ինքը նույպես գնացել է այնտեղ և բուժմասի պատուհանից տեսել է, որ Ա.Գոհարյանը պառկած է մահճակալին, իսկ դատապարտյալներ «ՏՏ» մականունով Արմենը և Վալերը կապում են Ա.Գոհարյանի գլուխը, ձեռքերը և ոտքերը, որպեսզի վնասվածքները չերևան (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 70-71)։

Վկա Արայիկ Միրզոյանը 2015 թվականի օգոստոսի 5-ին, 2015 թվականի օգոստոսի 27-ին և 2015 թվականի օգոստոսի 31-ին` դատապարտյալ Անդրանիկ Մկրտչյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ, պնդել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներն այն մասին, որ տեսել է, թե ինչպես է Ա.Մկրտչյանը, հայհոյանքներ տալով, ծեծում Ա.Գոհարյանին, ինչպես նաև ձեռքերով և փայտի կտորով հարվածներ հասցնում վերջինիս մարմնի տարբեր մասերին։ Հայտնել է նաև, որ դեպքի ժամանակ կանգնած չի եղել Ա.Մկրտչյանի կողքին, որպեսզի տեսներ, թե նա Ա.Գոհարյանի մարմնի որ հատվածներին է շատ հարվածել, բայց «կոլ» կոչվող փայտը տեսել է Ա.Մկրտչյանի ձեռքին։ Այնուհետև, երբ Ա.Գոհարյանին բուժկետ են տեղափոխել, տեսել է, որ վերջինիս գլխից արյուն է հոսում։

Հայտնել է նաև, որ Ա.Մկրտչյանի հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ և երբևէ նրա հետ կոնֆլիկտ չի ունեցել (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 87-89, 123-128, 130-133)։

Վկա Արայիկ Միրզոյանն Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 6-ի, 2016 թվականի դեկտեմբերի 11-ի և 2017 թվականի հունվարի 18-ի դատական նիստերի ընթացքում տվել է գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ` Ա.Մկրտչյանի կողմից Ա.Գոհարյանին ծեծի ենթարկելուն ականատես լինելու մասին։ Միաժամանակ պնդել է, որ երբ կանգնել է «Կոշ» ՔԿ հիմնարկի «Սանչաստ» կոչվող շենքի` Ա.Մկրտչյանի սենյակի դիմաց, պատուհանից տեսել է, թե ինչպես է վերջինս ծեծի ենթարկում Ա.Գոհարյանին, ընդ որում, տեսել է, որ Ա.Մկրտչյանը «կոլ» կոչվող փայտով դեմքով դեպի իրեն կանգնած Ա.Գոհարյանի գլխի գագաթային հատվածին հարվածել է դիմացից, վերևից ներքև ուղղությամբ, որից հետո վերջինիս գլխից սկսել է արյուն հոսել։ Նշել է նաև, որ «կոլ» կոչվող փայտը «կլորավուն» էր` շուրջ 50 սմ երկարությամբ և 2-3 սմ հաստությամբ։

Վկա Արայիկ Միրզոյանն Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 29-ի և 2017 թվականի փետրվարի 12-ի դատական նիստերի ընթացքում նշել է, որ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության սկզբում իր կողմից տված ցուցմունքներն այն մասին, որ անձամբ տեսել է, թե ինչպես է Ա.Մկրտչյանը ծեծի ենթարկել Ա.Գոհարյանին և «կոլ» կոչվող փայտով հարվածել նրա գլխին, որի հետևանքով վերջինս մահացել է, սուտ են։ Իրականում նման բան չի եղել, նման բան ինքը չի տեսել, և ընդհանրապես երբևէ Ա.Մկրտչյանի ձեռքին փայտ չի տեսել։ Ա.Գոհարյանի մահվան վերաբերյալ տեղեկացել է դատապարտյալներից, լսել է, որ վերջինիս խոցն է պայթել և բաղնիքի մոտ ընկել է, որի հետևանքով էլ մահացել է։ Ինքն իրականում զրպարտել է Ա.Մկրտչյանին, քանի որ ցանկացել է վրեժխնդիր լինել նրանից այն բանի համար, որ նա Ա.Գոհարյանի մահանալուց շուրջ երկու ամիս անց խնդրահարույց հարցի կապակցությամբ, որպես «զոն նայող» իրեն կանչել է, նախատել և ապտակել է։ Ինքը զայրացած է եղել Ա.Մկրտչյանի վրա, նույն ընթացքում էլ հայտնվել են մարդիկ, ովքեր իրեն ուղղորդել են սուտ ցուցմունքներ տալ, սակայն այդ մասին չի կարող պատմել։ Նշել է, որ ընդունում է իր սխալը և նույնիսկ պատրաստ է դրա համար ենթարկվելու պատասխանատվության (տե՛ս դատական նիստի արձանագրություն)։

6.1. Վկա Սերյոժա Սիմոնյանը նախաքննության ընթացքում` 2014 թվականի նոյեմբերի 15-ի հարցաքննության ժամանակ, տվել է ցուցմունք այն մասին, որ պատժի կրման ընթացքում ծանոթացել է դատապարտյալ Ա.Գոհարյանի հետ։ Հայտնել է, որ 2014 թվականի ընթացքում «Կոշ» ՔԿ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում չգրված օրենքներով դրությունը հսկել է դատապարտյալ Ա.Մկրտչյանը, ով դատապարտյալների շրջանում լուծել է բոլոր տեսակի հարցերը, այդ թվում` հարկ եղած դեպքում որպես «պատիժ» փայտով ծեծել է դատապարտյալներին, քանի որ, բացի «զոն նայողից», որևէ այլ դատապարտյալ ծեծելու իրավունք չի ունեցել։ Ա.Մկրտչյանն ուներ ծիրանի ծառի ճյուղից պատրաստած փայտ, որը կոչվում էր «կոլ», որով էլ ծեծում էր սխալ արարք թույլ տված դատապարտյալներին։ Այդ ժամանակահատվածում Ա.Մկրտչյանը բնակվել է դատապարտյալ Արթուրի հետ՝ «Սանչաստ» կոչվող հանրակացարանի 1-ին հարկի խաղասենյակում։

2014 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 02.00-03.00-ն ընկած ժամանակահատվածում, դատապարտյալների շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանը բաղնիքի մոտ վայր է ընկել և գլխով հարվածել գետնին, որի պատճառով տեղափոխվել է բուժմաս։ Մոտ 30 րոպե անց գնացել է բուժմասի մոտ, որտեղ տեսել է հավաքված մի շարք դատապարտյալների և օրվա հերթափոխի աշխատակիցներին, որոնցից էլ տեղեկացել է Ա.Գոհարյանի մահվան մասին։ Բուժմասի մահճակալին տեսել է Ա.Գոհարյանին մահացած՝ մեջքի վրա պառկած դիրքով։ Տեսել է նաև «ՏՏ» մականունով դատապարտյալ Արմեն Գևորգյանին, ով կապել է Ա.Գոհարյանի ոտքերը, կապված է եղել նաև նրա գլուխը, իսկ գլխի գագաթային հատվածում վիրակապը եղել է արյունոտ։

Դեպքից մի քանի օր անց դատապարտյալների շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանը դատապարտյալ Արթուրի սենյակից գողացել է սուրճ, թեյ, ծխախոտ և այլ իրեր, որի մասին հայտնի է դարձել Ա.Մկրտչյանին։ Հաշվի առնելով, որ դատապարտյալների շրջանում «պատժելու» իրավունք ունեցել է միայն դրությունը հսկողը, ով տվյալ դեպքում հանդիսացել է Ա.Մկրտչյանը, վերջինս դրա համար «կոլ» կոչվող փայտով ծեծել է Ա.Գոհարյանին, որի ընթացքում էլ հարվածել է նաև գլխին և պատճառել վնասվածք, ինչից էլ վերջինս մահացել է։ Դեպքի հետ կապված` Ա.Մկրտչյանը դատապարտյալներին ասել է, որ Ա.Գոհարյանի մահվան դեպքով ոստիկանության աշխատակիցների գալու դեպքում ավելորդ ոչ մի բան չասեն, պատասխանեն միայն, թե իբրև նա մահացել է խոց պայթելուց, հետո վայր է ընկել բաղնիքի և զուգարանի միջնամասում` գլուխը պատին հարվածելու արդյունքում։

Հայտնել է նաև, որ 2014 թվականի հունիսի վերջին «Կոշ» ՔԿ հիմնարկում պատիժ կրող մի դատապարտյալի հետ ունեցած տարաձայնության պատճառով Ա.Մկրտչյանն իրեն կանչել է կացարան, որտեղ փայտով հարվածել է իր ձախ ուսին, պատճառել ֆիզիկական ցավ, որի կապակցությամբ բուժօգնության չի դիմել։ Ա.Մկրտչյանի դեմ բողոք չի ներկայացրել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 8-22)։

Վկա Սերյոժա Սիմոնյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ երբևէ չի տեսել, որ Ա.Մկրտչյանը ծեծի ենթարկի Ա.Գոհարյանին կամ որևէ այլ դատապարտյալի։ Իմանալով Ա.Գոհարյանի մահվան մասին` գնացել է բուժմաս, տեսել է Ա.Գոհարյանին մահճակալին պառկած, գլուխը կապված վիճակում, իսկ նրա մարմնի վրա գցած է եղել սավան։ Արյուն չի տեսել։ Ինչ վերաբերում է «կոլ» տեսակի փայտին, ապա ինքը նույնիսկ պատկերացում չունի դրա մասին։ Նշել է նաև, որ դատապարտյալների շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանը մահացել է ընկնելուց, լսել է նաև, որ վերջինիս մահվան պատճառ է հանդիսացել ստացված հարվածը։

Ինչ վերաբերում է Ա.Մկրտչյանի կողմից իրեն հարվածելու դեպքին, նշել է, որ Ա.Մկրտչյանը ծիրանի ծառի բարակ ճյուղով է իրեն հարվածել և Ա.Մկրտչյանի դեմ որևէ բողոք չունի (տե՛ս դատական նիստի արձանագրություն)։

6.2. Վկա Ավետիք Խաչատրյանը նախաքննության ընթացքում` 2014 թվականի նոյեմբերի 25-ի հարցաքննության ժամանակ, տվել է ցուցմունք այն մասին, որ 2014 թվականին պատիժ կրելու ընթացքում դատապարտյալների շրջանում չգրված օրենքներով որոշակի ժամանակ, այսպես կոչված, «զոն նայող» է համարվել դատապարտյալ Ա.Մկրտչյանը։ Միայն նա է իրավունք ունեցել «պատժելու», այդ թվում` ծեծի ենթարկելու, չգրված օրենքների համաձայն, սխալ արարք կատարած դատապարտյալի։ Նա աչքի է ընկել իր դաժան և ագրեսիվ պահվածքով, հաճախակի դատապարտյալներին ձեռքերով ու ոտքերով դաժանորեն ծեծի է ենթարկել, իսկ վերջիններս, ըստ չգրված օրենքների, պաշտպանվելու իրավունք չեն ունեցել։ Ա.Մկրտչյանը որոշ ժամանակ բնակվել է իր ընկեր դատապարտյալ Արթուրի հետ «Սանչաստ» կոչվող հանրակացարանի 1-ին հարկի` կացարանի հարմարեցված խաղասենյակում։

Պատիժ կրելու ընթացքում ճանաչել է նաև «Ափո» մականունով դատապարտյալ Ա.Գոհարյանին։ Իր հիշելով` Ա.Գոհարյանը մահացել է 2014 թվականի մայիսի վերջին։ Դեպքի օրը՝ կեսօրին, տեսել է, որ նրան պատգարակով դուրս են բերել քրեակատարողական հիմնարկի տարածքից, որպեսզի տեղափոխեն «Աշտարակի բժշկական կենտրոն»` բուժօգնության համար։ Դատապարտյալների խոսակցություններից տեղեկացել է, թե իբր Ա.Գոհարյանի ստամոքսի խոցը բացվել է։ Այդ ամենից զարմացել է, քանի որ դրանից ժամեր առաջ հանդիպել է Ա.Գոհարյանին, ով քրեակատարողական հիմնարկի տարածքում աշխատելիս է եղել և նույնիսկ հետաքրքրվել ու իմացել է, որ լավ է զգում։

Հաջորդ օրը` առավոտյան անվանականչի ժամանակ, դատապարտյալների շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանը մահացել է, իսկ մահվան պատճառը հանդիսացել է դատապարտյալներից մեկի կողմից նրան ծեծելը։ Տեղյակ չէ, թե կոնկրետ ով է ծեծել, սակայն քրեակատարողական հիմնարկի տարածքում նման իրավունք ունեցել է միայն դատապարտյալների շրջանում, այսպես կոչված, «զոն նայող» համարվող դատապարտյալը, ով տվյալ ժամանակահատվածում հանդիսացել է Ա.Մկրտչյանը։ Նա է վիճելի հարցերին լուծում տվել և սխալ արարք կատարած դատապարտյալներին պատժել այնպես, ինչպես ցանկացել է։ Բազմիցս լսել է տարբեր դատապարտյալների գոռգոռոցի ձայներ, որոնց Ա.Մկրտչյանը տարբեր պատճառներով ծեծի է ենթարկել քրեակատարողական հիմնարկի «Դպրոց» կոչվող հանրակացարանի շենքի 3-րդ հարկի սենյակում (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 39-49)։

Վկա Ավետիք Խաչատրյանը դատաքննության ընթացքում նշել է, որ տեղյակ չի եղել Ա.Մկրտչյանի կողմից Ա.Գոհարյանին ծեծի ենթարկելու մասին։ Դատապարտյալներից լսել է, որ Ա.Գոհարյանը մահացել է ստամոքսի խոց պայթելուց։ Նշել է, որ քրեակատարողական հիմնարկում ոչ ոք իրավունք չուներ դատապատյալներին ծեծելու, այդ թվում նաև` «զոն նայողըե։ Նշել է նաև, որ երբևէ չի տեսել «կոլ» կոչվող փայտը (տե՛ս դատական նիստի արձանագրություն)։

6.3. Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 46 եզրակացության համաձայն` «(…) Արտավազդ Գոհարյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից` բաց, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ` մահվան անմիջական պատճառի հետ։ Սույն հետևությունը հիմնավորվում է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված` գլխի աջ հետին գագաթային շրջանի սալջարդ վերքի, գլխամաշկի տակ տարածուն արյունազեղման, գլխուղեղի արյունազեղումների, գլխուղեղի կողմնային փորոքներում հեղուկ արյան, գլխուղեղի արտահայտված այտուցի, գլխուղեղի անոթների գերարյունալեցման առկայություններով, որոնք առաջացել են` կենդանության օրոք, բութ առարկայի մեկանգամյա ներգործության հետևանքով և բերել են մահվան։ Ա.Գոհարյանի գլխի աջ հետին գագաթային շրջանի սալջարդ վերքը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից մինչև 2 ժամ առաջ ընկած ժամանակահատվածում։ Ա.Գոհարյանի դիակի վրա հայտնաբերված վերքը որևիցե բժշկական միջամտության ենթարկված չի եղել։ Ա.Գոհարյանի դիակի վրա հայտնաբերված վերքը, ելնելով իր բնույթից, պետք է արյունահոսեր։ Ելնելով վնասվածքների բնույթից, կարելի է ասել, որ գանգուղեղային վնասվածքը ստանալուց հետո չի բացառվում, որ Ա.Գոհարյանը որոշակի կարճ ժամանակահատվածի ընթացքում կարողանար կատարել ինքնուրույն գործողություններ, այդ թվում նաև` տեղաշարժվեր։

Թիվ 6 լուսանկարի վրա մատնացույց արված հատվածում` պատերի միացման անկյան շրջանում բացառվում է գլխի շրջանի վերքի առաջացումը, ելնելով պատի նշված հատվածի և վերքի առանձնահատկություններից։ Ելնելով վերքի բնույթից և տեղակայումից, թիվ 11 լուսանկարի վրա առկա պատերի միացման հատվածի քարե շրիշակի անկյան շրջանի առանձնահատկություններից, ինչպես նաև, այդ անկյունից պատի վրա 19,5 սմ հեռավորության վրա դատակենսաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերված արյան հետքի առկայությունից, չի բացառվում Ա.Գոհարյանի կողմից սեփական մարմնի բարձրությունից նշված հատվածում վայր ընկնելու և գլխով հարվածելու հետևանքով։ (…) Արտավազդ Գոհարյանը կենդանության օրոք տառապել է հաստ աղու էռոզիվ կոլիտով, վերջինովս էլ պայմանավորված հաստ աղու լուսանցքում հայտնաբերված 300 մլ արյան առկայությունով, որոնք մահվան հետ չեն գտնվում պատճառական կապի մեջ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 74)։

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 123/լ եզրակացության համաձայն` «(…) Արտավազդ Գոհարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված` աջ ուսահոդի շրջանի հետին մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և ձախ սրունքի վերին երրորդի առաջնային մակերեսի քերծվածքները, ելնելով իրենց բնույթից, կազմաբանական առանձնահատկություններից, պատճառվել են կենդանության օրոք, մահվանից մինչև ութ օր առաջ, բութ, կոշտ, սահմանափակ մակերեսներ ունեցող առարկայով/ներով/, ինչպիսին կարող էր լինել նաև փայտը, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին` առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում։ Վերը նշված մարմնական վնասվածքները ստանալիս քաղ. Արտավազդ Գոհարյանը կարող էր գտնվել` նման վնասվածքների առաջացումը չբացառող ցանկացած հնարավոր դիրքում (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 159)։

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 180/լ եզրակացության համաձայն` «(…) Արտավազդ Գոհարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված` գանգուղեղային բաց, բութ վնասվածքը /գլխի աջ հետին գագաթային շրջանի սալջարդ վերքը, գլխի մաշկի տակ և գլխուղեղում արյունազեղումների առաջացումով և գլխուղեղի կողմնային փորոքներ հեղուկ արյան թափանցումով/, կենդանի անձանց մոտ ունի առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ` որպես կյանքի համար վտանգ սպառնացող, որը տվյալ դեպքում բերել է մահվան։ Նշված վնասվածքը պատճառվել է սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայով, ինչպիսին կարող էր լինել նաև նկարագրված փայտը։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված, վերը նշված մարմնական վնասվածքը ստանալիս քաղ. Արտավազդ Գոհարյանը կարող էր գտնվել հնարավոր բոլոր դիրքերում, որոնք կապահովեին և չէին խոչընդոտի նման վնասվածքի առաջացմանը։ Վնասվածքը ստանալու պահին Ա.Գոհարյանը գլխի համապատասխան մասով ուղղված է եղել դեպի վնասող առարկան (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 164)։

7. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքում Ա.Մկրտչյանին արդարացնելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում ամբաստանյալ Անդրանիկ Մկրտչյանը պնդեց, որ Արտավազդ Գոհարյանի հետ երբևէ վիճաբանություն չի ունեցել և նրան ծեծի չի ենթարկել։ Գոհարյանի մահանալու գիշերը ինքը սենյակում քնած է եղել և նրա մահվան մասին լսել է դատապարտյալներից։ Անմիջապես գնացել է հիմնարկի բուժ.մաս և տեսել Գոհարյանին արդեն մահացած վիճակում։ Ինչ վերաբերվում նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արայիկ Միրզոյանի ցուցմունքին այն մասին, թե տեսել է, որ Գոհարյանին ինքը ծեծի է ենթարկել ու «կոլով» հարվածել է նրա գլխին, ինչի պատճառով վերջինս մահացել է, սուտ է։ Արայիկ Միրզոյանը զրպարտել է իրեն զուտ այն պատճառով, որ բազմիցս, ինքը նրան՝ թույլ տված վատ արարքների համար դիտողություններ է արել և մեկ անգամ էլ ապտակել է։

Չնայած դատարանում վկա Արայիկ Միրզոյանը պատճառաբանեց, որ վրեժ լուծելու նպատակով զրպարտել է Անդրանիկ Մկրտչյանին և նախկինում սուտ ցուցմունքներ է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես Անդրանիկ Մկրտչյանը իր սենյակում ծեծի է ենթարկել Արտավազդ Գոհարյանին և «կոլ» կոչվող փայտով հարվածել է նրա գլխի գագաթային հատվածին, դատարանը Անդրանիկ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, այդ թվում Արայիկ Միրզոյանի կողմից նախկինում տրված հակասական ցուցմունքները՝ Անդրանիկ Մկրտչյանի կողմից Արտավազդ Գոհարյանին ծեծի ենթարկելուն ականատես լինելու, Անդրանիկ Մկրտչյանի կողմից Արտավազդ Գոհարյանի գլխի գագաթային հատվածին «կոլ» կոչվող փայտով հարվածելու պահը և մեխանիզմը տեսնելու ու «կոլ» տեսակի փայտի առանձնահատկությունների վերաբերյալ, արժանահավատության տեսանկյունից համադրելով դատաքննության ընթացքում հետազոտված այլ ապացույցների համակցության մեջ, գտնում է, որ Անդրանիկ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը դատաքննությամբ չապացուցվեց։

[Առաջին ատյանի] [դ]ատարանը սույն դատաքննությամբ հետազոտված և սույն դատավճռում շարադրված ապացույցների վերլուծության և գնահատման հիման վրա հիմնավորված չի համարում, որ վկա Արայիկ Միրզոյանի նախաքննության ընթացքում և դատաքննության սկզբում տված հակասական ցուցմունքները արժանահավատ են, իսկ դրանից հետո տված ցուցմունքները` անարժանահավատ։ Մեղադրանքի հիմքում դրված և դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցները նշված պայմաններում ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում սույն գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Անդրանիկ Մկրտչյանի առնչությունը դեպքին, նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ։ Նշված ապացույցները, մասնավորապես՝ դեպքի վայրի զննության, առգրավում կատարելու, հագուստները ներկայացնելու, վերցնելու և զննելու մասին արձանագրությունները, դիակի դատաբժշկական թիվ 46, լրացուցիչ դատաբժշկական թիվ 123/լ և 180/լ փորձաքննությունների եզրակացությունները, դատակենսաբանական փորձաքննությունների թիվ 228, 229 և 268 եզրակացությունները, վկաներ, դատապարտյալներ` Սերյոժա Սիմոնյանի, Ավետիք Խաչատրյանի, Արթուր Թադևոսյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆայել Մասումյանի, Սերվենտ Խաչատրյանի, Արմեն Գևորգյանի, Վալերի Թումանյանի, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցներ` Հարություն Խաչատրյանի, Սպարտակ Ավետիսյանի, Ծերուն Բունիաթյանի, Վռամ Գևորգյանի, Աշտարակի ԲԿ-ի շտապօգնության բժիշկ Նաիրի Մանվելյանի, քննիչ Արթուր Դավթյանի, ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի փորձագետ Սերգեյ Աբգարյանի ցուցմունքները վկայում են այն մասին, որ Արտավազդ Գոհարյանը գլխի վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում և մահանալուց, այսինքն 2014թ. մայիսի լույս 20-ի գիշերը ժամը 03։40-ից երկու ժամ առաջ, այլ ոչ թե մայիսի 19-ին ժամը 23։00-23։30-ը ընկած ժամանակահատվածում։ Որևէ ապացույց ձեռք չբերվեց նաև Արտավազդ Գոհարյանի կողմից ՔԿՀ-ում գողություն կատարելու փաստի վերաբերյալ, ինչը ըստ Արայիկ Միրզոյանի սկզբնական ցուցմունքների` հանդիսանում էր Անդրանիկ Մկրտչյանի կողմից Գոհարյանին ծեծի ենթարկելու դրդապատճառը։

Այպիսով, [Առաջին ատյանի] [դ]ատարանը (…) արձանագրում է, որ սույն քրեական գործով դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Անդրանիկ Հենրիկի Մկրտչյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցավոր արարք, այն է` Արտավազդ Գոհարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, և գտնում է, որ Անդրանիկ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքով պետք է կայացվի արդարացման դատավճիռ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 123)։

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր որոշման շրջանակներում փաստել է հետևյալը. «(…) [Առաջին ատյանի] [դ]ատարանը հիմնավորված չի համարել, որ վկա Արայիկ Միրզոյանի նախաքննության ընթացքում և դատաքննության սկզբում տված հակասական ցուցմունքները արժանահավատ են, իսկ դրանից հետո տված ցուցմունքները` անարժանահավատ, ինչը ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար։

Վերաքննիչ դատարանը, քրեական գործի ուսումնասիրությամբ, եզրահանգում է, որ [Առաջին ատյանի] [դ]ատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ ճիշտ հետևության է եկել այն մասին, որ ամբաստանյալ Անդրանիկ Մկրտչյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցավոր արարք (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 70)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 16-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որը խաթարում է արդարադատության բուն էությունը և ազդել է գործի ելքի վրա, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման։

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործով հավաքված ապացույցները բավարար են հաստատված համարելու Ա.Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից ու գործի փաստական հանգամանքներից։

Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը հակասում է Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/18 նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին։

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 16-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Մկրտչյանի մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`

«Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ։

Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի։ Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան՝ մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով (տե՛ս, mutatis mutaudis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները)։

12.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ «ներքին համոզմունքը» սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է։ Այն ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ։ Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը։ Ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա։

Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31-րդ կետը)։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։

(…)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին։

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...)

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները»։

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային իրավունքի շրջանակներում և վերահաստատել դիրքորոշումն առ այն, որ դատարանը պարտավոր է դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետ)։ Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ և կհանգեցնեն կամայականության (տե՛ս, mսtatis mսtaոdis, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 32-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը)։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, արձանագրել է, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, այդ թվում` Ա.Միրզոյանի կողմից նախկինում տրված հակասական ցուցմունքները` Ա.Մկրտչյանի կողմից Ա.Գոհարյանին ծեծի ենթարկելուն ականատես լինելու, վերջինիս գագաթային հատվածին «կոլ» կոչվող փայտով հարվածելու պահը և մեխանիզմը տեսնելու ու «կոլ» տեսակի փայտի առանձնահատկությունների վերաբերյալ, արժանահավատության տեսանկյունից համադրելով դատաքննության ընթացքում հետազոտված այլ ապացույցների համակցության հետ, չեն ապացուցում Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը։

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ գործով ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ տուժողը գլխի վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում և մահանալուց, այսինքն՝ 2014 թվականի մայիսի լույս 20-ի գիշերը` ժամը 03։40-ից երկու ժամ առաջ, այլ ոչ թե մայիսի 19-ին՝ ժամը 23։00-23։30-ն ընկած ժամանակահատվածում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ հետևության է եկել այն մասին, որ ամբաստանյալ Ա.Մկրտչյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։

15. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 5-8-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ վերլուծության և իրավական գնահատականի չեն արժանացրել։

Այսպես՝ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով հանցագործության որոշ հանգամանքների վերաբերյալ վկա Ա.Միրզոյանի ցուցմունքներում առկա հակասություններին, ինչպես նաև հետագայում նրա կողմից տրված ցուցմունքները փոխելուն, դրանք համարել է անարժանահավատ, սակայն որևէ վերլուծության չի ենթարկել այդ ապացույցի ձևավորման ողջ ընթացքը, դրա բովանդակությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև ցուցմունքների փոփոխության հնարավոր պատճառներն ու դրանց վրա ազդող գործոնները։ Մասնավորապես՝

ա) ստորադաս դատարանները որևէ գնահատականի չեն արժանացրել այն, որ նախաքննության ողջ ընթացքում վկա Ա.Միրզոյանը պնդել է իր ցուցմունքն առ այն, որ ամբաստանյալը փայտով հարվածել է տուժողի մարմնի տարբեր մասերին և գլխի շրջանում։ Ա.Միրզոյանը վերոնշյալ ցուցմունքները պնդել է նաև 2015 թվականի օգոստոսի 5-ին, 2015 թվականի օգոստոսի 27-ին և 2015 թվականի օգոստոսի 31-ին` Ա.Մկրտչյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, և վերահաստատել դատաքննության սկզբում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

բ) Վկա Ա.Միրզոյանի ցուցմունքները չեն համադրել գործում առկա այլ ապացույցների հետ, որոնք կարող էին հաստատել կամ հերքել նրա կողմից հայտնած որոշ տեղեկություններ։

Այսպես՝ վկա Ս.Սիմոնյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ դատապարտյալների շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանը դատապարտյալ Ա.Մկրտչյանի սենյակից գողացել է սուրճ, թեյ, ծխախոտ և այլ իրեր, ինչի մասին վերջինիս հայտնի է դարձել։ Քանի որ դատապարտյալների շրջանում «պատժելու» իրավունք ունեցել է միայն դրությունը հսկողը, ով տվյալ դեպքում հանդիսացել է Ա.Մկրտչյանը, «կոլ» կոչվող փայտով ծեծել է Ա.Գոհարյանին, որի ընթացքում էլ հարվածել է նաև գլխին ու պատճառել վնասվածք, ինչից էլ տուժողը մահացել է։ Դեպքի հետ կապված Ա.Մկրտչյանը դատապարտյալներին ասել է, որ ոստիկանության աշխատակիցներին ավելորդ ոչ մի բան չասեն, պատասխանեն միայն, թե իբրև նա մահացել է խոց պայթելուց, հետո վայր է ընկել բաղնիքի և զուգարանի միջնամասում` գլուխը պատին հարվածելու արդյունքում (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը)։

Վկա Ա.Խաչատրյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ դատապարտյալների շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ Ա.Գոհարյանը մահացել է դատապարտյալներից մեկի կողմից նրան ծեծի ենթարկելու արդյունքում։ Տեղյակ չէ, թե կոնկրետ ով է ծեծել, սակայն քրեակատարողական հիմնարկի տարածքում նման իրավունք ունեցել է միայն, այսպես կոչված, «զոն նայող» համարվող դատապարտյալը, ով տվյալ ժամանակահատվածում եղել է Ա.Մկրտչյանը (տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը)։

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 180/լ եզրակացությամբ հաստատվել է, որ Ա.Գոհարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված` գանգուղեղային բաց, բութ վնասվածքը (գլխի աջ հետին գագաթային շրջանի սալջարդ վերքը, գլխի մաշկի տակ և գլխուղեղում արյունազեղումների առաջացումով և գլխուղեղի կողմնային փորոքներ հեղուկ արյան թափանցումով), որը տվյալ դեպքում բերել է մահվան, պատճառվել է սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայով, ինչպիսին կարող էր լինել նաև նկարագրված փայտը (տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը)։

գ) Ստորադաս դատարանները որևէ կերպ չեն փորձել պարզել նախաքննության ընթացքում իրենց ցուցմունքները պնդած վկաների կողմից հետագայում դրանք փոխելու հնարավոր պատճառները և նպաստող գործոնները, քանի որ վերջիններս, լինելով դատապարտյալ և պատիժը կրելով նույն քրեակատարողական հիմնարկում, ինչ ամբաստանյալ Ա.Մկրտչյանը, հնարավոր է, որ եղել են կաշկանդված և գործել են ճնշման ազդեցության ներքո։ Հետևաբար վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից գնահատելու համար վերոնշյալ հանգամանքների բացահայտումն ունի կարևոր նշանակություն։

դ) Առաջին ատյանի դատարանը, թվարկելով գործում առկա որոշ ապացույցներ, մասնավորապես` դեպքի վայրի զննության, առգրավում կատարելու, հագուստները ներկայացնելու, վերցնելու և զննելու մասին արձանագրությունները, դիակի դատաբժշկական թիվ 46, լրացուցիչ դատաբժշկական թիվ 123/լ և 180/լ փորձաքննությունների եզրակացությունները, դատակենսաբանական փորձաքննությունների թիվ 228, 229 և 268 եզրակացությունները, վկաներ, դատապարտյալներ Սերյոժա Սիմոնյանի, Ավետիք Խաչատրյանի, Արթուր Թադևոսյանի, Հովհաննես Վարդանյանի, Ռաֆայել Մասումյանի, Սերվենտ Խաչատրյանի, Արմեն Գևորգյանի, Վալերի Թումանյանի, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցներ Հարություն Խաչատրյանի, Սպարտակ Ավետիսյանի, Ծերուն Բունիաթյանի, Վռամ Գևորգյանի, Աշտարակի ԲԿ-ի շտապօգնության բժիշկ Նաիրի Մանվելյանի, քննիչ Արթուր Դավթյանի, ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի փորձագետ Սերգեյ Աբգարյանի ցուցմունքները, արձանագրել է, որ տուժողը գլխի վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում, սակայն այդ ապացույցները բովանդակային վերլուծության չի ենթարկել և որևէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ որ ապացույցով գործի համար նշանակություն ունեցող հատկապես ինչ հանգամանքն է հաստատվել, որն էլ վկայում է, որ տուժողի մահը վրա է հասել այլ պայմաններում։ Համապատասխան պատճառաբանությունները բացակայում են նաև Վերաքննիչ դատարանի դատական ակտում (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը)։ Այս առումով Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների հետևություններն անորոշ են և չպատճառաբանված։

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ տուժողը գլխի վնասվածքը ստացել է ոչ թե մայիսի 19-ին՝ ժամը 23։00-23։30-ն ընկած ժամանակահատվածում, այլ 2014 թվականի մայիսի լույս 20-ի գիշերը՝ մահանալուց, այսինքն՝ ժամը 03։40-ից երկու ժամ առաջ, ապա հարկ է նկատել, որ դատաբժշկական եզրակացությունում նշված` վնասվածքը ստանալու ժամանակահատվածը` վերոգրյալ ապացույցների համակցության մեջ դեռևս հիմք չէ պնդելու, որ մահը վրա է հասել այլ պայմաններում ու հանգամանքներում։

16. Վճռաբեկ դատարանը սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված փաստական տվյալների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները։

Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Մկրտչյանի մասնակցությունն ապացուցված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն։

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Անդրանիկ Հենրիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 16-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Ամբաստանյալ Անդրանիկ Հենրիկի Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

      

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան