Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1401
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.14/11(1369) Հոդ.146
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
06.02.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
06.02.2018
Дата вступления в силу
06.02.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 փետրվարի 2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված՝ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը Սահմանադրական դատարան` մուտքագրված 08.01.2018թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 20-ին` 2013 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված՝ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրի (վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 20.06.2013թ., ԱԺՈ-075-Ն, ՍԴՈ-1101)՝ Սկզբնական ծրագրին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

 

2. Համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երկու միլիոն ԱՄՆ դոլար ($2.000.000) գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով Համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու համար, որի մարումն սկսվում է 2032 թվականի մայիսի 15-ից և ավարտվում 2042 թվականի նոյեմբերի 15-ին:

Վարկի փակման ամսաթիվը 2019թ. հունիսի 30-ն է:

Համաձայնագրով նախատեսված Ծրագրի նպատակն է սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի կրճատումը և ոռոգման թիրախային համակարգերում ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետության բարելավումը, ինչպես նաև որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիության և հուսալիության բարելավումը:

Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրություն», Առդիր 2. «Ծրագրի իրականացում», Առդիր 3. և Հավելված:

Ծրագիրը նախատեսում է մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգով՝ Գեղարդալիճ, Մեղրի, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն ինքնահոս համակարգերի կառուցման միջոցով, և ներտնտեսային ջրանցքի համակարգի կառուցում Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար:

Ծրագիրը կառավարվելու և իրականացվելու է ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) կողմից, որը գործում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ԷԵԲՊՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) կազմում, վերջինս էլ հանդիսանում է պատասխանատու Ծրագրի ամբողջական իրականացման համար:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● վճարել սկզբնավճար Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով,

● վճարել պարտավճար Վարկի Չառհանված մնացորդի տարեկան մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով,

● կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել տոկոսագումար, որը հավասար է Ուղղորդիչ դրույքաչափի և Փոփոխական սպրեդի գումարին կամ այն տոկոսագումարին, որը կարող է կիրառվել փոխարկումից հետո,

● կիսամյակային մուծումներով, սկսած 2032 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի մայիսի 15-ը՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վերադարձնել Վարկի մայր գումարը` 4.55% մասնաբաժնով, իսկ 2042 թվականի նոյեմբերի 15-ին` 4.45% մասնաբաժնով և այլն:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր` 11.06.2013թ. ՍԴՈ-1101 («2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով) որոշման մեջ ընդգծել է, որ՝ «...իրավական առումով անըմբռնելի և խնդրահարույց է Փոխառության համաձայնագրով ամրագրված այն պարտավորությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը «Ջրտնտպետկոմի միջոցով. ... (ե) պահպանում է Ջրտնտպետկոմը և ապահովում է, որ այն նշանակի արհեստավարժ աշխատակազմ բավականաչափ թվով և Բանկի համար ընդունելի այնպիսի պարտականություններով և գործառույթներով, որոնք հնարավորություն կտան Ջրտնտպետկոմին կառավարել, համակարգել և մշտադիտարկել ՇՄԿՊ-ների իրականացումը» (Առդիր 2, Բաժին I., կետ «Գ», ենթակետ 2)։ Հիշյալ դրույթը ենթակա է ճշգրտման և հստակեցման՝ ստանձնվող պարտավորության լիարժեք իրականացումն ապահովելու և իրավակիրառական պրակտիկայում խնդիրների առաջացումը բացառելու համար»:

Վերոհիշյալ գործի նիստի արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործի դատաքննության ընթացքում ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ընդունել է նշված դիտողությունը, այն որակել որպես խմբագրական թերություն և հավաստիացրել, որ այն կշտկվի: Սակայն վերոհիշյալ պարտավորությունը նույն բովանդակությամբ առկա է նաև քննության առարկա Համաձայնագրի 2-րդ Առդիրի I Բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետի «ե» մասում, ինչին պետք է ուշադրություն դարձվի համաձայնագրի վավերացման գործընթացի շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված՝ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

6 փետրվարի 2018 թվականի

ՍԴՈ-1401

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան