Գլխավոր տեղեկություն
Номер
N ԱԽ-11-Ո-22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.572
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
23.04.2009
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
23.04.2009
Дата вступления в силу
23.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-11-Ո-22

2009 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Խ. Բաղդասարյանի,

Տ. Բարսեղյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

Ա. Խաչատրյանի, Գ. Խանդանյանի,

Մ. Մարտիրոսյանի, Ն. Տավարացյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

մասնակցությամբ դատավոր

Ա. Մերանգուլյանի


քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2009 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

2009 թվականի ապրիլի 3-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի այսուհետ` (Կարգապահական հանձնաժողով) թիվ N-Կ-2-01/09 որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Գեղամ Մովսիսյանի` Արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը:

 

2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Ըստ եզրակացության` «Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` դատարան) ԵԷԴ 0699/02/08 քաղաքացիական գործով (դատավոր Ա. Մերանգուլյան) Լևոն Գեղամի Բարսեղյանը (այսուհետ` հայցվոր) հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գուրգեն Նորայրի Սարգսյանի (այսուհետ` պատասխանող)` ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ պատասխանողը 2007 թվականին իրենից խնդրել է դրամական օգնություն, որի վերաբերյալ իրենց միջև 10.09.2007թ. գրվել է գրավոր ստացական, և ինքը պատասխանողին տվել է 15000 ԱՄՆ դոլար: Նշված գումարը պատասխանողը պարտավորվել է վերադարձնել 20.01.2008թ., իսկ չվերադարձնելու դեպքում պատասխանողը որպես սեփականություն հայցվորին պետք է հանձներ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան (այսուհետ` ավտոմեքենա): Նշել է նաև, որ դրանից հետո պատասխանողը կատարել է հանցագործություն, որի համար պատասխանատվություն է կրում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Բազմիցս դիմել է պարտավորությունը կատարելու խնդրանքով, սակայն մերժվել է: Ելնելով վերոշարադրյալից` խնդրել է ճանաչել իր սեփականության իրավունքը ավտոմեքենայի նկատմամբ:

Դատարանի 07.07.2008թ. վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված և դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը: Ներկայացված հաշտության համաձայնության բովանդակությունը հետևյալն է` պատասխանողը հանդիսանում է «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր և որպես պարտապան համաձայն է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ ավտոմեքենան հայցվորից պարտքով վերցրած գումարի դիմաց որպես սեփականություն հանձնի վերջինիս, և հայցվորն իր հերթին համաձայն է պարտքի դիմաց պատասխանողից ստանալ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան:

Հայցվորը 07.08.2008թ. դիմում է ներկայացրել դատարան կատարողական թերթ ստանալու խնդրանքով, այնուհետև 19.08.2008թ. դիմում է ներկայացրել դատարան 07.07.2008թ. վճիռը պարզաբանելու խնդրանքով և հայտնել, որ դատարանի կողմից իրեն տրամադրված կատարողական թերթը ներկայացրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը, սակայն վճռի կատարումը մերժվել է, քանի որ վճռի մեջ չի նշվել քննիչի կողմից դրված արգելանքը վերացնելու մասին: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետը 22.08.2008թ. գրություն է ուղարկել դատարան, որում մասնավորապես նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ կատարողական թերթի պահանջը հնարավոր չէ կատարել, քանի որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի կողմից պատասխանողին պատկանող ավտոմեքենայի վրա արգելանք է դրվել, պատասխանողի վերաբերյալ կայացված դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ, և գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:

Դատարանը 25.08.2008թ. որոշում է կայացրել վճռի պարզաբանման մասին:

Որոշում կայացնելիս դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ և ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածները պատճառաբանել է, որ հայցվոր կողմի` վճիռը պարզաբանելու մասին դիմումի իրավական վերլուծության արդյունքում դատարանը հանգել է հետևության, որ դատական ակտերի պարտադիր լինելու սկզբունքով վճիռը ենթակա է կատարման ԴԱՀԿ ծառայության միջոցով, հակառակ դեպքում կխախտվեն մի շարք օրենքների պահանջները, ինչպես նաև սույն քաղաքացիական գործով ավտոմեքենայի սեփականատեր ճանաչված հայցվորի` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, և որոշման եզրափակիչ մասում նշել է. «Վերացնել վճռի կատարման փուլում ստեղծված խոչընդոտը, այն է` քրեական դատավարության կարգով հայցվորի սեփականությունը հանդիսացող «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա քննիչի որոշմամբ դրված արգելանքը, որը դատավճռի կայացվելուց Երևանի քրեական դատարանի 16.07.2008 թվականի թիվ ԵՔՐԴ 0319/01/08 թողնվել է նույնը, ապահովելով հայցվորին իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքը: Սույն դատական ակտը ուղարկել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` Գուրգեն Նորայրի Սարգսյանի նկատմամբ քրեական գործով վերաքննիչ բողոքը քննության առնելու ընթացքում քաղաքացիական հարցը լուծելու ժամանակ ի նկատի ունենալու համար»:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտել է, որ արդարադատություն իրականացնելիս դատավոր Ա. Մերանգուլյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Որոշում կայացնելիս դատարանը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ և 143-րդ հոդվածներով:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշման ի կատար ածելը:

Նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ նույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու oրվանից` մեկ ամսվա ընթացքում:

Այս հարցի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի դիքորոշումն արտահայտված է 23.05.2008թ. թիվ ՎԲ-22/08 որոշման մեջ` ըստ դիմողի ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանի բողոքի` գույքի վրա կալանք դնելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 06.11.2007թ. որոշման դեմ: Մասնավորապես, որոշման մեջ նշված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական վերահսկողության կարգով բերված բողոքները չեն կարող միանգամից ներկայացվել դատարան: Նշված հոդվածում թվարկված սուբյեկտները պարտավոր են իրենց բողոքները ներկայացնել նախ դատախազին, և եթե վերջինս չի բավարարում նրանց բողոքները, ապա բողոքարկման սուբյեկտները նոր միայն իրավունք են ձեռք բերում բողոք ներկայացնելու դատարան»:

Դատարանը, 25.08.2008թ. վճռի պարզաբանման մասին որոշմամբ վերացնելով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը, փոփոխել է 07.07.2008թ. վճռի բովանդակությունը և էությունը` քննության առարկա դարձնելով այլ պահանջ:

Դատարանը, վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ գույքի վրա դրված արգելանքը վերացնելով և ըստ էության վերացնելով քննչական մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-234-րդ հոդվածների հիմքով գույքի վրա կալանք դնելու մասին 14.03.2008թ. որոշումը, արդյունքում կայացրել է ակնհայտ անհիմն դատական ակտ:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ ՀՀ ոստիկանության` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացի Գեղամ Մովսիսյանի դիմումը, դիմումին կից ներկայացված նյութերը, հանգել է այն հետևության, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:

Կարգապահական հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն հետևյալ բովանդակությամբ. «Իմ կողմից 07.07.2008թ. կայացվել է կողմերի միջև հաշտության համաձայնություն հաստատելու վերաբերյալ վճիռ, որի կատարման ընթացքում պարզվել է գործի քննության առարկա չդարձած հանգամանք` վեճի առարկա հադիսացող շարժական գույքի նկատմամբ արգելանքի տակ վերցնելու քննիչի որոշման առկայությունը:

Նկատի ունենալով, որ վճիռը ստացել է օրինական ուժ, կատարել եմ համապատասխան պարզաբանում` օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման պարտադիր լինելու մասին, միաժամանակ որոշման օրինակն ուղարկել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ այդ ժամանակ, ըստ պարզաբանման պահանջատիրոջ պնդման, քրեական դատավարության կարգով քննության է առնվել քրեական գործ, որն առնչվում էր իմ վարույթում գտնվող քաղաքացիական գործի հետ:

Կատարելով վերը նշված գործողությունը` ակնկալել եմ վերադաս դատարանի կամ այն անձանց արձագանքը, ում շահերին առնչվում է իմ կողմից կայացված վճիռը:

Սակայն ոչ վճիռը, ոչ էլ վճռի պարզաբանման մասին որոշումը չի բողոքարկվել, իմ կարծիքով այն պատճառով, որ դժգոհ կողմ չի եղել, և դատական ակտը կատարվել է:

Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ կայացրել եմ վերը նշված դատական ակտը` շահագրգռված լինելով, որպեսզի հանուն Հայաստանի Հանրապետության կայացված դատական ակտը, որն օրինական ուժ է ստացել, ենթարկվի պարտադիր կատարման` վերացնելով իրավունք սահմանող դատական ակտի ծագման հիմքով սեփականատիրոջ իրավազորությունների սահմանափակումները:

Այն դեպքում, եթե Արդարադատության խորհուրդն իմ կողմից կայացված ակտը համարի որպես օրենսդրությանը չհամապատասխանող, խնդրում եմ գնահատել այն որպես իմ կողմից սխալ կողմնորոշվելու արդյունք, և բավարարվել հարցի քննարկմամբ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2008թ. վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ` «Մենք` ներքո ստորագրողներս, մի կողմից հայցվոր Լևոն Գեղամի Բարսեղյանս, բնակվող Երևան քաղաքի Նորքի 2-րդ զանգված, ուս. ավան 1-ին մասնաշենք, 215, 217 սենյակ հասցեում, անձնագիր N AG 0266807 տրված 07.04.2004թ. 005-ի կողմից, մի կողմից և մյուս կողմից պատասխանող` Գուրգեն Նորայրի Սարգսյանս, անձնագիր N AB 0318309, տրված 11.04.1997թ. 006-ի կողմից ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, «ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին» քաղաքացիական գործով, մեր ազատ կամքով, առանց հարկադրանքի, գիտակցելով սույն հաշտության էությունը, պահանջները, դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

Ես` պատասխանող ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Գուրգեն Նորայրի Սարգսյանս, հայտնում եմ, որ հայցվոր Լևոն Գեղամի Բարսեղյանից 2007թ. հոկտեմբերին ստացել եմ 15 000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ես հանդիսանում եմ «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատեր և որպես պարտապան համաձայն եմ, որ սեփականության իրավունքով ինձ պատկանող վերոնշյալ ավտոմեքենան 15 000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց տան հայցվոր Լևոն Գեղամի Բարսեղյանին:

Ես` Լևոն Գեղամի Բարսեղյանս, համաձայն եմ, որ նշված ավտոմեքենան պատասխանող ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Գուրգեն Նորայրի Սարգսյանից 15 000 ԱՄՆ դոլարի փոխարեն ստանամ «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ և 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն խնդրում ենք հաստատել մեր հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճել»:

2. 19.08.2008թ. թիվ ԵԷԴ/0699/02/08 քաղաքացիական գործով հայցվոր Լ. Բարսեղյանը դիմում է ներկայացրել դատարան` խնդրելով պարզաբանել 07.07.2008թ. վճիռը, նկատի ունենալով, որ վճռի կատարման փուլում առաջացել է դրա անհրաժեշտությունը, այն է` վճիռը չի կատարվում այլ քրեական գործով ավտոմեքենայի վրա դրված արգելանքի պատճառով:

3. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ Հ. Հակոբյանի 22.08.2008թ. համար 05 4653/01 գրության համաձայն` Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԷԴ 0699/02/08 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ նշված կատարողական թերթի պահանջը հնարավոր չէ կատարել, քանի որ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի քրեական դատարանի կողմից 16.07.2008թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Գուրգեն Նորայրի Սարգսյանի անձնական գույքի վրա դրվել է կալանք` ընդ որում նրան պատկանող «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:

Հայտնվում է նաև, որ նշված դատավճիռը դեռ օրինական ուժ չի ստացել և գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:

4. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանը 25.08.2008թ. որոշում է կայացրել վճռի պարզաբանման մասին հետևյալ բովանդակությամբ` «Պարզաբանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հուլիսի 7-ի վճիռը հետևյալ կերպ.

Վերացնել վճռի կատարման փուլում ստեղծված խոչընդոտը, այն է` քրեական դատավարության կարգով հայցվորի սեփականությունը հանդիսացող «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա քննիչի որոշմամբ դրված արգելանքը, որը դատավճիռ կայացվելուց Երևանի քրեական դատարանի 16.07.2008թ. թիվ ԵՔՐԴ 0319/01/08 թողնվել է նույնը` ապահովելով հայցվորին սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքը:

Սույն դատական ակտը ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` Գուրգեն Նորայրի Սարգսյանի նկատմամբ քրեական գործով վերաքննիչ բողոքը քննության առնելու ընթացքում քաղաքացիական հայցը լուծելու ժամանակ նկատի ունենալու համար»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունը` Խորհուրդը գտնում է, որ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանը վճռի պարզաբանման մասին 25.08.2008թ. որոշմամբ, վերացնելով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ «Մերսեդես Բենց E 320» մակնիշի 11 ՕՏ 114 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը, փոփոխել է 07.07.2008թ. վճռի բովանդակությունը և էությունը, քանի որ անդրադարձել է այնպիսի պահանջի, որը դատական քննության ժամանակ քննության առարկա չի դարձել և վճռում որևէ կերպ չի արտացոլվել: Այսինքն` վճռի պարզաբանման ժամանակ դատավորը փոխել է վճռի բովանդակությունը` ըստ էության կայացնելով նոր դատական ակտ:

Վերը նշվածի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն արտահայտված է 13.02.2009թ. թիվ 3-3 (ՎԴ)/2009 որոշմամբ, որը վերաբերում է «Թիվ 01-756 18.06.2001 թվականի վճիռը պարզաբանելու մասին» Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2006 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքին: Այդ որոշման համաձայն` «դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, սակայն նույն նորմը հստակ սահմանում է դատարանի լիազորության սահմանները, այսինքն՝ հստակեցնում է դատարանի որոշման սահմաններն ու բովանդակությունը: Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը, վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ փոփոխել է վճռի բովանդակությունն ու էությունը, ըստ էության կայացրել է նոր դատական ակտ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշման ի կատար ածելը:

Վճիռը պարզաբանելու մասին դատավոր Ա. Մերանգուլյանի որոշմամբ գույքի վրա դրված արգելանքը վերացնելով և ըստ էության վերացնելով քննչական մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-234-րդ հոդվածների հիմքով գույքի վրա կալանք դնելու մասին 14.03.2008թ. որոշումը` արդյունքում կայացրել է ակնհայտ անհիմն դատական ակտ, քանի որ գույքի վրա դրված արգելանքը ենթակա է վերացման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Բացի այդ, դատավոր Ա. Մերանգուլյանը 25.08.2008թ. վճռի պարզաբանման մասին որոշման մեջ նշել է. «Դատարանի կողմից վճիռ կայացնելիս գնահատման ենթակա ապացույցների շարքում բացակայել է գործով էական նշանակություն ունեցող այն ապացույցը, որ վեճի առարկա հանդիսացող ավտոմեքենան քրեական գործով քննիչի որոշմամբ արգելադրվել է, ուստի նշված հանգամանքը քննության առարկա չի դարձել դատարանի կողմից կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը կայացնելիս: Ըստ էության վերը նշված վճռի կայացումը հակասության մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթների հետ, համաձայն որոնց դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, տվյալ դեպքում քրեական դատավարության կարգով տուժողի իրավունքներն ու օրինական շահերը, սակայն նշված հանգամանքը հայտնի է դարձել դատարանին միայն վճռի կատարման փուլում»:

Այսինքն` իր որոշման մեջ դատավոր Ա. Մերանգուլյանը արդեն իսկ փաստել է իր կողմից կայացված վճռով այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը խախտելու հանգամանքը: Այդուհանդերձ, դատավոր Ա. Մերանգուլյանը կայացրել է իր դատողություններին հակառակ ըստ էության նոր դատական ակտ:

Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տե՜ս, օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Խ. Բաղդասարյան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Մ. Մարտիրոսյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան