ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2016 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետին և «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման կարգը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԿԱՐԳ
ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման դեպքը, «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածով սահմանված՝ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի մեթոդի (մեթոդ 1) կիրառման առանձնահատկությունները, ապրանքների հայտարարագրման ու դրանց մաքսային արժեքի հսկողության կարգը, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները։
2. Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը կիրառելիս հայտարարվում է՝
ա) ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը.
բ) ապրանքների բացթողումից հետո՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը։
3. Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառումը թույլատրվում է Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների պահպանման դեպքում, եթե ներմուծվող ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, և այն արտաքին տնտեսական պայմանագրի պայմաններին համապատասխան, որի համաձայն ապրանքները վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանման համար (այսուհետ՝ արտաքին տնտեսական պայմանագիր), սահմանված չէ այդ ապրանքների համար վճարման ենթակա հաստատագրված գին, սակայն, ընդ որում, սահմանվել են ապրանքների գնի կախվածությունը բորսայական գներից (բորսայական գնանշումներից, բորսայական ինդեքսներից) և արտաքին տնտեսական պայմանագրի կողմերի կողմից համաձայնեցված՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից հետո այդ արտաքին տնտեսական պայմանգրում սահմանված որոշակի օրվա դրությամբ բորսայական գներով (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) ապրանքների գնի հաշվարկման կարգը (ալգորիթմը, բանաձևը)։
4. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելն ու հայտարարելը թույլատրվում է հետաձգել այն ժամկետով, որի ընթացում, արտաքին տնտեսական պայմանագրի պայմաններին համապատասխան, պետք է ստացվեն փաստաթղթերով հաստատված տեղեկությունները, որոնք թույլ են տալիս որոշել և հայտարարել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը։ Ընդ որում, ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելու և հայտարարելու ժամկետը չպետք է գերազանցի ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից 2 ամիսը։
II. Ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի մեթոդի (մեթոդ 1) կիրառման առանձնահատկությունները
5. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը որոշվում է Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան՝ բորսայական գների (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) հիման վրա՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվան առավել մոտ օրվա դրությամբ՝ ելնելով արտաքին տնտեսական պայմանագրով սահմանված հաշվարկման կարգից (ալգորիթմից, բանաձևից)։
6. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշվում է ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի հիման վրա, որը հաշվարկվում է բորսայական գների (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) հիման վրա՝ արտաքին տնտեսական պայմանագրով սահմանված օրվա դրությամբ։
7. Ապրանքների մաքսային արժեքի նախնական և ճշգրիտ մեծությունը հաշվարկելու համար օգտագործվող տեղեկությունները պետք է հաստատվեն փաստաթղթերով։
III. Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումը
8. Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը կիրառելիս ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրումն իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգին (այսուհետ՝ Հայտարարագրման կարգ) համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։
Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը հայտարարվում է հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից մաքսային արժեքի հայտարարագրում՝ ըստ ՄԱՀ-1 ձևի (այսուհետ՝ ՄԱՀ-1), և ապրանքների հայտարարագրում։
Ապրանքների հայտարարագրի 43-րդ սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի որոշման մեթոդների դասակարգչին համապատասխան։
Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ծածկագիրը հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների հայտարարագրի 43-րդ սյունակի առաջին ենթաբաժնում նշելն ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման մասին հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) հայտարարությունն է։
Ընդ որում, ՄԱՀ-1-ի «Լրացուցիչ տվյալներ» սյունակում հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից նշվում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարելու ժամկետը, որը որոշվել է սույն կարգի 4-րդ կետին համապատասխան։
Ապրանքների մաքսային արժեքի հայտարարված նախնական մեծության հաստատման համար հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ներկայացվում են Հայտարարագրման կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ փաստաթղթեր, որոնց հիման վրա կատարվել է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հաշվարկը՝ հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետի դրույթները։
9. Նախքան սույն կարգի 14-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալը հայտարարատուն (մաքսային ներկայացուցիչը) պարտավոր է հայտարարել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը՝ մաքսային մարմին ներկայացնելով համապատասխան ձևով լրացված ՄԱՀ-1-երը՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հաշվարկով, և անհրաժեշտության դեպքում՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտումը, ինչպես նաև ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հաշվարկելու համար օգտագործվող փաստաթղթերը։ Ընդ որում, փաստաթղթերը, որոնք ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հայտարարագրման ժամանակ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից նախկինում ներկայացվել են մաքսային մարմին, կրկնակի չեն ներկայացվում։
IV. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հսկողությունը
10. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հսկողության ժամանակ մաքսային մարմինն ստուգում է՝
ա) Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների պահպանումը.
բ) արտաքին տնտեսական պայմանագրի պայմանների համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմաններին.
գ) ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը որոշելու ճշտությունը, այդ թվում՝ սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը որոշելու համար անհրաժեշտ տեղեկատվության ճիշտ ընտրությունը և դրա հաստատումը փաստաթղթերով։
11. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը համարվում է ապրանքների մաքսային արժեք, որը հայտարարվել է մեթոդ 1-ով՝ առանց ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման, եթե ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ՝
ա) Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները չեն պահպանվել.
բ) արտաքին տնտեսական պայմանագրի պայմանները չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմաններին.
գ) չեն ներկայացվել փաստաթղթերը, որոնցով, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան, հաստատվում են կատարված հաշվարկները.
դ) առկա են հատկանիշներ, որոնք վկայում են ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների հնարավոր անհավաստիության կամ այն մասին, որ հայտարարված տեղեկությունները պատշաճ կերպով (փաստաթղթերով) չեն հաստատվել (բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրիտ տեղեկությունների բացակայությունն ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման պատճառ է)։
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքի հսկողության կարգին (այսուհետ՝ Հսկողության կարգ) համապատասխան։
13. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ հայտարարվել են ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը որոշելու համար տեղեկությունները ճիշտ չեն ընտրվել, մաքսային մարմինը որոշում է ընդունում ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին՝ Հսկողության կարգին համապատասխան։
Եթե ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության ճշգրտման ժամանակ կիրառվում են Համաձայնագրի 6-10-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդները (2-6-րդ մեթոդներ), ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը չի կիրառվում։
Եթե ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության ճշգրտման ժամանակ կիրառվում է մեթոդ 1-ը, ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունն ապրանքների մաքսային արժեքի ճշգրտված նախնական մեծությունն է։
14. Սույն կարգի 3 - 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ՄԱՀ-1-ի հիմնական և բոլոր լրացուցիչ թերթերի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում կատարում է «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը հետաձգվել է մինչև» նշումը և սահմանում է ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարելու ժամկետը, որը սահմանվել է սույն կարգի 4-րդ կետին համապատասխան։
Ընդ որում, ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում չի ընդունվում։
V. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հսկողությունը
15. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հսկողության ժամանակ մաքսային մարմինը ստուգում է՝
ա) ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի հաշվարկի ճշտությունը ՄԱՀ-1-ում՝ արտաքին տնտեսական պայմանագրում սահմանված օրվա դրությամբ բորսայական գների (բորսայական գնանշումների, բորսայական ինդեքսների) հիման վրա.
բ) հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հաշվարկելու համար օգտագործվող տեղեկությունների փաստաթղթային հաստատումը.
գ) ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման ճշտությունը, եթե ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը տարբերվում է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունից։
16. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հսկողության արդյունքներով հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարվելու և դրա հաշվարկման համար օգտագործվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ մաքսային մարմինն ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) ապրանքների հայտարարված մաքսային արժեքի ընդունման մասին՝ այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից չի հայտնաբերվել, որ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։ Ընդ որում, մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան նշումներ է կատարում ապրանքների հայտարարագրի, ապրանքների հայտարարագրի ճշգրտման մեջ և ՄԱՀ-1-ում.
բ) ապրանքների հայտարարված մաքսային արժեքի ճշգրտման մասին՝ այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։ Ապրանքների հայտարարված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը ձևակերպվում է Հսկողության կարգի թիվ 1 հավելվածին համապատասխան։
17. Այն դեպքում, երբ սահմանված ժամկետում հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի հայտարարվել կամ դրա հաշվարկման համար օգտագործվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվել, հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից հայտարարված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը համարվում է ապրանքների մաքսային արժեք, որը հայտարարվել է մեթոդ 1-ով՝ առանց ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման։ Այդ դեպքում ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն իրականացվում է Հսկողության կարգին համապատասխան։
18. Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը կիրառելիս՝ նախքան մաքսային մարմնի կողմից ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան որոշում ընդունելը, ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը համարվում է չավարտված։
VI. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկություններն ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը կիրառելիս
19. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը հայտարարարելիս մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում ու ենթակա են վճարման՝ ելնելով ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունից, Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում։
20. Ապրանքերի մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարելիս մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են՝ ելնելով ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունից։
21. Այն դեպքում, երբ հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) կողմից հայտարարված՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարն ավելանում է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարի համեմատ, մաքսատուրքերի, հարկերի՝ լրացուցիչ հաշվարկված գումարների վճարման ժամկետ է համարվում ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարելու օրը, բայց ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հայտարարման սահմանված ժամկետից ոչ ուշ՝ բացառությամբ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքի։
22. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հսկողության արդյունքներով մաքսային մարմինը որոշում է ընդունում մեթոդ 1-ի կիրառմամբ ապրանքների հայտարարված մաքսային արժեքի ճշգրտման մասին, և ապրանքների մաքսային արժեքի ճշգրտված մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարն ավելանում է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարի համեմատ, մաքսատուրքերի, հարկերի՝ լրացուցիչ հաշվարկված գումարների վճարման ժամկետ է համարվում ապրանքների մաքսային արժեքի ճշգրտված մեծության հիման վրա լրացված ՄԱՀ-1-ը և ապրանքների հայտարարագրի ճշգրտումը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը, բայց ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հայտարարելու սահմանված ժամկետից ոչ ուշ։
23. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հսկողության արդյունքներով մաքսային մարմինը որոշում է ընդունում 2-6-րդ մեթոդների կիրառմամբ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին, և ապրանքների մաքսային արժեքի ճշգրտված մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարն ավելանում է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարի համեմատ, մաքսատուրքերի, հարկերի՝ լրացուցիչ հաշվարկված գումարների վճարման ժամկետ է համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետը։
24. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության կամ ապրանքների մաքսային արժեքի ճշգրտված մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարը փոքրանում է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հիման վրա հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարի համեմատ, մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 13-րդ գլխին համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.06.2018, թիվ 103 | 21.07.2018, թիվ 32 | |
01.11.2016, թիվ 133 | 02.12.2017, թիվ 32 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|