Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 254-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.12.01/32(601) Հոդ.376
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.11.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.11.2017
Дата вступления в силу
11.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017453

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 նոյեմբերի 2017 թ.

թիվ 254-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և 3-րդ մասի 4-րդ կետը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների ռեգիստրի վարման, ռեգիստրում ներառված տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը» կանոնակարգ 6/02-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. նոյեմբերի 21

Երևան

 

Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 254-Ն որոշմամբ

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ   6/02

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված ապահովման միջոցների ռեգիստրի (այսուհետ՝ ռեգիստր) վարման, այդ թվում՝ թողարկողի կողմից ռեգիստրում ներառված տեղեկությունների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՁԵՎԸ

2. Ռեգիստրը վարվում է էլեկտրոնային եղանակով:

 

ԳԼՈՒԽ 3. ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

3. Ռեգիստրը պետք է պաշտպանված լինի չթույլատրված օգտագործումից, ներառյալ դրա չթույլատրված փոփոխությունը կամ ոչնչացումը:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐՆԵՐ

4. Ապահովված պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկման համար վարվում է առանձին ռեգիստր: Յուրաքանչյուր ռեգիստրը պետք է պարունակի թողարկողի անվանումը և «ապահովման միջոցների ռեգիստր» բառակապակցությունը:

5. Ապահովման միջոցների ռեգիստրը բաղկացած է հիմնական ռեգիստրից և ածանցյալ գործիքների ռեգիստրից (առկայության դեպքում):

 

ԳԼՈՒԽ 5. ՌԵԳԻՍՏՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6. Արգելվում է ռեգիստր մուտքագրված տեղեկությունները փոփոխել, բացառությամբ հայտնաբերված սխալների ուղղման դեպքերի:

7. Թողարկողը պետք է ներդնի ռեգիստրի վարման տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան ցանկացած ժամանակ վերականգնել ինչպես տվյալների սկզբնական տարբերակը, այնպես էլ կատարված յուրաքանչյուր փոփոխությունը:

 

ԲԱԺԻՆ 2. ՌԵԳԻՍՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

8. Ռեգիստրը պետք է վարվի այնպես, որ՝

1) ցանկացած պահի հնարավոր լինի դրանում գրանցված տեղեկատվությունը ամբողջական ձևով դիտարկել էկրանի վրա կամ վերածել թղթային տարբերակի.

2) ցանկացած պահի հնարավոր լինի դրանում պարունակվող ամբողջական տեղեկատվության ստուգումը:

 

ԳԼՈՒԽ 7. ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

9. Ռեգիստրի վարման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) դրանք օգտագործվում են միայն համապատասխան թույլտվություն ունեցող օգտագործողների կողմից,

2) օգտագործման իրավասությունների պատվիրակումը գրանցվում, կառավարվում և ստուգվում է համակարգի կողմից,

3) ռեգիստր բոլոր մուտքերը (տվյալների մուտքագրում, դիտարկում, փոփոխություն, ջնջում և այլն) գրանցվում են,

4) օգտագործվող համակարգերը կարող են վերականգնվել առանց անվտանգության ռիսկերի,

5) ռեգիստրում պարունակվող ցանկացած տվյալի կեղծումը հնարավոր է անմիջապես բացահայտել տեխնիկական ստուգման միջոցով, և

6) համակարգում տեղի ունեցող սխալները կամ անսարքությունները անմիջապես զեկուցվում են:

10. Թողարկողը պետք է պահի յուրաքանչյուր ռեգիստրի մեկ ամբողջական կրկնօրինակ, որը պետք է պահվի այլ կրիչի վրա և թարմացվի յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում:

 

ԲԱԺԻՆ 3. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

11. Արգելվում է ռեգիստրում հետին ամսաթվով գրառումների կատարումը: Ակտիվը կարող է գրանցվել ռեգիստրում միայն դրա նկատմամբ սահմանված պահանջները բավարարելու դեպքում:

12. Ապահովման միջոցներում ներառված ակտիվը ռեգիստրում գրանցվում է հերթական համարով: Ռեգիստրից ակտիվի հեռացումից հետո դրա համարը չի կարող կրկին օգտագործվել:

 

ԳԼՈՒԽ 9. ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ՌԵԳԻՍՏՐ

13. Ռեգիստրը պարունակում է հիփոթեքային վարկերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) վարկային պայմանագրի կնքման ամսաթիվը,

2) պայմանագրի համարը,

3) վարկի գրանցման համարը, վարկի նույնականացման համարը,

4) վարկի գումարը,

5) վարկի տոկոսադրույքը, տոկոսադրույքի տեսակը (հաստատուն կամ լողացող), լողացող տոկոսադրույքի հղման դրույքը,

6) վարկի արժույթը,

7) վարկի ժամկետը,

8) վարկի գումարի և տոկոսների մարման գրաֆիկը,

9) վարկի մնացորդային արժեքը,

10) վարկի գումարի և գրավի առարկայի արժեքի հարաբերակցությունը,

11) փոխառուի անունը, ազգանունը, անձը նույնականացնող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հաշվառման և բնակության հասցեները,

12) վարկերի ապահովություն հանդիսացող գրավի նկարագրությունը, այդ թվում՝

ա. գտնվելու վայրը (հասցեն),

բ. գույքի տեսակը, օգտագործման նպատակը,

գ. շինության հարկը (հարկայնությունը),

դ. շուկայական արժեքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ արժեքները գնահատված լինելու դեպքում՝ նաև գնահատված այլ արժեքները,

ե. գույքի կադաստրային համարը,

զ. հողամասի կառուցապատման իրավունքի կադաստրային համարը,

է. հողամասի կառուցապատման իրավունքի իրականացման վայրը և գործողության ժամկետը,

ը. գույքի ծանրաբեռնման (գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակումների) տեսակը,

թ. հողամասի, շենքի կամ բնակարանի մակերեսը (քառակուսի մետրերով),

13) ֆինանսական երաշխիքները, անձնական երաշխավորները, այլ երաշխավորությունները:

14. Ռեգիստրը պարունակում է փոխարինող և լրացուցիչ ակտիվների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) ակտիվի տեսակը,

2) շուկայական արժեքը,

3) անվանական արժեքը:

15. Ռեգիստրը պարունակում է ածանցյալ գործիքների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) տեսակը՝ ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, ապագա տոկոսադրույքի մասին համաձայնություն, օպցիոն, այլ,

2) գործարքի գումարը,

3) կնքման օրը և կատարման ժամկետը,

4) կոնտրագենտի անվանումը և հասցեն:

16. Ռեգիստրում ներառված տեղեկությունները (դրանց փոփոխությունները) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ Սի-Բի-Էյ Նեթ համակարգով, ըստ Կենտրոնական բանկի տրամադրած ֆայլի: