ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
23 հունվարի 2018 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԴՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրը կնքվել է ի կատարումն 2002թ. ապրիլի 2-ի` ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կնքված բարեկամության և համագործակցության մասին պայմանագրով ստանձնված պարտավորությունների: Այն ուղղված է նպաստելու Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև կրթության և գիտության բնագավառում բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում տրվող կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման միջոցով:
Համաձայնագիրը տարածվում է կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Կողմերի պետությունների տարածքներում, ինչպես նաև՝ պետական նմուշի այն փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Կողմերից յուրաքանչյուրի՝ այլ պետությունների տարածքներում տեղակայված կրթական հաստատությունների կողմից:
2. Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ: Մասնավորապես.
- փոխադարձաբար, որպես համադրելի ճանաչել` հիմնական կրթության վկայականը, որը տրվում է Հայաստանի Հանրապետությունում, և ընդհանուր կրթության մասին վկայականը, որը տրվում է Տաջիկստանի Հանրապետությունում,
- միջնակարգ կրթության մասին վկայականը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության վկայագիրը (միջնակարգ կրթություն ստանալու հետ մեկտեղ) և դրա ներդիրը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և միջնակարգ ընդհանուր կրթության վկայականը և նախնական մասնագիտական կրթության (միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու հետ մեկտեղ) վկայագիրը, որոնք տրվում են Տաջիկստանի Հանրապետությունում, երկու պետություններում ճանաչվում են որպես փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան,
- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության վկայագիրը և ներդիրը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և մասնագիտության մասին վկայականը և նախնական մասնագիտական կրթության վկայագիրը, որոնք տրվում են Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում աշխատանքի ընդունվելիս՝ այդ փաստաթղթերում նշված մասնագիտությանը (արհեստին) և որակավորմանը համապատասխան,
- միջին մասնագիտական կրթության վկայագրերը և ներդիրները, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ և աշխատանքի ընդունվելիս,
- ստացած կրթության ծավալը և բովանդակությունն արտացոլող ակադեմիական տեղեկանքը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից այն անձանց, ովքեր կրթություն ստանալու նպատակով ընդունվել են միջին մասնագիտական կրթության մասնագիտակրթական ծրագրերով, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտել ուսումնական ամբողջական ծրագիրը, իրավունք է տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնք ունեն պետական հավատարմագրման վկայական,
- բակալավրիատի վկայագրերը, որոնք տրվում են պետական հավատարմագրման վկայական ունեցող՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, համադրելի են աշխատանքի ընդունվելիս և իրավունք են տալիս շարունակելու բարձրագույն կրթությունը մասնագետի պատրաստման ծրագրերով և մագիստրոսի պատրաստման ծրագրերով՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան:
3. Հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն կրթության հաստատությունների կողմից տրվող բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (բակալավրի վկայագիր) համադրելիության սահմանումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն:
Կողմերն ստանձնել են նաև մի շարք այլ պարտավորություններ, որոնց նպատակն է լիարժեք և ամբողջական կարգավորել սույն միջազգային համաձայնագրի առարկան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 23 հունվարի 2018 թվականի ՍԴՈ-1398
Գ. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|