ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0199/04/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0199/04/15 |
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան | |
Դատավորներ` Ս. Միքայելյան | |
Գ. Խանդանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ Աշոտ Գրիգորյանի դիմումի ընդդեմ Տիգրան Օհանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Աշոտ Գրիգորյանը պահանջել է Տիգրան Օհանյանին սնանկ ճանաչել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2017 թվականի որոշմամբ Տիգրան Օհանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.03.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Գրիգորյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ եթե ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է, ու նրա բնակության վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում նրա նկատմամբ և միայն հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո է անդրադառնում սնանկ ճանաչելու հարցին՝ պարտապանին ընձեռելով հնարավորություն 9 օրվա ընթացքում գրավոր վիճարկելու իր սնանկությունը: Նշված ընթացակարգը պահպանվել է Դատարանի կողմից, որպիսի փաստն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.03.2016 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Աշոտ Գրիգորյանը 05.11.2015 թվականին դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Օհանյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դիմումում որպես պարտապանի հասցե` նշվել է «Երևան, Քեռու փողոց թիվ 48» (Հավելված, գ.թ. 5-7).
2) Պարտապան Տիգրան Օհանյանին Երևանի Քեռու փողոցի թիվ 48 հասցեով Դատարանի կողմից ուղարկվել են դիմումի օրինակը, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարը վերադարձվել է` «Անհայտ» նշումով (Հավելված, գ.թ. 21).
3) Դատարանը 11.12.2015 թվականի որոշմամբ Տիգրան Օհանյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում` նույն թվականի մեկ այլ որոշմամբ կասեցնելով սնանկության գործի վարույթը (Հավելված, գ.թ. 22-24).
4) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Ս. Գաբրիելյանի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 27.01.2016 թվականի որոշման համաձայն` Տիգրան Օհանյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 12.01.2016 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Տիգրան Օհանյանի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվել է, որ պարտապան Տիգրան Օհանյանը հանդիսանում է Երևանի Քեռու փողոցի թիվ 48 հասցեի սեփականատերը (Հավելված, գ.թ. 25).
5) Դատարանը 15.02.2016 թվականին կայացրել է «Սնանկության գործի վարույթը վերսկսելու մասին» որոշում` նշված որոշումը Տիգրան Օհանյանին ուղարկելով վերջին հայտնի բնակության վայրի հասցեով` «Երևանի Քեռու փողոցի թիվ 48 տուն»: Ծրարը վերադարձվել է Դատարան` «Չպահանջված» նշումով (Հավելված, գ.թ. 26-29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա հարուցված վարույթի մասին պարտապանի պատշաճ ծանուցման հարցին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն (…) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար` անձին սնանկ ճանաչելու համար (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, Երևան համայնքն ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի թիվ ԵԷԴ/0053/04/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ անդրադառնալով պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսված ընթացակարգերին, արձանագրել է, որ առկա են հետևյալ ընթացակարգերը.
ա) ընդհանուր կարգը, երբ պարտապանը, ստանալով իր սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է, կամ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը,
բ) պարզեցված կարգը, երբ պարտապանը բացակայում է, և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ: Ընդ որում, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Դատավորը, 10-րդ օրն առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում, քանի որ նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար, եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Աշոտ Գրիգորյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Տիգրան Օհանյանին սնանկ ճանաչելու մասին: Պարտապան Տիգրան Օհանյանին Երևանի Քեռու փողոցի թիվ 48 հասցեով Դատարանի կողմից ուղարկված ծրարը վերադարձվել է` «Անհայտ» նշումով, որից հետո Դատարանը Տիգրան Օհանյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում` կասեցնելով սնանկության գործի վարույթը: Կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Տիգրան Օհանյանի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվել է, որ պարտապան Տիգրան Օհանյանը հանդիսանում է Երևանի Քեռու փողոցի թիվ 48 հասցեի սեփականատերը: Դատարանը, 15.02.2016 թվականին կայացնելով «Սնանկության վարույթը վերսկսելու մասին» որոշում, պատշաճ ծանուցել է Տիգրան Օհանյանին` վերջին հայտնի բնակության վայրի հասցեով` «Երևանի Քեռու փողոցի թիվ 48 տուն»: Ծրարը դարձյալ վերադարձվել է Դատարան «Չպահանջված» նշումով:
Դատարանը, կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը և դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերն ու հատկանիշները, հետևաբար Տիգրան Օհանյանին պետք է ճանաչել սնանկ:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածում սահմանելով ծանուցման այլ կարգ, քան նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և դատարանին իր նախաձեռնությամբ պարտապանի, ինչպես նաև նրա գույքի հետախուզում հայտարարելու հնարավորություն տալով` օրենսդիրը սահմանել է պարտապանին ծանուցելու ավելի արդյունավետ միջոց, իսկ վերոնշյալ կարգը պահպանելը հնարավորություն է տալիս դատարանին շարունակելու գործի քննությունը: Սակայն դա դեռևս չի նշանակում, որ գործին մասնակցող անձը, մասնավորապես` պարտապանը, իրազեկ և տեղեկացված է իր դեմ ներկայացված սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին: Սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին պարտապանի տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ պարտապանին ընձեռված է սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին իրազեկ լինելու, դրա վերաբերյալ առարկելու և իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն: Վերաքննիչ դատարանը թեև գտել է, որ Դատարանի կողմից պահպանվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված կարգը, ինչը հնարավորություն է տվել Դատարանին շարունակելու գործի քննությունը, սակայն միևնույն ժամանակ արձանագրել է, որ գործում բացակայում է որևէ վերաբերելի, թույլատրելի և արժահանավատ ապացույց այն մասին, որ պարտապանն իրազեկ է եղել սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոքաբերը զրկված է եղել իր դեմ ներկայացված սնանկության դիմումի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու և իր սնանկությունը վիճարկելու հնարավորությունից:
Մինչդեռ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն Աշոտ Գրիգորյանի սնանկության վարույթի ընթացքում ձեռնարկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված միջոցները պարտապանի ծանուցումն ապահովելու նպատակով, մասնավորապես՝ պարտապանին ծանուցել է «Երևանի Քեռու փողոցի թիվ 48 տուն» հասցեով, որպիսի հասցեն նշվել է նաև պարտապանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում, իսկ նշված հասցեի անշարժ գույքը հանդիսացել է պարտապանի սեփականությունը: Այսինքն` Դատարանը ձեռնարկել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված արդյունավետ միջոցները պարտապանի ծանուցումն ապահովելու համար, որպիսի միջոցներն արդյունք չտալու պարագայում Դատարանն անցում է կատարել սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգին: Հետևաբար այն պայմաններում, երբ անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, Դատարանն իրավացիորեն առաջնորդվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասով` վճիռ կայացնելով պարտապանին սնանկ ճանաչելու մասին: Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, հաշվի չի առել, որ վերոնշյալ հոդվածով ծանուցման և պարտապանին սնանկ ճանաչելու ընթացակարգ սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Նշված հոդվածով սահմանված ընթացակարգի պահպանումը բավարար է Դատարանի գործողություններն օրինական համարելու համար, ուստի արձանագրելով Դատարանի կողմից նշված հոդվածով սահմանված ընթացակարգի պահպանված լինելը՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել Դատարանի վճիռը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը ներկայացված իրավիճակների համար օրենսդիրը նախատեսել է սնանկության վարույթում պարտապանի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիք` հնարավորություն տալով վերջինիս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրականացնելու այն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման՝ դատավարական նորմի սխալ կիրառության վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը՝ առանց անդրադառնալու նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությանը և հիմնավորվածությանը՝ նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը, գտնում է, որ Տիգրան Օհանյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Օհանյանից հօգուտ Աշոտ Գրիգորյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճռին:
2. Տիգրան Օհանյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Տիգրան Օհանյանից հօգուտ Աշոտ Գրիգորյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|