Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2017
Дата вступления в силу
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0043/04/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0043/04/13
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

 

Ռ. Հակոբյանի

 

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2016 թվականի որոշման դեմ` «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ն (այսուհետև՝ Պարտապան) պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 02.12.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է։

Դատարանի 20.06.2014 թվականի «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է 23.05.2014 թվականի պարտատերերի ժողովի, 12.06.2014 թվականին պարտատերերի խորհրդի կողմից ընդունված Պարտապանի ֆինանսական առողջացման լրամշակված ծրագիրը, որի իրականացման առավելագույն ժամկետ է սահմանվել 2 տարին:

Պարտապանի սնանկության գործով կառավարիչը 28.06.2016 թվականին դատարան է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագրի կատարման հաշվետվությունը՝ Պարտապանի լուծարման գործընթաց սկսելու համար:

Դատարանի 06.09.2016 թվականի որոշմամբ պարտատերեր Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Անգին Հարոյանի, Արմինե Սողոմոնյանի, Աննա Հակոբյանի, Արթուր Արշակյանի, Լևոն Զաքոյանի, Աշոտ Ծատուրյանի, Աննա Գալոյանի, Մամիկոն Թովմասյանի, Համլետ Չափարյանի ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանի՝ Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին սնանկության գործով կառավարչի հաշվետվության քննությունը կասեցնելու մասին, սնանկության գործով կառավարիչ Գ. Ավագյանի` իր հաշվետվության քննարկումը հետաձգելու մասին, Պարտապանի ներկայացուցիչ Կ. Թունյանի՝ սնանկության գործով կառավարչի հաշվետվության քննարկումը կասեցնելու կամ այն առանց քննության թողնելու մասին միջնորդությունները մերժվել են, իսկ Պարտապանի սնանկության գործով կառավարչի ներկայացրած հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն և սկսվել է Պարտապանի լուծարման վարույթը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.12.2016 թվականի որոշմամբ Պարտապանի ներկայացուցիչ Կարեն Թունյանի և պարտատերեր Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Անգին Հարոյանի, Արմինե Սողոմոնյանի, Աննա Հակոբյանի, Արթուր Արշակյանի, Լևոն Զաքոյանի, Աշոտ Ծատուրյանի, Աննա Գալոյանի, Մամիկոն Թովմասյանի, Մարիա Մուրադյանի և Համլետ Չափարյանի ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 06.09.2016 թվականի որոշումը բեկանվել է և գործը՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին սնանկության գործով կառավարչի հաշվետվությունը քննարկելու մասով, ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 66-րդ, 69-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ եթե ոչ բոլոր պարտատերերի պահանջներն են բավարարվել, դատարանն իրավասու է որոշում կայացնելու ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը չհաստատելու և պարտապանի լուծարման գործընթացը սկսելու համար: Հետևաբար ելնելով սույն գործի փաստերից, այն է՝ ոչ բոլոր պարտատերերի պահանջներն են բավարարվել, Դատարանն օրենքով սահմանված կարգով կայացրել է իրավաչափ որոշում:

Բացի այդ, թեև տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հարցի լուծումը դիտարկել է բացարձակապես դատավարական տեսանկյունից՝ կասեցման նկատառումով՝ իբրև պարտատերերի դատական պաշտպանության իրավունքի ապահովում, այնուամենայնիվ հաշվի չի առել, որ սույն գործով Ընկերությունը նույնպես պարտատեր է, որի շահերը ևս պետք է հաշվի առնվեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.09.2016 թվականի որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1) Դատարանի 02.12.2013 թվականի վճռով Պարտապանը սնանկ է ճանաչվել (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 9-12):

2) Դատարանի 28.03.2014 թվականի «Սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Պարտապանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 4-28):

3) Դատարանի 20.06.2014 թվականի «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է 23.05.2014 թվականի պարտատերերի ժողովի, 12.06.2014 թվականին պարտատերերի խորհրդի կողմից ընդունված Պարտապանի ֆինանսական առողջացման լրամշակված ծրագիրը, որի իրականացման առավելագույն ժամկետ է սահմանվել 2 տարին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 84):

4) Պարտատերերի ժողովի 21.07.2016 թվականի արձանագրության համաձայն` որոշվել է Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ընդունել ի գիտություն, դատարանին առաջարկություն ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիրը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 47-51):

5) Դատարանի 04.08.2016 թվականի որոշմամբ որոշվել է չքննարկել Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու հարցը` Պարտատերերի 21.07.2016 թվականի ժողովի որոշումը ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ընդունված չլինելու հիմքով (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 80-91):

6) 28.06.2016 թվականին սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ Կառավարիչ) դատարան է ներկայացրել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, որում նշել է, որ ֆինանսական առողջացման ծրագրի ընթացքում բավարարվել է միայն «Անելիք բանկ» ՓԲԸ-ի պահանջը, իսկ մնացած պարտատերերի պահանջները չեն բավարարվել, ուստի խնդրել է սկսել Պարտապանի լուծարման գործընթաց (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 1-4):

7) 02.09.2016 թվականի դատական նիստին պարտատերեր Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Անգին Հարոյանի, Արմինե Սողոմոնյանի, Աննա Հակոբյանի, Արթուր Արշակյանի, Լևոն Զաքոյանի, Աշոտ Ծատուրյանի, Աննա Գալոյանի, Մամիկոն Թովմասյանի, Համլետ Չափարյանի ներկայացուցիչ Կ. Հովհաննիսյանը միջնորդել է դատարանին կասեցնել Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին սնանկության գործով կառավարչի հաշվետվության քննությունը մինչև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Դատարանի 04.08.2016 թվականի «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու հարցը չքննարկելու…» որոշման դեմ թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով դատական ակտի կայացումը: Նույն պատճառաբանությամբ Պարտապանի ներկայացուցիչ Կարեն Թունյանը միջնորդել է կասեցնել սնանկության գործով կառավարչի հաշվետվության քննարկումը կամ այն թողնել առանց քննության (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 133-134):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանն իրավասու է որոշում կայացնել ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու վերաբերյալ, եթե սնանկության վարույթի մասնակիցները միջնորդել են կասեցնել կամ առանց քննության թողնել ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ սնանկության գործով կառավարչի հաշվետվության քննարկումը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե նույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և նույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն ծրագրի շրջանակներում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումը` ծրագրով սահմանված կարգով: Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ դատավորը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց ոչ ուշ, քան երկու և ոչ շուտ, քան մեկ շաբաթվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին և պարտատերերին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է`

ա) վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

բ) որոշում` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում պարտապանի ֆինանսական առողջացումը սնանկության վարույթի առանցքային տարրերից է, որը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ, այն է՝ հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել իր բնականոն գործունեությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով պարտատերերի շահերի պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պարտապանի ֆինանսական առողջացումը տեղի է ունենում օրենքով սահմանված որոշակի ընթացակարգով, որի սկզբնակետը ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումն է: Ֆինանսական առողջացման ծրագիրը, լինելով պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող՝ օրենքով չարգելված միջոցառումների համալիր, ընդունվում է պարտատերերի ժողովի կողմից որոշակի ժամկետով (առավելագույնը՝ 36 ամիս, եթե այն չի երկարաձգվել) և ենթակա է հաստատման դատարանի կողմից: Ընդ որում, դատարանի կողմից հաստատվելու դեպքում պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն այդ ծրագրի շրջանակներում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումը` ծրագրով սահմանված կարգով: Այսինքն՝ պարտապանը պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնց նկատմամբ վերահսկողություն է իրականացվում ինչպես կառավարչի, այնպես էլ դատարանի կողմից: Նշվածով պայմանավոված՝ ֆինանսական առողջացման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պարտապանի ֆինանսական առողջացման մասին ամփոփ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է, որն արտացոլում է պարտապանի՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական դրությունը, պարտապանի ֆինանսական առողջացման ուղղված և իրականացված միջոցառումների նկարագիրը, պարտատերերի պահանջների բավարարված լինելու կամ չլինելու հանգամանքը և այլ տեղեկություններ: Այլ կերպ ասած՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության ներկայացումը պարտապանի ֆինանսական առողջացման գործընթացի ավարտին ուղղված ընթացակարգ է, քանի որ այդ փաստաթղթի քննարկման արդյունքներով է որոշվում՝ պարտապանը վերջնականապես առողջացել է, թե՝ ոչ: Այսպիսով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության ներկայացումը դատարանին, դատարանի կողմից դրա քննարկումը և արդյունքում համապատասխան դատական ակտի կայացումը վկայում են այն մասին, որ պարտապանի ֆինանսական առողջացման նկատմամբ իրականացվում է նաև դատական վերահսկողություն: Ըստ այդմ էլ՝ դատարանը, ստանալով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, այն քննարկելու համար նշանակում է դատական նիստ, որի վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվում են պարտապանը, կառավարիչը և պարտատերերը: Ընդ որում, դատարանը հաշվետվության քննարկման արդյունքներով, հաշվի առնելով նաև պարտատերերի առարկությունները՝ կայացնում է

ա) վճիռ՝ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են, կամ

բ) որոշում` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքում դատարանի կողմից կայացվող դատական ակտերի տեսակների սպառիչ սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է սնանկության վարույթում ապահովելու բոլոր պարտատերերի շահերի պաշտպանությունը և դրանց միջև հավասարակշռությունը: Ըստ այդմ՝ այն դեպքում, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման արդյունքներով պարզվում է, որ բոլոր պարտատերերի պահանջները բավարարվել են, դատարանը հաստատում է ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և վճիռ է կայացնում սնանկության գործն ավարտելու մասին, մինչդեռ այն դեպքում, երբ պարզվում է, որ բոլոր պարտատերերի պահանջները բավարարված չեն, դատարանը որոշում է կայացնում ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

Սույն գործով Դատարանը, պարտապանի լուծարման վարույթը սկսելու մասին որոշում կայացնելիս, հիմք ընդունելով ներկայացված հաշվետվությունը, պատճառաբանել է, որ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետն ավարտված է և բոլոր պարտատերերի պահանջները բավարարված չեն:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով, արձանագրել է, որ գործով բոլոր պարտատերերը, բացի մեկ պարտատիրոջից, միջնորդել են Դատարանին կասեցնել կառավարչի հաշվետվության քննարկումը՝ մինչև ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը երկարաձգելու հարցի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ նման իրավիճակում Դատարանը պետք է հաշվի առներ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը երկարաձգելու պարտատերերի իրավունքը դեռևս քննության առարկա է վերաքննության փուլում և կայացվող որոշման հետևանքով ի չիք է դարձվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը երկարաձգելու պարտատերերի իրավունքը:

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ «Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթն առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Օրենսդիրը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով), այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով կարգավորել է կասեցման ընթացակարգի կիրառման հնարավորությունը: Օրենսդիրը վարույթի կասեցման կարգ նախատեսել է առանձին պարտատերերի պահանջների մասով և այն պայմանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը (հիմքերը) կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ: Ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով:

Այսպիսով օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածը, որը սահմանում է դատարանի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման կարգը, այդ հաշվետվության քննության կասեցման կարգ չի նախատեսում: Նշված հոդվածը չի սահմանում նաև այդպիսի հաշվետվությունն առանց քննության թողնելու կարգ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մերժելով Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվության քննությունը կասեցնելու կամ առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդությունները, հանգել է իրավաչափ եզրակացության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ նկատի ունենալով, որ 28.06.2016 թվականին Կառավարիչը դատարան է ներկայացրել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, որում նշել է, որ ֆինանսական առողջացման ծրագրի ընթացքում բավարարվել է միայն «Անելիք բանկ» ՓԲԸ-ի պահանջը, իսկ մնացած պարտատերերի պահանջները չեն բավարարվել, այսինքն՝ առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով նախատեսված հիմքը, Վճռաբեկ դատարանն իրավաչափ և հիմնավոր է համարում նաև Դատարանի կողմից Պարտապանի լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ որոշման կայացումը, ինչը ևս անհիմն կերպով անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2016 թվականի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

  ս. անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան