Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1389
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.29/72(1347) Հոդ.1202
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
21.11.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
21.11.2017
Дата вступления в силу
21.11.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 նոյեմբերի 2017 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գ. Գրիգորյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

 դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 16-ին ստորագրված՝ ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 26.10.2017 թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2009 թվականի հունիսի 16-ին՝ Չոլպոն-Ատայում, տրանսպորտային գործընթացի բոլոր մասնակիցների գործունեությունը համակարգելու, մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և աջակցելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● Համաձայնագիրը կիրառել Հիմնական բազմակողմ համաձայնագրի մասնակից պետությունների միջև և այն երկրների տարածքներով տարանցիկ մուլտիմոդալ բեռնափոխադրումների առնչությամբ, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված փոխադրողի կողմից, ՀՀ տարածքից կամ դեպի ՀՀ տարածք՝ տրանսպորտի բոլոր ձևերի օգտագործմամբ,

● ապահովել, որպեսզի մուլտիմոդալ փոխադրման օպերատորին (այսուհետ՝ ՄՓՕ) հնարավորություն ընձեռվի ինքնուրույն որոշելու ապահովագրման ենթակա առարկան, Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, կախված պայմանագրի պայմաններից,

● ապահովել, որպեսզի ՄՓՕ-ի պատասխանատվությունը տարածվի իր կողմից բեռն ստանալու պահից մինչև բեռն ստացողին փոխանցելու պահը,

● ապահովել, որպեսզի Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվեն Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով և այլն:

3. Համաձայնագիրը պարունակում է վերապահում Ադրբեջանի Հանրապետության կողմից, որով Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չեն կիրառվի իր տարածքով կատարվող մուլտիմոդալ այն փոխադրումների նկատմամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է սկզբնական, տարանցիկ կամ վերջնական տարածք, և առարկություն Հայաստանի Հանրապետության կողմից, որով Հայաստանի Հանրապետությունը խիստ առարկում է «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերապահման դեմ, նշելով, որ այդ վերապահումը հակասում է Հանձնաժողովի հիմնարար փաստաթղթերին և խոչընդոտում է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում տրանսպորտի ոլորտում բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ որպես Համաձայնագրի կնքման վայր Հայաստանի Հանրապետության կողմից արված առարկության մեջ Չոլպոն-Ատա քաղաքի փոխարեն նշված է Բիշկեկ քաղաքը, ինչը, ըստ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված բացատրության՝ տեխնիկական վրիպակ է, և նախատեսվում է հայտ ներկայացնել ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարություն` համապատասխան ուղղումներ կատարելու նպատակով:

5. 2009 թվականի հունիսի 16-ին ստորագրված՝ ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

 1. 2009 թվականի հունիսի 16-ին ստորագրված՝ ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

21 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1389

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան