Գլխավոր տեղեկություն
Номер
N 1730-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.04.2018-16.02.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.01.2011
Дата вступления в силу
20.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1730-Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը ԵՎ կառուցվածքը հաստատելու, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1032-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1888-Ն ԵՎ N 1915-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.04.18 N 366-Ն)

1. (կետն ուժը կորցրել է 05.04.18 N 366-Ն)

1.1. Սահմանել որ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը:

(1.1-ին կետը լրաց. 05.04.18 N 366-Ն)

2. Հաստատել՝

1) տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 05.04.18 N 366-Ն)

2.1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը շարունակում է գործել մինչև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության ու աշխատողների թվի հաստատումը և գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայումը՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները.

2) հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի (այդ թվում՝ արտաբյուջեի), ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթները շարունակում են իրականացնել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները.

3) տեսչական մարմինը շարունակում է կիրառել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշները և անհատականացման այլ միջոցները՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները.

4) տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավահաջորդն է հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, ինչպես նաև տեսչական մարմնի բյուջեի մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների կատարման մասով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները:

(2.1-ին կետը լրաց. 05.04.18 N 366-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 7-րդ կետի «զ» ենթակետից հանել «սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական, բուսասանիտարական և» բառերը,

բ. 8-րդ կետի «ը», «ժբ» և «ժգ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) անտառային հողերում հրդեհային անվտանգության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».

«ժբ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցություն, ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».

«ժգ) կենդանիների տոհմային գործի զարգացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».

2) որոշման N 2 հավելվածում`

ա. «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն» և «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`

ա. «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց)» բառերով,

բ. «ա» ենթակետի վեցերորդ պարբերությունը «իրականացումը» բառից հետո լրացնել «` բացառությամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների» բառերով,

գ. «բ» ենթակետից հանել «պարենահումքի ու սննդամթեքի» բառերը,

դ. «զ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «սննդի արտադրության», «գյուղատնտեսության» և «հանրային սննդի» բառերը, «առևտրի կազմակերպությունների» բառերը փոխարինել «ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպությունների» բառերով, իսկ «գործընթացները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների)» բառերով,

ե. «զ» ենթակետի չորրորդ պարբերությունը «արտադրանքի» բառից հետո լրացնել «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների» բառերով, իսկ «նյութերի» բառից հետո` «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի» բառերով,

զ. «է» ենթակետից հանել «սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների» և «գյուղատնտեսական բույսերի և կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը,» բառերը,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների համատեղ իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասնակցությունը:».

2) որոշման N 2 հավելվածի «Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժին» բառերը փոխարինել «Սնուցման բաժին» բառերով:

 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 24-ի «Չափագիտության ազգային մարմին և չափագիտության ազգային ինստիտուտ ճանաչելու մասին» N 1032-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` բացառությամբ փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացմանը վերաբերող ոլորտի, որի չափագիտության ազգային մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` 15-օրյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահպանման ծախսերի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ։

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի`

1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1888-Ն որոշումը.

2) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշումը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 12
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ., խմբ.  05.04.18 N 366-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 05.04.18 N 366-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 05.04.18 N 366-Ն)

4. Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

(4-րդ կետը լրաց. 30.03.17 N 340-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

5. Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

(5-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

6. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, տեսչական մարմնի հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

(6-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

7. Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի պետից, պետի տեղակալներից, տեսչական մարմնի աշխատակազմից, ինչպես նաև տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեսչական մարմինը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:

(7-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

7.1. Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

2) ռուսերեն` Инспекционный орган по безопасности пищевых продуктов при Правительстве Республики Армения.

3) անգլերեն` Food Safety Inspection Body of the Government of the Republic of Armenia:

(7.1-ին կետը լրաց. 10.03.11 N 267-Ն, խմբ. 05.04.18 N 366-Ն)

 

 II. տեսչական մարմնի ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

8. Տեսչական մարմնի նպատակներն ու խնդիրները սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումն է, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`

1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը).

2) սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության սկզբունքի կիրառմամբ.

3) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը («ռիսկերի վերլուծության սկզբունքը»).

4) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը («թափանցիկության և շահառուների ներգրավման սկզբունքը»).

5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ կեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը («տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունքը»).

6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը («նախազգուշացման սկզբունքը»).

7) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական հսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը (արդիականացման և առաջընթացի սկզբունքը).

8) պետական հսկողության ապահովումն անասնահամաճարակային, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարական իրավիճակի, սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա (գնահատման և կանխորոշման սկզբունքը).

9) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, ներթափանցման և տարածման կանխում ու վերացում (արագ արձագանքման սկզբունքը):

(8-րդ կետը լրաց. 29.12.11 N 1922-Ն, փոփ., լրաց. 30.03.17 N 340-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

III. տեսչական մարմնի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

9. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.

2) սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության բնագավառներում ծրագրերի մշակումը և իրականացումը, միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությունը.

3) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.

4) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար մոնիթորինգի` մշտադիտարկման անցկացում, բուսասանիտարական վտանգի վերլուծություն, այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների հիման վրա կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանների որոշում.

6) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

7) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.

8) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման, իրացման, օգտագործման բացառում, ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների հսկողություն.

9) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.

10) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.

11) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, բույսերի և բուսական արտադրանքի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.

12) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին.

13) իրականացնում (վարում) է բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական բուսասանիտարական հաշվառումը (ռեգիստրը), մուտքագրում և պահպանում է վնասակար օրգանիզմների հայտնաբերման տեղեկատվական համակարգերը (տվյալների բազաները).

14) վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների նկատմամբ, մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում պլանավորում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումները.

15) սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, բուսական արտադրանքում անասնաբուժական դեղամիջոցների, աղտոտիչների, պեստիցիդների հայտնաբերումը և դրանց մնացորդային քանակությունների հսկողության իրականացումը.

16) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 N 1922-Ն)

17) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 N 1922-Ն)

18) կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, անասնապահական շինությունների շինարարության թույլտվության համաձայնեցում, կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման վերահսկողություն.

19) հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի ձեռքբերման, ներմուծման, պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման վաճառքի (գործընթացների) նկատմամբ պետական վերահսկողությունը.

20) անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողություն, այդ գործընթացում պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցություն.

21) անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, արտադրություն, պահպանում, վերամշակում, իրացում, վաճառք, ինչպես նաև կենդանիների ներմուծում, արտահանում, պահպանում, իրացում, փոխադրում, վաճառք, արհեստական սերմնավորում, բոնիտավորում, տոհմային գործ, տոհմանյութի արտադրություն, սպանդ իրականացնող անձանց գործունեության, տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման, շահագործման և տեխնոլոգիական գործընթացների կասեցում կամ արգելում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում` սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված պահանջների խախտումների դեպքերում, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի և համապատասխանության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարականների, առաջադրանքների սահմանում, արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրերի արձակում, օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի և տուգանքների նշանակում.

22) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 N 1922-Ն)

23) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում.

24) օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում և իրականացում, այդ ուղղությամբ պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցություն.

25) կենդանիների, սննդամթերքի կենդանական ծագման հումքի, կերերի, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացների վերահսկում.

26) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) հսկողության իրականացում.

27) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.11 N 1922-Ն)

28) սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրմանն աջակցելը, ներդրված համակարգի նկատմամբ պետական վերահսկողությունը.

29) սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն.

30) անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգության, համապատասխանության գնահատման բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում` սահմանված կարգով և ժամկետներում, վերլուծության իրականացում, արձանագրված տվյալների հավաստիության ստուգում.

31) անասնաբուժական, սննդամթերքի անվտանգության ուղեկցող, լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների վերահսկողություն.

32) սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման փուլում (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

33) փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.

34) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերերի, կերային հավելումների, ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն.

35) անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների որակին, անվտանգությանը, համապատասխանությանը ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն` ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում.

36) սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության օբյեկտների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումների ընդունում` մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը.

 37) մարդու առողջության վրա սննդային հավելումների վնասակար ազդեցության վտանգի դեպքում ժամանակավորապես արգելում է սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը, գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը.

38) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների որակի ու անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, անասնաբուժական և բուսանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

39) սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքների կառուցման, կահավորման, վերանորոգման` նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանության վերահսկում.

40) սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության մեջ հումքի նոր տեսակների կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին որոշման ընդունում, այն դեպքում երբ դրանք փորձաքննության արդյունքով մարդանց կյանքի և առողջության համար ճանաչվել են վտանգավոր.

41) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի կառավարումը և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա.

42) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ ստուգումների իրականացում, ստուգումների ընթացքում արձանագրված արդյունքների ամփոփում և վերլուծություն.

43) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի վարումը, համապատասխան որոշումների ընդունումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը.

44) իրականացնում է վերահսկողություն նախատեսված ստուգումների ժամանակ հսկող տեսուչների իրականացված աշխատանքների նկատմամբ.

45) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով գերատեսչական իրավական ակտերի ընդունում.

46) սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.

47) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

48) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի և կերային հավելումների, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, արտադրության, պահպանման, վերամշակման, իրացման (վաճառքի), անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացներում մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն:

(9-րդ կետը խմբ. 05.05.11 N 605-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.11 N 1922-Ն, 30.03.17 N 340-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

 IV. տեսչական մարմնի ղեկավարումը

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

10. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ներկայացմամբ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(10-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն, խմբ. 05.04.18 N 366-Ն)

11. Տեսչական մարմնի պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(11-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

12. Տեսչական մարմնի պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

(12-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

13. Տեսչական մարմնի պետն իրականացնում է տեսչական մարմնին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի համար:

(13-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

14. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

(14-րդ կետը խմբ. 05.04.18 N 366-Ն)

14.1. Տեսչական մարմնի կառավարումն իրականացվում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(14.1-ին կետը լրաց. 05.04.18 N 366-Ն)

15. Տեսչական մարմնի պետը`

1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) հաստատում է տեսչական մարմնի հաստիքացուցակը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում տեսչական մարմնի քաղաքացիական տեսչական մարմնի պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչական մարմնի պետի տեղակալների, տեսչական մարմնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունների սահմանները.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող՝ տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարի, տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հրամանները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների որոշումները, կարգադրությունները և կարգադրագրերը.

10) լսում և քննում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացված տեսչական մարմնի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների ու տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Տեսչական մարմնի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն.

11) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) (ենթակետն ուժը կորցրել է 05.04.18 N 366-Ն)

13) (ենթակետն ուժը կորցրել է 05.04.18 N 366-Ն)

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական տեսչական մարմնի դասային աստիճաններ.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

18) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

19) վերադասության կարգով քննում և լուծում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բերված (տրված) գանգատները և բողոքները.

20) հաստատում է բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը.

21) հաստատում է բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման վկայականի, հայտի և գրանցամատյանի ձևերը:

(15-րդ կետը խմբ. 10.03.11 N 267-Ն, լրաց., խմբ. 29.12.11 N 1922-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

16. Պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է պետի տեղակալից մեկը:

17. Պետի տեղակալը`

1) համակարգում է տեսչական մարմնի համակարգի աշխատանքները.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է տեսչական մարմնի գործունեությունը` տեսչական մարմնի իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` տեսչական մարմնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) պետի հանձնարարությամբ իրականացնում է պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում պետին.

10) պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

11) պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

(17-րդ կետը փոփ. 10.03.11 N 267-Ն, 05.04.18 N 366-Ն)

 

V. տեսչական մարմնի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

18. Տեսչական մարմնի աշխատակազմի նպատակը և խնդիրը տեսչական մարմնին` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին տեսչական մարմնի մասնակցության ապահովումն է։

(18-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

19. Տեսչական մարմնի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։

(19-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

20. Տեսչական մարմնի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։

(20-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

21. Տեսչական մարմնի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

(21-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

22. Տեսչական մարմնի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

(22-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

23. Տեսչական մարմնի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

(23-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

24. Տեսչական մարմնի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Տեսչական մարմնի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով։

(24-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

25. Տեսչական մարմնի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով։ Տեսչական մարմնի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև տեսչական մարմնի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

(25-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

26. Տեսչական մարմնի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։

(26-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

27. Տեսչական մարմնի աշխատակազմի անվանումն է «Սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմնի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

(27-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

28. Տեսչական մարմնի աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Կոմիտասի 49/2:

(28-րդ կետը փոփ. 01.08.13 N 826-Ն, 05.04.18 N 366-Ն) 

 

VI. տեսչական մարմնի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

29. Տեսչական մարմնի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։

(29-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու տեսչական մարմնի աշխատակազմի գույքը։

(30-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

31. Տեսչական մարմնի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը։

(31-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

VI. տեսչական մարմնի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

32. Տեսչական մարմնի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները:

(32-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

33. Տեսչական մարմնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է պետը:

(33-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

VII. տեսչական մարմնի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

34. Տեսչական մարմնի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Տեսչական մարմնի աշխատակազմը ղեկավարում է տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարը:

(34-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

35. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է տեսչական մարմնի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է տեսչական մարմնի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է տեսչական մարմնի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(35-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

36. Տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի  պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է տեսչական մարմնի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(36-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

37. Տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

(37-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

38. Տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, տեսչական մարմնի պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

(38-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

39. Տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

(39-րդ կետը փոփ. 10.03.11 N 267-Ն, 05.04.18 N 366-Ն)

40. Տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է տեսչական մարմնի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) պետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է տեսչական մարմնի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, տեսչական մարմնի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) պետին է ներկայացնում առաջարկություններ տեսչական մարմնի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է տեսչական մարմնի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական տեսչական մարմնի դասային աստիճաններ.

10) կազմակերպում է տեսչական մարմնում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է տեսչական մարմնի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) պետի ստորագրությանն է ներկայացնում պետի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է տեսչական մարմնի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

(40-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

41. Տեսչական մարմնի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է տեսչական մարմնի աշխատակազմի ֆինանսահաշվապահական ծառայությունները, գործում տեսչական մարմնի պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները։

(41-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

42.  Տեսչական մարմնի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու,  տեսչական մարմնի  աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

(42-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Տեսչական մարմնի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

(43-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

44. Տեսչական մարմնի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(44-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

45. Տեսչական մարմնի աուդիտորի պարտականությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աուդիտորի կողմից:

(45-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

IX. տեսչական մարմնի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

46. Տեսչական մարմնի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

(46-րդ կետը փոփ. 05.04.18 N 366-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 10.03.11 N 267-Ն, խմբ. 05.05.11 N 605-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.12.11 N 1922-Ն, փոփ. 01.08.13 N 826-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.03.17 N 340-Ն, փոփ., խմբ., լրաց. 05.04.18 N 366-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի

(վերնագիրը լրաց. 30.03.17 N 340-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Անասնաբուժության տեսչություն

Բուսասանիտարիայի տեսչություն

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն

Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսական վարչություն

Ներքին անվտանգության և աուդիտի վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին

Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ

Բավրայի սահմանային հսկիչ կետ

Գոգավան-Պրիվոլնի սահմանային հսկիչ կետ

Ագարակի սահմանային հսկիչ կետ

Մարգարայի սահմանային հսկիչ կետ

Երևանի սահմանային հսկիչ կետ

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետ

Գյումրու սահմանային հսկիչ կետ

Այրումի սահմանային հսկիչ կետ

Արագածոտնի մարզային կենտրոն

Արարատի մարզային կենտրոն

Արմավիրի մարզային կենտրոն

Գեղարքունիքի մարզային կենտրոն

Լոռու մարզային կենտրոն

Կոտայքի մարզային կենտրոն

Շիրակի մարզային կենտրոն

Սյունիքի մարզային կենտրոն

Վայոց ձորի մարզային կենտրոն

Տավուշի մարզային կենտրոն

Երևանի կենտրոն

 

(հավելվածը փոփ., լրաց. 10.03.11 N 267-Ն, խմբ. 29.12.11 N 1922-Ն, լրաց., խմբ., փոփ. 30.03.17 N 340-Ն, փոփ. 05.04.18 N 366-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան