Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.21
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.06.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
22.06.2017
Дата вступления в силу
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ4/0031/01/16

ԼԴ4/0031/01/16

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

Դատավորներ՝

 Ա. Ազարյան
 Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Լ. Թադևոսյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Նորայր Բորիսի Զաքարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Ն.Զաքարյանի պաշտպան Սասուն Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գ.Վերմիշյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 71104616 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Նորայր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի հունիսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Արագացված կարգով դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Նորայր Բորիսի Զաքարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել կալանք՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրող Ա.Ավագյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 17-ին որոշել է՝ «ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Ա.Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Նորայր Բորիսի Զաքարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել:

Ամբաստանյալ Նորայր Բորիսի Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:

Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

(...)»:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Ն.Զաքարյանի պաշտպան Սասուն Մխիթարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նորայր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «առանց իրացնելու նպատակի, ներարկման միջոցով անձնական օգտագործման համար` տնայնագործական եղանակով, 2016 թվականի ապրիլի 25-ին` ժամը 21:00-ին, Վանաձոր քաղաքի Իսահակյան 1-ին նրբանցքի 9/32 հասցեի բնակարանում, «Կոդեին» բաղադրատարր պարունակող դեղերից, քիմիական եղանակով այդ բաղադրատարրերի լուծամզմամբ՝ ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով` 0,028 գրամ «Կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող պատրաստուկ, որը նույն ժամանակ հայտնաբերվել և դեպքի վայրի զննությամբ վերցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 103-104):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է.

«(...) Քննարկելով Ն.Զաքարյանի նախկին դատվածության հարցը, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Ն.Զաքարյանը դատապարտվել է կալանքի` 2 ամիս ժամկետով: Պատժի կրումից ազատվել է 16.12.2015 թվականին, իսկ սույն գործով իրեն մեղսագրված արարքը կատարել է 2016 թվականի ապրիլի 25-ին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով նշված դատվածությունը մարված չէ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ առկա է հանցագործությունների ռեցիդիվ:

(...)

[Հ]իմք ընդունելով Ա.Պողոսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած դիրքորոշումը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործով Ն.Զաքարյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոններով: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 193-195):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանը (...) հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նորայր Զաքարյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը, քանի որ նա 2015 թվականի սեպտեմբերի 3-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախատեսված դիտավորյալ հանցագործություններ կատարելու համար, որի դատվածությունը մարված չէ, հարկ է համարում նշված հանգամանքի առկայության պայմաններում քննարկել ամբաստանյալ Նորայր Զաքարյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժաչափի հարցը:

(...) ՀՀ վճռաբեկ դատարանի [2014 թվականի մայիսի 31-ի՝ Ա.Պողոսյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0071/01/13 որոշմամբ ձևավորած] նախադեպային իրավունքից հետևում է, որ գործի քննության արագացված կարգի կիրառման պայմաններում հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միաժամանակյա կիրառությունն անթույլատրելի է, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի հարաբերակցության միջև առկա է անորոշություն կամ հակասություն:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ տվյալ դեպքում հանցագործությունների ռեցիդիվի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի ուժով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար նախատեսված պատժի առավել մեղմ պատժի` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուժով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար նախատեսված պատժի առավելագույն ժամկետի` 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկման միջև առկա չէ որևէ անորոշություն կամ հակասություն: Այսինքն` Դատարանի կողմից քրեաիրավական և քրեադատավարական նորմերի միաժամանակյա կիրառության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար պատիժ կարող է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամսից մինչև 8 (ութ) ամիս ժամկետով: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 41-47):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 358-րդ, 360-րդ, 385-386-րդ և 399-րդ հոդվածների պահանջները:

9. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քանի որ իրավունք չուներ դատական ակտը հիմնավորել այնպիսի փաստարկներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքում:

Բողոքաբերը կարծում է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ: Ի հիմնավորումն իր փաստարկի նշել է, որ Ն.Զաքարյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատազրկում նշանակելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր էր գործի նյութերում առկա փաստական տվյալների հիման վրա պատճառաբանել ինչպես պատժի տեսակի և չափի փոփոխության, այնպես էլ այդպիսի պատժի ընտրության անհրաժեշտության վերաբերյալ իր որոշումը: Բացի այդ, բողոքաբերը կարծում է, որ Վերքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչու Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական, հիմնավորված և արդարացի չէ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով և արագացված դատաքննության արդյունքում պատիժ նշանակելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների կիրառման կապակցությամբ անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի համաձայն.

«1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:

2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:

Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:

Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ. «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ալեք Պողոսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտնել առ այն, որ «(…) ՀՀ քրեական օրենսգիրքը հանցագործությունների ռեցիդիվի, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական քննության արագացված կարգ կիրառելու պարագայում նախատեսում են պատիժ նշանակելու տարբեր կանոններ, որոնցից յուրաքանչյուրի կիրառումն անձի համար տարբեր իրավական հետևանքներ է առաջացնում:

Այսպես` ռեցիդիվի պարագայում, կախված դրա տեսակից, նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի նվազագույն չափի պարտադիր խստացում (ռեցիդիվի դեպքում նշանակված պատիժը չի կարող պակաս լինել առավելագույն պատժի կեսից, վտանգավոր ռեցիդիվի դեպքում` 2/3-ից, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում` 3/4-ից), իսկ արագացված դատաքննության դեպքում` կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի պարտադիր մեղմացում (նշանակված պատիժը չի կարող գերազանցել առավել խիստ պատժի 2/3-ը): Այլ խոսքով, ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում առկա են միևնույն հարաբերությունը կարգավորող երկու հատուկ նորմեր, որոնք նախատեսում են պատիժ նշանակելու տարբեր ընթացակարգ:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի միջև առկա է մրցակցություն, իսկ գործող օրենսդրական կարգավորումներից պարզ չէ, թե դրանցից որն է ենթակա կիրառման և ինչ կարգով: Այսինքն` նույն հարցի վերաբերյալ առկա են երկու իրարամերժ, հակասող կանոններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի միջև հակասության առկայության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասում առկա՝ «սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատիժ» և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում առկա՝ «կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատիժ» ձևակերպումները ենթադրում են, որ կատարված հանցագործության համար նախատեսված պատիժ հասկացությունը պետք է մեկնաբանել որպես քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակներում որոշվող օրենքով սահմանված պատիժ, իսկ խնդրո առարկա ձևակերպումների այնպիսի մեկնաբանումը, որի պայմաններում «կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատիժը» որոշվում է արդեն իսկ ռեցիդիվի կանոնների կիրառմամբ որոշված պատժաչափի սահմաններում, անթույլատրելի է:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառման կարգն ամրագրող համապատասխան կանոնի բացակայության պայմաններում վերոնշյալ նորմերի միջև առկա հակասությունը գործող օրենսդրության շրջանակներում ենթակա է լուծման ընդհանուր կոլիզիոն նորմերի կիրառմամբ:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի հարաբերակցության իրավական կարգավորման անորոշությունը և դրանց միջև առկա հակասությունը պետք է լուծվի հօգուտ անձի նկատմամբ պատիժ նշանակելու բարենպաստ պայմաններ նախատեսող նորմի, ինչը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար դրույթներից:

(...)

(...) Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների համատեղ կիրառումը՝ պայմանավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում առկա կարգավորմամբ, ըստ որի` «(...) եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա [դատարանը նշանակում է] առավել մեղմ պատիժը», գրեթե բոլոր դեպքերում հանգեցնում է բացարձակ որոշակի սանկցիայի, ինչը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի, 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահանջներին և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին (...): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների համատեղ կիրառման դեպքում վերջնական պատիժը միշտ առավել մեղմից փոքր է ստացվում, և դատարանը կարող է նշանակել միայն առավել մեղմ պատիժը:

Այլ խոսքով՝ հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների համատեղ կիրառումը բացառում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների կիրառման հնարավորությունը, և դատարանը զրկվում է կոնկրետ դեպքում կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորությունը, հանցավորի անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները գնահատելու և անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու հնարավորությունից: Բացի այդ, բացառվում է վերադաս դատական ատյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքի կիրառման հնարավորությունը (...):

Հետևաբար, գործի քննության արագացված կարգի կիրառման պայմաններում հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միաժամանակյա կիրառությունն անթույլատրելի է» (տե՛ս Ալեք Գագիկի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ/0071/01/13 որոշման 14-21-րդ կետերը):

13. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Պողոսյանի գործով որոշմամբ արտահայտած և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասում առկա՝ «սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատիժ» և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում առկա՝ «կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատիժ» ձևակերպումները ենթադրում են, որ կատարված հանցագործության համար նախատեսված պատիժ հասկացությունը մեկնաբանվում է որպես քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակներում որոշվող օրենքով սահմանված պատիժ: Հիշյալ մեկնաբանման պայմաններում հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միջև մրցակցություն կամ հակասություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի նկատմամբ ռեցիդիվի կանոնների կիրառման արդյունքում ստացված պատժի նվազագույն սահմանը մեծ է արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնի կիրառման արդյունքում ստացված պատժի առավելագույն սահմանից, կամ հավասար է դրան: Բոլոր այն դեպքերում, երբ համապատասխան կանոնների կիրառման արդյունքում ձևավորված պատժի նվազագույն սահմանը փոքր է առավելագույն սահմանից՝ նման հակասության մասին խոսք չի կարող լինել, քանի որ առաջանում է հարաբերական որոշակի սանկցիա՝ ապահովելով պատժի անհատականացման սկզբունքի իրացման հնարավորությունը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, արագացված կարգով դատական քննություն անցկացնելով, հաստատված է համարել, որ Ն.Զաքարյանի արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ, սակայն վկայակոչելով Ա.Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ գտել է, որ Ն.Զաքարյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոններով: Արդյունքում՝ Նորայր Զաքարյանի նկատմամբ պատիժ է նշանակել կալանք՝ 1 ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը պատժի մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալ Ն.Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանը, նույնպես վկայակոչելով Ա.Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը, հանգել է հետևության, որ գործի քննության արագացված կարգի կիրառման պայմաններում հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միաժամանակյա կիրառությունն անթույլատրելի է, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի հարաբերակցության միջև առկա է անորոշություն կամ հակասություն: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ տվյալ դեպքում հանցագործությունների ռեցիդիվի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի ուժով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար նախատեսված առավել մեղմ պատժի` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման, և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուժով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար նախատեսված պատժի առավելագույն ժամկետի` 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկման միջև առկա չէ որևէ անորոշություն կամ հակասություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեաիրավական և քրեադատավարական նորմերի միաժամանակյա կիրառության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար պատիժ կարող է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամսից մինչև 8 (ութ) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 13-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի արտահայտած այն եզրահանգման հետ, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից հետևում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններ սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և արագացված դատաքննության արդյունքում պատիժ նշանակելու կանոններ սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի միաժամանակյա կիրառությունն անթույլատրելի է, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի հարաբերակցության մեջ առկա է մրցակցություն կամ հակասություն: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նկատել է, որ տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի հարաբերակցության տեսանկյունից առկա չէ որևէ անորոշություն կամ հակասություն: Իրավաչափ է նաև Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ քրեաիրավական և քրեադատավարական նորմերի միաժամանակյա կիրառության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի համար Ն.Զաքարյանի նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամսից մինչև 8 (ութ) ամիս ժամկետով:

Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր են Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Ն.Զաքարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս թույլատրելի է հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միաժամանակյա կիրառությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Ն.Զաքարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկում` հնարավոր պատժաչափի նվազագայուն՝ 6 (վեց) ամիս ժամկետով:

Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է համարում բողոքի հեղինակի այն կարծիքը, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քանի որ իրավունք չուներ իր դատական ակտը հիմնավորել այնպիսի փաստարկներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքում: Մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ն.Զաքարյանի նկատմամբ նշանակված պատժի կապակցությամբ` նշելով, որ այն ակնհայտ մեղմ է, և խնդրել է պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը և իրավացիորեն եզրահանգել, որ Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս սխալ է կիրառել օրենքը:

Հիմնազուրկ է նաև բողոքաբերի այն պնդումը, թե Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Նորայր Բորիսի Զաքարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան