Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.06.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
22.06.2017
Дата вступления в силу
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ1/0006/01/15

ԿԴ1/0006/01/15

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան  
                 Դատավորներ` Ռ. Բարսեղյան  
                                           Ա. Դանիելյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

     
  մասնակցությամբ պաշտպան

Ա. Սահակյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հակոբ Հարությունի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Ս. Երիցյանի որոշմամբ հարուցվել է թիվ 49114814 քրեական գործը:

Նախաքննության մարմինը 2014 թվականի օգոստոսի 27-ին որոշում է կայացրել Հակոբ Հարությունի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հովհաննես Գևորգի Հայրապետյանին, Սպարտակ Ստեփանի Մաթևոսյանին, Կարեն Ալբերտի Առաքելյանին:

Հ. Մարտիրոսյանին 2014 թվականի օգոստոսի 27-ին առաջադրված մեղադրանքը նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հունվարի 27-ի որոշմամբ փոփոխվել է, լրացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2016 թվականի փետրվարի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի ապրիլի 26-ի դատավճռով Հ. Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում, և յուրաքանչյուր դրվագով հանցագործության համար նրա նկատմամբ նշանակել համապատասխան պատիժ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով՝ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Առաջին ատյանի դատարանը Հ. Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 7 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Առաջին ատյանի դատարանի նույն դատավճռով մեղավոր են ճանաչվել նաև Հ. Հայրապետյանը, Ս. Մաթևոսյանը, Կ. Առաքելյանը:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 26-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալներ Հ. Մարտիրոսյանի և Կ. Առաքելյանի պաշտպանները, ինչպես նաև մեղադրող Գ.Խանզադյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի օգոստոսի 25-ին որոշում է կայացրել պաշտպանների, մեղադրողի վերաքննիչ բողոքները մերժելու մասին: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Հ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքների քրեաիրավական որակման և նշանակված պատիժների մասով բեկանել և փոփոխել. Հ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում 5 /հինգ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ ամբաստանյալներ Հ. Մարտիրոսյանի և Հ. Հայրապետյանի մասով վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանը 2017 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացրել Հ. Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հ. Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը Հ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ. «[Նա,] 2014 թ. հուլիսի 9-ին՝ գործով չպարզված ժամի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Սպարտակ Ստեփանի Մաթևոսյանի հետ, Ծաղկաձոր քաղաքի «Վիլաս» հանգստյան տան բակից գաղտնի հափշտակել են Ենոք Ղևոնդի Գասպարյանին պատկանող զգալի չափի՝ 12.000 ՀՀ դրամ արժողությամբ ալյումինե երկփեղկանի աստիճանը, որը տեղադրել են Սպարտակ Մաթևոսյանի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի մեջ և հեռացել: Այնուհետև, Հակոբ Հարությունի Մարտիրոսյանը, նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Հովհաննես Գևորգի Հայրապետյանի, Սպարտակ Ստեփանի Մաթևոսյանի հետ, Հրազդան քաղաքի Շահումյան և Րաֆֆու փողոցների հատման խաչմերուկի հատվածում գտնվող «Արման-Անի» ՍՊ ընկերության բենզալցակայանի շինությունից քսայուղեր և գումար հափշտակելու նպատակով, կոտրող գործիքով փորձել են բացել շինության մուտքի դուռը, սակայն իրենց հանցավոր մտադրությունը չեն կարողացել հասցնել ավարտին իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ այդ պահին դուրս է եկել բենզալցակայանի պահակը, որից հետո, իրենց հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով Սպարտակ Մաթևոսյանի Ֆորդ ավտոմեքենայից իջեցրել և պահակին են տվել «Վիլաս» հանգստյան տան բակից գողացված աստիճանը և խնդրելով աստիճանը պահել իր մոտ՝ հեռացել են: Այնուհետև, 2014 թ. հուլիսի 27-ին Հակոբ Հարությունի Մարտիրոսյանը (...) ժամը 02:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, լողավազանի բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի թիվ 1 առանձնատուն և այնտեղ բնակվող Սուսաննա Վոլոդյայի Գալստյանի ու Գայանե Ռուբենի Հակոբյանի պայուսակներից գաղտնի հափշտակել ընդհանուր զգալի չափի՝ 229.643 ՀՀ դրամ արժողությամբ 420 եվրո, 95.000 ՀՀ դրամ, 81.304 ՀՀ դրամ արժողության 200 ԱՄՆ դոլար, 11.588 ՀՀ դրամ արժողության 50 լարի, «Անելիք» բանկի վիզա քարտ, «Բուրմունք», «Դոմանի», «Ռոբերտո» խանութների զեղչի քարտեր: Այնուհետև, Հակոբ Հարությունի Մարտիրոսյանը, 2014 թ. հուլիսի լույս 29-ին (...) ուրիշի գույքի գաղտնի հափշտակում կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Սպարտակ Մաթևոսյանի հետ, ժամը 07:00-ից մինչև 07:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք են գործել Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ծաղկահովիտ» հանգստյան տան 106 չբնակեցված սենյակ և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի՝ 190.000 ՀՀ դրամ արժողությամբ 1 հատ «Գրունտիկ» տեսակի պլազմային հեռուստացույց, որից հետո շարժվել են դեպի Երևան, սակայն Ծաղկաձոր քաղաքի «Վալետտա» հանգստյան տան [մոտ] Հակոբ Մարտիրոսյանը Սպարտակ Մաթևոսյանին խնդրել է կանգնեցնել մեքենայի շարժը, որից հետո ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաց դռնից ապօրինի մուտք է գործել Գևորգ Գարեգինի Զուռնաչյանի կողմից վարձակալած՝ Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Վալետտա» հանգստյան տան 4-րդ առանձնատուն և հյուրասենյակի սեղանի վրայից գաղտնի հափշտակել վերջինին պատկանող, խոշոր չափի՝ 670.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1 հատ «ԷՅՓԼ» տեսակի պլանշետ, 1 հատ «ԱՅՖՈՆ» և 1 հատ «ՆՈԿԻԱ 88 00» տեսակի բջջային հեռախոսներ: Բացի այդ, Հակոբ Մարտիրոսյանը, 2014 թ. օգոստոսի լույս 03-ի գիշերը, գործով չպարզված ժամի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակում կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Հովհաննես Հայրապետյանի հետ, մուտքի մետաղապլաստե դուռը չպարզված առարկայով բացելու միջոցով մուտք են գործել Ծաղկաձոր քաղաքում գտնվող՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հանգստյան տան չբնակեցված 2-րդ մասնաշենք և այնտեղ գտնվող 5 սենյակներից գաղտնի հափշտակել են խոշոր չափի՝ 875.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 5 հատ «Տոշիբա» տեսակի պլազմային հեռուստացույցներ (...): Ճանապարհին (...) ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Հովհաննես Գևորգի Հայրապետյանի հետ, կոտրել են Երևան-Սևան մայրուղու 28 կմ հատվածում գտնվող «Թեյի տնակ» կոչվող թեյարանի պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել «Գրինվուդ» ՍՊԸ-ին պատկանող ընդհանուրը զգալի չափի՝ 2.000 ՀՀ դրամի ծխախոտներ և «Հայ մայրեր» ՀԿ-ին պատկանող բարեգործական արկղի մեջ եղած 40.000 ՀՀ դրամ գումարը: Այնուհետև, Հակոբ Հարությունի Մարտիրոսյանը, 2014 թ. օգոստոս ամսվա սկզբներին՝ գործով չպարզված օրը և ժամին, առավոտյան, գտնվելով Հրազդան քաղաքում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չփակված մուտքի դուռը բացելով, ապօրինի մուտք է գործել Գարուշ Վազգենի Գևորգյանին պատկանող՝ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 580 տան 1-ին հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ-սրահ և վաճառասեղանների վրայից գաղտնի հափշտակել զգալի չափի՝ ընդհանուրը՝ 30.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հատ շարնիրներ, 2 հատ շարժիչի ներդիրներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 264-266):

6. Ամբաստանյալ Հ.Մարտիրոսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ. «2014 թ. հուլիսին Սպարտակ Մաթևոսյանի հետ գնացել է Ծաղկաձոր քաղաքի «Վիլաս» հանգստյան տուն, որտեղ զրուցել է պահակի հետ, վերջինիս պահվածքը իրեն դուր չի եկել և նա որոշել է հենց պահակին վնաս պատճառելու համար ինչ-որ իր գողանալ, և գողացել է բակում դրված ալյումինե աստիճանը: (…)

2014 թ. հուլիսին, կոնկրետ օրը չի հիշում, Սպարտակ Մաթևոսյանի ու Հովհաննես Հայրապետյանի հետ գտնվել են Հրազդան քաղաքում: Սպարտակ Մաթևոսյանի ավտոմեքենան բենզինով վերալիցքավորելու համար մոտեցել են «Արման-Անի» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայան: Մոտենալով բենզալցակայանին տեսել է, որ այնտեղ մարդ չկա, բարկացել է, սկսել թակել մուտքի դուռը, որպեսզի աշխատակիցը արթնանա և սպասարկի իրենց: Տեսնելով, որ աշխատակիցը չի արթնանում, մուտքի դռան մոտից վերցնելով քլունգը, սկսել է հարվածել մուտքի դռանը: Այդ պահին ներսում ինչ-որ իր է նկատել և որոշել է գողանալ այն: (…)

2014 թ. հուլիսին, կրկին օրը չի հիշում, դուրս գալով խաղատնից, մտել է «Ծաղկահովիտ» հանգստյան տուն` հեռախոսահամար խնդրելու նպատակով: Հանգստյան սենյակներից մեկում տեսնելով հեռուստացույց, որոշել է այն գողանալ: (…)

Այնուհետև, գողություն կատարելու նպատակով գնացել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հանգստյան տուն և այնտեղից գողացել է հեռուստացույցներ: (…)

(…)»:

6.1. Ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ լինելու պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակված՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ «[Հ.Մարտիրոսյանը] 09.07.2014 թվականին Հովհաննես Գևորգի Հայրապետյանի և Սպարտակ Ստեփանի Մաթևոսյանի հետ վերջինին պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով եկել են Ծաղկաձոր քաղաք՝ խաղատուն, որտեղ կրվել է իր մոտ եղած գումարը: Այնուհետև գնացել են «Վիլաս» հանգստյան տուն, որտեղ Սպարտակ Մաթևոսյանի հետ մտել են հանգստյան տան տարածք՝ գողություն կատարելու նպատակով: «Վիլաս» հանգստյան տան բակից գողացել են ալյումինե երկփեղկանի աստիճան (…): Այնուհետև՝ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, (…) «Արման-Անի» ՍՊ ընկերության բենզալցակայանի շինությունից քսայուղեր և գումար հափշտակելու նպատակով կոտրող գործիքով փորձել են բացել շինության մուտքի դուռը: Այդ ժամանակ շինությունից դուրս է եկել պահակը, որից հետո իրենց կողմից գողության փորձ կատարելու հանգամանքը քողարկելու նպատակով Սպարտակ Մաթևոսյանի «Ֆորդ» ավտոմեքենայից իջեցրել և պահակին են տվել «Վիլաս» հանգստյան տան բակից գողացված աստիճանը: Խնդրել են աստիճանը պահել իր մոտ՝ հետագայում այն հետ վերցնելու պատրվակով, հեռացել են: Այնուհետև, 2014 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 01:00-ին, անծանոթ տաքսի ավտոմեքենայով եկել է Ծաղկաձորում գտնվող «Վուլկան» խաղատուն, որտեղ կրկին կրվել է իր մոտ եղած գումարը: Այնուհետև դուրս է եկել խաղատնից և գողություն կատարելու նպատակով խաղատան և «Բադեն-Բադեն» հյուրանոցի միջև առկա նեղ արանքով գնացել դեպի «Բադեն-Բադեն» հյուրանոցի առանձնատների հետնամաս՝ տեսնելու համար, թե հյուրանոցի որ առանձնատունը կարող է մտնել: Նկատել է, որ առանձնատներից մեկի պատուհանը բաց է: Պատուհանով մտել է ներս, գնացել հյուրասենյակ, որտեղ բազմոցի վրա և աթոռից կախված պայուսակների միջից գողացել է ընդհանուրը` 164.000 ՀՀ դրամ գումար, որի մեջ է մտնում 100 ԱՄՆ դոլար և 20 լարի: (…) Այնուհետև, 2014թ հուլիսի լույս 29-ին՝ Հովհաննես Հայրապետյանի և Սպարտակ Մաթևոսյանի հետ վերջինին պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով եկել են Ծաղկաձոր՝ խաղատուն, որտեղ ինքը կրվել է իր մոտ եղած գումարը: Այնուհետև գնացել են «Ծաղկահովիտ» հյուրանոցի ուղղությամբ, հասել են այնտեղ` Սպարտակ Մաթևոսյանին ասել, է որ կանգնեցնի ավտոմեքենան և գա իր հետևից: (…)

«Ծաղկահովիտ» հյուրանոցից գողություն կատարելուց հետո շարժվել են դեպի Երևան, սակայն Ծաղկաձոր քաղաքի «Վալետտա» հանգստյան տան մոտ Սպարտակ Մաթևոսյանին ասել է, որ կանգնեցնի մեքենայի շարժը, որից հետո մտել է հանգստյան տան տարածք և մոտեցել ճակատային մասով դեպի ճանապարհը նայող առանձնատուն: Նկատել է, որ առանձնատան դուռը կիսաբաց է, որից հետո մտել է ներս և աջ կողմում գտնվող սեղանի վրայից գողացել է 1 հատ «ԷՅՓԼ» տեսակի պլանշետ, 1 հատ «ԱՅՖՈՆ» և 1 հատ «ՆՈԿԻԱ 88 00» տեսակի բջջային հեռախոսներ:

Այնուհետև, 2014 թ օգոստոսի լույս 03-ի գիշերը՝ իրեն անծանոթ տաքսի ավտոմեքենայով Հովհաննես Հայրապետյանի հետ, կրկին գտնվելով Ծաղկաձորում, տաքսու վարորդին պատվիրել է վարել դեպի «Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի» Ծաղկաձորի հանգստյան տան կողմ: Ճանապարհին կանգնեցրել են ավտոմեքենան և իջել՝ վարորդին պատվիրելով սպասել տեղում, որից հետո Հովհաննես Հայրապետյանի հետ մտել են վերը նշված հանգստյան տան մի քանի սենյակ, որտեղից էլ գողացել են 5 հատ «Տոշիբա» տեսակի հեռուստացույց (…):

Նույն օրը՝ Երևան գնալիս, Երևան-Սևան ճանապարհին՝ «Չայնի» կոչվող թեյարանի մոտ, տաքսու վարորդին ասել են, որպեսզի կանգնեցնի ավտոմեքենայի շարժը, որից հետո Հովհաննես Հայրապետյանի հետ իջել են ավտոմեքենայից և գնացել թեյարանի կողմը: Թեյարանից գողություն կատարելու նպատակով կոտրել է մուտքի դռան կողքի փոքրիկ պատուհանը, սակայն միացել է ձայնաազդանշանային համակարգը, որից հետո դիմել են փախուստի: Այնուհետև, 2014 թ օգոստոս ամսվա սկզբներին՝ կոնկրետ օրն ու ժամը չի հիշում, անծանոթ տաքսի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքից դեպի Երևան գնալիս, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում նկատել է ավտոպահեստամասերի խանութ-սրահ, որի դուռը բաց է եղել: Կանգնեցրել է տաքսի ավտոմեքենան և մտել ավտոպահեստամասերի խանութ, որտեղից գողացել է 2 հատ շարնիր, 2 հատ շարժիչի ներդիներ:

7. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2016 թվականի ապրիլի 26-ի դատավճռով Հ. Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել վերջինիս մեղսագրված հանցավոր արարքների կատարման մեջ, և յուրաքանչյուր դրվագով հանցագործության համար նրա նկատմամբ նշանակել համապատասխան պատիժ: Այնուհետև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով՝ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Առաջին ատյանի դատարանը Հ. Մարտիրոսյանի նկատմամբ նշանակել է վերջնական պատիժ (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 153-171):

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Հ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքների քրեաիրավական որակման և նշանակված պատիժների մասով բեկանելով և փոփոխելով, փաստել է. «(...) Հաշվի առնելով [ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը՝] Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ երկու կամ ավելի հափշտակություններ կատարելու դեպքում հանցավորի արարքները շարունակվող հանցագործություն կդիտվեն բոլոր այն դեպքերում, երբ այդ հափշտակությունները կատարվել են միասնական դիտավորությամբ և հետապնդում են մեկ միասնական նպատակ: Իսկ երբ հափշտակությունները կատարվում են տարբեր արարքներով, փուլերով և հանցավորի դիտավորությունը միասնական չէ, այլ յուրաքանչյուր կատարած արարքի դեպքում ինքնուրույն է առաջանում, ապա այդ դեպքում խոսք կգնա ինքնուրույն և համակցությամբ որակվող հանցագործությունների մասին: Հետևաբար, շարունակվող հանցագործության դեպքում հանցավորի կողմից կատարած արարքներն ինքնուրույն չեն որակվի, այլ կդիտվի որպես մեկ հափշտակության բաղկացուցիչ մասեր և իրենց ողջ ծավալով կդիտվեն որպես մեկ միասնական արարք։

(…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [Առաջին ատյանի դատարանի] դատավճիռն Հակոբ Մարտիրոսյանին մեղսագրված արարքների մասով հիմնավորված չէ և չի բխում քրեական գործի փաստական հանգամանքներից, քանի որ քրեական գործի նյութերի, մասնավորապես՝ ամբաստանյալի ցուցմունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կարող են վկայել, որ նրա կողմից կատարված հափշտակությունները միասնական դիտավորությամբ չեն իրականացվել, այլ դիտավորությունները ծագել [են] յուրաքանչյուր արարքի կատարումից հետո:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի համար միասնական դիտավորությունը ընդգծելու տեսանկյունից հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի կողմից կատարված գողությունները հիմնականում իրականացվել են նույն ոճով, եղանակով, ինչպես նաև հափշտակությունները կատարվել են 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, ավելին՝ եղել են դեպքեր, որ նույն օրերի ընթացքում կատարվել են մեկից ավելի գողություններ:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հակոբ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքները պետք է դիտարկել որպես միասնական դիտավորությամբ կատարված շարունակվող հանցագործություն: Հակառակ մոտեցումը խիստ կասկածելի է և նման հետևությունը հիմնված կլինի բացառապես ենթադրության վրա:

(...)

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հակոբ Մարտիրոսյանին վերագրվող արարքները մտնում են մեկ դիտավորության տակ, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 53-81):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Հ. Մարտիրոսյանի արարքներին տվել է սխալ քրեաիրավական գնահատական: Մասնավորապես՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «հանցանքների համակցություն» և «շարունակվող հանցագործություն» հասկացություններն ու դրանց սահմանազատման չափանիշները, հաշվի չի առել կատարված հանցագործությունների դիտավորության առանձնացվածության մասին գործով ձեռք բերված ապացույցներն ու հանգել է սխալ հետևության Հ. Մարտիրոսյանին մեղսագրվող հանցագործությունները մեկ միասնական դիտավորությամբ կատարված լինելու մասին:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձը մի քանի, այդ թվում՝ նույնաբնույթ հանցագործություններ է կատարում, որոնք ուղղված չեն նույն հանցավոր նպատակին և դրանց կատարումը պայմանավորված չէ նախորդ հանցագործությամբ, իսկ նոր արարքը կատարելու դիտավորությունն առաջացել է նախորդ արարքը կատարելուց հետո, ապա շարունակվող հանցագործության մասին խոսք լինել չի կարող: Բողոքի հեղինակը կարծում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված այն հանգամանքը, որ Հ. Մարտիրոսյանի կողմից յուրաքանչյուր նոր հանցագործություն կատարելու դիտավորությունն առաջացել է նախորդից հետո և դրանց հետ մեկ միասնական դիտավորության մեջ չի ընդգրկվել: Ըստ բողոք բերած անձի՝ Հ.Մարտիրոսյանը, ըստ էության, հափշտակություն է կատարել յուրաքանչյուր հարմար պահի և յուրաքանչյուր անգամ դրա կարիքն ունենալու դեպքում, ինչը բացառում է կատարված հանցավոր գործողությունների՝ սուբյեկտիվ կողմից միասնականությունը:

9.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ գործով ձեռք բերված ապացույցները չեն վկայում, որ Հ. Մարտիրոսյանի կողմից կատարված հափշտակությունները միասնական դիտավորությամբ չեն իրականացվել, բողոքաբերը փաստել է, որ այդպիսի դիրքորոշումը հակասում է գործով ձեռք բերված ապացույցներին, բացի այդ, այն նաև անընդունելի է՝ դիտավորության միասնականության հանգամանքի հաստատմանն ուղղված ապացուցողական գործունեության տրամաբանության տեսանկյունից: Բողոքի հեղինակը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում ապացուցման ենթակա է ոչ թե միասնական դիտավորության բացակայությունը, այլ առկայությունը: Այլ կերպ ասած՝ արարքը յուրաքանչյուր դեպքում պետք է համարել ոչ միասնական դիտավորությամբ կատարված, եթե միասնական դիտավորությամբ կատարված լինելը չի հաստատվել:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դրա հետ համակցված՝ դատավարական իրավունքի խախտում, ինչը հիմք է կայացված դատական ակտը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանի արարքները որպես շարունակվող հանցագործություն դիտելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Հանցագործությունների համակցություն է համարվում՝

1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

(...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների իրական համակցությունը շարունակվող հանցագործությունից տարանջատելու չափանիշները, շարունակվող հանցագործությանը ներկայացվող բնութագրական հատկանիշները վերլուծության են ենթարկվել Վ. Մկրտչյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման շրջանակներում:

Այսպես, վերահաստատելով և զարգացնելով Գարսևան Ոսկանյանի, ինչպես նաև Ս. Ղամբարյանի և այլոց գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Վ. Մկրտչյանի և մյուսների գործով որոշման շրջանակներում փաստել է.«(...)[Թ]ե՛ իրական համակցությունը, թե՛ շարունակվող հանցագործությունը դրսևորվում են մեկից ավելի արարքների կատարմամբ, հետևաբար կատարվող արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում կարևոր է դրանց տարանջատման հստակ չափանիշների սահմանումը: Այսպես` հանցագործությունների իրական համակցությունը հանցագործությունների բազմակիության տեսակներից մեկն է (հանցագործությունների ռեցիդիվի հետ միասին) և բնութագրվում է վերջինիս բնորոշ այնպիսի ընդհանուր հատկանիշով, ինչպիսին է միևնույն անձի կողմից մեկից ավելի արարքներով երկու կամ ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող հանցանքներ կատարելով: Ընդ որում, իրական համակցություն են կազմում տարբեր, միասնական դիտավորությամբ չկապված այնպիսի արարքներ, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կամ միևնույն հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործությանը, ապա այն բարդ (եզակի) հանցագործության տեսակ է, որը թեպետ դրսևորվում է որոշակի ժամանակային ընդմիջումներով կատարվող մեկից ավելի հակաիրավական արարքներով, այնուամենայնիվ դիտվում է որպես մեկ հանցագործություն և որակվում է քրեական օրենսգրքի հատուկ մասի մեկ հոդվածով կամ հոդվածի մասով: Վերոնշյալը պայմանավորված է կատարվող արարքների միջև գոյություն ունեցող սերտ կապով, ինչը թույլ է տալիս դրանք գնահատել որպես մեկ ամբողջություն: Մասնավորապես, շարունակվող հանցագործությունը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ այնպիսի հատկանիշներով, որոնցով տարանջատվում է հանցագործությունների իրական համակցությունից:

Այսպես` շարունակվող հանցագործության օբյեկտիվ հատկանիշը ենթադրում է, որ`

- կատարվող արարքներից յուրաքանչյուրը ոտնձգում է միևնույն օբյեկտի, ընդ որում, որպես կանոն, միևնույն անմիջական օբյեկտի դեմ, այսինքն` այն հասարակական հարաբերության, որը վնասվում է կոնկրետ հանցագործության կատարման արդյունքում (օրինակ` հափշտակությունների դեպքում անմիջական օբյեկտը կոնկրետ անձի սեփականության պաշտպանությանն ուղղված հարաբերություններն են): Միևնույն ժամանակ, կատարված մեկից ավելի արարքները շարունակվող հանցագործություն դիտելու հարցում, կոնկրետ հանցակազմի առանձնահատկություններով պայմանավորված, հաշվի են առնվում նաև օբյեկտիվ բնույթի այլ հատկանիշներ, ինչպիսիք են, օրինակ, հանցագործության եղանակը (միևնույն կամ նմանատիպ եղանակով), միևնույն աղբյուրից կատարված լինելու հանգամանքը (օրինակ` հափշտակությունների դեպքում), հանցավոր հետևանքի (արդյունքի) միասնականությունը և այլն,

- կատարվող արարքները նույնական են, այսինքն` նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով: Ընդ որում, խոսքն իրավաբանական առումով նույնականության մասին է, իսկ փաստական կողմով արարքները կարող են միմյանցից տարբերվել (օրինակ` հրազենի ապօրինի ձեռքբերումն ու իրացումը փաստական հատկանիշներով թեպետ տարբերվում են, սակայն իրավաբանորեն դրանք նույնական արարքներ են, քանի որ միևնույն` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի եղանակ են):

(…) Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործության սուբյեկտիվ հատկանիշին, ապա այն ենթադրում է հանցավորի մոտ միասնական դիտավորության և նպատակի առկայություն: Այլ կերպ ասած` անձը պետք է նախնական մտադրություն ունենա կատարելու կոնկրետ հանցանքը մեկից ավելի, որոշակի ժամանակային ընդմիջումներով առանձնացված նույնական արարքներով: Ընդ որում, շարունակվող հանցագործությունների դեպքում միասնական դիտավորությունը կարող է արտահայտվել հետևյալ կերպ`

- շարունակվող հանցագործության մաս կազմող բոլոր արարքների և ընդհանուր հանցավոր արդյունքի նկատմամբ անձի դիտավորությունը կոնկրետացված է և առաջանում է նախքան առաջին արարքը կատարելը (դասական միասնական դիտավորություն),

- կատարվելիք հետագա արարքների նկատմամբ միասնական դիտավորությունն առաջանում է նախորդող արարքը կատարելու ընթացքում (վերաճող միասնական դիտավորություն),

- ընդհանուր հանցավոր արդյունքի նկատմամբ հանցավորի դիտավորությունը թեպետ կոնկրետացված չէ, սակայն վերջինս ունի միասնական դիտավորություն` հանցագործության միևնույն անմիջական օբյեկտի դեմ ոտնձգությունն իրականացնելու մեկից ավելի նույնական արարքներով:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սուբյեկտիվ հատկանիշի բացահայտումը կարևոր նշանակություն ունի հանցագործության ճիշտ քրեաիրավական որակման հարցում, քանի որ արարքների նույնականությունը, ոտնձգության օբյեկտի, աղբյուրի և եղանակի միասնականությունը դեռևս հիմք չեն կատարվածը շարունակվող հանցագործություն դիտելու համար: Այսպես` իրական համակցության պարագայում նույնպես կատարվող արարքները կարող են օժտված լինել շարունակվող հանցագործությանը բնորոշ (...) օբյեկտիվ հատկանիշներով: Հետևաբար նման դեպքերում շարունակվող հանցագործությունն իրական համակցությունից տարանջատելու հիմնական չափանիշը հանցավորի մոտ համապատասխան արարքները կատարելու միասնական դիտավորության առկայության հավաստումն է և միաժամանակ դիտավորության` ամեն արարքից հետո կրկին ծագած լինելու հավանականության բացառումը, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է իրականացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման արդյունքում:

(…) Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված մեկից ավելի արարքները կարող են դիտվել որպես շարունակվող հանցագործություն և որակվել ՀՀ քրեական օրենսգրքի մեկ հոդվածով (հոդվածի մասով կամ կետով) միայն (...) օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների միաժամանակյա առկայության պայմաններում:

Այսպիսով, շարունակվող հանցագործությունը մեկ միասնական բարդ հանցագործության տեսակ է, որը ձևավորվում է նույնական այնպիսի արարքներից, որոնց միջև, որպես կանոն, առկա է հարաբերականորեն ոչ մեծ ժամանակային խզում, և որոնք ոտնձգում են միևնույն անմիջական օբյեկտի դեմ, ընդգրկված են մեկ միասնական դիտավորությամբ և հանդես են գալիս որպես մեկ ամբողջական հանցագործության առանձին օղակ:

Միևնույն ժամանակ, եթե կատարված արարքները եղել են ոչ նույնական, այլ տարաբնույթ կամ միաբնույթ, ուղղված են եղել տարբեր անմիջական օբյեկտների դեմ, կատարվել են տարբեր աղբյուրներից, կապված չեն եղել միասնական դիտավորությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կատարված արարքները թեպետ եղել են նույնական և ուղղված են եղել միևնույն անմիջական օբյեկտի դեմ, սակայն ընդգրկված չեն եղել միասնական դիտավորությամբ, այլ յուրաքանչյուր դեպքում դիտավորությունն առանձին է ծագել, կատարվածը չի կարող դիտվել որպես շարունակվող հանցագործություն և ենթակա է որակման հանցագործությունների համակցության կանոններով:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցագործությունների իրական համակցության կամ շարունակվող հանցագործության կանոնները կիրառելու և հանցավորի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար քրեական վարույթն իրականացնող մարմինը հատուկ ուշադրություն պետք է դարձնի կոնկրետ հանցագործության օբյեկտին, կատարվող արարքների բնույթին, կատարման եղանակին, աղբյուրին, դիտավորության ու նպատակի առանձնահատկություններին» (տե՛ս Վարդան Մկրտչյանի, Արբակ Առաքելյանի և Գրիշա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0034/01/15 որոշման 13-14-րդ կետերը):

13. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել վերոհիշյալ արարքների կատարման մեջ և պատիժ է նշանակել հանցագործությունների համակցության կանոնների կիրառմամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Հ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքների քրեաիրավական որակման և նշանակված պատիժների մասով բեկանելով և փոփոխելով, փաստել է, որ Հ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքների որակման մասով ստորադաս դատարանի դատական ակտը անհիմն է և չի բխում քրեական գործի փաստերից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կարող են վկայել, որ ամբաստանյալի կողմից կատարված հափշտակությունները միասնական դիտավորությամբ չեն իրականացվել, այլ դիտավորությունը ծագել է յուրաքանչյուր արարքի կատարումից հետո: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը միասնական դիտավորությունն ընդգծելու տեսանկյունից հատկանշական է համարել այն, որ ամբաստանյալի կողմից կատարված գողությունները հիմնականում իրականացվել են նույն ոճով, եղանակով, ինչպես նաև հափշտակությունները կատարվել են 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, ավելին՝ եղել են դեպքեր, որ նույն օրերի ընթացքում կատարվել են մեկից ավելի գողություններ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքները պետք է դիտարկել որպես միասնական դիտավորությամբ կատարված շարունակվող հանցագործություն. հակառակ մոտեցումը Վերաքննիչ դատարանը համարել է խիստ կասկածելի և հիմնված բացառապես ենթադրության վրա (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։

14. Նախորդ, ինչպես նաև սույն որոշման 6-6.1.-րդ կետերում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանի գործողություններում բացակայում են շարունակվող հանցագործության հատկանիշները: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքների միջև առկա չէ օբյեկտիվ և սուբյեկտիվ այնպիսի կապ, որը թույլ կտար դրանք գնահատել որպես մեկ ամբողջություն:

Այսպես` գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեպետ Հ.Մարտիրոսյանը կատարել է մեկից ավելի նույնական արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի միևնույն` 177-րդ հոդվածի տարբեր մասերով, այնուամենայնիվ, այդ ոտնձգություններն ուղղված են եղել տարբեր անմիջական օբյեկտների դեմ և կատարվել են տարբեր աղբյուրներից:

Ինչ վերաբերում է նշված գողությունները միասնական դիտավորությամբ կատարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, ապա գործի փաստական հանգամանքների և ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանի ինչպես դատաքննական (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), այնպես էլ դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքների (տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը) ամբողջական վերլուծությունից հետևում է, որ վերջինս գործել է ոչ թե միասնական և նախնական դիտավորությամբ, այլ յուրաքանչյուր դեպքում կրկին ծագած դիտավորությամբ: Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ սույն գործով առկա չեն այնպիսի տվյալներ, որոնք կարող են վկայել, որ ամբաստանյալի կողմից կատարված հափշտակությունները միասնական դիտավորությամբ չեն իրականացվել, այլ դիտավորությունը ծագել է յուրաքանչյուր արարքի կատարումից հետո: Ավելին, Վերաքննիչ դատարանի ինչպես սույն, այնպես էլ Հ. Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքները որպես շարունակվող հանցագործություն չդիտարկելը խիստ կասկածելի և բացառապես ենթադրության վրա հիմնված համարելու վերաբերյալ պատճառաբանության (տե՛ս սույն որոշման 8-րդ և 13-րդ կետերը) կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ յուրաքանչյուր դեպքում ապացուցման ենթակա է ոչ թե միասնական դիտավորության բացակայությունը, այլ առկայությունը. այլ կերպ ասած՝ արարքը յուրաքանչյուր դեպքում պետք է համարել ոչ միասնական դիտավորությամբ կատարված, եթե միասնական դիտավորությամբ կատարված լինելը չի հաստատվել (տե՛ս սույն որոշման 9.1.-րդ կետը):

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ամբաստանյալի կողմից կատարված գողությունները հիմնականում իրականացվել են նույն ոճով, եղանակով, ինչպես նաև հափշտակությունները կատարվել են 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, ավելին՝ եղել են դեպքեր, որ նույն օրերի ընթացքում կատարվել են մեկից ավելի գողություններ (տե՛ս սույն որոշման 8-րդ և 13-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքներն ինքնին չեն կարող վկայել հափշտակությունների՝ միասնական դիտավորությամբ կատարված լինելու մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ այնպիսի տվյալ, որն անմիջականորեն կվկայեր, որ ամբաստանյալը նախապես պլանավորել է կատարել որոշակի քանակությամբ հափշտակություններ և ունեցել է միասնական հանցավոր մտադրության իրականացման ընդհանուր նպատակ: Այլ կերպ՝ Հ. Մարտիրոսյանի կողմից կատարված արարքները շարունակվող հանցագործություն գնահատելու համար անհրաժեշտ և սույն որոշման 12-րդ կետում մեջբերված օբյեկտիվ ու սուբյեկտիվ հատկանիշները բացակայում են, ուստի քննարկվող արարքների նկատմամբ կիրառման են ենթակա հանցագործությունների իրական համակցության կանոնները:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, որպես միասնական դիտավորությամբ կատարված շարունակվող հանցագործություն դիտարկելով ամբաստանյալին մեղսագրված արարքները, սխալ եզրահանգման է եկել շարունակվող հանցագործության և հանցագործությունների իրական համակցության կանոնների կիրառման կապակցությամբ: Հետևաբար, ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանի արարքները որպես շարունակվող հանցագործություն դիտելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի խախտումը ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ հոդվածների՝ վերջինիս կողմից կայացված դատական ակտը բեկանելու հիմք է: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի պահպանմամբ ամբաստանյալ Հ. Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Հ. Մարտիրոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հակոբ Հարությունի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 26-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան