Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.35
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2017
Дата вступления в силу
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ6/0666/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ6/0666/05/13

2017թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. ՊետրոսՅԱՆԻ

   

Ն. Տավարացյանի

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարիամ Լալայանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի (այսուհետ` Տարածքային բաժին), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և անցած տարիների չվճարված կենսաթոշակը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Մարիամ Լալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարիամ Լալայանը պահանջել է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը և պարտավորեցնել վճարել անցած տարիների չվճարված կենսաթոշակը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 08.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.09.2015 թվականի որոշմամբ Մարիամ Լալայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2015 թվականի որոշմամբ Դատարանի 08.12.2014 թվականի վճռի դեմ բերված մասով Մարիամ Լալայանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած մասով վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ Դատարանի 08.12.2014 թվականի վճռի դեմ բերված մասով Մարիամ Լալայանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած մասով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Լալայանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչվել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: Այսինքն՝ Մարիամ Լալայանի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է հարուցել Վճռաբեկ դատարանի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանը 08.12.2014 թվականի վճռով Մարիամ Լալայանի հայցը մերժելիս հաստատված է համարել, որ Մարիամ Լալայանը ստացել է իր կենսաթոշակը մինչև 2004 թվականը, որից հետո կենսաթոշակ չի ստացել: Հետագայում՝ 01.06.2012 թվականից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից դադարեցվել է Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը: Վերը նշվածի հիման վրա Դատարանը հանգել է այն հետևության, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից 01.06.2012 թվականից Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելն իրավաչափ է և համապատասխանում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջներին, քանի որ վերջինիս հինգ տարուց ավել, անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել (հատոր 1-ին, գ.թ. 91-101):

2) Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշմամբ Մարիամ Լալայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 71-80):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Մարիամ Լալայանի՝ Դատարանի 08.12.2014 թվականի վճռի դեմ բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 71-72):

4) Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում ճանաչվել է [2015 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման իրավակարգավորումը, երբ հաշվի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը՝ առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitսtiօ iո iոtegrսm): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:

Սույն գործով Մարիամ Լալայանի հայցը մերժելիս Դատարանը հաստատված է համարել, որ Մարիամ Լալայանը ստացել է իր կենսաթոշակը մինչև 2004 թվականը, որից հետո կենսաթոշակ չի ստացել: Հետագայում՝ 01.06.2012 թվականից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից դադարեցվել է Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը: Վերը նշվածի հիման վրա Դատարանը հանգել է այն հետևության, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից 01.06.2012 թվականից Մարիամ Լալայանի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելն իրավաչափ է և համապատասխանում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջներին, քանի որ վերջինիս հինգ տարուց ավել, անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի դեմ Մարիամ Լալայանի բերած վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով Մարիամ Լալայանը որպես նոր հանգամանք ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշումը, որով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչվել է [2015 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման իրավակարգավորումը, երբ հաշվի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը՝ առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշմամբ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ և 83-րդ հոդվածներին հակասող է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Մարիամ Լալայանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2016 թվականի թիվ ՍԴՈ-1325 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման արդյունքում Մարիամ Լալայանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

    Ա. Բարսեղյան
   

Մ. ԴՐՄԵՅԱՆ

    Գ. Հակոբյան
   

Ռ. ՀակոբՅԱՆ

   

Տ. Պետրոսյան

   

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան