Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.20
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.06.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
22.06.2017
Дата вступления в силу
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0046/13/16

ԵԿԴ/0046/13/16

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

ե. դԱՆԻԵԼյանի

Հ. Ասատրյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»
ՔԿՀ-ի ներկայացուցիչ

Ա. Բաղդասարյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ դատապարտյալ Արթուր Ռոմայի Օսիպյանի պաշտպան Ն.Նորիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հունվարի 26-ի դատավճռով Արթուր Ռոմայի Օսիպյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 12 (տասներկու) տարի ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի հոկտեմբերի 26-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ռ.Օսիպյանը և Ա.Պետրոսյանը:

Վճռվել է տուժողի իրավահաջորդ Ռ.Ասլանյանի քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն, և ամբաստանյալներ Ա.Օսիպյանից և Ռ.Օսիպյանից բռնագանձել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես հուղարկավորության ծախսերի հատուցում:

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ա.Խաչատրյանի` «Համաներման ակտի կիրառման մասին» 2013 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Ա.Օսիպյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետի ուժով կրճատվել է 6 ամսով:

 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` միջնորդելով դատապարտյալ Ա.Օսիպյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի կարգով ազատել պատժի հետագա կրումից:

2. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ միջնորդագիրը բավարարել է` դատապարտյալ Ա.Օսիպյանին ազատելով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հունվարի 26-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասի` 4 (չորս) տարի 5 (հինգ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկման կրումից` պատիժը կրելու ժամանակ այնպիսի ծանր հիվանդությամբ հիվանդանալու պատճառաբանությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն:

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունվարի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը բեկանել` մերժելով ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ա.Օսիպյանի պաշտպան Ն.Նորիկյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Դատապարտյալ Ա.Օսիպյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «նա 2009 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 23-24-ի սահմաններում Աշտարակ քաղաքի տարածքում նկատելով Հ.Բեգոյանին, որոշել է նրա կողմից նախկինում իր և իր հարազատների հասցեին արված հայհոյանքների համար սպանելու միջոցով վրեժխնդիր լինել և ընդունելով եղբոր Ռ.Օսիպյանի առաջարկը Հ.Բեգոյանին սպանելու համար, նախապես իրենց հետ վերցնելով նմանատիպ շեղբով դանակներ և փայտե մահակ` գիշերը ժամը 01:30-ի սահմաններում գնացել են Ուշի գյուղ, որտեղ հանդիպել են իրենց ընկեր Ա.Պետրոսյանին և հանցավոր համաձայնության գալով նրա հետ, գնացել և դարանակալել են Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու փող. թիվ 88 շենքի բակում և այնտեղ սպասել Հ.Բեգոյանին: Երբ Հ.Բեգոյանը մոտեցել է շքամուտքին, նկատելով նրանց, կանխազգալով հետագա ընթացքը, դիմել է փախուստի, սակայն վերջիններս հետապնդել են նրան և դուրս գալով Ն.Աշտարակեցու փողոց, մարմնական վնասվածքներ հասցնելով, վերջինիս ապօրինաբար զրկել են կյանքից, ապա դիմել փախուստի» (տե՛ս նյութեր, թերթ 16):

6. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագրին կից ներկայացված՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի եզրակացության համաձայն` «(...) Արթուր Ռոմայի Օսիպյանը տառապում է հետևյալ հիվանդություններով՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, 4-րդ կլինիկական փուլ, ծանր արտահայտված իմունային անբավարարություն, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով, լիմբիկ էնցեֆալիտով և վերջույթների պոլինեյրոպաթիայով»:

(...) Նշված հիվանդությունները հանդիսանում են ծանր հիվանդություններ և համապատասխանում են ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 39-րդ կետի պահանջներին» (տե՛ս նյութեր, թերթեր 4-9):

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Հաշվի առնելով դատապարտյալ Ա.Օսիպյանի անձը, կատարած հանցագործության բնույթը, նկատի ունենալով, որ նա պատիժը կրելու ընթացքում հիվանդացել և այժմ տառապում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, 4-րդ կլինակական փուլ, ծանր արտահայտված իմունային անբավարարություն, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով, լիմբիկ էնցեֆալիտով և վերջույթների պոլինեյրոպաթիայով» հիվանդությամբ, որը հանդիսանում է պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդություն և դասվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 39-րդ կետին, ներկայումս գտնվում է բուժման մեջ` առողջական ծանր վիճակում, ինչպես նաև հաշվի առնելով, որ դատապարտյալ Ա.Օսիպյանն իր նկատմամբ նշանակված պատժից կրել է 7 (յոթ) տարի 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը` դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Օսիպյանը ենթակա է ազատման պատժի մնացած մասը` 4 (չորս) տարի 5 (հինգ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց` պատիժը կրելու ժամանակ այնպիսի ծանր հիվանդությամբ հիվանդանալու պատճառով, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 59-60):

8. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է. «(...) Քննարկվող պարագայում, ըստ էության պատշաճ ուսումնասիրության և գնահատման չի ենթարկվել հիշյալ հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները (այդ թվում նաև` կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ):

Հարկ է արձանագրել, որ 03.11.2016թ. և 11.11.2016թ. որոշումներ են կայացվել դատապարտյալ [Ա].Օսիպյանին ներքին կանոնակարգի խախտման համար նկատողություն հայտարարելու մասին:

03.11.2016թ. թվագրմամբ որոշում է կայացվել դատապարտյալ [Ա].Օսիպյանին որպես ինքնավնասման հակում ունեցող դատապարտյալ հաշվառելու մասին:

02.11.2016թ. հոգեբանական եզրակացության համաձայն. «Ելնելով դատապարտյալ Ա.Օսիպյանի «ԴՀ» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում ցուցաբերած վարքից (...) դատապարտյալը հակված է շանտաժային-դեմոնստրատիվ ինքնավնասման ակտերի իրականացման, ինչը փաստում է վերջինիս կողմից 01.11.2016թ.-ին «ԴՀ» ՔԿՀ-ում կատարած ինքնավնասումը` ոտքը տախտակին գամելը»:

03.11.2016թ. տեղեկանքի համաձայն «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Արթուր Ռոմայի Օսիպյանին անվտանգության ապահովման բաժինը չի առարկել հաշվառել որպես ինքնավնասման հակում ունեցող:

(...) [Վ]երը շարադրված հանգամանքների առկայության պայմաններում, վիճարկվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները, քննարկվող պարագայում բավարար չեն հետևության հանգելու այն մասին, որ դատապարտյալ Արթուր Ռոմայի Օսիպյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման» (տե՛ս նյութեր, թերթեր 134-165):

 

 Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի պահանջները, ճիշտ չի կիրառել նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի պահանջները` արդյունքում գերազանցելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսվող խստության թույլատրելի սահմանը:

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ` հետամուտ չլինելով օբյեկտիվորեն քննության առնելու Ա.Օսիպյանի առողջական վիճակի բարդությունն ու անկանխատեսելի հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարարվելով միայն այնպիսի դիրքորոշումների արձանագրմամբ, թե Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրության և գնահատման չի ենթարկվել դատապարտյալի կողմից կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը, ինքնավնասման հակում ունենալը:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունվարի 19-ի դատական ակտը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 25-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավճիռ կայացնելուց հետո ծանր հիվանդությամբ հիվանդացած անձին պատժից ազատելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կառուցակարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք դատապարտյալ Ա.Օսիպյանին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագրի քննության արդյունքում ստորադաս դատարանների կայացրած որոշումները:

13. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

(…)

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն:

2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի համաձայն. «1. Այն դեպքում, երբ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է (…) ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին:

(…)

3. Ծանր հիվանդությամբ հիվանդացած անձանց պատիժը հետագայում կրելուց ազատելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:

(…)»:

Ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու հիմքը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված մարդասիրության սկզբունքի դրսևորումներից է: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պատժի կատարման և կրման կարգի պահպանումը, նշանակված պատժի կրման հետ կապված պարտականությունների կատարումը ծանր հիվանդությամբ հիվանդացած անձի համար կարող է դառնալ անհնարին, իսկ որոշ դեպքերում նաև տվյալ դատապարտյալի կյանքի և առողջության համար վտանգավոր: Նման դեպքերում նշանակված պատժի կրումը դատապարտյալին պատճառում է ֆիզիկական և հոգեկան տառապանքներ, նվաստացնում նրա արժանապատվությունը, ինչն անթույլատրելի է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների տեսանկյունից:

Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մեկնաբանման կապակցությամբ ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ հիշյալ հոդվածով ամրագրվում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ հանգամանքներից և տուժած անձի վարքագծից (տե՛ս Labita v. Italy գործով Մեծ պալատի` 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/95, կետ 119):

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձին պատժի կրումից ազատելու հիմքերն են՝

- հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո անձի՝ ծանր հիվանդությամբ հիվանդանալը,

- այդ հիվանդության՝ պատիժը կրելուն խոչընդոտելը (պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության՝ 2006 թվականի մայիսի 26-ի որոշման թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում):

Ընդ որում, հիշյալ հիմքերի առկայության դեպքում անձին պատժի կրումից ազատելը դատարանի հայեցողական լիազորությունն է: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ դատական հայեցողությունը որոշում կայացնելիս ընտրություն կատարելու դատարանի իրավազորությունն է: Նշված ընտրության հիմքերն ու սահմաններն ամրագրված են օրենքով, պետք է համապատասխանեն օրենսդրի կամքին և դատավորի իրավագիտակցությանը, բխեն իրավունքի հիմնարար սկզբունքներից, գործի կոնկրետ հանգամանքներից և հանցավորի անձից: Դատարանին վերապահված ընտրության իրավասությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանը հնարավոր օրինական որոշումներից պետք է ընտրի այն, որն առավելագույնս կհամապատասխանի հիմնավորվածության և արդարացիության չափանիշներին: Այն ենթադրում է նաև ոչ միայն մի քանի որոշումների միջև ընտրություն կատարելու իրավասություն, այլ այնպիսի ընտրություն կատարելու պարտականություն, որի արդյունքում կայացված որոշումն առավելագույնս կհամապատասխանի քննվող կոնկրետ գործի հանգամանքներին և հանցագործի անձին (հայեցողական լիազորության մասին, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով թիվ ՇԴ/0126/01/12 որոշումը):

14.1. Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելիս դատարանի հայեցողության սահմանները նախանշվում են օրենսդրի կողմից սահմանված այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են` կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատարանի հայեցողությունը սահմանափակված է նաև իրավունքի հիմնարար սկզբունքներով, ինչպիսին է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ վատ վերաբերմունքի արգելքը: Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու դատարանի հայեցողության հիշյալ սահմանափակումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության համատեքստում:

Այսպես` Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ վատ վերաբերմունքը պետք է ունենա դաժանության որոշակի նվազագույն աստիճան, որպեսզի ընդգրկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառության ոլորտում: Այս նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են նման վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունները և որոշ դեպքերում տուժած անձի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս, ի թիվս այլնի, Ireland v. the United Kingdom գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատ թիվ 5310/71, կետ 162): Թեև այն հարցը, թե արդյոք վերաբերմունքի նպատակը տուժած անձին նվաստացնելը կամ ստորացնելն էր, այնպիսի գործոն է, որը պետք է հաշվի առնվի, նման նպատակի բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտման առկայությունը (տե՛ս Peers v. Greece գործով 2001 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 28524/95, կետ 74):

Ազատությունից զրկելու համատեքստում Եվրոպական դատարանը շարունակաբար ընդգծել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում ընգրկվելու համար անձին պատճառված տառապանքի և զրկանքների աստիճանը բոլոր դեպքերում պետք է գերազանցի ազատությունից զրկելուն ներհատուկ տառապանքների և զրկանքների անխուսափելի աստիճանը (տե՛ս, mutatis mutandis, Tyrer v. the United Kingdom գործով 1978 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 5856/72, կետ 30, Soering v. the United Kingdom գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 14038/88, կետ 100): Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քննարկվող հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձին ազատ արձակելու կամ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ընդհանուր պարտավորություն սահմանող դրույթ, անգամ եթե նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հատկապես դժվար է բուժել (տե՛ս Gelfmann v. France գործով 2004 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 25875/03, կետ 50): Այնուամենայնիվ, այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը, այդ թվում` անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն (տե՛ս Sarban v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 3456/05, կետ 77): Այդ հանգամանքը շեշտել է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռում` նշելով, որ ազատությունից զրկված բոլոր անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի են նրանց արժանապատվությունը հարգելու հետ, նրանք չպետք է ենթարկվեն այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, նրանց առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճորեն պահպանվի, ի թիվս այլ միջոցների` անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով` հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները (տե՛ս Davtyan v. Armenia գործով 2015 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29736/06, կետ 81):

Ծանր հիվանդ անձի ազատազրկումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանելու հարցը քննարկելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում տարբեր հանգամանքներ, որոնք են.

- դատապարտյալի առողջական վիճակը,

- ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը: Մասնավորապես, դատապարտյաներին ցուցաբերվող բժշկական օգնության պատշաճությունը գնահատելիս Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ երաշխավորվի յուրաքանչյուր դատապարտյալի բժշկական օգնությունը նույն մակարդակով ինչ լավագույն քաղաքացիական հիվանդանոցներում (տե՛ս Mirilashivili v. Russia գործով 2007 թվականի հուլիսի 10-ի որոշումը, գանգատ թիվ 6293/04): Ավելին՝ Եվրոպական դատարանն ընդունել է, որ քրեակատարողական համակարգի բժշկական մասերի միջոցները սկզբունքորեն սահմանափակ են քաղաքացիական հիվանդանոցների միջոցների համեմատությամբ (տե՛ս Grishin v. Russia գործով 2007 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 30983/02, կետ 76): Միևնույն ժամանակ նշել է, որ բժշկական օգնության պահանջվող չափանիշը պետք է համապատասխան լինի դատապարտյալի արժանապատվությանը (տե՛ս Aleksanyan v. Russia գործով 2008 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ, կետ 140),

- անձի առողջական վիճակի տեսանկյունից նրա կալանքի տակ գտնվելու նպատակահարմարությունը (տե՛ս Mouisel v. France գործով 2002 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 67263/01, կետեր 40-42),

- անձի առողջական վիճակի դինամիկան,

- ծանր հիվանդ անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում նրան պատժից պայմանական ազատելու կամ այն պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը (տե՛ս mutatis mutandis Aleksanyan v. Russia գործով 2008 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռ, գանգատ թիվ, կետ 136),

- անձի վարքագիծը (այն է՝ բժիշկների հետ համագործակցելուց նրա շարունակաբար հրաժարվելը) (տե՛ս Gelfmann v. France գործով 2004 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 25875/03, Aleksanyan v. Russia գործով 2008 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ, կետ 137):

15. Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հիվանդության հիմքով անձին պատժի կրումից ազատելը դատարանի հայեցողությունն է, որն իրացնելիս դատարանը պետք է գնահատի օրենքով սահմանված հիմքերի առկայությունը, որպիսիք են ոչ միայն կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, այլև հիվանդության բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը (այն է՝ բժիշկների հետ համագործակցելուց նրա շարունակաբար հրաժարվելը) և այլ հանգամանքներ:

16. Նման մոտեցումը բխում է նաև մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերի պահանջներից: Մասնավորապես. Միավորված ազգերի կազմակերպության` 1955 թվականի օգոստոսի 30-ին ընդունված` «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 22-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` մասնագետի ծառայության կարիք ունեցող հիվանդ բանտարկյալներին պետք է տեղափոխել հատուկ բժշկական հաստատություններ կամ քաղաքացիական հիվանդանոցներ: Բանտի հիվանդանոցները պետք է ունենան սարքեր, կայանքներ և դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են հիվանդների պատշաճ խնամքի և նրանց բուժման համար, ինչպես նաև բավականաչափ որակյալ անձնակազմ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 2006 թվականի հունվարի 11-ի` «Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» թիվ Rec(2006)2 հանձնարարականի համաձայն` բանտային մարմինները պետք է երաշխավորեն բանտարկյալների առողջությունը, մասնագիտական բուժման կարիք ունեցող հիվանդ բանտարկյալները պետք է փոխադրվեն մասնագիտացված հաստատություններ կամ քաղաքացիական հիվանդանոցներ, եթե այդ բուժումը բանտում հասանելի չէ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1993 թվականի հոկտեմբերի 18-ի` «Բանտի և բանտում տարափոխիկ հիվանդությունների, այդ թվում` ՁԻԱՀ-ի հսկողության քրեաբանական և առողջապահական խնդիրների մասին» թիվ R(93)6 հանձնարարականի 4-րդ կետի համաձայն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի յուրաքանչյուր փուլում դատապարտյալներին պետք է առաջարկվի այն նույն բժշկական և հոգեբանական բուժումը, որը նախատեսված է հասարակության այլ անդամների համար: Ընդհանուր առմամբ նրանք պետք է ունենան այն բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն, որը համարժեք է ընդհանրապես հասարակությանը մատուցվող ծառայություններին:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1998 թվականի ապրիլի 8-ի` «Բանտերում առողջապահության էթիկական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ» թիվ R(98)7 հանձնարարականի հավելվածն անդրադառնալով տարափոխիկ հիվանդությունների, մասնավորապես` ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, հեպատիտի դեպքերում ձեռնարկվող միջոցառումներին, նշում է, որ բանտի առողջապահական ծառայությունը պետք է առնվազն կարողանա տրամադրել ամբուլատոր խորհրդատվություններ և շտապ օգնություն: Երբ դատապարտյալների առողջական վիճակը պահանջում է բուժում, որը չի կարող բանտում երաշխավորվել, հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկվի, որպեսզի բուժումը տրամադրվի անվտանգության պայմաններում, բանտից դուրս գտնվող առողջապահական հիմնարկների կողմից: Այն անձինք, ովքեր հիվանդանում են ՁԻԱՀ-ի հետ կապված ծանր հիվանդություններով` պետք է բուժվեն բանտային բժշկական բաժանմունքում` առանց պարտադիր մեկուսացման:

16.1. Վերոշարադրյալ հանձնարարականներում նշված չափանիշներին համապատասխան` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե անձի առողջական վիճակով պայմանավորված` պատիժը կրելուն զուգընթաց անհնարին է վերջինիս ապահովել համապատասխան պատշաճ բժշկական օգնությամբ, ապա հաշվի առնելով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը` անձին պատիժը կրելուց չազատելը չի կարող արդարացվել նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորությամբ և/ կամ նրա դրսևորած վարքագծով:

17. Սույն գործի փաստերի համաձայն՝ Ա.Օսիպյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ Հ.Բեգոյանի կողմից նախկինում իր և իր հարազատների հասցեին արված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով եղբոր՝ Ռ.Օսիպյանի առաջարկով, նախապես իրենց հետ վերցնելով նմանատիպ շեղբով դանակներ և փայտե մահակ, հանցավոր համաձայնության գալով իրենց ընկեր Ա.Պետրոսյանի հետ, Հ.Բեգոյանին մարմնական վնասվածքներ հասցնելով, նրան ապօրինաբար զրկել են կյանքից (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան Ա.Օսիպյանին պատժի հետագա կրումից ազատելու մասին (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Հիշյալ միջնորդագրին կից ներկայացված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի` 2016 թվականի հոկտեմբերի 10-ի եզրակացության համաձայն` Արթուր Օսիպյանը տառապում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, 4-րդ կլինիկական փուլ, ծանր արտահայտված իմունային անբավարարություն, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով, լիմբիկ էնցեֆալիտով և վերջույթների պոլինեյրոպաթիայով», որոնք ծանր հիվանդություններ են և համապատասխանում են ՀՀ կառավարության` 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 39-րդ կետի պահանջներին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով դատապարտյալ Ա.Օսիպյանի անձը, կատարած հանցագործության բնույթը, նկատի ունենալով, որ նա պատիժը կրելու ընթացքում հիվանդացել և այժմ տառապում է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, 4-րդ կլինիկական փուլ, ծանր արտահայտված իմունային անբավարարություն, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով, լիմբիկ էնցեֆալիտով և վերջույթների պոլինեյրոպաթիայով» հիվանդությամբ, որը հանդիսանում է պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդություն և դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 39-րդ կետին, ներկայումս գտնվում է բուժման մեջ` առողջական ծանր վիճակում, ինչպես նաև, որ դատապատյալ Ա.Օսիպյանն իր նկատմամբ նշանակված պատժից կրել է 7 (յոթ) տարի 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը, գտել է, որ դատապարտյալ Ա.Օսիպյանը ենթակա է ազատման պատժի մնացած մասը կրելուց` պատիժը կրելու ժամանակ այնպիսի ծանր հիվանդությամբ հիվանդանալու պատճառով, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ մերժելով ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանն ըստ էության պատշաճ ուսումնասիրության և գնահատման չի ենթարկել հիշյալ հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները (այդ թվում նաև` կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ), որպիսի պայմաններում վիճարկվող դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները բավարար չեն հանգելու այն հետևության, որ դատապարտյալ Ա.Օսիպյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 16-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունները բավարար չեն հանգելու այն հետևության, որ դատապարտյալ Ա.Օսիպյանը կարող է ծանր հիվանդության հիմքով ազատվել պատժի կրումից, առավելապես սահմանափակվել է այնպիսի հանգամանքների գնահատմամբ, ինչպիսիք են կատարված հանցագործության ծանրությունը, ներքին կանոնակարգի խախտման համար նկատողություն ստացած լինելը, որպես ինքնավնասման հակում ունեցող հաշվառված լինելը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում դրսևորած վարքի վերաբերյալ տրված հոգեբանական եզրակացությունը, որոնք բնութագրում են դատապարտյալի վարքագիծը քրեակատարողական հիմնարկի ներսում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի կողմից կատարված հանցագործության ծանրությունը թեև ունի նշանակություն ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը լուծելիս, սակայն չի կարող այդպիսի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու ինքնուրույն հիմք դիտարկվել. նշյալ հանգամանքը ենթակա է գնահատման համակցության մեջ՝ դատապարտյալի հիվանդության և համապատասխան բժշկական օգնություն ստանալու հնարավորության համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ։ Այլ կեպ` քննարկվող ինստիտուտի գործադրման հարցը բացառապես հանցագործության որակական և քանակական հատկանիշների հիման վրա լուծելը կամ դրանց հիմնական, առաջնային նշանակություն վերագրելը չի կարող իրավաչափ համարվել։

Ինչ վերաբերում է դատապարտյալի դրսևորած վարքագծին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը լուծելիս այն ունի ավելի նվազ կարևորություն, քանի որ դուրս է տվյալ ինստիտուտի արժեբանական նշանակությունից:

Վերոնշյալի պայմաններում Վերաքննիչ դատարանը, ըստ էության հիմք ընդունելով Ա.Օսիպյանի կատարած արարքի հանրային վտանգավորությունը և նրա դրսևորած վարքագիծը, դրանք գնահատման չի ենթարկել պատիժը կրելուն զուգընթաց դատապարտյալի առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու հնարավորության համատեքստում:

Միևնույն ժամանակ վերոնշյալը պատշաճ գնահատման չի արժանացել նաև Առաջին ատյանի դատարանի կողմից, որը որոշում կայացնելիս ըստ էության միայն հիմք է ընդունել Ա.Օսիպյանի առողջական վիճակը` առանց պարզելու պատիժը կրելու հիմնարկում նրան համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունը, առանց որի սույն գործով հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չեն դատապարտյալ Ա.Օսիպյանին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագրի քննության արդյունքում ստորադաս դատարանների կայացրած որոշումները:

19. Այպիսով, ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասը, որի հետևանքով թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 26-րդ, Կոնվենցիայի 3-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արթուր Ռոմայի Օսիպյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 19-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան