«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 հուլիսի 2015 թ. |
N 224-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հետ համաձայնեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունների և 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված հաշվարկի արդյունքների տրամադրման ձևաչափը:
2.1 Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն էլեկտրական էներգիայի բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների հաշվարկ 2018 և 2019 թվականների համար չի իրականացվում:
(2.1-ին կետը լրաց. 27.12.17 N 580-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի օգոստոսի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ի N 224-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցերում (այսուհետ՝ հաղորդման և բաշխման ցանց) էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման ընթացակարգը:
2. Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկումն իրականացնում է Շուկայի օպերատորը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի «110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 60 և 2002 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, սեփական և տնտեսական կարիքների համար օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվարկի մեթոդիկաները հաստատելու մասին» N 65-Ա որոշումների:
(2-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
3) Հաղորդող՝ էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
4) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
(3-րդ կետը խմբ. 27.12.17 N 580-Ն)
2. Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման ընթացակարգը
4. Հաղորդողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը Շուկայի օպերատորին տրամադրել նախորդ ամսվա՝ հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման համար տեղեկատվություն:
(4-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
5. Շուկայի օպերատորը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հաղորդողին տրամադրել նախորդ ամսվա՝ հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքները:
(5-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
6. Հաղորդողը պարտավոր է իր առևտրային հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի իրավունք տրամադրել Շուկայի օպերատորին:
(6-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
3. Բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման ընթացակարգ
7. Բաշխողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Շուկայի օպերատորին տրամադրել նախորդ ամսվա՝ բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման համար տեղեկատվություն:
(7-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
8. Շուկայի օպերատորը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը Բաշխողին տրամադրել նախորդ ամսվա՝ բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքները:
(8-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
9. Բաշխողը պարտավոր է իր առևտրային հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի իրավունք տրամադրել Շուկայի օպերատորին:
(9-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
4. Վեճերի լուծումը
10. Շուկայի օպերատորի կողմից Հաղորդողին կամ Բաշխողին տրամադրված տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքների շուրջ վեճի դեպքում իրականացվում է էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի աուդիտ: Աուդիտն իրականացնում են Հաղորդողի կամ Բաշխողի կողմից ընտրված և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված փորձագետները (փորձագիտական խումբը):
(10-րդ կետը փոփ. 27.12.17 N 580-Ն)
11. Աուդիտի արդյունքի վերաբերյալ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ., խմբ. 27.12.17 N 580-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2017, N 580-Ն | 11.02.2018, N 224-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|