Գլխավոր տեղեկություն
Номер
N 1579-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.10.2017-24.02.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1066
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2002
Дата вступления в силу
31.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1579-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով ու Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 203 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է հայաստանի հանրապետության` օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարության անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,

ռուսերեն` Ìèíèñòåðñòâî îáðàçîâàíèÿ è íàóêè Ðåñïóáëèêè Àðìåíèÿ,

անգլերեն` Ministry of Education and Science of the Republic of Armenia:

6. (կետն ուժը կորցրել է 11.08.16 N 829-Ն)

7. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, նախարարության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության համակարգում գործող տեսչական մարմինը, նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

(8-րդ կետը լրաց. 07.09.17 N 1150-Ն)

9. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումը և զարգացումը, կրթության և գիտության համակարգի բնականոն գործունեության ապահովումը.

բ)  համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.

գ) կրթության և գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

դ) յուրաքանչյուր քաղաքացու` իր ընդունակություններին և հակումներին համապատասխան առավել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը, հասարակության ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացմանը նպաստելը.

ե) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը.

զ) ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը.

է) կրթական և գիտական համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.

ը) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.17 N 1150-Ն)

թ) հանրապետությունից դուրս բնակվող հայերի հայեցի կրթության, նրանց շրջանում հայոց լեզվի պահպանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը.

ժ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման ապահովումը.

ժա) կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը:

(9-րդ կետը խմբ. 25.03.10 N 323-Ն, լրաց. 22.12.11 N 1825-Ն, փոփ. 07.09.17 N 1150-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.

բ) կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.

գ) պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

դ) հանրակրթության պետական չափորոշչի մշակում, հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի մշակում և հաստատում.

ե) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակում ու հաստատում՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.

զ) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարության մշակում, ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերի հաստատում.

է) կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.

ը) կրթության և գիտության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

թ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության և գիտության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

ժ) պետական կառավարման լիազոր մարմնի հետ համագործակցությամբ սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ցույց տրվելիք օգնության, սփյուռքում հայապահպան կրթական գործունեության, Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեությանը սփյուռքի մասնակցության ծրագրերի մշակում և մոնիթորինգի իրականացում.

ժա) կրթության և գիտության բնագավառների բյուջետային գործընթացի իրականացում.

ժբ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

ժգ) լրացուցիչ կրթության զարգացման ծրագրերի մշակում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

ժդ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի՝ ըստ մասնագիտությունների մշակում և ըստ ուսումնական հաստատությունների բաշխում.

ժե) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի՝ ըստ մասնագիտությունների մշակում.

ժզ) ուսումնական հաստատությունների ղեկավար, մանկավարժական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջների սահմանում.

ժէ) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.

ժը) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում՝ դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ի) պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշների մշակում և հաստատում.

իա) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների իրականացում, բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրում, լրացում, հաշվառում և պահպանում.

իբ) կրթական և գիտական աստիճանների պետական նմուշի ավարտական և գիտական կոչումներին վերաբերող փաստաթղթերի ձևերի մշակում.

իգ) կրթության և գիտության բնագավառներում պետական պարգևների ներկայացման և գերատեսչական պարգևների շնորհման աշխատանքների իրականացում.

իդ) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի, ձևաթղթերի և դրանք վարելու կարգի հաստատում.

իե) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.

իզ) «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն», «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի անցկացման կարգերի մշակում և հաստատում.

իէ) գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի և գիտական կոչումներ շնորհելու կարգի մշակում.

իը) ատենախոսությունների թեմաների հաստատման և ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգի սահմանում.

իթ) ուսումնական հաստատություններում դասագրքերը, ձեռնարկները, ուսումնաօժանդակ նյութերը և ուսումնադիտողական պարագաները գործածության երաշխավորելու կարգի հաստատում.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացում:

(10-րդ կետը խմբ., լրաց. 30.12.04 N 1927-Ն, լրաց. 30.12.04 N 1928-Ն, 28.04.05 N 539-Ն, 25.08.05 N 1356-Ն, 16.11.06 N 1618-Ն, 22.03.07 N 339-Ն, 11.10.07 N 1275-Ն, 29.05.08 N 517-Ն, 06.08.09 N 915-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.10 N 323-Ն, լրաց. 26.08.10 N 1243-Ն, 05.05.11 N 565-Ն, խմբ. 22.12.11 N 1825-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

13. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` նախարարության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) եռօրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ առաջարկություն.

զ) աշխատակազմի ղեկավարի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

է) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

է.1) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց շնորհում է նախարարության հուշամեդալներ, կրծքանշաններ, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը.

ը) նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը.

թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ժ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները՝ բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների.

ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, ուսումնասիրում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի աշխատողների թիվը.

ժզ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ և հաստատում դրանց գործունեության կարգը.

ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(14-րդ կետը լրաց., փոփ. 18.10.07 N 1269-Ն, լրաց. 25.03.10 N 323-Ն, 22.12.11 N 1825-Ն, 07.09.17 N 1150-Ն)

14.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան՝

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

(14.1-ին կետը լրաց. 25.12.08 N 1567-Ն, փոփ. 31.03.16 N 337-Ն)

14.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(14.2-րդ կետը լրաց. 31.03.16 N 337-Ն)

15. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է տվյալ բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչության և տեսչական մարմնի)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

(16-րդ կետը փոփ. 07.09.17 N 1150-Ն)

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) գործառույթներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

(23.1-ին կետը լրաց. 07.09.17 N 1150-Ն)

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

(26-րդ կետը փոփ. 11.08.16 N 829-Ն)

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ իրականացնող ու պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(43-րդ կետը լրաց. 28.09.06 N 1372-Ն)

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելվածը խմբ., լրաց. 30.12.04 N 1927-Ն, լրաց. 30.12.04 N 1928-Ն, փոփ., լրաց. 28.04.05 N 539-Ն, լրաց. 25.08.05 N 1356-Ն, 28.09.06 N 1372-Ն, 16.11.06 N 1618-Ն, 22.03.07 N 339-Ն, լրաց., փոփ. 18.10.07 N 1269-Ն, լրաց. 11.10.07 N 1275-Ն, 29.05.08 N 517-Ն, 25.12.08 N 1567-Ն, 06.08.09 N 915-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.10 N 323-Ն, լրաց. 26.08.10 N 1243-Ն, 05.05.11 N 565-Ն, լրաց., խմբ. 22.12.11 N 1825-Ն, փոփ., լրաց. 31.03.16 N 337-Ն, փոփ. 11.08.16 N 829-Ն, լրաց., փոփ. 07.09.17 N 1150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն

Հանրակրթության վարչություն

Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն

Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

2. Քարտուղարություն


Նախարարության աշխատակազմի քարտուղարություն

3. Բաժիններ

Լրացուցիչ և շարունակական կրթության բաժին

Պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին

Առաջին բաժին

Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Գործակալություններ

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով

Լիցենզավորման գործակալություն

 

2. Տեսչություններ

 

Լեզվի պետական տեսչություն

 

III. ՀՀ կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

 

Գիտության պետական կոմիտե

 

IV. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին:

(հավելվածը լրաց. 28.09.06 N 1372-Ն, փոփ. 11.10.07 N 1275-Ն, 18.10.07 N 1269-Ն, լրաց. 29.05.08 N 517-Ն, 06.08.09 N 915-Ն, խմբ. 25.03.10 N 323-Ն, փոփ., լրաց. 12.05.11 N 676-Ն, լրաց. 22.12.11 N 1825-Ն, 05.12.13 N 1346-Ն, լրաց., փոփ. 10.04.14 N 453-Ն, 07.09.17 N 1150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը

 

NN ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք

13139584

2.

Էլեկտրական ապրանք

11213531

3.

Համակարգչային տեխնիկա

60761318

4.

Կապի սարքավորում

2236016

5.

Շենք, շինություն

24213351

6.

Ավտոմեքենա

12545510

7.

Գորգ, ուղեգորգ

1520134

8.

Ռեզոգրաֆ

7894743

9.

Պատճենահանող սարք

6335195

10.

Կրակմարիչ

60000

11.

Խոհանոցի սեղան

206123

12.

Լաբորատոր սարքավորում

1818531

13.

Կարող մեքենա

203000

14.

Ավտոմեքենայի մագնիտոֆոն

279180

 

Ընդամենը

105667355

 

 

2.  

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալություն

 

NN ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք

2103237

2.

Կապի սարքավորում

125000

3.

Համակարգչային տեխնիկա

2128882

4.

Ավտոմեքենա

4106585

5.

Գորգ, ուղեգորգ, նկար

467040

6.

Ջեռուցման սարքավորում

131330

7.

Պատճենահանման սարքավորումներ

492142

8.

Էլեկտրական ապրանք

142000

 

Ընդամենը

9696216

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն

 

NN ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք

2643600

2.

Պատճենահանման սարքավորումներ

363000

3.

Համակարգչային տեխնիկա

1455800

4.

Ավտոմեքենա

4755000

5.

Գորգ, ուղեգորգ, նկար

262400

6.

Գրականություն

98900

 

Ընդամենը

9578700

 

(հավելվածը փոփ. 06.08.09 N 915-Ն)

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան